«Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել». Ալբերտ Աբգարյան

947266_504283082960285_2046683625_n (1)

Երեք տարեկան էլ չկար, երբ դժբախտ պատահարը խլեց Ալբերտի աչքերի լույսը: Փոքրիկ տղան, որ մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ, շարունակեց նվագել, իսկ 12 տարեկանում արդեն ստեղծագործում էր: Ընտրությունը կարծես արված էր. Ալբերտը պետք է կրթություն ստանար երաժշտության բնագավառում, ահա թե ինչու նախ ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան:

Սակայն կար մի ոլորտ, որը նրան նույնքան հոգեհարազատ էր, որքան երաժշտությունը. դա  իրավաբանությունն էր, և ուսումնարանի վերջին տարում նա իրավաբանական կրթություն ստանալու որոշում է կայացնում: Այդ որոշումն անակնկալ էր ծնողների համար, և նրանք կարծում էին, որ Ալբերտը չի հասցնի մեկ տարում պատրաստվել 2000-ի ընդունելության քննություններին: Սակայն Ալբերտի համար կարևորը նշաձող սահմանելն էր, մնացածը կախված էր իրենից:

Ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, պարապում է և փայլուն քննություններ հանձնելով` ընդունվում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Սակայն երաժշտությունը բնավ չի անտեսում: Ավելին, իրավաբանականին զուգահեռ ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ապա                           ուսումը շարունակում իրավաբանականի մագիստրատուրայում, հետո կոնսերվատորիայի ասպիրանտուրայում…

Խոստովանում է, որ նման հաջողություններ չէր ունենա, եթե չլինեին ծնողների հետևողականությունն ու ջանքերը: «Այդ հավատը, որ ես կարող եմ, ծնողներիս մեջ կար: Մեծ դեր ուներ նաև նրանց ճիշտ դաստիարակությունը: Ծնողներս ինձ երբեք չեն տարանջատել քրոջիցս ու եղբորիցս. իմ վրա բարկանում էին նույնչափ, որքան նրանց, սիրում, որքան նրանց»:

Համապարփակ և լուրջ գիտելիքներ ձեռք բերելով երկու ոլորտներից էլ` որպես իրավաբան աշխատանքի է անցնում Ազգային ժողովում` շարունակելով ստեղծագործել: 2009-ից մինչ օրս Ալբերտ Աբգարյանն աշխատում է նախագահական ապարատում` որպես իրավաբան. «Ես հասել եմ մի վիճակի, երբ արդեն ինքս ինձ և դիմացինին ապացուցելու բան չունեմ, այդ դժվար փուլն անցել է, ես հիմա ինձ լիարժեք մարդ եմ զգում»:

Ալբերտը լիարժեք կյանքով ապրելու կոչ է անում բոլոր ֆիզիկական խնդիրներ ունեցողներին` ընդգծելով, սակայն, որ դրա համար նախ և առաջ պետք է լիարժեք կրթություն ստանալ` համապատասխան ֆիզիկական, մտավոր կարողություններին և ամենակարևորը` ցանկություններին: «Պետք է ներդնես ձգտում, կամք, աշխատասիրություն: Պետք է ապացուցես, որ ի վիճակի ես: Մյուս կողմից էլ գործատուներին եմ կոչ անում` տվեք հնարավորություն հաշմանդամներին, որովհետև շատ դեպքերում նրանք ավելին կարող են անել, քան ոչ հաշմանդամները»:

Ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց աշխատանքի խնդիրը համարում է ողջ հասարակության խնդիրը, իսկ գործատուն այդ հասարակության մի մասնիկն է: «Էնպես չի, որ նախագահականում բոլորն ինձ էին սպասում: Եթե նախագահի նման մոտեցումը չլիներ, ես  այստեղ չէի լինի…»:

Այսօրվա պես հիշում է. 2007-ի դեկտեմբեր ամիսն էր: Սերժ Սագսյանը որպես վարչապետ հանդիպել էր ՀԿ-ների ղեկավարների հետ: Այդտեղ էր նաև ինքը` որպես ՀԿ-ի ղեկավար: Ելույթ ունենալով` Ալբերտը բարձրացնում է հաշմանդամների աշխատանքի խնդիրը և կոչ անում Սերժ Սարգսյանին օրինակ ծառայել գործատուների համար: Սերժ Սարգսյանն իմանալով, որ Ալբերտն իրավաբան է և աշխատում է Ազգային ժողովում, ասում է, որ եթե նա որոշի աշխատել կառավարությունում և համապատասխանի իրենց մասնագիտական պահանջներին, ապա նրան անպայման աշխատանքի կվերցնեն: Երկու ամիս անց Սերժ Սարգսյանը դառնում է նախագահ` չմոռանալով Ալբերտին: Նրան հրավիրում են նախագահական` հարցազրույցի և անմիջապես աշխատանքի ընդունում:

2013-ի նախագահական ընտրությունների նախաշեմին Ալբերտն իր երախտագիտությունը յուրօրինակ ձևով է հայտնում. ստեղծում է նախագահի նախընտրական քարոզարշավի երգը: Ալբերտը խոստովանում է, որ այդ երգը ծնվել էր 2013-ի նախընտրական քարոզչությունից շատ ավելի վաղ` մոտ երկու տարի առաջ, սակայն հենց այդ նպատակով: Նա համբերատար սպասել էր և ներկայացրել ճիշտ պահին` հավանության արժանանալով նախագահի կողմից:

Ալբերտն ուրախ է, որ իրեն գնահատում են, ինքնավստահ, որ այդ հաջողություններին հասել է իր ջանասիրության ու ձգտման շնորհիվ: Սակայն այսքանով չի պատրաստվում սահմանափակվել. նա սիրում է բարձր նշաձողեր սահմանել և անպայման հասնել դրանց. «Ես իմ առջև դրված ռուբիկոնը հաղթահարում եմ: Դեռ հակառակը չի եղել»,-ասում է նա: Ուստի Ալբերտի ձգտումներն ու ջանքերը շարունակվում են: Իսկ այն, որ տեսողության խնդիր ունի, միայն եռապատկում է  դրանք. «Աշխատանքը ժամը 9-ին է սկսվում, բայց ես այստեղ եմ ավելի վաղ: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ես ունեմ ֆիզիկական որևէ խնդիր, ապա պետք է այնքան լավ աշխատեմ, որ ոչ միայն հավասարվեմ խնդիր չունեցողների կարողություններին, այլ ավելին` գերազանցեմ նրանց: Ի վերջո, բոլոր գործատուներն ուզում են ունենալ լավ աշխատող, որի վրա կարող են հենվել: Այդ հենարանը ես ապահովում եմ»:

Ասում է, որ պետական համակարգում աշխատելն իր համար լուրջ նպատակների հասնելու ևս մի միջոց է` օգտակար լինել պետությանը: Գուցե վերամբարձ է հնչում, բայց նա համոզված է, որ կարող է և անելու է այնպես, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ լինեն. «Ես զարմանում եմ, երբ մարդիկ ասում են` էս երկիրը երկիր չի, դժգոհում են, բայց փոխարենը ոչինչ չեն անում: Դժգոհելն ամենահեշտ բանն է: Պետք է հասկանալ խնդիրը և փորձել լուծել: Պետք է դնել նպատակ և հասնել: Ես չպիտի մտածեմ` պետությունն ինչ է անում ինձ համար, պիտի մտածեմ` իսկ ե՞ս ինչ եմ անում իմ երկիրը կառուցելու համար: Ես պարտավո՛ր եմ անել, քանի դեռ երիտասարդ եմ, որ հետո ծերության հասակում վայելեմ իմ արածի պտուղներն իմ հայրենիքի մեջ»:

Եթե հանկարծ հրաշք տեղի ունենար և Ալբերտը տեսներ, ի՞նչ կփոխվեր նրա կյանքում: «Կփոխվեր այն, որ անծանոթ վայրեր միայնակ կգնայի կամ մեքենա կվարեի` չնայած քաղաքից դուրս հիմա էլ եմ վարում` հուշումներով: Ուրիշ ոչինչ, հավատացեք, չէր փոխվի, որովհետև ես իսկապես լիարժեք կյանքով եմ ապրում»:

Իսկ  Ալբերտի կյանքում հրաշք արդեն տեղի ունեցել է. սեպտեմբերի 30-ին ծնվել է նրա առաջնեկ որդին` ավելացնելով նրա երջանկությունն ու հաղթահարվելիք ռուբիկոնները…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր