Վերադարձ Հայաստան. «Ինչո՞ւ եմ այստեղ»

16512_large

Ղազար Հակոբյանը 12 տարեկան էր, երբ 1994 թ. ընտանիքը Հայաստանից տեղափոխվեց նախ Ուկրաինա, ապա հաստատվեց Մոսկվայում: Ուղիղ 20 տարի անց Ղազարը որոշեց վերադառնալ հայրենիք` թողնելով մոսկովյան ռիթմիկ կյանքը, հաջող կարիերան ու ապագայի խոստումները: Այն, ինչ Հայաստանում կար, չկար և ոչ մի տեղ, ու հենց դա էր պատճառը, որ հենց այստեղ նա գտավ իրական ռիթմն ու հոգեկան ներդաշնակությունը: «Այդ 20 տարիների ընթացքում ես Մոսկվայում ապրում էի այն ամենով, ինչ ստացել էի Հայաստանում իմ ապրած 12 տարիների ընթացքում, որովհետև այն զգացմունքները, հարազատների ու մտերիմների այն սերը, որ կա այստեղ, այնտեղ գոյություն չունի»,-ասում է նա:

Միաժամանակ Ղազարը խոստովանում է, որ օտարության մեջ որքան էլ հայկականություն փնտրես, ուրախանաս Հայաստանի հաջողություններով, միևնույն է, կտրված ես քո երկրից և ապրում ես օտար երկրի կյանքով: Ուսանողական տարիներին նա նույնպես քիչ էր շփվում հայրենակիցների հետ. նրանց մեծ մասը ռաբիս էր կամ, ինչպես այստեղ է ընդունված ասել, «քյարթու»:

Մի խոսքով, հայերի հետ շփումը նվազագույնի էր հասցված: Ավարտելով Մոսկվայի հեղինակավոր բուհերից մեկը և ստանալով տնտեսագետի որակավորում` նա արդեն սկսել էր գործունեություն ծավալել մի շարք ոլորտներում և հաջողությունների հասել: Սակայն ինքնությանն ու արմատներին վերադառնալու, իրեն որպես իսկական հայ զգալու գիտակցությունը ներսում ավելի ու ավելի էր հասունանում: Նա զգում էր, որ եկել է պահը ինքն իրեն հարցնելու. «Ինչո՞ւ եմ այստեղ»: Այդ հարցի պատասխանի որոնումներն էլ նրա մեջ առավել մեծ հետաքրքրություն են առաջացնում դեպի Հայաստանը, հայ ժողովուրդը, հայոց պատմությունն ու Սփյուռքը: «Սկսեցի ավելի շատ շփվել հայրենակիցներիս հետ, և ի վերջո, միտք առաջացավ ստեղծել երիտասարդ հայերի համայնք ողջ աշխարհի կտրվածքով:

Պրոյեկտը կոչվում էր «Armenian people»: Ծրագրի նպատակն էր հարթակ ծառայել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդների համար` քննարկելու հայությանը հուզող տարաբնույթ խնդիրներ, կազմակերպելու մշակութային միջոցառումներ, միավորելու հայերին հայկականության շուրջ: Ծրագրի բացումը տեղի է ունենում 2013 թ. հունվարին «Ռեինկարնացիա» հայկական երաժշտական խմբի համերգով: Ընդհանրապես երաժշտական այդ խումբը մեծ ազդեցություն է թողել նրա վրա Հայաստանին ու հայկականությանն այդչափ մոտենալու խնդրում: Խոստովանում է, որ լսելով խմբի կատարումները` ուղղակի սիրահարվում է Հայաստանին և կարծում է, որ խմբի յուրօրինակ երաժշտությունն ու խորիմաստ բառերը չափազանց արդիական են ու անհրաժեշտ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում ապրող հայերի համար: Միջոցառումը բուռն է անցնում, սպասվածից ավելի ջերմ ու տպավորիչ: Սակայն, ամենակարևորն այն էր, որ միջոցառումը կազմակերպելու ընթացքում հանդիպում է բազմաթիվ հայերի հետ, և նրա մեջ միանգամից կոտրվում է տարածված այն կարծրատիպը, թե հայը հային թշնամի է: «Ընդհակառակը, ես տեսնում էի, որ բոլորի նպատակը մեկն էր` համախմբվել հայության շուրջ»:

Այդ միջոցառումն ավելի ու ավելի է մոտեցնում նրան իր արմատներին, սակայն Հայաստան վերադառնալու վերջնական որոշման գործում վճռական դեր է ունենում «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի կազմակերպած ֆորումը: Հիշեցնենք, որ հիմնադրամի գործունեությունն ուղղված է հայրենադարձության խթանմանը: «Այդտեղ ես դրեցի վերջակետը,- ասում է նա:- Այդ ֆորումի ժամանակ, երբ կազմակերպիչները ներկայացրին Հայաստանը, իմ պատկերացումները Հայաստանի մասին 180 աստիճանով փոխվեցին»: Որոշումը կայացված էր` վերադարձ Հայաստան: Սակայն, մինչ վերադարձն անհրաժեշտ էր հասկանալ գլխավորը` ինչպե՞ս կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները Հայաստանում:

Ղազարը Մոսկվայում գործունեություն էր ծավալում նաև սպորտի և ֆիթնեսի ոլորտում: Այդ ընթացքում նա գործնական այցով գալիս է Հայաստան, հանդիպում Գյումրիի «Sport City» ծրագրի հեղինակ Արմինե Աբրահամյանի հետ և ոգևորվում նրա աշխատանքով: Ծանոթանում է նաև Հայաստանում «Street Workout» երիտասարդական շարժման ղեկավար Արթուր Հարությունյանի հետ` առաջարկելով շարժումն ընդլայնել ու զարգացնել արդեն որպես կազմակերպություն:

Այդպես նրանք միասին հիմնում են «Street Workout Armenia» ֆեդերացիան, որի նպատակը երիատասարդության շրջանում առողջ ապրելակերպի քարոզումն է տուռնիկային մարզումների միջոցով: «Առողջ, ակտիվ ապրելակերպ, երբ մարմնի միջոցով մարզում ես նաև հոգիդ»,-բացատրում է նա:

Ընդհանրապես, «Street Workout»-ն աշխարհում նոր մարզաձև է: Այն ի սկզբանե եղել է ամերիկյան սևամորթների զբաղմունքը, որոնք, հնարավորություն չունենալով հաճախելու մարզասրահներ, մարզվել են փողոցներում` ինքնաշեն տուռնիկների օգնությամբ: Սակայն, աստիճանաբար այն դարձել է լուրջ մարզաձև և այժմ մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհում: Այսօր այդ մարզաձևը նաև Հայաստանում է տարածում գտնում, և այդ գործում անմիջական դերակատարում ունի Ղազար Հակոբյանը: Արդեն ձևավորված խմբեր կան Հայաստանի մոտ 20 քաղաքներում: Այս ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում, մասնակցել է «Street Workout»-ի միջազգային չեմպիոնատին Աստանայում, որտեղ մեր մարզիկը զբաղեցրել է 5-րդ տեղը 75 մասնակիցների մեջ:

Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունն այնքան է առաջ գնացել, որ պատրաստվում է այս տարվա աշնանը «Street Workout»-ի միջազգային չեմպիոնատն անցկացնել Հայաստանում: Սակայն, այս ոլորտում էլ խնդիրները դեռ շատ են, հատկապես` մարզահրապարակների առումով: Ղազարն ասում է, որ իրենց առաջիկա ամենակարևոր ծրագրերից է մարզահրապարակների կառուցումը: Եթե մայրաքաղաքում խնդիրը քիչ թե շատ լուծված է, մարզերում իրավիճակը տխուր է: Շուտով մարզահրապարակ կկառուցվի Դիլիջանում:

Հայաստան վերադառնալուց հետո անցել է մի տարի: Արդյոք արդարացե՞լ են այն պատկերացումները, որոնք ձևավորվել էին 2013-ի հունվարին` «Repat Armenia»-ի կազմակերպած ֆորումի ժամանակ, որը բեկումնային եղավ նրա կյանքում: Ղազարն անկեղծ ու վստահ ասում է` այո՛: Ավելին, այս ընթացքում նա ոչ մի վայրկյան չի ափսոսել, որ վերադարձել է, ընդհակառակը` համոզվել է, որ ճիշտ որոշում է կայացրել: «Հայաստանը թե՛ մատչելիության, թե՛ բնության, թե՛ սննդի, թե՛ մարդկային հարաբերությունների տեսանկյունից հիանալի երկիր է: Այո, խնդիրներ կան, բայց չպետք է վախենալ ու փախչել: Պետք է մնալ և գործ անել, զարգացնել, առաջ տանել, ստեղծել նոր հնարավորություններ երիտասարդության համար, փոխել իրավիճակը դեպի լավը, ստեղծել նոր պատմություն և ապագա»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր