«Հայաստանը հազար Եվրոպա արժի». սիրիահայ երիտասարդ

24394_large

Երբ շաբաթվա օրերին այցելեք վերնիսաժ՝ այնտեղ շատ սիրիահայերի կտեսնեք, որոնց մեծ մասը զբաղվում է զարդերի վաճառքով: Նրանց մեջ հաճելի արտաքինով, բարձրահասակ մի երիտասարդ կա` մոտ 20 տարեկան, որը նույնպես արծաթյա զարդեր է վաճառում: Քիչ այն կողմ նրա հայրն է` անտիկվար իրերի վաճառակետով: Հայր ու տղա զբաղվում են առևտրով, որ օրվա ապրուստը վաստակեն: Չէ՞ որ ամեն ինչ թողել են Սիրիայում ու ձեռնունայն հասել Հայաստան: Մոնթեն կարոտով է հիշում Սիրիան, որտեղ կյանքը բնականոն հունով էր ընթանում, և բոլորն իրենց տեղն ու դերն ունեին: Սովորում էր դպրոցում, զուգահեռ զբաղվում սպորտով. որոշել էր թենիսիստ դառնալ. նախադրյալները կային: 4 տարեկանից հաճախում էր թենիսի, ընդգրկված էր Հալեպի պատանիների հավաքականում, մասնակցում էր մրցումների: Մի խոսքով, նրան մարզական լավ ապագա էր սպասում: Սակայն ամեն ինչ հօդս է ցնդում Սիրիայում սկիզբ առած պատերազմի պատճառով:

Երբ առաջին ռումբերը սկսում են թափվել քաղաքի գլխին, արդեն վախվխելով էին դպրոց գնում` ամեն անգամ սպասելով, որ հերթական ռումբը կընկնի դպրոցի վրա: Ռումբն ընկավ, բայց դպրոցի կողքին, այդ օրվանից նա այլևս դպրոց չգնաց: Իսկ երբ 2012-ին Հալեպում առաջին հայ զինվորը զոհվեց, ընտանիքը վերջնական որոշում կայացրեց`պետք է ամեն ինչ թողնել ու դուրս գալ Սիրիայից:

2012 թ. նրանք ընտանիքով գալիս են Հայաստան, այստեղ Մոնթեն ավարտում է դպրոցը: Հայրենիքի մասին շատ լսած, սակայն մինչ այդ չտեսած պատանու համար առաջին հայացքից ամեն ինչ այնքան էլ պարզ ու հասկանալի չէր. խիստ տարբեր մտածելակերպը նրան դժվարությամբ էր հարմարեցնում նոր միջավայրին: Իսկ երբ ընդունվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որպեսզի շարունակի թենիսը և իրականացնի գլխավոր երազանքը, ամեն ինչ ավելի է դժվարանում: Պատկերացրեք. տեղացիների համար ոչ սովորական արտաքինով, ոճային սանրվածքով ու հագուստով մի երիտասարդի՝ ֆիզկուլտինստիտուտի «քյարթու» երիտասարդության ֆոնին: Ակնհայտ է, որ նա սպիտակ ագռավի կարգավիճակում էր հայտնվելու, ու մեծամասնությունը փորձելու էր ճնշել նորեկին: «Ինձ հետ մի տեսակ էին վարվում` էսի Սիրիայից է,- պատմում է Մոնթեն,- բայց ես գյուղացի չեմ իրենց համար, իրենք են չգիտեմ ինչ գյուղերից եկել: Գալիս ասում էին` մաքուր հա՞յ ես, իսլա՞մ ես, թե՞ քրիստոնյա: Ասում եմ` հայ եմ, ազգանունս «յան» է, ի՞նչ իսլամ:

Էդպիսի բաներից նյարդերս չդիմացան, դուրս եկա: Շատ վատ էին վարվում հետս: Ես լրիվ ուրիշ տեսակ էի մտածում, իրենք` լրիվ ուրիշ: Որ ես մի քիչ ուրիշ տեսակ էի մտածում, մազերս իրենց պես վարագույրի նման առաջ բերած չէր, հետ էր սանրած, ուրեմն, իրենց կարծիքով, մի քիչ անպետք էի»: Լեզվական խնդիրը նույնպես զգացնել էր տալիս: Դասախոսներն ասում էին, որ պետք է սովորի արևելահայերեն գրել, ինչն իր համար դժվար էր: Մի խոսքով, 1-2 ամիս անց նա կիսատ է թողնում ուսումն ու դուրս գալիս ինստիտուտից: Առայժմ լուրջ զբաղմունք չունի: Ճիշտ է` օգնում է հորը վերնիսաժում, բայց դա ժամանակավոր աշխատանք է: Ծնողները պնդում են, որ անպայման բարձրագույն կրթություն ստանա, իսկ ինքն այնքան է հիասթափվել, որ իր տեղը հայկական բուհերում դեռ չի գտնում: Ցավով խոստովանում է, որ թենիսիստի իր կարիերան արդեն խափանված է համարում: Հիանալի արաբերեն գիտի (նաև` լավ անգլերեն), բայց մտածում է` ո՞ւմ է պետք արաբերենը Հայաստանում: Մտածում է ատամնատեխնիկ դառնալ, գոնե օրվա հացի գումար կվաստակի: Մոնթեին խորհուրդ եմ տալիս դիմել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, վստահեցնում, որ այնտեղ իր տեղը կգտնի արաբերենի իմացությամբ, իսկ հետագայում պահանջված մասնագետ կարող է դառնալ: Բայց վախեցած է` արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանա:

ՄոնթեԻնչևէ, խոստանում է սեպտեմբերին դիմել պետհամալսարան: «Ամեն ազգին մեջ լավն էլ կա, վատն էլ: Էնոնք, որ շփվել են լիբանանցիների, սիրիահայերի հետ, էնոնք մեր արժեքը գիտեն,- ասում նա:- Մի քանի օր առաջ խանութում ընկերներով մի պահ արաբերեն խոսեցինք, դրամարկղի աղջիկը հարցնում է` ինչո՞ւ եք մուսուլմանների լեզվով խոսում: Լիբանանի կեսը քրիստոնյա է, բայց արաբերեն են խոսում, դա ի՞նչ կապ ունի իսլամի հետ: Զարմանում ես»:

Չնայած այս ամենին` նա սիրում է Հայաստանը: Ավելին, եթե անգամ Սիրիայում պատերազմն ավարտվի, այլևս չի վերադառնա. «Կգնամ, ընկերներիս կտեսնեմ, հետ կգամ»: Նույնիսկ զարմանում է, որ սիրիահայերը գալիս են Հայաստան, ապա թողնում- գնում են, ենթադրենք, Կանադա` իմանալով, որ այնտեղ ուրախ չեն լինելու: Պատմում է, որ վերջերս Հայաստանում գտնվող իր սիրիահայ ընկերներից մի քանիսը Գերմանիա են հասել` մեծ փորձությունների ենթարկվելով: «Էստեղից Թուրքիա էին գնացել, Թուրքիայից` նավակով Հունաստան, ճանապարհին նավը խորտակվել էր, կես ճամփան լողալով անցել էին, մի կերպ ափ հասել, 5 տղա էին, ինձ էլ ասացին, որ իրենց հետ գնամ: Չգնացի»: Հիմա մտածում է` ինչ լավ է, որ չգնաց: Ճիշտ է` ընկերներն արդեն Գերմանիայում են, բայց համոզված է, որ այնքան ապահով ու պաշտպանված չեն, ինչքան ինքը՝ Հայաստանում: «Սոված կմեռնիմ, բայց Եվրոպա չեմ գնա»,- ասում է նա,- ինչո՞ւ պիտի գնամ, ուրիշի երկիրը զարգացնեմ: Եթե մենք մեր հայրենիքը սիրենք, հայրենիքն էլ մեզ կսիրե: Հայաստանը հազար Եվրոպա արժի: Բացի դա, լավ, ես գնամ՝ միգուցե իմ երեխաները հայերեն խոսեն, բայց թոռներս հաստատ հայ չեն մնա, լեզուն կուրանան, կմոռանան»,- ասում է 20-ամյակը դեռ չբոլորած սիրիահայը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր