Արևելյան գոհարը` Երևանի սրտում (լուսանկարներ)

Արևելյան գոհարը

Հավանաբար շատերն են հիացել Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմական հուշարձան-շենքով, նրա ուրույն ոճով ու զարդաքանդակներով: Սակայն քչերին է բախտ վիճակվել մտնել շենքից ներս ու տեսնել անզուգական որմնանկարները: Դա մի ֆանտաստիկ արևելյան փոքրիկ աշխարհ է, որտեղ մի պահ քեզ արևելքի տիրակալ ես զգում: Արդեն 42 տարի այստեղ ամեն օր աշխատանքի գալու երջանկությունն ունի «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» ՀԿ-ի նախագահ Միքայել Հարությունյանը: Ահա թե ինչ է պատմում նա հուշարձան-շենքի կառուցման մասին:

Հանրապետության 32Պարսիկ հյուպատոսի պատվավոր նստավայրը

1876-ից մինչև 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունն այն եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: XIX դարի կեսերին այս տարածքում եղել է հողաշեն մի կառույց, որը պատկանել է ազգությամբ պարսիկ ոմն Աբդուլ Հաջի Հասանի: 1853 թ. Հայաստանի քաղաքաշինության խորհուրդը 25 տարով տարածքը վարձակալելու պայմանագիր է կնքել սեփականատիրոջ հետ. տարեկան 600 ռուբլի վարձավճարով, որը ժամանակին հսկայական գումար էր: «25 տարին չբոլորած` 1876 թվականին, Քաղաքաշինության խորհուրդը սեփականատիրոջ հետ մաքրում է հաշիվները, որից հետո քանդում են այդ փոքրիկ հողաշեն շինությունը և կառուցում այս շենքը` որպես պարսիկ հյուպատոսի նստավայր»,- պատմում է նա:

Կառույցի արժեքավոր որմնանկարները նույնպես այդ ժամանակ են արվել: Տարածքի հարակից շինությունները, այդ թվում և Դաշնակցության շենքը, թվագրվում են 1897-1904 թվականներով: Այսինք՝ սա այս տարածքի ամենահին շենքն է: Արխիվային տվյալներում նախագծի հեղինակ-ճարտարապետի անունը չկա: Սակայն հայտնի է շենքի գլխավոր շինարարը. նա ազգությամբ գերմանացի կապիտան ֆոն Դեռնոն է, որի ղեկավարությամբ էլ շենքը կառուցվել է: «Սակայն, մեր ճարտարագիտության ուսուցչապետը՝ մեր տիտան Վարազդատ Հարությունյանը, վստահ կարծում էր, որ սա հայ ճարտարապետի ձեռքի գործ է»,-ասում է զրուցակիցս:

Շենքի ճակատային մասում, օրինակ, կա հավերժության նշանը: Ոճն ընդհանուր առմամբ արևելյան է` հարուստ հայկական և պարսկական մոտիվներով: Որմնանկարների մեջ նույնպես կան բազմաթիվ հայկական զարդանախշեր ու սիմվոլներ` սոխակներ, վարդյակներ, սկիհներ, եղնիկներ, փակ գոտիներ, անգամ խաչ: Սակայն հայ վարպետներն առատորեն օգտագործել են նաև պարսկական մոտիվներ` ծաղկային տարրեր, զարդագոտիներ և այլն: Որմնանկարներից մեկը հայկական գորգի պատկերով է, որի կենտրոնում խաչ է պատկերված: Ի դեպ, հայելապատ խաչ-զարդանախշ կա նաև սենյակի առաստաղին, որի կենտրոնում հետագայում կախվել է հսկայածավալ, գեղեցիկ ջահը: Ջահի պատմությանը կանդրադառնանք ստորև: Սենյակի մի հատվածում պատի մեջ փորված երեք փոքրիկ հայելապատ խորշեր են` մզկիթի տեսքով: Սա, ըստ մասնագետների, եղել է հյուպատոսի սրբանկյունը՝ աղոթատեղին:

Թումանյանական շունչը՝ պարսկական հյուպատոսարանում

1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունից հետո, երբ բոլոր դեսպանատներն ու հյուպատոսարանները կենտրոնանում են Մոսկվայում, տարածքը տրամադրում են Հայ օգնության կոմիտեին, որի առաջին նախագահը եղել է Հովհաննես Թումանյանը: Միքայել Հարությունյանի խոսքով՝ Թումանյանը Թբիլիսիից եկել է Երևան և ՀՕԿ-ի նիստերը այստեղ գումարել մինչև իր մահը: Պարսիկ հյուպատոսի նստավայրը` կոմունիստների տառաճանաչության դպրոց 1924 թ.` Թումանյանի մահվանից հետո, ՀՕԿ-ը տեղափոխում են` այս տարածքը տրամադրելով կոմունիստներին: Տարածքը դառնում է կուսակցական երեկոյան բարձրագույն դպրոց: «1924-1935 թվականներին կոմունիստներն այստեղ տառաճանաչություն են սովորում»,- ասում է Հարությունյանը:

1935 թ. նրանց նույնպես ուրիշ տեղ են տեղափոխում, և կառույցը 4 տարի մնում է թափուր: Հիմա ջահի պատմության մասին: 1927 թ. տարածքում էլեկտրականություն են անցկացնում: Այդ ժամանակ ճարտարապետ Ալ. Թամանյանը, դպրոցի հետ ընդհանուրհայտարարի գալով, նախագծում և Իտալիայում պատվիրում է մի հոյակերտ ջահ` համահունչ սենյակի ընդհանուր ինտերիերին: 1928 թ. ջահը բերվում է և կախվում առաստաղի հայելապատ խաչի կենտրոնում: Ռազմական դատախազի նստավայր 1939 թ. հայկական բանակի ռազմական դատախազը խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարություն, որպեսզի թափուր մնացած տարածքն իրեն տրամադրեն:

Մինչև 1957 թ. կառույցը դառնում է ռազմական դատախազի նստավայրը: Հետաքրքիր է` ինչպես է ռազմական դատախազը որոշումներ կայացրել արևելյան այս ռոմանտիկ միջավայրում: Այդ հարցը հետաքրքրում է նաև Հարությունյանին. «ՀՕԿ-ը հասկացանք, բայց կուսակցական բարձրագույն դպրոց, ռազմական դատախազի նստավայր… Մի քիչ անհասկանալի է: Բայց ամենակարևորն այն է, որ անգամ թափուր մնալով` պահպանվել է, չեն վնասել, ինչն այսօր ամեն քայլափոխի արվում է»: 1957 թ., երբ ռազմական դատախազին են տեղափոխում ուրիշ տեղ, տարածքը կրկին մնում է թափուր մինչև 1964 թ.:

52 տարի` նույն հասցեում

1964 թ. փետրվարի 29-ին տեղի է ունենում Հայաստանի պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության հիմնադիր համագումարը, որի նախագահ է ընտրվում նկարիչ Մարտիրոս Սարյանը: Մինչ այդ` 1923 թ., Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի, Աշխարհբեկ Քալանթարի և այլ մեծերի նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվում է Հնությունների պահպանության պետական կոմիտեն: Հենց Մարտիրոս Սարյանն էլ ճարտարապետ, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի և այլոց հետ նախաձեռնում է այս հասարակական կազմակերպության հիմնումը, որի նպատակը հայկական պատմա-մշակութային հուշարձանների վերականգնումը, պահպանումն ու լուսաբանումն էր` ի աջակցություն պետական ջանքերի:

1964 թ. տարածքը տրամադրվում է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությանը, որն այն զբաղեցնում է մինչ օրս: 1972 թ., երբ վախճանվում է Մարտիրոս Սարյանը, ընկերության նախագահ է ընտրվում Ռուբեն Ազիզբեկյանը, իսկ 1977 թ.` Վարազդատ Հարությունյանը, որն ընկերությունը ղեկավարում է մինչ իր մահը` 2008 թ.: Նրա մահից հետո ընկերության նախագահի պաշտոնը ստանձնում է զրուցակիցս` Վարազդատ Հարությունյանի գործադիր տեղակալ Միքայել Հայությունյանը, որն, ինչպես նշեցի, այստեղ է աշխատում արդեն 42 տարի: «Մեր ընկերության կողմից վերականգնվել է 62 կարևոր պատմա-ճարտարապետական հուշարձան, որից հինգը` անկախությունից հետո»,- ասում է նա:

Հետաքրքիր է, որ դեռևս խորհրդային տարիներին պատմա-մշակութային հուշարձանների պահմանման գործում կարևորվել է հանրային աջակցությունը: Այս ընկերությանը ժամանակին անդամագրված է եղել ավելի քան կես միլիոն քաղաքացի: Եվ հենց հանրային անդամավճարների միջոցով էլ իրականացվել են պատմա-մշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները: Կազմակերպությունը նաև լուրջ քարոզչական գործունեություն է ծավալել: Միքայել Հարությունյանն անձամբ պետական հեռուստաընկերության եթերում վարել է հատուկ հաղորդաշար` նվիրված ազգային արժեքներին ու դրանց պահպանմանը: Ցավոք, այսօր ընկերության գործունեությունը սառեցված է, քանի որ ֆինանսական միջոցներ չկան: Չնայած դրան` ընկերության նախագահն ամեն օր պարտաճանաչ գալիս է աշխատանքի` հույս ունենալով, որ մի օր կվերականգնի անցյալի բեղմնավոր գործունեությունը:

Քաղաքային իշխանությունները չեն զոհի շենքը

Օրեր առաջ այս հասցեում իր նորամուտը տոնեց ԻԿՕՄՕՍ-Հայաստան (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտե) կազմակերպությունը: Վերջինս 2014 թ. դիմել էր Երևանի քաղաքապետարան` Հանրապետության փողոցի 32 հասցեում գտնվող պատմական հուշարձան հանդիսացող շենքն անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով: Երևանի քաղաքապետարանն ընդառաջ է գնացել կազմակերպության խնդրանքին և տարածքը տրամադրել ԻԿՕՄՕՍ-ին` Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության հետ հավասար օգտագործման հիմունքներով: Կազմակերպության անդամների ջանքերով վերանորոգվել է շինության մի հատվածը, իսկ ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ ամրակայվել է որմնանկարների հատվածը, վերանորոգվել շինության տանիքը: ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի խոսքով` սա պետական կառույցների համագործակցության և համատեղ ջանքերով հուշարձանի վերականգնման և պահպանության լավ օրինակ է: ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեն պարտավորվել է հոգ տանել հուշարձան-շենքի պահպանության և հետագա շահագործման համար: Միքայել Հարությունյանը նույնպես գոհ է, որ հենց ԻԿՕՄՕՍ-ին տրամադրվեց շենքը` նշելով, որ իրենց կազմակերպությունն այս պահին շենքը վերականգնելու և պահպանելու հնարավորություն չունի:«Ինչ-որ իմաստով մենք փրկեցինք այս շենքը»,-ասում է նա` հույս հայտնելով, որ այլևս ոչ ոքի մտքով չի անցնի խոսակցություն բացել տարածքը սեփականաշնորհելու մասին:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր