Հայաստանը՝ ճակատագրական ընտրության առջև

59073

Հայաստանցի, ղարաբաղցի, արևմուտքի սոխակ, ռսի ստրուկ… Որակումները տրված են, ջրբաժանը՝ գծված: Ջուր է, որ լցնում ենք թշնամու ջրաղացին: Հիմա արդեն դրսի ուժերին մեղադրելը, մեղմ ասած, ջայլամի քաղաքականություն է:

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հիանալի սցենար մեր «չուզողների» համար: Իսկ սցենարից օգտվելու եղանակներն ու չափը կորոշեն հենց նրանք՝ ըստ չուզողության աստիճանի:
Հիմնադիր խորհրդարան՝ «100-ամյակն առանց ռեժիմի». ավելի անհաջող կարգախոս, քան սա է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել: Առավել անհնար է պատկերացնել ավելի անխոհեմ գաղափար, քան այդ կարգախոսով Արցախ մեկնելը: Նման քայլը կարելի է հասկանալ միայն մի դեպքում, եթե դրա հեղինակների նպատակն այն էր, ինչն արդեն նշմարվում է երկու հայկական պետությունների միջև՝ ատելություն, թշնամանք, անհանդուրժողականություն:

Եթե իսկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների նպատակը դա էր, ապա նրանց դավաճան անվանելն էլ է քիչ: Եթե նպատակը դա չէր, այլ պարզապես հնարավոր չեղավ խուսափել սադրանքից, ապա միևնույն է, դա արդարացում չէ, որովհետև մեր ամենազգայուն տեղում՝ Արցախում, թեկուզև նվազագույն չափով անկանխատեսելի գործողության իրականացումն առնվազն անպատասխանատվություն է:

Այսպիսով, ի՞նչ շահեց Հիմնադիր խորհրդարանը: Բացարձակապես ոչինչ: Ընդամենը՝ քաղաքական չնչին դիվիդենտներ, որոնք, սակայն, վաղը կարող են շուռ գալ հենց իր դեմ: Արդեն իսկ ակնհայտ է, որ այդ քայլով Հիմնադիր խորհրդարանն իրենից վանեց հասարակության մի հատված, որը թեկուզ հեռվից հեռու, բայց որոշակի համակրանք ու վստահություն ուներ այդ շարժման նկատմամբ:

Ի՞նչ շահեցին Արցախի իշխանությունները՝ բռնություն գործադրելով: Դարձյալ ոչինչ, որովհետև բռնությունն արդարացում չունի: Կաթիլ առ կաթիլ ձևավորված ժողովրդավար պետության վարկանիշը մեկ օրում դրվեց հարցականի տակ՝ Ադրբեջանին լավագույն հնարավորություն ընձեռելով միջազգային հանրության առջև հոխորտալու, թե Ղարաբաղում բռնակալներ են:

Իսկ այս ամենի խորապատկերում ակտիվացան պղտոր ջրում ձուկ որոնողները, իշխանություններին արջի ծառայություն մատուցողները, իշխանական հռետորաբաններն ու վայ- վերլուծաբանները: Սկսվեց անխնա, հայհոյախառն ու անզուսպ քարկոծումը հնարավոր բոլոր հարթակներում՝ վիրտուալ, քաղաքական, հասարակական, ակումբային: Իսկ հարևան հանդիսատեսն ուղղակի ցնծում է հրճվանքից:
Այս ամենի հետևանքը երկար չի սպասեցնի: Այս ոգով շարունակելու դեպքում շուտով ականատես կլինենք, թե ինչպես են հասարակական տրամադրություններն անկում ապրում, իսկ բևեռացումը՝ խորանում՝ սպառնալով հանգեցնել ազգային ճգնաժամի, որն անավարտ պատերազմի ու սահմանային գերլարվածության պարագայում կարող է ճակատագրական հարված հասցնել մեր պետությանը:

Ի՞նչ է պետք անել: Գուցե վերամբարձ թվա, բայց պետք է նախ սթափվել, ապա ընդունել սխալը, յուրաքանչյուրը՝ իր չափով, գիտակցել, որ մեր ամեն քայլը մեր հակառակորդը օգտագործելու է մեր դեմ, վերջ տալ շահարկումներին ու թեման փակել՝ իրավիճակի գնահատականը թողնելով օրենքին:
Հակառակ դեպքում ստիպված կլինենք ազգովի կանգնել նոր մարտահրավերի առջև՝ ներազգային թշնամանքի ու պառակտման, որի դասերը լավ գիտենք պատմությունից:

Յուրաքանչյուրս ենք պատասխանատու այս պահի համար: Այնպես որ` կանգնած ենք ճակատագրական ընտրության առջև:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր