Հայաստանյան ջերմ արեվը՝ աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն

12803124_10153483476602607_4570286101269785596_n

Ուղիղ մեկ տարի է, ինչ Անահիտն Անգլիայից վերադարձել է Հայաստան: Որքան էլ տարօրինակ թվա, 25-ամյա աղջիկն իր համար Հայաստանում շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում: «Լոնդոնն ինձ համար քաոս է, իհարկե՝ ոչ այնքան վատ առումով, բայց մի վայր է, որտեղ արդեն ամեն ինչ կայացած է ու կարծրացած, իսկ իմ նմանները՝ ինչքան ուզես: Իսկ Հայաստանը զարգացող երկիր է, ձևավորման մեջ, և դու կարող ես քո դերն ունենալ, ինչ-որ բան էլ դու անել այդ զարգացման մեջ»,- ասում է նա:

Անահիտը 6 տարեկան էր, երբ նրա ընտանիքը 1994 թ. տեղափոխվեց Լոնդոն: Հայրը, որ ծնվել էր Հնդկաստանում, կիսով չափ հայ է, կիսով չափ՝ իռլանդացի ու հնդիկ: 70-ականներին էր եկել Հայաստան՝ սովորելու Երևանի պետական համալսարանում: Այստեղ էլ ծանոթացել էր ապագա կնոջ հետ: «Հորս առաջին լեզուն եղել է անգլերենը, հետո հնդկերենը, հետո ռուսերենը, հետո նոր՝ հայերենը: Սակայն ինքն իրեն զտարյուն հայ է զգացել և ինձ ու եղբորս էլ որպես հայ դաստիարակել»:

Չնայած սովորում էին անգլիական դպրոցում, ողջ օրն անցկացնում անգլիական միջավայրում՝ առանց որևէ հայ ընկերոջ, տանն ամեն ինչ հայկական էր՝ սկսած լեզվից, վերջացրած կենցաղով ու ավանդույթներով: «Մենք փորձում էինք համադրել երկու մշակույթները, ինչքան էլ որ դա դժվար էր մեզ համար, բայց կարողանում էինք՝ շնորհիվ մեր ծնողների, որոնցից շատ շնորհակալ եմ»: Սակայն երբ 1999 թ. ամռանը ծնողները որոշում են Հայաստան գալ, Անահիտն ընդդիմանում է, քանի որ չէր ուզում բաց թողնել դպրոցի ավարտական խնջույքը. դա իրեն ավելի էր ձգում, քան Հայաստանը: Նրան մի կերպ են բերում: Ողջ ամառն անցկացնելով հայրենիքում՝ 11-ամյա Անահիտն իր մեջ հեղափոխական որոշում է կայացնում. մի օր անպայման պետք է վերադառնա Հայաստան. «Իմ մեջ տպավորվեց մարդկանց ջերմությունը, անկեղծությունը: Լոնդում երբեք մարդկանցից ջերմություն չես զգում: Բացի այդ, Հայաստանի եղանակը շատ սիրեցի, այստեղի ուտելիքը: Մի խոսքով, այդ այցն ինձ համար շատ կարևոր էր և որոշիչ»:

Լոնդոնում ավարտելով հիմնական դպրոցը՝ Անահիտն ընդունվում է ավագ դպրոց, հետո քոլեջ, ապա Քենթի համալսարան՝ քաղաքագիտություն և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Համալսարանն ավարտելուց հետո ուզում է աշխատանք գտնել, բայց պարզվում է՝ Լոնդոնում այդքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնելը. կա՛մ մագիստրատուրայի դիպլոմ էին պահանջում, կա՛մ աշխատանքային փորձ: Մեկ տարի անց նա ընդունվում է Լոնդոնի UCL համալսարանի մագիստրատուրա: Իմանալով, որ «Լույս» հիմնադրամը ֆինանսավորում է UCL ընդունվող հայ երիտասարդներին, դիմում է և դառնում հիմնադրամի կրթաթոշակառու: Սակայն նրա համար պարզ չէր, թե ինչու են ֆինանսավորում հայ երիտասարդներին դրսի համալսարաններում սովորելու համար: Հետո իմանում է, որ ստանալով կրթաթոշակ` պարտավոր է, օրինակ, մասնակցել նաև որոշ ծրագրերի՝ կամավորական աշխատանք կատարելով Հայաստանում: Դա նրա սրտով էր:

Մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտելուց հետո, ամռանը 10 օրով Սևանի Ծափաթաղ գյուղում ծրագիր է իրականացնում գյուղի խնդիրների վերաբերյալ: Ուսումնասիրում է գյուղի երեխաների կյանքը, առօրյան, նրանց իրազեկում իրենց իրավունքների մասին: Հայաստանյան գյուղում թեկուզ 10 օր ապրելը նրան շատ բան է սովորեցնում, բացում իրական Հայաստանի պատկերը՝ իր բազմաշերտ խնդիրներով: Համալսարանն ավարտելուց հետո Անահիտը վերջնականապես որոշում է վերադառնալ ու աշխատել Հայաստանում: «Ենթադրում էի, որ այստեղ ավելի շատ կգնահատվեմ և ավելի մեծ հնարավորություններ կունենամ, քան Անգլիայում կամ Էկվադորում, չնայած Էկվադորի ու Հայաստանի միջև շատ ընդհանուր բան կար՝ թե՛ խնդիրների առումով, թե՛ մշակույթի: Բացի այդ, շատ կարևոր էր Հայաստանի համար ինչ-որ բան անելը»:

Փորձում է «Լույս» հիմնադրամի միջոցով մինչև գալն աշխատանք գտնել կանանց, մարդու իրավունքների ոլորտում կամ ծայրահեղ դեպքում՝ լեզվի կենտրոնում, որպես անգլերենի մասնագետ: «Վերջին տարբերակը գտան, սակայն երբ գործատուներն իմացան, որ դեռ Անգլիայում եմ, ասացին՝ պետք է գամ, որ հստակ լինի: Եկա, բայց այդ աշխատանքին չդիմեցի, մեկ շաբաթ անց աշխատանք գտա մեկ այլ լեզվի կենտրոնում»:

Շուտով «Լույս» հիմնադրամի միջոցով տեղեկանում է «Repat Armenia» («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի մասին, որին անհրաժեշտ էր արտաքին կապերի մասնագետ, որը պետք է համակարգեր Հայաստան վերադառնալ ցանկացող հայերի հետ կապերը: Հիմնադրամի գործունեությունն ու գաղափարը Անահիտի սրտով էին, և նա հենց առաջին իսկ րոպեից մտածում է, որ այդ աշխատանքը հենց իր համար է: «Բախտս բերեց, ճիշտ ժամանակին եկա, թե ոչ, չգիտեմ, բայց ինձ համար Հայաստանում աշխատանք գտնելը միանգամից ստացվեց: Մեկ տարվա ընթացքում վեց տարբեր աշխատանքային հնարավորություններ եմ ունեցել»:

Անահիտն իր ապագան այսօր Հայաստանում է տեսնում, որտեղ նաև որոշակի ծրագրեր կան: Օրինակ` հասարակական կազմակերպություն ստեղծել, որը ոչ թե ձևական բնույթ ունենա, այլ իսկապես օգուտ բերի Հայաստանին: Բայց գիտակցում է, որ դրա համար պետք է դեռ որոշ ժամանակ ապրի Հայաստանում, խնդիրներին ավելի լավ ծանոթանա, զգա սեփական մաշկի վրա: Անահիտի ծնողները չեն վերադարձել Հայաստան և միտք էլ չունեն, քանի որ Լոնդոնում լավ աշխատանք ունեն, հաստատվել են: Հավանաբար, կգան այն ժամանակ, երբ թոշակի անցնեն: «Մամաս ինձ ասում է՝ ախր ո՞նց Լոնդոնը թողեցիր, գնացիր, Լոնդոնում էսքան լավ բաներ կան, դու էստեղ ես մեծացել և այլն: Ես նրան ասում եմ՝ չէ, մամ, ես ինձ էստեղ ավելի ապահով եմ զգում, ավելի հանգիստ և ավելի ուրախ»:

Եղբայրն էլ է վերադարձել Հայաստան, բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, ամուսնացել է և աշխատում է «Թումո» կենտրոնում: Անահիտն իր երկրորդ կեսին գտնելու կամ ամուսնության մասին մտածելիս ազգային պատկանելության առումով սահմանափակում չի դնում, սակայն գլխավոր պայմանն այն է, որ իր ընտրյալը պետք է հարգի իր հայությունը և իր ազգային արժեքներն ու ավանդույթները: Ընկերների առումով էլ սահմանափակումներ չունի, կարող է շփվել ցանկացած ազգի ներկայացուցչի հետ, և այդ առումով շրջապատն իրոք բազմազան է: Սակայն խոստովանում է, որ հայկական կապերն ավելի ամուր ու հաստատուն են. «Հայաստանում, երբ որևէ մեկի հետ կապ ես ստեղծում, մնում է, իսկ Լոնդոնում, օրինակ` «networking event»-ներ են անում, իրար բիզնես քարտեր են փոխանցում, բայց հետո, երբ ուզում ես այդ մարդու հետ կապվել, չկա: Այստեղ զգում ես, թե ինչքան են մարդիկ փորձում իրար աջակցել: Թեկուզ ապրես Ֆրանսիայում, Անգլիայում կամ Ամերիկայում, եթե Հայաստանում հանդիպում ես, այդ կապը կարծես սոսնձվում է»

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր