Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

268862_120426344714718_4552640_n
«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Օրերս այս հայտարարությամբ հանդես եկան «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի տարբեր ակցիաներով հանրության և պետական կառույցների ուշադրությունն են հրավիրում շենքի ապամոնտաժման աշխատանքների վրա:

10447074_627887340635280_3184625121968529795_n

Շենքն ապամոնտաժելուց հետո նախատեսվում է տեղափոխել ապագայում կառուցվելիք «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, իսկ Տերյան ու Զաքյան փողոցները միացնել իրար: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ հուշարձան-շենքը 4 մետրով գտնվում է Տերյան փողոցի երթևեկելի մասում՝ խախտելով կառուցապատման գիծը:

big_1402292340_4105747

Ակտիվիստները չեն վստահում իշխանություններին և չեն հավատում, որ շենքն ապամոնտաժվելուց հետո նույնությամբ կվերականգնվի, քանի որ «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասի գաղափարը դեռևս թղթի, ավելի ճիշտ՝ մակետի վրա է: Իսկ մինչ այն կյանքի կկոչվի, Աստված գիտի, թե ինչ տեղի կունենա, ինչպես որ եղել է շատ պատմամշակութային շենքերի ապամոնտաժման դեպքում, երբ քարերը համարակալվել են, ապամոնտաժվել և տարվել անհայտ ուղղությամբ, իսկ շենքի վերականգնում այդպես էլ տեղի չի ունեցել:

Բացի այդ, նրանք համոզված են, որ խնդիրն ամենևին էլ կառուցապատումը չէ, այլ շենքի տեղում 12-հարկանի հյուրանոցի կառուցումը:

IMG_4326

 

Սակայն «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը հայտնեց, որ ակտիվիստների մտահոգությունը տեղին չէ: Ավելին, նա չթաքցրեց իր վրդովմունքը նրանց գործունեության նկատմամբ՝ նշելով, որ դրանով նրանք խոչընդոտում են «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի հետևանքով տուժում են նաև հուշարձան-շենքերը:

«Այս ծրագիրը երկար տարիների աշխատանք է: Այն առաջ է եկել այն հանգամանքից, որ տեղում գոյություն ունեն մի շարք հուշարձան շենքեր և հուշարձաններ, որոնք ժամանակին ապամոնտաժվել են, և դրանց համար մի ընդհանուր լուծում պետք է գտնվի: Այս ծրագրով հնարավորություն է տրվում, կանգուն հուշարձանների մասում ավելացնելով ապամոնտաժված հուշարձանները, ունենալ հին Երևանի մի կտոր»,- ասում է նա:

Նշում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը Երևանի գլխավոր հատակագծի վերջին հաստատված տարբերակում հատկացվել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար, իսկ հուշարձան շենքը մտել է տեղափոխվող հուշարձանների ցուցակը:

IMG_4338

Նրա խոսքով՝ սա այն հազվագյուտ շենքերից է, որ ոչ թե ուղղակի քանդվել է ինչ-որ օլիգարխի կողմից այդ տարածքում այլ շենք կառուցելու համար, այլ որովհետև դրա համար կա օբյեկտիվ պատճառ. այն մտած է երթևկելի գոտու մեջ: Վարդանյանը նաև հայտնեց, որ Բյուզանդի 26 հասցեում գտնվող հուշարձան շենքը նույնպես հանվելու և տեղափոխվելու է «Հին Երևան» նախագծի տարածք:
«Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դեռևս երկու տարի առաջ պետք է տեղի ունենար,- ասում է նա,- և եթե չլիներ այդ ակտիվիստների աղմուկը, մշակույթի նախարարությունն էլ չվախենար, ապա այն ժամանակ շենքը ապամոնտաժված կլիներ, դարբնի գործերն ու փայտի էլեմենտները գողացված չէին լինի, իսկ քարերն ապահով կտանեինք, մի տարածքում կհավաքեինք մինչև վերակառուցելը»:

Նա նաև կարծում է, որ սա միակ կառույցն է, որի դեպքում արվել է ապամոնտաժման պրոֆեսիոնալ նախագիծ. «Էն գլխից պատվիրատուի առաջ ես ինքս հարց եմ դրել, թե ով պիտի քարերն ապամոնտաժի, ով պիտի բերի, նոր տեղում շարի. Շիրինյան Գագիկը, որը կրթությամբ ճարտարապետ է և էն մարդն է, որն ամեն ինչ շատ լավ գիտակցում է: Այսինքն` ամեն ինչ արել ենք, որ գոնե 99 տոկոսով էս ամբողջը վերականգնվի»:

Ինչ վերաբերում է շենքի տարածքում հյուրանոցի կառուցմանը, ապա Վարդանյանը հիշեցնում է, որ հուշարձան-շենքի ապամոնտաժման հարցը դրվել է դեռևս 2005 թվականին, իսկ հյուրանոցի կառուցման ծրագիրն ի հայտ է եկել 2012-ին: «Դա դրա հետ որևէ կապ չունի: Շենքի ապամոնտաժման հիմնական նպատակը Տերյան փողոցը լայնացնելն է»,- ասում է նա:

IMG_4342

Լևոն Վարդանյանն իր «Հին Երևան» ծրագրի մակետը արվեստանոցից մի քանի օրով տեղափոխել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այս օրերին նախագծի տարածքի սեփականատերերը, որոնց միջոցներով պետք է իրականանա ծրագիրը, արտասահմանյան ներդրողներ են հրավիրել, որպեսզի նախագիծը տեսնեն և հավանության դեպքում ներդրումներ անեն: Մակետը տեսնելու ցանկություն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ուստի այն դեռևս մի քանի օր էլ կմնա այնտեղ:

Ճարտարապետն ասում է, որ իր դռները միշտ բաց են բոլորի առջև, և դեռևս երկու տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել մակետի կառուցումը, իր արվեստանոց է հրավիրել նաև քաղաքի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ ակտիվիստներին ՝ միասին քննարկելու նախագիծը և միասին էլ այն կյանքի կոչելու: Ցավոք, ոչ բոլորն են ոգևորվել ծրագրով:

IMG_4336

«Վերջապես, երբ գործը սկսել է առաջ գնալ, փորձում են խանգարել»,- ասում է նա,- փոխանակ իմ կողքին լինեն, ինձ հետ միասին պահանջեն պետությունից, որ ծրագիրը, որ Վարդանյան Լևոնը տասնյակ տարիներ համառորեն պնդում է, արագ իրականանա, դեռ մի բան էլ խանգարում են և փչացնում եղած հուշարձանները՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են ուզում»:

Ի դեպ, Վարդանյանը չի կարծում, որ այդ շենքերը պարտադիր պետք է վերականգնվեն նույն քարերով. «Խնդիրն ուրիշ է. մենք վերականգնում ենք մշակութային մի շերտ, միջավայր: Կներեք, եթե ողջ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ամբողջ քաղաքները ֆոտոներով են վերականգնել, ոչ թե գծագրերով, ինչպե՞ս են նույն լեհերն ու գերմանացիները հպարտ քայլում իրենց քաղաքով՝ առանց նույնիսկ խորանալու՝ դրանք ֆոտոյով են վերականգնվել, թե ինչպես: Թիֆլիսը նույնը արեց 75 թվականից սկսած, և էսօր ոչ ոք չգիտի՝ Թիֆլիսի շենքերից որն է տեղում կանգնած եղել, որն է ավելացել: Հիմա նույն բանը փորձում ենք մենք անել, բայց Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մեր հայերը պայքարում են դրա դեմ»:

Ճարտարապետ Դավիթ Քեթմենջյանը, որը «Հին Երևան» ծրագրի նկատմամբ բավականին դրական է տրամադրված, համարում է, որ այդ ծրագրում ներառված են նոր դասականության շենքեր, իսկ Աֆրիկյանների շենքն իր մտահղացմամբ բոլորովին այլ կառույց է և պետք է մնա իր տեղում՝ զարդարելով իր միջավայրը. «Քաղաքն իր պատմությունն ունի, այդ շենքն ամեն տեսակի բնակելի տուն չէ, այն հին Երևանի ունիկալ հուշարձաններից է, և ճիշտ կլինի, որ մնա իր տեղում՝ դառնալով թանգարան»:

աֆրիկյաններ

Ինչ վերաբերում է բերվող փաստարկին, որ շենքը հայտնվել է փողոցի երթևեկելի մասում, ապա ճարտարապետը կարծում է, որ այդ խնդրի լուծման համար հնարավոր էր գտնել այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ Աֆրիկյանները հին Երևանի անվանի ընտանիքներից են եղել և լուրջ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում: Մասնավորապես, նրանց շնորհիվ է 1911 թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երևան: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ նրանց շենքերն ընդգրկվել են Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր