​«Երբ եկա, կարծես սկսեցի թռչել…». վերադարձ Հայաստան

հայրենադարձ

Անի Քալաֆյանը ծնվել է Միացյալ Նահանգներում, 1987 թ.: Նա Հայաստան է տեղափոխվել մեկ տարի առաջ: Պատմում է, որ այնտեղ առանձնապես հայ համայնքի հետ շփում չի ունեցել: Ապրելով Սան Ֆրանցիսկոյում, որտեղ հայկական համայնքը համեմատաբար ավելի նոսր է, անգամ նորմալ հայերեն չի խոսել, հաճախել է ամերիկյան դպրոց, քանի որ հայկական դպրոցներ քիչ կան և հեռու են իրենց բնակության վայրից, սակայն այդ ամենը չի խանգարել, որ նա հետաքրքրվի հայոց պատմությամբ ու Հայաստանով:

Միացյալ Նահանգներում Անին աշխատում էր հեռուստատեսության ոլորտում, որտեղ էլ ծանոթանալով մի հայ աղջկա հետ` նրանից իմանում է «Դեպի Հայք» ծրագրի մասին և որոշում 4 ամսով կամավորություն անել հայրենիքում: Անցյալ տարի, հուլիս ամսին Անին գալիս է Հայաստան: Հենց ամենասկզբից զգում է, որ այս երկիրն իրեն կանչում է, որ սա է այն վայրը, որտեղ ինքն իրեն լիարժեք խաղաղ ու հանգիստ է զգում: «Ես շատ ազատ հոգի ունեմ, և երբ եկա, կարծես սկսեցի թռչել, հոգիս բացվեց: Հասկացա, որ ուզում եմ մնալ այստեղ: Իսկ թե ինչով պիտի զբաղվեմ, ինչ պիտի անեմ` դա ժամանակի հարց է»,- ասում է նա:

Անին բուսակեր է, ապրում է առողջ ապրելակերպով` բնության հետ սերտ կապ, բնական սնունդ, մաքուր ջուր, առողջ միջավայր: «Այստեղ միտքդ հանգիստ է, դժբախտաբար, մարդիկ դա չեն գնահատում»:

Անին մենակ է ապրում: Արդեն մի քանի շաբաթ է` նրան հյուր են եկել ծնողները: Մայրը` տիկին Արմինեն, պարսկահայ է: 1978 թ. մեկնել է ԱՄՆ շրջագայության, այնտեղ սիրահարվել է, ամուսնացել ու մնացել` այլևս երբեք Պարսկաստան չվերադառնալով: Փոխարենը, ամերիկահայ ամուսնու հետ կապ է պահպանել Հայաստանի հետ` երբեմն-երբեմն այցելելով հայրենիք և ամեն անգամ վերադարձել նոր ու հետաքրքիր տպավորություններով: Տիկին Արմինեն ուրախ է, որ դուստրը որոշել է ապրել Հայաստանում, քանի որ դա պատճառ կլինի, որ իրենք էլ տարվա մեջ մի քանի ամսով գան հայրենիք:

Հայաստանում Անիին գրավում է հնի ու նորի ներդաշնակությունը` չափազանց հին պատմություն ու մշակույթ և չափազանց ժամանակակից կենսակերպ ու նորարարություններ: Մեկ տարվա ընթացքում Անին Հայաստանում հասցրել է բազմաթիվ ընկերներ ձեռք բերել, որոնց մեջ և՛ օտարերկրացիներ են, և՛ տեղացիներ, և՛ սփյուռքահայեր: Ասում է, որ երբ ընկերներով հավաքվում են` մինչև լուսաբաց նստում են, խոսում Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Իրենց միջոցով Հայաստանի ու հայերի մասին շատ ավելին են իմանում նաև օտարերկրացի ընկերները: Ինչ Անին եկել է Հայաստան, նրա PR-ի շնորհիվ Հայաստան են այցելել նաև Միացյալ Նահանգներում բնակվող ընկերներից շատերը: Ասում է, որ ամեն անգամ, երբ այցելում է Հայաստանի տեսարժան վայրերը, բազմաթիվ լուսանկարներ է տեղադրում սոցցանցերում և զբաղվում Հայաստանի գովքով: Արդյունքն ուշացնել չի տալիս. բոլորը հիանում են ու որոշում գոնե մեկ անգամ այցելել Հայաստան: Մի բելառուս ընկերուհի ունի, որը ծնվելէ Միացյալ Նահանգներում և երբևէ իր հայրենիքում չի եղել: Սակայն այս տարի ձմռանը Անիի շնորհիվ որոշել է գալ Հայաստան:

Անին հիացած է հատկապես Արցախով: Մեկ տարվա ընթացքում 4 անգամ այցելել է Արցախ և չի բացառում, որ մի օր կորոշի ապրել հենց Ստեփանակերտում: Խոսելով Հայաստանի առավելությունների մասին` զրուցակիցներս անդրադառնում են նաև հայաստանյան իրականության բացասական կողմերին և որպես վառ օրինակ` նշում տաքսու վարորդներին: Տիկին Արմինեն ասում է, որ ընդհանրապես տաքսու վարորդները մեծ դեր են կատարում տուրիստներին երկիրը ներկայացնելու գործում, քանի որ վերջիններս ստիպված են առաջինը շփվել հենց նրանց հետ ու առաջին տպավորությունը երկրի մասին ստանալ նրանց միջոցով. «Միշտ գանգատ կառավարությունից, գանգատ, թե ինչքան վատ է այստեղ, զարմանք, թե ինչու են մարդիկ գալիս ու Հայաստանում փող ծախսում և այլն, և այլն: Երևանից մինչև հասցնում են Դիլիջան` գլուխդ տանում են իրենց գանգատներով»:

Տիկին Արմինեն կարծում է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ. օրինակ` տաքսու վարորդներին մինչև համապատասխան լիցենզիա տալը նրանց հետ կարճ դասընթաց անցկացնի, թե ինչպես է պետք շփվել տուրիստների հետ: Ըստ նրա` Հայաստանը սևացնելու գործում վարպետ են ոչ միայն տաքսու վարորդները, այլև Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվող հայերը: Տիկին Արմինեն համոզվել է, որ նրանք Հայաստանը փնովում են, որպեսզի ինչ-որ կերպ արդարացնեն հայրենիքը լքելու որոշումը: «Մեզ ասում են` դե եթե Հայաստանն այդքան լավն է, դուք գնացեք ապրեք այնտեղ: Բայց չեն հասկանում, որ մերն ու իրենցը տարբեր է: Մեր պապերն ու հայրերը Ցեղասպանության հետևանքով են հայտնվել օտար երկրներում, մենք ճակատագրի բերումով ծնվել ենք այնտեղ, ու մեզ համար ավելի դժվար է վերադառնալը»:

Պատմում է, որ Միացյալ Նահանգներում մի ծանոթ կին ունի, որն ամեն տարի ցանկանում է իր թոռներին Հայաստան բերել, սակայն նրա հայաստանաբնակ ընկերուհիներն ամեն ինչ անում են, որ այդ բանը տեղի չունենա: «Ու այդ կինն այդպես էլ Հայաստան չի գալիս և ամեն տարի թոռների հետ ուրիշ երկրներ է գնում»:

Հաճախ այցելելով Հայաստան` տիկին Արմինեն այսօր կարողանում է հստակ համեմատություն անցկացնել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև: Ասում է, որ Հայաստանում, օրինակ, կրթության որակը շատ բարձր է` գոնե դպրոցում, այստեղ մարդն իրեն ավելի ապահով է զգում, միջավայրն ավելի բնական է և այլն: Ամերիկյան երազանքն անցյալում է, սակայն դրա միֆը, ցավոք, դեռ պահպանվում է: «Մարդիկ կարծում են, որ այնտեղ ծառերի վրա դոլարներ են աճում, և իրենք պիտի գնան ու հավաքեն, բայց մարդիկ այնտեղ աշխատում են օրնիբուն` զանազան վարկեր վերցնելով: Եվ եթե Աստված չանի, տնտեսական ճգնաժամ լինի, շատերը կհայտնվեն փողոցում, ինչպես եղավ, օրինակ, վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին»:

Ի դեպ, Անին Հայաստանում որոշել է PR արշավներ իրականացնել` ընդդեմ հակահայ քարոզչության և հանուն հայրենադարձության: Նա ակտիվորեն մասնակցում է նաև հայաստանյան հասարակական շարժումներին: Ասում է, որ իր հնարավորության սահմաններում ամեն ինչ պետք է անի, որ հին մտածելակերպն ու կարծրատիպերը կոտրվեն: Այդ տեսանկյունից ավելի շատ հույսեր է կապում երիտասարդ սերնդի հետ: Հենց դա է պատճառը, որ առողջ ապրելակերպի իր քարոզչությունը հիմնականում երեխաների շրջանում է իրականացնում` հավատալով եկող սերնդի հաջողություններին:

Անին օժտված է նաև մի տաղանդով, որը փորձում է դարձնել լուրջ գործունեություն` ուսումնասիրելով և խորանալով այդ ոլորտում: Դա ձեռքի հպումներով ու շարժումներով մարդու էներգետիկան հավասարակշռելու, բացասական լիցքերը հանելու, ֆիզիկական ցավը վերացնելու կարողությունն է: Այն առավել տարածված է արևելյան բժշկության մեջ, սակայն Հայաստանում դրան այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Ասում է, որ մարդու օրգանիզմում կա 7 էներգետիկ կետ, որոնցից յուրաքանչյուրը կարգավորում է օրգաններից որևէ մեկի գործառույթները: Եթե այդ կետերից թեկուզ մեկի հավասարակշռությունը խախտվում է, դա բացասաբար է անդրադառնում մարդու ֆիզիկական ու հոգևոր առողջության վրա: Անին ասում է, որ Հայաստանում հին ժամանակներում բժշկության այդ եղանակը տարածված է եղել, և այժմ ինքը փորձում է վերականգնել դա: Միաժամանակ ուզում է այդ մեթոդը սովորեցնել երիտասարդներին:

Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա հայրենիքում Անին գտել է ոչ միայն իր հոգևոր հանգստությունը, այլև սերը: Սիրած տղան սիրիահայ է, որը Հայաստան է տեղափոխվել մի քանի տարի առաջ: Անիի ցանկությունն է, որ ընտանիք կազմի ու երեխաներ ունենա Հայաստանում: Իսկ Միացյալ Նահանգներ վերադառնալու մասին չի էլ մտածում: Անգամ ծնողներին, ընկերներին ու քույրերին տեսնելու համար գերադասում է նրանց հանդիպել կա՛մ Հայաստանում, կա՛մ որևէ այլ երկրում: Անին հավատում է, որ մի օր բոլորին վերադարձնելու է նոր Հայաստան:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր