«Այս անգամ Հայաստանից հաստատ չեմ գնա»

հայրենադարձ

Մարա Աբրահամյանը 6 տարեկան էր, երբ ընտանիքը 90-ականների սկզբին տեղափոխվեց Մոսկվա: Պատճառը ոչ միայն ցուրտ ու մութ տարիներն էին, այլև այն, որ Մարան հիվանդ էր, և այստեղ բուժվելու շանսերը քիչ էին: 6-ամյա աղջիկը, որի ընտանիքը ռուսախոս էր, միանգամից ինտեգրվում է ռուսական միջավայրին ու գրեթե կտրվում հայրենիքից: Ավելին, նրա համար այնքան խորթ էին դարձել հայոց լեզուն ու հայկական մշակույթը, որ անգամ ամաչելով հիշում է, թե ինչպես էին ընկերուհու հետ կիրակնօրյա հայկական դպրոցում (որտեղ հաճախում էին ոչ ամենևին իրենց կամքով) բառիս բուն իմաստով՝ փոքրիկ խուլիգանների պես պահում իրենց և զվարճանում, երբ, օրինակ, իրենց սովորեցնում էին հայկական ազգային երգեր: Ռուսական դպրոցի օրինակելի աշակերտները հայկական դպրոցում պարզապես անտանելի էին թե՛ վարքով և թե՛ ուսման առաջադիմությամբ:

Հայաստանից տեղափոխվելուց հետո Մարան առաջին անգամ հայրենիք է վերադառնում 10 տարի անց: Առաջին այցը նրա համար ուղղակի անտանելի էր: 16-ամյա աղջկան հետաքրքիր չէր Հայաստանը, քանի որ ուզում էր ամառային արձակուրդն անցկացնել Մոսկվայում` իր ընկերների հետ, իսկ Հայաստանում ամեն ինչ իր համար անհասկանալի էր` սկսած լեզվից, վերջացրած մարդկանցով: Միակ մխիթարությունը ռուսերեն գրքերն էին: Մի խոսքով, Մարան տառապում էր ու անհամբերությամբ սպասում, թե երբ է վերադառնալու Ռուսաստան:

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտ, սակայն պրակտիկորեն զբաղվում է ժուռնալիստիկայով: «Չգիտեմ ինչու, մտածում էի, որ լրագրող դառնալու համար պետք չէ հատուկ սովորել»,-ծիծաղում է նա: Բայց արի ու տես, որ միանգամից հայտնվում է ժուռնալիստիկայի ամենապատասխանատու կարգավիճակում` ռուս-հայկական առաջին TV ARM RU հեռուստաընկերության գլխավոր խմբագրի դերում: Այդ ընթացքում հասկանում է, որ իսկապես պետք է համապատասխան ուսում ստանալ և ժուռնալիստիկայի երկամյա դասընթացների է հաճախում:

Երբ 19 տարեկան էր ու առաջին անգամ պետք է առանց ծնողների շրջագայեր, նա, որքան էլ տարօրինակ թվա, որոշում է գալ Հայաստան: Ճիշտ է, երկրորդ այցը միանգամայն տարբեր էր առաջինից, սակայն միևնույն է, նա այդ ժամանակ այդպես էլ Հայաստանը չի համարում իր երկիրը: «Ես շատ ուրախ ժամանակ անցկացրեցի ու վերադարձա Մոսկվա, բայց այդ ժամանակ նույնքան ուրախ ժամանակ կանցկացնեի ցանկացած այլ երկրում»,- ասում է նա:

Մոսկվա վերադառնալուց որոշ ժամանակ անց այնպես է ստացվում, որ նա հայտնվում է Արցախում: Հեռուստաընկերության համար պետք է Լեռնային Ղարաբաղի մասին հաղորդում պատրաստեին, և նկարահանող խումբը մեկնում է Արցախ: Մարան խոստովանում է, որ մինչ այդ գրեթե ոչինչ չգիտեր Արցախի, արցախյան հիմնախնդրի մասին, միայն աղոտ գիտեր, որ այնտեղ ինչ-որ պատերազմ է եղել, բայց ինչու, ինչպես` պատկերացում էլ չուներ: «Ու ես Ղարաբաղի ողջ պատմությունն իմացա հենց Ղարաբաղում»,- ծիծաղում է նա:

Արցախում նա հանդիպում է Բակո Սահակյանին, շփվում շատ ու շատ մարդկանց հետ, այցելում Արցախի պատմական վայրերն ու վերադառնում Մոսկվա` սիրահարված այդ երկրին: Այնուհետև նա գործի բերումով կրկին մի քանի անգամ այցելում է Ղարաբաղ, ու գուցե հենց դա էլ մեծապես նպաստում է նրա Հայաստան վերադարձին: Իսկ մինչ այդ Մարան թողնում է հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում էր, ապա կարճ ժամանակով աշխատանքի անցնում ORT հեռուստաընկերությունում, սակայն այնտեղից նույնպես դուրս է գալիս և տեղափոխվում Голос России ռադիոկայան: Ռադիոն Մարայի համար նոր ոլորտ էր, և այստեղ նա իր նախկին ռուս գործընկերոջ հետ շուրջ մի տարի վարում է հեղինակային հաղորդում` շաբաթական մեկ անգամ ռադիոլսողներին ներկայացնելով Հայաստանն ու Արցախը: Սակայն ամենազավեշտալին այն էր, որ հաղորդումը հեռարձակվում էր գրեթե ամենուր, բայց ոչ Հայաստանում: Պատմում է, որ հատկապես Ադրբեջանում իրենց մեծ ուշադրությամբ էին լսում, և երբեմն ռադիոյի խմբագրությունը ադրբեջանցիների կողմից ոչ հաճելի բովանդակությամբ նամակներ էր ստանում, ինչին Մարան հումորով էր վերաբերվում:

Այդ տարիներին Մարայի մոտ արդեն ձևավորվել էր որոշակի հետաքրքրություն հայության, Հայաստանի, հայկական միջավայրի նկատմամբ: Նրա համար Հայաստանն այլևս այն օտար ու անցանկալի երկիրը չէր, որտեղ 16 տարեկանում ստիպված էր եղել 3 շաբաթ ձանձրանալ: Եվ երբ ռադիոյում աշխատանքային պայմանագիրն ավարտվում է, ու նա Հայաստանից առաջարկ է ստանում ֆիլմաշար նկարահանել այն հայերի մասին, որոնք Հայաստանի համար բարեգործություն են անում, կարծես նա դրան սպասում էր: Այդ ժամանակ Մարայի ներաշխարհում նաև փոփոխություններ էին տեղի ունենում. նա ցանկանում էր փոխել իր կյանքը, նրան այլևս դուր չէին գալիս հեռուստաընկերությունը, ռադիոն, իսկ տխուր ու մռայլ մոսկովյան օրերն ավելի էին ընկճում` համարյա հասցնելով դեպրեսիայի: Եվ ահա, որոշումը կայացվում է` վերադարձ Հայաստան: Մարան առաջին անգամ դեպի Հայաստան միակողմանի տոմս է գնում:

2013 թվականից նա ապրում է Երևանում: Չնայած լեզվական, մշակութային և այլ տարբերություններին` Մարան կարողանում է ինտեգրվել հայաստանյան միջավայրին: Հենց սկզբից աշխատանք է գտնում, նախ` «Հայաստանի զրուցակից» թերթում, որը հրապարակվում էր նաև ռուսերեն, ապա, երբ թերթը փակվում է, ընդամենը 1 շաբաթ մնալով գործազուրկի կարգավիճակում, աշխատանքի առաջարկ է ստանում փիարի, մարկետինգի, գովազդի ոլորտում աշխատող ընկերության կողմից: Եվ գալիս է մի պահ, երբ նա ընկերների հետ որոշում է հիմնել սեփական բիզնեսը: Արդենտևական ժամանակ է` նա իր գիտելիքները, փորձը, եռանդն ու միտքն ուղղել է Հայաստանում նոր բիզնես մշակույթի ձևավորմանը: Նրանց հիմնած ընկերությունում միավորված են բազմաթիվ ծառայություններ` գովազդի, մարկետինգի, դիզայնի, ոչ ստանդարտ դիզայնի և այլ բնագավառների, ինչը էապես հեշտացնում է պատվիրատուի գործը: Մարան անթաքույց հպարտությամբ նշում է, որ արդեն եթերում է առաջին գովազդային հոլովակը, որի ռեժիսորն ինքն է:

«Այս անգամ Հայաստանից հաստատ չեմ գնա»,- ասում է հայրենադարձն ու հավատում, որ իր և իր պես մտածող մարդկանց շնորհիվ պիտի Հայաստանը գրավիչ երկիր դառնա բոլորի համար: «Հայաստան վերադառնալուց 3 ամիս անց ես հանեցի վարդագույն ակնոցը, առնչվեցի այն բոլոր խնդիրների հետ, որ կան Հայաստանում, բայց ոչ թե մտածեցի փախչել այդ խնդիրներից, այլ որոշեցի լուծել դրանք: Ես չեմ ուզում երկրորդ անգամ փախչել, որովհետև հասկացել եմ, որ փախուստն ամենահեշտ տարբերակն է: Պետք է մնալ ու աշխատել, աշխատել ու ցույց տալ, որ այսպես էլ կարելի է աշխատել, ոչ թե նստել ու տրտնջալ»:

Մարան թարմ աչքով տեսնում է, որ Հայաստանում այսօր բավականին տաղանդավոր, ստեղծագործ, խելացի մարդիկ կան. ինչո՞ւ չհավաքվել ու Հայաստանը չդարձնել որակապես նոր երկիր, մանավանդ որ հիմա դրա հնարավորությունն իսկապես կա, քանի որ երկիրը գտնվում է վատի ու լավի ընտրության սահմանագծում:

 

Առաջին լուսանկարի հեղինակ՝ Աննա Միխասյոնոկ

Երկրորդ լուսանկարի հեղինակ՝ Էմմա Մարաշլյան

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր