Ղարաբեկյանին էլ չընկալեցին ու դրդեցին հեռանալ Հայաստանից…

Koncert na razvalinakh khrama "Zvartnots".

Արամ Ղարաբեկյանի հետ 2009 թվականին ինձ ծանոթացրեց իմ շատ սիրելի ընկերներից մեկը` սփյուռքահայ Սոնա Համալյանը: Այդ ժամանակ մաեստրոն նախաձեռնել և իրականացնում էր «Open Music Fest» փառատոնը, որն անցկացվեց Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճում, և որի շնորհիվ գրեթե մեկ ամիս շարունակ երևանյան երեկոները լցվեցին բարձրաճաշակ երաժշտությամբ` ինչպես հայ, այնպես էլ իտալացի, ֆրանսիացի, ամերիկացի, ռուս անվանի երաժիշտների կատարմամբ:

Հիշում եմ, Ղարաբեկյանից հարցազրույց վերցրեցի փառատոնի մասին: Շատ ոգևորված էր, ասում, էր, որ մենք, ունենալով հարուստ մշակութային ժառանգություն ու ավանդույթներ, չունենք երաժշտական մի փառատոն, որը մեկ հարկի տակ համախմբի հայ և օտարազգի երաժիշտներին, մեկտեղի մշակութային այդ պոտենցյալը և,  ի վերջո, մեր ամառային կյանքը մշակութային ոգով լցնի: Ասում էր, որ ի տարբերություն աշխարհի շատ երկրների մայրաքաղաքների` Երևանն ամռան ամիսներին մշակութային լռություն է ապրում, և քաղաքացիներն ու օտարազգի հյուրերն իրենց երեկոյան հանգիստն անցկացնում են հիմնականում սրճարաններում, և մեր մշակույթը, երաժշտությունը դառնում է սրճարանային, մինչդեռ պետք է երևանցիներին ու հյուրերին բարձրարվեստ երաժշտական ժամանց մատուցել:
Նա կարևորում էր, որ օտարերկրացի հյուրերը  Հայաստանի մշակութային կոթողները տեսնելուց հետո  շփվեն նաև հայկական բարձրաճաշակ երաժշտության հետ և հայ երաժշտական արվեստի մասին կարծիք չկազմեն միայն սրճարանային երաժշտությունից…

Արամ Ղարաբեկյանն իրականացրեց իր մտահղացումը և որպես բարձրակարգ արվեստագետ` այդ գործն արեց պրոֆեսիոնալ:

Ցավոք, ինչպես հաճախ է մեր իրականության մեջ պատահում, նրան էլ հայաստանյան որոշ խավեր չընկալեցին, քանի որ նրա աշխատելաոճը, նրա սկզբունքները, նրա աշխարհայացքը էապես տարբերվում էին ընդունված չափորոշիչներից:

Անվանի դիրիժորը Հայաստանից հեռացավ` կիսատ թողնելով իր հրաշալի նախագծերը, որոնք լրջորեն կարող էին վերափոխել այսօրվա ցածրաճաշակ երաժշտության դիմապատկերն ու ստեղծել որակյալ երաժշտության պահանջարկ:

Չգիտեմ` փոխարենը ի՞նչ շահեցին այն մարդիկ, որոնք փորձեցին արատավորել նրա անունը և դրդեցին նրան այդ քայլին…

Ի դեպ, Ղարաբեկյանը Լոս Անջելեսում հիմնել էր «Openmusicsociety» հիմնադրամը, որի նպատակն էր բարձրարվեստ երաժիշտներին մեկ հարթակում հավաքելը, տաղանդավոր երիտասարդների համար  երաժշտական կրթական ծրագրեր իրականացնելը, երաժշտարվեստը զարգացնելը…Ափսոս, դա էլ կիսատ մնաց…

Տեսանյութ

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

2 Մեկնաբանություն “Ղարաբեկյանին էլ չընկալեցին ու դրդեցին հեռանալ Հայաստանից…” վերաբերյալ

  1. Suzan

    Ինչպես և շաաատ այլ բաներ են կիսատ մնում, Անի ջան:

  2. Հասմիկ

    Շատ ափսոսում եմ որ նման վառ անհատականություն հեռացավ մեզանից: Անդառնալի կորուստ:
    Չգիտեմ ինչպես արտահայտվեմ, ես իրեն շատ եի սիրում, իր համերգներին գնւոմ եի ու որպես մարդ առաքինի, բարի, որ եզակի է մեր հայ իրականության մեջ: