Թե ինչպես սիրիահայ երիտասարդը Հայաստանում հաջողությունների հասավ` սկսելով զրոյից

1918528_412092486467_1522246_n

2006 թվականին 19-ամյա Վարանդ Կանդիլյանը Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվում է Հայաստան: Երիտասարդական բուռն ու թռի-վռի կյանքն այլևս նրան չէր գրավում, նա ուզում էր հիմնովին փոխել իր կյանքը: Եվ այն միտքը, որ ծնողներն իրեն Հայաստան էին ուղարկելու մեն-մենակ, հենց իր սրտով էր: Նա ուզում էր իր ապագան իր ձեռքով կառուցել: Չէ՞ որ ժամանակն էր իրական կյանք մուտք գործելու:

Երբևէ Հայաստանը չտեսած երիտասարդի համար հայրենիքը իրարամերժ պատմություններից հյուսված մի առասպել էր, որը և՛ գրավիչ էր, և՛ միաժամանակ` վախեցնող ու անհայտ: Սակայն հենց առաջին իսկ վայրկյանին ոտք դնելով Հայաստան` Վարանդը սիրում է այս երկիրը: Մասնագիտությամբ լինելով դիզայներ` նա շուտով հասկանում է, որ այդ ոլորտում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ` հատկապես նորեկի համար, և պետք է ամեն ինչ զրոյից սկսի: Ամբողջ կյանքը ծնողների սիրո, հոգատարության և հովանու տակ ապրած, բարեկեցիկ կյանքով ապահովված և որևէ խնդիր չունեցած երիտասարդի համար Հայաստանում նոր կյանք սկսելը հեշտ չէր, սակայն Վարանդին ամենաշատը հենց դա էր գրավում:

Բնակարան է վարձում Սարի թաղում, որտեղ կենցաղային տարրական պայմանները հազիվ էին ապահովված: Աշխատանքի է տեղավորվում ոսկերչական ընկերությունում, որտեղ առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էր 2000 դրամով և հազիվ էր կարողանում է կացարանի վարձը վճարել և օրվա հացի խնդիրը լուծել: Սակայն իր դժվարությունների ու դժվար կենսակերպի մասին ոչինչ չէր հայտնում ծնողներին: «Ընդհակառակը, ամեն ինչ վարդագույն էի ներկայացնում: Ասում էի` ամեն ինչ ընտիր է, ընտիր տան մեջ եմ ապրում` կենտրոնում, ընտիր աշխատանք ունեմ…»:

Ոսկերչությանը զուգահեռ մեկ այլ աշխատանք էլ է գտնում ավտոմեքենաների վերանորոգման կետում, որտեղ 500 դրամով ավելի էր ստանում: Երկու աշխատանքը համատեղելու արդյունքում նրա կյանքը փոքր-ինչ բարելավվում է: Վարանդը խոստովանում է, որ Հայաստանն իրեն դուր էր գալիս հենց այդ դժվարություններով: Նրան դուր էր գալիս նաև հայաստանցիների մտածելակերպը: Ի տարբերություն Սիրիայի, որտեղ մարդիկ շատ ավելի բարի են ու վարդագույն ակնոցով են նայում կյանքին, հայաստանցիները, բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, ավելի կոփված էին, ավելի ճկուն ու ավելի հնարամիտ: «Էստեղ էդ պայքարը, էն, որ ամեն ինչ պետք է մենակ հաղթահարես, պետք է հաշվարկես, թե ստացածդ եկամտից ինչքանն ես մի կողմ դնելու, որ կոմունալները վճարես, ինչքան մասը` տան վարձ: Էսօր մի լավ բան կերար, վաղն արդեն պետք է քեզ զսպես: Մի խոսքով, առաջին 3 տարիները ինձ մոտ միայն ապրուստի պայքար էր»:

Վարանդին գրավում էր գեղեցիկ Երևանը` ծառերով ու ծաղկազարդ` ի տարբերություն անապատային Հալեպի. «Ինձ թվում է, թե անտառ եմ մտնում, իսկ երբ ասում են, որ սովետի ժամանակ լրիվ ուրիշ էր, պատկերացնում եմ, թե այն ժամանակ ի՜նչ գեղեցիկ է եղել»:

Որպես դիզայներ` տպավորված էր Երևանի ճարտարապետությամբ ու գույներով: Երթուղային տրանսպորտ գրեթե չէր նստում, ամեն տեղ ոտքով էր գնում, որ վայելի քաղաքի գեղեցկությունը:

Շուտով Վարանդն աշխատանքի է ընդունվում Հայաստանի խոշոր շինարարական ընկերություններից մեկում` որպես գրաֆիկ-դիզայներ: Այդ աշխատանքը նրա համար մեծ փորձաշրջան էր, և նա սկսում է կոփվել որպես մասնագետ: Այլևս հացի խնդիր չկար, և անհրաժեշտ էր խորանալ մասնագիտության մեջ: Մի քանի տարի անց Վարանդը նաև անհատական դիզայներական գործունեություն էր իրականացնում, որն է՛լ ավելի էր օգնում խորանալու մասնագիտության մեջ` միաժամանակ ավելացնելով եկամուտը: Անսպառ աշխատասիրությունը և կյանքում իր տեղն ինքնուրույն հաստատելու ցանկությունը նրա առաջ բացում էին նորանոր դռներ: Ծիծաղելով պատմում է, որ նույնիսկ մի անգամ աշխատել է այնպիսի ընկերությունում, որտեղ հիմնական լեզուն ռուսերենն էր, իսկ ինքը ռուսերեն ընդհանրապես չգիտեր, սակայն դա չի խանգարում, որ մի քանի տարի հաջողությամբ համագործակցի այդ ընկերության հետ:

Որոշ ժամանակ անց Վարանդը ցանկանում է աշխատանքի տեղավորվել բանկային համակարգում` որպես դիզայներ: Ոլորտը պատահական չէր ընտրել. հասկանում էր, որ իրեն պակասում է մասնագիտական որակներին զուգահեռ աշխատանքային բարդ իրավիճակում և խիստ կարգուկանոնի պայմաններում աշխատելու փորձը. «Դե, գիտեք, դիզայներներն ավելի ազատ մարդիկ են, սովոր չեն վերջնաժամկետների մեջ տեղավորվել, իսկ ինձ պետք էր լինել արդյունավետ դիզայներ»: Երբ հասկանում է, որ բանկային համակարգում հասել է նրան, ինչն իրեն պետք էր, դուրս է գալիս և աշխատանքի տեղավորվում Synergy International Systems ամերիկյան ընկերությունում: «Ավելի լուրջ մասնագիտական գործունեության համար «Սիներջին» լավագույն տարբերակն էր»:

9 տարի առաջ Հայաստան տեղափոխված սիրիահայ երիտասարդի համար այդ տարիներն իսկական փորձության, համառ պայքարի, զրկանքների ու ձեռքբերումների տարիներ էին: Հետադարձ հայացք գցելով` նա հասկանում է, որ հենց այդ դժվարություններն են իրեն օգնել հաջողությունների հասնելու, որպես մարդ ու մասնագետ կայանալու: Երիտասարդի կողքին է նաև սիրած աղջիկը, որը Երևան է տեղափոխվել Արցախից: Նա էլ Վարանդի պես մենակ է եկել` իր կյանքի ուղին սեփական ուժերով կերտելու հաստատակամությամբ:

2006-ին, երբ Վարանդը գալիս էր Հայաստան ու ամեն ինչ պետք է զրոյից սկսեր, նրան ոգեշնչում էր պապի պատմությունը, որը Ցեղասպանության ժամանակ որբանալով` 12 տարեկանում ոտքով հասնում է Խարբերդ, այնտեղ մեծ փորձությունների միջով անցնելով` ստեղծում իր ընտանիքը, ապա Խարբերդից էլ տեղահանվում ու հաստատվում է Հալեպում, որտեղ 9 երեխա է ունենում, բոլորին տեղավորում, ապահովում աշխատանքով, ձեռք բերում հարգված մարդու համբավ: «Եթե պապս ինքնուրույն այդ ամենը կարողացել է հաղթահարել, ուրեմն ես ինչո՞ւ չպիտի կարողանամ, հատկապես, որ իմ և նրա կրած դժվարություններն անհամեմատելի են,- ասում է նա: — Իսկ իրականում ուր էլ գնաս, մեկ է` դժվարություններ լինելու են: Մնում է որոշես` ուզում ես քո հայրենիքո՞ւմ այդ դժվարությունները հաղթահարել, թե՞ օտար երկրում: Բայց ես համոզված եմ, որ հայն ուր էլ գնա` մի օր հետ է գալու Հայաստան»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր