Հեռավոր ու ցուրտ Բառնաուլից` արևոտ Երևան. հայրենադարձության ևս մեկ պատմություն

Հայրենադարձ

Պետք էր գոնե մեկ անգամ դուրս գալ Ալթայի երկրամասից հասկանալու, թե որքան հեռու է այն աշխարհից: Բառնաուլը, ուր Մարիամը տեղափոխվել էր Թբիլիսիից, մինչ այդ իր համար սովորական մի քաղաք էր, և միայն այն ժամանակ, երբ ընտանիքով առաջին անգամ մեկնեց Սոչի հանգստանալու, հասկացավ, թե որքան հեռավոր ու ցուրտ է Սիբիրը:

Մարիամ Գասպարյանը ծնվել է Թբիլիսիում: 4 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Պատմում է, որ հեռավոր Բառնաուլում հայ համայնքը բավականին կազմակերպված էր: Նշենք, որ Ալթայում հայ համայնքի ձևավորումը եղել է 2 փուլով. առաջինը` 1947-1953 թթ., երբ այնտեղ են հայտնվել ստալինյան բռնապետության զոհ դարձած մոտ 70 000 աքսորյալներ: Երկրորդ փուլը սկսվել է 1991-1993 թվականներից, և հայերի թիվն այնտեղ այնքան է մեծացել, որ կամաց-կամաց անհրաժեշտություն է առաջացել հիմնելու համայնքային լուրջ կառույցներ: Ստեղծվել է «Հայ մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը ներառում է կիրակնօրյա դպրոց, ամսագիր, ապա հիմնվում է Բառնաուլի «Արագած» ֆուտբոլի թիմը, կառուցվում և 2005-ին օծվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և այլն: Մի խոսքով, համայնքի ձևավորման և կայացման ամենաակտիվ փուլում էլ Մարիամը ներգրավվում է համայնքային գործունեության մեջ և որպես երիտասարդ ուժ` ակտիվորեն իր դերակատարումն ունենում մշակութային միջոցառումների կազմակերպման գործում: Հենց այդ ընթացքում էլ նա հեռվից հեռու ծանոթանում է Հայաստանին, սակայն հայրենիքը տեսնելու ցանկությունն առաջանում է միայն այն ժամանակ, երբ ընկերներից մի քանիսն «Արի տուն» ծրագրով մեկնում են Հայաստան ու վերադառնում վառ տպավորություններով: «Նրանց նկարները որ տեսա՝ մի քիչ նախանձեցի,- ծիծաղում է նա,- ծնողներիս ասացի, որ ես էլ եմ ուզում տեսնել Հայաստանը»:

Այդ ամառ նրա ընտանիքը մեկնում է Սոչի՝ հանգստանալու, և այդ երկար ճանապարհորդությունը նրան վերջնականապես դեմ առ դեմ է հանում այն իրականության հետ, թե որքան հեռու և կտրված են իրենք ապրում: Դա էլ իր հերթին նպաստում է, որ Մարիամը մտածի ոչ միայն Հայաստանը մեկ անգամ տեսնելու մասին, այլ համարձակ որոշում կայացնի՝ տեղափոխվել Հայաստան: Մարիամն այդ ժամանակ սովորում էր Ռուսական միջազգային ակադեմիայում կամ, ինչպես ինքն է ասում` տուրիզմի ինստիտուտում: Նա հանկարծ պարզում է, որ Հայաստանում կա այդ ինստիտուտի մասնաճյուղը: Կարծես բոլոր հանգամանքները դասավորվում են այնպես, որ նա տեղափոխվի հայրենիք:

2010 թ. Մարիամը «Արի տուն» ծրագրով առաջին անգամ գալիս է Հայաստան: Ուրախ է, որ առաջին անգամ հայրենիք այցելեց նման ծրագրով, քանի որ դա օգնեց, որ առաջին տպավորությունը Հայաստանից լինի դրական. «Շատ տպավորված էի. եղա շատ տեղերում, մոտիկից ծանոթացա Հայաստանին` լավ առումով»: Ավելի ուշ Մարիամին է միանում նաև եղբայրը, որը նույնպես ուսումը շարունակում է Երևանում: Երկու տարի հետո, երբ Մարիամն ավարտում է ինստիտուտը, մեկնում է Բառնաուլ՝ ծնողներին տեսնելու և մեկ ամիս անց կրկին Հայաստան վերադառնալու նպատակով: «Միգուցե զարմանալի թվա, բայց ես անգամ այդ մեկ ամսով չէի ուզում գնալ Բառնաուլ: Ճիշտ է` ծնողներիս շատ էի կարոտել, բայց նորից այնտեղ գնալն ինձ համար մեծ տրավմա էր: Երբ հասա Բառնաուլ, օդանավակայանում սկսեցի լաց լինել: Մի խոսքով, մոտ մեկ ամիս տանջվեցի ու վերադարձա»:

Մարիամը խոստովանում է, որ իր համար այնտեղ ամեն ինչ արդեն այնքան օտար էր, որ նույնիսկ չէր ուզում տնից դուրս գալ և անհամբեր սպասում էր Հայաստան վերադարձին: Մարիամի ծնողներն ուրախ էին, որ երեխաները կապվել են հայրենիքին: Սակայն հեռավորությունը լուրջ խնդիր էր. հեշտ չէր թեկուզ տարեկան մեկ անգամ այդքան ճանապարհ կտրել-անցնել՝ իրար տեսնելու համար: Եվ մի գեղեցիկ օր ծնողները որոշում են միանալ երեխաներին: Ծնողները պետական ոլորտի աշխատողներ էին, բիզնես չունեին, և այդ առումով նրանց վերադարձն ավելի հեշտ էր: Նրանք նույնպես ուրախ են, որ վերադարձել են, շատ են սիրում Հայաստանը: Ճիշտ է` արդեն հասցրել են զգալ երկրի խնդիրները սեփական մաշկի վրա, սակայն ոչ մի վայրկյան չեն զղջացել, որ վերադարձել են:

Մարիամն ինստիտուտն ավարտելուց և մեկ ամիս Բառնաուլում մնալուց հետո, երբ վերադառնում է Երևան, 2 շաբաթ անց իր մասնագիտությամբ աշխատանք է գտնում տուրիստական գործակալությունում: Մինչ օրս էլ աշխատում է այդ ոլորտում և գոհ է: Ծնողները դեռ Հայաստանում լուրջ աշխատանք չեն գտել, բայց Բառնաուլից որոշակի եկամուտ ունեն և առայժմ հանգիստ են: «Հայաստանի խնդիրն այն չէ, որ աշխատանք չկա, աշխատանք կա, բայց ստացած փողը չի հերիքում: Եթե նորմալ աշխատանք լինի, ապա Հայաստանն ամենալավ տեղն է: Ճիշտ է` ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք Հայաստանից գնում են, բայց մեկ է, սխալ են անում»,- ասում է Մարիամը:

Նա կարծում է՝ այն մարդը, որ փորձում է ինչ-որ բան ստեղծել, Հայաստանում էլ դա կարող է անել, պարզապես, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի, այստեղ հաջողության կարող է հասնել ավելի ուշ: «Եթե գնում ես դուրս ու այնտեղ ինչ-որ բանի ես հասնում, գալիս է մի պահ, երբ ուզում ես վերադառնալ, բայց չես կարող քո տարիների դրածը մի օրում զրո դարձնել»:

Չնայած հայաստանյան բոլոր խնդիրներին` մոտ 20 տարի հեռավոր Բառնաուլում ապրած հայուհին անգամ չի ուզում համեմատություն անցկացնել այդ քաղաքի ու արևոտ Երևանի միջև: «Մեր քաղաքը ջերմ է, գեղեցիկ, հարազատ: Այո, այդ երկու բառով կբնութագրեմ իմ երկիրը` հարազատ ու ջերմ: Ես կուզենայի միայն այստեղ ապրել»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր