«Ապրում ենք թափթփված գոյությամբ…». Ռոբերտ Ամիրխանյան

r.a

Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Պարո՛ն Ամիրխանյան, խորհրդային տարիներին ամեն ինչ պարզ էր. կոմպոզիտորները պետական պատվերներ էին ստանում, գրում երաժշտություն, որից բավականություն էին ստանում թե՛ իրենք, թե՛ հանրությունը: Ի՞նչ է փոխվել այսօր, արդյոք կոպմոզիտորների ստեղծագործությունները պահանջարկ ունե՞ն:

— Երգիչն այն մարդը չէ, որ կարող է երգել, այլ այն մարդը, որ չի կարող չերգել: Նույնն էլ կոմպոզիտորը. նա չի կարող չգրել: Սովետմիությունն ունեցել է իր փայլատակումները և բավականին նեգատիվ կողմեր, ինչպես մեր ներկայիս կյանքը: Այն ժամանակ էլ յուրաքանչյուր հեղինակ ազատ ստեղծագործել է: Ուրիշ բան, որ Սովետմիությունը խնդիր ուներ աշխարհին ցույց տալու, որ ամենապրոգրեսիվ հասարակությունն է, և դրա համար մեծ միջոցներ էր դնում մշակույթի, մասնավորապես` երաժշտարվեստի մեջ: Իհարկե, դրանից օգտվում էին նաև միջակությունները, որոնք կարող էին սովետական թեմաներով ստեղծագործություններ գրել, փորձել դուր գալ ու խցկվել: Բայց իրական ստեղծագործողները միշտ եղել են ժամանակի պուլսի վրա, գրել են ստեղծագործություններ, որոնք չէին կարող չգրել, և ոչ մի պահանջարկի խնդիր չկար: Այո, պահանջված էր պրոֆեսիոնալ երաժշտությունը, սիմֆոնիկ երաժշտությունը, օպերային երաժշտությունը: Այսօր Խորհրդային Միության փլուզման փոշու մեջ շատ բաներ չեն երևում: Նախկին կյանքից շատ քիչ բան է մնացել, մասնավորապես` պրոֆեսիոնալ երաժշտության պահպանմանն ուղղված քաղաքականությունը:

Այսօր ունե՞նք կոմպոզիտորների երիտասարդ սերունդ, որը կշարունակի անցյալի հարուստ ավանդույթները:

— Խորհրդային տարիների բարձր երաժշտագիտակցությունն այսօր փորձում ենք հաղորդել ուսանողներին, որպեսզի նոր կադրերը կրեն այդ գիտակցությունը և խնդիրը:  Կան փայլուն երիտասարդներ, որոնց, ցավոք, կենցաղը քաշում է ուրիշ տեղ:  Ես դեմ չեմ, որ մեր երիտասարդներն իրենց ունակությունները կարողանան կիրառել մասսայական սպասարկման երաժշտության մեջ: Նրանք կարող են հարսանիքի համար էլ երաժշտություն գրել: Խնդիրը դա չէ, այլ այն` արդյոք նրանք իջնում են շուկայի մակարդակի՞ն, թե՞ կարողանում են պահպանել իրենց:  Շատ հաճախ նրանք գնում են դուր գալու ճանապարհով: Ես կոչ կանեի պահպանել հոգու մաքրությունը և մասնագիտական բարձունքները, իսկ շուկան, ուզի թե չուզի, կգա նրանց հետևից: Ինչպես մշակույթն ունի շուկայի պահանջ, այնպես էլ շուկան կարիք ունի մշակույթի:

Ի՞նչ է պետք որակյալ երաժշտություն, առհասարակ բարձր մշակույթ ստեղծելու, հասարակական ճաշակը և մեր կյանքը փոխելու համար:

— Ստեղծագործողի գիտակցություն և իհարկե համոզում, որ աշխատանքը չի մնա դարակի մեջ: Բոլոր օղակները պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

30-ականներին մենք մի վիճակի մեջ էինք, երբ փողոցներում մահանում էին երեխաները, բայց մենք այդ տարիներին մյուս կողմից կառուցում էինք Մատենադարանը, կառուցում էինք մեր երկիրը հայրենասիրաբար: Այսօր մենք չունենք ազգային գաղափարախոսության կռվանը: Ի՞նչն ենք այսօր արժևորում, ի՞նչ է մեր դրոշի վրա գրված, ո՞րն է քո երդումը: Մեզ բոլորիս անհանգստացնում է  այն, որ մեր գաղափարը միայն փող վաստակելն է դարձել: Մենք դուրս ենք եկել գաղափարականացված երկրից և մտել հակագաղափարականացված երկիր: Սակայն վստահ եմ, որ ունենք հսկայական պոտենցիալ, որը օրինակ` արտահայտվեց տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ուղղված պայքարում: Այդ համախմբումը հարկավոր էր պահել, որը կարող էր դառնալ շատ պոզիտիվ ուժ մեր կյանքում: Ցավոք, մենք ապրում ենք թափթփված գոյությամբ: Կարծես շատ արխային ենք, մտածում ենք` դե մի բան կլինի, իսկ այդպիսի մոտեցումը երբեք չի ներվում:

Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարության գործունեությունը:  Համապատասխան պետական մշակութային քաղաքականություն այսօր իրականացվո՞ւմ է:

— Մշակութային քաղաքականության ջահը բռնողը պետք է լինի մշակույթի նախարարությունը: Նա ունի բազմաթիվ անելիքներ, բայց մեզ մոտ, ցավոք սրտի, գործում է մասսայական մշակույթի ագրեսիան, և նախարարությունը ստիպված է կանգնել այդ փաստի առջև:

Չե՞ք կարծում, որ նախարարության գործառույթներից է նաև այդ մասսայական մշակույթի տարածումը կանխելը:

— Ես նրանց վրա եմ թողնում իրենց գործառույթները որոշելը, պատրաստ եմ միայն օգնել նրանց: Հարգանքով եմ վերաբերվում նրանց գործունեությանը, բայց զգում եմ պակասը ավելի կազմակերպված, ավելի արդյունավետ, կենտրոնաձիգ կառույցի, որի գաղափարի շուրջ յուրաքանչյուրը կհամախմբվի:

Պարո՛ն Ամիրխանյան, գարնանը ներկայացրեցիք Ձեր վերջին` «Կանտատ սիրո»  ստեղծագործությունների շարքը, որը պատվիրված էր գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական կենտրոնի կողմից: Այն հայ հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայացվե՞ց, գո՞հ եք հասարակության արձագանքից:

— Անշուշտ, հանդիսատեսն ունեցավ իր գնահատականը, բայց ինձ համար կարևոր է այն, որ ես զգացի, թե ինչպես է թրթիռը մեզ միավորում, և մարդիկ ինչ քաջալերանքով ընդունեցին ստեծագործությունը: Մարդկանց միջև երաժշտության միջոցով ներքին դիալոգ է ընթանում: Այն մի մոգական գործիք է, որը ներքին հաղորդակցություն է ստեղծում:

Առայժմ ստեղծագործության առաջին մասն եմ գրել, շուտով պետք է անցնեմ երկրորդ մասին: Այդ ստեղծագործության մեջ խտացված է սիրո խոստովանանքը տարբեր կարգախոսներով, որոնցից մեկն էլ հետևյալն է. «Սիրելիս, ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»:

Նունե Եսայանի` անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը Հայաստանի պետական բյուջեի վրա 54 մլն 691 հազար  դրամ նստեց, ինչը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը դրա  վերաբերյալ:

— Անշուշտ, ցանկացած երգիչ երգում է այնպես, ինչպես ինքն է ուզում և ունի նաև իր աուդիտորիան: Բայց արդյոք ամե՞ն երգիչ է, որ պետական տոնին պետք է ներկայացնի մեր մշակույթը: Շատ լավ է, որ մեր երկիրը պատրաստ է մի համերգային տոնի վրա նման գումար ծախսել, բայց խնդիրն այնքան փողի մեջ չէ, որքան ճաշակի և սիմվոլների: Արդյոք մեր մշակութային սիմվոլը Նունե Եսայա՞նն է: Ես ոչ թե պախարակում եմ, այլ ընդամենը խորհուրդ եմ տալիս մշակութային սիմվոլներ ստեղծելիս ավելի խոհեմ լինել:

Պարո՛ն Ամիրխանյան, վերջերս Ձեր դեմ ուղղված շարժում է սկսվել. անցյալ տարի բարձրացվեց  Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդուարդ Միրզոյանի անվամբ կոչելու հարցը, և այսօր որոշ կոմպոզիտորներ հայտարարում են, որ դա տեղի չի ունենում, քանի որ Դուք չեք ցանկանում:  Այնուհետև իրավիճակն էլ ավելի լարվեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում, և կոմպոզիտորներից ոմանք հայտարարեցին, որ միությունը քանդման եզրին է, և դրանում մեղադրեցին Ձեզ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:

— Այդ կռիվը նոր չէ, դա շարունակվում է արդեն 22 տարի: Երբ ես 1991 թ. ընտրվեցի միության ղեկավար, մի քանի հոգի նետեցին իրենց անդամատոմսերը և հեռացան: 22 տարի հետո էլ նույն մարդիկ են: Պարզապես հիմա վարկաբեկելու նոր միջոցներ են փնտրում: Ինձ պարզապես անհանգստացնում է այն կեցվածքը, որ այսօր իմ կոլեգաներն ընդունել են: Նրանք, այնուամենայնիվ, մեր ընկերներն են, և ես հույս ունեմ, որ կվերանայեն իրենց քաղաքականությունը` հասկանալով, որ մարդուն սևացնելով` որևէ բանի չես հասնի: Հարկավոր է գաղափարական կռիվ տանել և ոչ թե մեղադրելով հասարակության աչքում փորձել ցածրացնել: Սովորաբար նման դեպքում հենց ինքդ էլ ցածրանում ես: Ես կոչ կանեի նրանց խոհեմ լինել և մեր տան կռիվը, որը նոր չէ, լուծել ինքներս: Ասեմ նաև, որ ինձ պաշտոնապես որևէ մեկը չի դիմել և որևէ առաջարկ չի արել: Ես միայն կողքից եմ լսում այս կամ այն բանի մասին:

— Դուք դե՞մ եք, որ Դիլիջանի Կոմպոզիտորների տունն անվանակոչվի Էդուարդ Միրզոյանի անվամբ:

— Ոչ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Ես դեմ եմ այն մեթոդներին, որ իմ հանդեպ կիրառում են: Եթե դեմ լինեի, Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության կազմակերպման  կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ վարչապետի և նախարարների ներկայությամբ չէի առաջարկի, որ Դիլիջանի տան դահլիճն անվանակոչվի նրա անվամբ: Եթե դա առաջարկել եմ, ինչո՞ւ պետք է դեմ լինեմ նաև Դիլիջանի Կոմպոզիտորների տունը նրա անունով անվանակոչելուն: Բայց այդ որոշումը պետք է կայացնի միությունը համագումարում, որն առաջիկայում տեղի կունենա: Մի՞թե ես այդքան ցածր մարդ եմ, որ մեր ուսուցչի հանդեպ նման վերաբերմունք ունենամ, գլուխս չի մտնում էդ բանը…

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր