«Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»

1044547_291795014297480_166517867_n

«Դու միշտ կմնաս մեր հիշողություններում, Աստված հոգիդ լուսավորի…», «Ի՞նչ ենք անելու առանց մեր արևի, առանց մեր խելառի, առանց մեր հրեշտակի…», «Հրեշտակները երկրի վրա չեն մնում, երևի դրա համար էլ աստված քեզ իր մոտ տարավ, գեղեցկուհիս, կկարոտեմ…», «Իմ սրտում ես, իմ աղոթքներում, իմ մտքերում…», «Ճակատագիրն անկանխատեսելի է, և այն մարդիկ, ովքեր նախատեսված են քեզ համար, ինչ էլ լինի, քեզ հետ կլինեն… նույնիսկ այն դեպքում, երբ դու համոզված ես, որ էլ երբեք չես հանդիպելու նրանց…»:

Սրանք մի կենսախինդ, գեղեցիկ ու լուսավոր աղջկա` Հայկան Սիմոնյանի ընկերների ֆեյսբուքյան գրառումներն են` արված հուլիսի 2-ի չարաբաստիկ օրվանից հետո, երբ նրանք ստիպված եղան ընդունել այն փաստը, որ այլևս երբեք չեն տեսնելու իրենց սիրելի ընկերուհուն:

Այդ օրը Հայկանը Երևանից տուն էր գնում` Սպիտակ, բայց Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարը խլեց նրա երիտասարդ կյանքը: Սեպտեմբերի 12-ին նա կդառնար 19 տարեկան… Ընկերներից մեկը` Արմենուհի Այվազյանը, դեռ երկար ժամանակ կամ գուցե երբեք  չհամակերպվի այն մտքի հետ, որ Հայկանն այլևս չկա, քանի որ, ինչպես ինքն է ասում, Հայկանն իր կեսն էր: «Ամեն ինչ կանցնի ու կգնա, միայն կմնա ԿԱՐՈՏԸ, որն անվերջ ցավ կպատճառի»,- գրել է Արմենուհին: Հայկանի հետ մանկության ընկերներ էին:

Ձախից՝ Արմենուհին, աջից՝ Հայկանը

Նույն դասարանում էին սովորել, հետո միասին ընդունվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ: Ամեն օր միասին էին: «Ինքը հրեշտակ էր, իր նման մարդիկ շատ քիչ են աշխարհում,- ասում է Արմենուհին,- նա մարդամոտ էր, ընկերասեր, նվիրվող: Շատ ուժեղ մարդ էր: Ամեն վատ բանի մեջ էլ մեծ հույս էր տեսնում: Միշտ խորհուրդներ էր տալիս: Եթե մի սխալ բան էի արած լինում, ելք էր փնտրում ինձ հետ միասին»:

Արմենուհին պատմում է, որ Հայկանը շատ տաղանդավոր էր` դաշնամուր ու կիթառ էր նվագում, երգում էր, երգեր գրում: «Մատներով սեղանին նվագում էր, մի ձեռքով ծափ էր տալիս,- հիշում է ընկերուհին,- շատ էր սիրում նաև պարել, միշտ պարում էր: Առանց երգ ու երաժշտության կյանք չուներ: Վերջերս երաժշտություն էր գրել, ցավոք, չենք կարողանում գտնել: Միշտ ասում էր. «Ժողից» դուրս եմ գալիս, գնամ կոնսերվատորիա»:

Վերջին անգամ Արմենուհին Հայկանի հետ խոսել էր դեպքից մեկ ժամ առաջ, իմացել էր` որտեղ է, անհամբեր նրան էր սպասում: Իսկ մահվանից մոտ տասը րոպե առաջ նրանից sms էր ստացել. «Ես Սպիակում էի: Պիտի գար, որ միասին տեղ գնայինք: Բայց գրեց, որ հոգնած է, ասաց, որ ես գնամ իրենց տուն: Կարոտել էինք իրար, տասը օր էր` իրար չէինք տեսել ու էդպես էլ չտեսանք…»:

Արմենուհին ասում է, որ համարյա միշտ միասին էին Երևանից Սպիտակ գնում: Այդ անգամ Հայկանը մի քիչ գործեր ուներ, իր հետ չէր գնացել: Հիշում է, որ երբ միասին Սպիտակ էին գնում, և ճանապարհին հանկարծ ինչ-որ աննշան վթարային իրավիճակ էր լինում, ինքը ծիծաղելով ասում էր` պատկերացնո՞ւմ ես, որ միասին մահանանք: «Ասում էր` սուս մնա,  կատակով էլ նման բան չասես: Վախենում էր էդ մտքից»:

Հայկանը գեղեցիկ ժպիտ ուներ, իր ժպիտով լուսավորում էր բոլորին: Կատակասեր էր: Որքան էլ փորձեին նրա հետ վատ վարվել, միևնույնն է, ոչ ոքից չէր նեղանում, չէր վիճում: Բայց ինչքան էլ ուրախ լիներ ու ժպտար, միևնույնն է, նրա մեջ ինչ-որ տխրություն կար, որի պատճառն անգամ ամենամտերիմ ընկերուհին չէր հասկանում: «Երազանքների մասին չէր խոսում, շատ բան միայն իր մեջ էր պահում»: Արմենուհին հիշում է, որ նա հաճախ էր ասում, թե շուտ է մահանալու, իսկ իրենք կատակի էին տալիս, լուրջ չէին վերաբերվում:

Ինչո՞ւ պետք է գեղեցիկ ու երիտասարդ աղջիկը մահվան մասին մտածեր: Արմենուհին կարծում է, որ նման մտքերի պատճառը հավանաբար այն էր, որ նա կրում էր իր մահացած քրոջ անունը, որը 17 տարեկանում դարձել էր 1988 թ. ավերիչ երկրաշարժի զոհը: Ի դեպ, նրա 17-ամյա քույրն այդ արհավիրքի միակ զոհը չէր. երկրաշարժը խլել էր նաև նրա մյուս քրոջ` 19-ամյա Գայանեի կյանքը: Բարեբախտաբար, կենդանի էր մնացել եղբայրը, և դրանից վեց տարի անց` 1994 թ., ծնողներն ուժ էին գտել, դուստրերի ցավը սրտում, լույս աշխարհ բերել ևս մի աղջիկ և նրան անվանել Հայկանդուխտ` Հայկան, ի հիշատակ մահացած քույրերից ավագի:

Արմենուհին հիշում է, որ երբ վերջերս նրանց տանն էին և հին լուսանկարներն էին նայում, Հայկանը ուշադիր, մեծ հետաքրքրությամբ մահացած քրոջ` Հայկանի լուսանկարին էր նայում ու եղբորը հարցեր տալիս նրա մասին: Արմենուհին չի ուզում ընկերուհուն տխուր հիշել, ուզում է պահել իր սրտում ամենալուսավոր ու խենթ պահերը, իսկ այդպիսիք շատ-շատ էին:

«Ոչ ոք չի կարող փոխարինել նրան, նրա նման ընկեր էլ երբեք չեմ ունենա: Հիմա ինձ լրիվ մենակ եմ զգում, նա մի ուրիշ աշխարհ էր ինձ համար: Մոտ երկու ամիս առաջ մեր տանն էր մնացել, ինձ ասաց` խոստացիր, որ միշտ միասին ենք լինելու: Խոստացա…»:

Հիմա էլ է խոստանում ու համոզված է, որ Հայկանի հոգին էլ երբևէ իրեն չի լքի: Ֆեյսբուքյան իր պատին Արմենուհին գրել է. «Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “«Ես արդեն ունեմ իմ պահապան հրեշտակը երկնքում…»” վերաբերյալ

  1. Blognews.am

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: