Հաշմանդամ դարձած զինվորի սիրո պատմությունն ու երազանքը

Արտեմ, Սոնա

Արտեմն ու Սոնան դասընկերներ էին, սակայն նրանց ոչ միայն դպրոցական ընկերությունն էր կապում, այլև պատանեկան առաջին սերը: 9-րդ դասարանում Սոնայի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան: Նրանք բաժանվում են՝ սիրո ծիլերը թաքցնելով հոգու խորքում, բայց մի օր կրկին ծլարձակելու թաքուն հույսով:

Անցնում են տարիներ: Նրանք մեծանում են, ամեն մեկն իր կյանքի ճանապարհն է ընտրում` առանց մեկը մյուսի մասին որևէ տեղեկություն իմանալու: 2008 թվականն էր: Սոնան Ռուսաստանում ընդունվել էր համալսարան, իսկ Արտեմը զորակոչվել էր բանակ` ծառայելու Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում: Մի քանի ամսից պետք է զորացրվեր: Արտեմի մայրը, որ միայնակ էր մեծացրել մինուճար որդուն, դողը սրտում սպասում էր նրա վերադարձին: Սակայն օգոստոսի 13-ին ծառայողական պարտականությունները կատարելիս Արտեմը ողնաշարային լուրջ կոտրվածք է ստանում՝ գլխիվայր ընկնելով Դեբեդ գետը: Բարդ վիրահատությունը փրկում է նրա կյանքը, սակայն ողնուղեղի վնասվածքի հետևանքով խաթարվում է ոտքերի ու ձեռքերի աշխատանքը, նա այլևս չի կարողանում քայլել, անգամ ձեռքերը շարժել: Արտեմը շատ հուսահատ վիճակում էր: Նա չէր կարողանում պատկերացնել, որ հետագա կյանքն անց է կացնելու անվասայլակին: Նա մեկուսանում էր, օրերով, շաբաթներով ոչ ոքի հետ չէր շփվում, կամաց-կամաց հոգեկան լուրջ խնդիրներ էին ի հայտ գալիս: Ու հանկարծ մի զանգ է ստանում Ռուսաստանից:

«Միշտ ուզում էի Արտեմի մասին ինֆորմացիա ունենալ, բայց ինձ ոչ ոք ոչ մի բան չէր ասում: Մի օր էլ իմացա նրա համարն ու որոշեցի զանգել` ուղղակի իմանալու, թե ոնց է: Դեպքի մասին հենց ինքն ասաց»,- պատմում է Սոնան: Մի քանի ամիս անց՝ ամառային արձակուրդին, Սոնան քրոջ հետ գալիս է Հայաստան: Նրա մտքում մի բան էր` տեսնել Արտեմին, իսկ երբ նրան տեսնում է. «Ոնց որ էն ամենը, ինչն իմ մեջ ուղղակի քնել էր, նորից արթնացավ»: Սոնան պատրաստ էր հենց այդ պահից այլևս չբաժանվել Արտեմից: Սակայն ուսանող էր, վերադառնում է Ռուսաստան, ավարտում և մեկ տարի անց որոշում է վերադառնալ Հայաստան, քանի որ այստեղ թողել էր ամենակարևորը` իր միտքն ու հոգին: Իսկ ծնողները դեմ էին: Սոնային այլ բան չէր մնում անելու, քան փախչել ու միանալ սիրած տղային:

2011 թ. հունվարի 6-ին նա գալիս է` առանց հարազատներին տեղյակ պահելու: «Եվ արդեն 5 տարի է` ամուսնացած ենք,- ասում է Սոնան,- ես ինձ շատ երջանիկ եմ զգում: Ճիշտ է, ծնողներս չեն հաշտվում իմ այս քայլի հետ, դե նրանց էլ կարելի է հասկանալ, բայց մյուս կողմից՝ ախր էս դեպքը բոլորիս հետ էլ կարող էր պատահել, ինքը ոչ մի բանով մեղավոր չի: Եթե սայլակի վրա է, չի նշանակում, որ ուրիշներից տարբերվում է: Հիմա, եթե մի միլիոնանոց բանակ էլ կանգնի իմ առաջ, հաստատ Արտեմից ոչ մի բանով լավը չի լինի: Հակառակ դեպքում՝ ես ուղղակի իրեն չէի ընտրի, մեկ ուրիշին կընտրեի»:

Սոնան, իր կյանքի փորձից ելնելով, բոլոր աղջիկներին խորհուրդ է տալիս երբեք սրտի ընտրած ճանապարհից հետ չկանգնել, որովհետև սրտի ընտրածով իրենց կյանքն ավելի լավ կլինի, քան եթե ուրիշներին լսեն կամ ինչ-ինչ հաշվարկներ անեն: Հինգ տարվա ամուսնական կյանքի ընթացքում, երբ, ինչ խոսք, բազմաթիվ հոգեբանական ու ֆիզիկական դժվարություններ են եղել ու կան, Սոնան ոչ մի օր չի ափսոսում իր որոշման համար: «Եթե փոշմանած լինեի՝ վաղուց էի հետ գնացել»,-ասում է նա:

Արտեմն ինքնուրույն գրեթե ոչինչ անելու հնարավորություն չունի: Շատ է ուզում, որ գոնե ձեռքերի շարժունակությունը վերականգնվի, բայց առայժմ դրական տեղաշարժ չկա: Հետվիրահատական շրջանում երկար պառկած մնալու հետևանքով առաջացել էին պառկելախոցեր, որոնք կարելի էր կանխել, եթե ժամանակին ճիշտ խնամք տարվեր: Արտեմը երկու վիրահատության էլ ենթարկվել է այդ պառկելախոցերի պատճառով: Այժմ մայրն ու կինը 2 ժամը մեկ նրան նստած դիրքից հանում են, տեղաշարժում, որպեսզի կրկին պառկելախոցեր ու նստելախոցեր չառաջանան: Երկու անձնուրաց կանանց հոգատարությունն այն անփոխարինելի լուսավոր միջավայրն է, որտեղ Արտեմն իրեն ներդաշնակ ու խաղաղ է զգում, ուժ է գտնում դիմակայելու ճակատագրի դառը փորձությանն ու մտածելու է՛լ ավելի լուսավոր ու երջանիկ ապագայի մասին: Իսկ լուսավոր ապագան երեխան է, որը նրանց սերն ու նվիրումն առավել կամբողջացնի, կվերաիմաստավորի նրանց կյանքը:

Սակայն երեխայի ծնունդը նույնպես խնդիր է՝ թե՛ նյութական, թե՛ առողջական, որը հուսով են` կկարողանան հաղթահարել: Ասում են՝ եթե առաջ Նոր տարվա գիշերը բաժակ էին բարձրացնում ու մաղթում, որ Արտեմը ոտքի կանգնի, հիմա այլ, ավելի կարևոր երազանք են պահում՝ որ երեխա ունենան: Նրանց ընտանիքն ապրում է Սևան քաղաքում` Արտեմի կենսաթոշակով, որը չնչին բան է այսօրվա կենսապայմաններում` չհաշված նրա ամենօրյա խնամքն ու դեղորայքի ծախսերը: Սոնան մասնագիտությամբ հոգեբան է, սակայն չի կարող աշխատել, քանի որ Արտեմի մայրը միայնակ չի կարող խնամել որդուն: Կկարողանա՞ երբևէ Արտեմը ոտքի կանգնել: Նրան վիրահատած բժիշկը մեծ հույսեր չի տալիս, սակայն ասում է, որ ինտենսիվ ֆիզիոթերապիան, ճիշտ վարժությունները կարող են լրջորեն բարելավել վիճակը, գոնե վերականգնել ձեռքերի շարժունակությունը: «Բայց Սևանում ի՞նչ ֆիզիոթերապիա,- ասում է Արտեմը,- դա կարող է լինել Երևանի Կարմիր խաչի հիվանդանոցում: Արդեն 2 տարի է` հերթագրված եմ, հերթս դեռ չի հասել»: 2011-12 թթ. Կարմիր խաչի հիվանդանոցում Արտեմը ֆիզիոթերապիայի կուրսերի է մասնակցել: Որոշակի առաջընթաց իսկապես եղել է: Բացի այդ, ֆիզիոթերապիան անհրաժեշտ է, որպեսզի վիճակն է՛լ ավելի չվատանա, ենթադրենք` հոդերը, մկանները չփայտանան, չձգվեն:

Արտեմն ուզում է ընտանիքով Եվրոպա տեղափոխվելու հնարավորություն գտնել: Ճիշտ է՝ համոզված չէ, որ այնտեղ իր խնդիրը լրիվ կվերանա ու ինքը կսկսի քայլել, բայց գոնե կենսապայմաններն ավելի հարմարավետ ու մատչելի կլինեն: Հայաստանում, այն էլ՝ Սևանում, ցավոք, հաշմանդամների համար դեռևս անլուծելի բազմաթիվ խնդիրներ կան` տարրական խնդիրներ: Օրինակ՝ նրանք ապրում են 9-հարկանի շենքի 5-րդ հարկում: Արտեմի մայրն ասում է, որ երբեմն ստիպված են լինում նրան «շալակած» տանել: 4-5 տարի պայքարելուց հետո է միայն Արտեմի մայրը հասել նրան, որ իրենց մուտքում հարթ աստիճաններ կառուցեն, դա էլ` Սևանի քաղաքապետի ընտրությունների շնորհիվ: Պաշտպանության նախարարությունն էլ ինչ-որ հարցերում փորձել է օգնել, բայց միևնույն է, խնդիրներն ամբողջական լուծում չեն ստացել: Իսկ եթե ամեն անգամ սպասեն տեղական ու համապետական ընտրություններին կամ էլ այս նախարարությունից այն նախարարություն դիմեն, կյանքը կանցնի-կգնա: Իսկ կյանքն այնքան կարճ է, անգամ անվասայլակին…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր