Բաղրամյանով քայլելով իջնում եմ, հասնում Մոսկովյան խաչմերուկ, թեքվում աջ, մի փոքր էլ քայլում ու հանկարծ Մոսկովյան 22 հասցեում մի շենք եմ հայտնաբերում: Այո, բառիս բուն իմաստով հայտնաբերում, որովհետև նույն հատվածով երևի հարյուր անգամ եմ անցել ու այդ շենքը չեմ էլ նկատել: Իսկական գլուխգործոց: Եթե ճարտարապետական լեզվով ասենք` ռուսական կլասիցիզմի նմուշ, իսկ եթե ավելի պարզ` նախագահականի շենքի նմանությամբ մի շենք, որի նմանը հնարավոր չէ տեսնել Երևանում: Սակայն այդ հրաշալի կառույցն ասես գլուխը կախ, ամոթխած թաքնվել է, որպեսզի մարդիկ հանկարծ չնկատեն, չտեսնեն, թե իր գեղեցկությունն ինչ անփառունակ վիճակում է հայտնվել: Շենքի դարպասը փակ է, սակայն ճաղերի հետևից երևում է ներսում տիրող սարսափելի վիճակը. աղբակույտեր, կոտրած ապակիներ, թափառող շներ: Պատկերացնում եմ` եթե Երևան այցելած զբոսաշրջիկը մեր քաղաքի փողոցներով քայլելիս հանկարծ նկատի այդ շենքն ու տեսնի դրա շուրջը տիրող վիճակը, ի՞նչ կմտածի: Ուղղակի ամաչում եմ: Եվ մինչ ապշահար նայում եմ շենքին, հարևան խանութից մի երիտասարդ էլ ինձ է նայում մի հայացքով, թե ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը, որ զարմանում է այդ տեսարանով: Հարցնում եմ` ի՞նչ շենք է, ասում է. — է˜, էս շենքի մասին ոչ ոք ոչ մի բան չգիտի: Ես 2 տարի ա` էստեղ եմ, էս շենքը ոնց կար, նույն ձևով էլ մնացել ա: Ասում են` Հունաստանի դեսպանատունն ա առել: Բայց դե, ոնց տեսնում եք, էստեղ հիմա թափառող շներն են ապրում: — Բայց ախր շատ սիրուն է,-շարունակում եմ: — Հա… Մի օր Գարիկ Մարտիրոսյանն էր անցնում, էս շենքը որ տեսավ, կանգնեց, սկսեց երկար ուշադիր նայել,- պատմում է զրուցակիցս: Իմանալով, որ լրագրող եմ և շենքի մասին ուզում եմ գրել, երիտասարդը ոգևորված ասաց. — Վայ, որ գրեք, կտա՞ք` կարդամ, ես էլ իմանամ, որ մարդիկ գան, մոլորված կանգնեն, գոնե պատմեմ` ինչ շենք ա: Շենքի մասին տեղեկության փնտրտուքով նախ սկսեցի ուսումնասիրել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը: Պարզվեց` այդ ցուցակում նման շենք գոյություն չունի: Դա առաջին շոկն էր: Հետաքրքիրն այն է, որ Հայաստանի լավագույն ճարտարապետներն անգամ շենքի վերաբերյալ շատ ժլատ տեղեկություններ էին հաղորդում: Որևէ մեկը հստակ չգիտեր` երբ է այն կառուցվել, ինչ նպատակով է օգտագործվել, հիմա ում է պատկանում, ինչ կարգավիճակ ունի և այլն: Մշակույթի նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ շենքը երբևէ ներառված չի եղել պահպանվող հուշարձանների ցուցակում: Այսինքն` հուշարձան շենք չէ: Սա էլ երկրորդ շոկն էր: Փոխարենը՝ որոշակի տեղեկություններ հաղորդեցին գիտնականները: Պարզվում է` շենքը պատկանել է Գիտությունների ազգային ակադեմիային: Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտքարտուղար Արա Գյուլնազարյանի խոսքով՝ ակադեմիկոս Արմենակ Մնջոյանի կողմից 1955-56 թթ. հիմնադրված դեղագործական լաբորատորիան, որի հիման վրա ստեղծվել է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, տեղավորված է եղել այդ շենքում: 1962-1981 թթ. այդ շենքում է եղել նաև Քիմիական ֆիզիկայի լաբորատորիան (1975-ից` Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ):
Ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանն այդ շենքում աշխատել է շուրջ 20 տարի: Հիշում է` ՀՀ ԳԱԱ-ն որոշել էր կազմակերպել քիմիական ֆիզիկայի գիտական հաստատություն, այդ նպատակով մի խումբ երիտասարդ ասպիրանտների, այդ թվում՝ իրեն, գործուղել էր ԽՍՀՄ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ: Պաշտպանելով դիսերտացիան` 1962 թ. Մանթաշյանը Մոսկվայից վերադառնում է և ստանձնում ակադեմիկոս Արամ Նալբանդյանի հիմնադրած Քիմիական ֆիզիկայի լաբորատորիայի գիտքարտուղարի պաշտոնը: Լաբորատորիան նախ տեղակայված էր ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի շենքում, սակայն 1965 թ. տեղափոխվում է այդ շենք: Մանթաշյանը հիշում է, թե ինչպես իրենք տեղափոխվեցին, մաքրեցին տարածքը, թեթևակի վերանորոգեցին: Հիմա, երբ անցնում է այդ շենքի մոտով, սիրտը ցավում է: «Իզուր էլ այդ շենքից դուրս եկանք: Եթե մենք մնայինք՝ շենքն այդ օրի չէր հասնի»,-ասում է նա:
1981 թ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար կառուցվում է առանձին շենք, և նրանք տեղափոխվում են` շենքը հանձնելով ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժնին, որը հետագայում դարձել է ինստիտուտ: Ինստիտուտի մի մասը 1982-83 թթ. այնտեղից տեղափոխվել է, մի մասը` մնացել այնտեղ: Ինստիտուտին կից բացվել է փորձարարական գործարան, որը մինչև 1992 թ. գործել է այդ շենքում: Մանթաշյանի խոսքով՝ ակադեմիկոս Մերգելյանն ուզում էր այդ շենքը դարձնել գիտնականի տուն: Եվ իսկապես, շենքի վրա 1981-ին փակցվել է «Գիտնականի տուն» ցուցանակը:
ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի աշխատակիցներից մեկը հիշում է, որ 1992 թ., երբ ինքը պոլիտեխնիկի ուսանող էր, մի քանի անգամ այդ շենքում դաս են արել: Նրա խոսքով` շենքի վրա դեռևս այն ժամանակ կար «Գիտնականի տուն» ցուցատախտակը: Նպատակը եղել է յուրօրինակ գիտական ակումբի հիմնումը, որտեղ գիտական աշխարհի ներկայացուցիչները գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ պետք է անցկացնեին: Սակայն, ինչպես նշում են գիտնականներից ոմանք, այդ նպատակն այդպես էլ չի իրականացել:
1995 թ. ՀՀ կառավարության որոշմամբ շենքն օտարվել է` հանձնվելով Հունաստանի կառավարությանը: Հունաստանը, որն այդ ժամանակ նոր էր Հայաստանում դեսպանատուն բացել և վարձակալությամբ ժամանակավոր շենքում էր տեղակայված, մեծ ոգևորությամբ գնում է շենքը Հայաստանում Հունաստանի դեսպանատան համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն այդպես էլ չի շահագործվում: Ըստ խոսակցությունների` պատճառը շենքի նկուղներում քիմիական ռադիոակտիվ նյութերի առկայությունն է եղել, որոնք վտանգավոր են առողջության համար: Որքանով է այս տեղեկությունը հավաստի, չենք կարող ասել: Գիտնականներից մեկը նշեց, որ շենքի առաջին հարկում տեղադրված է եղել ռադիացիոն սարքավորում, որը պատկանել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին, սակայն ինստիտուտի տեղափոխվելուց հետո այն ապամոնտաժվել է:
Ինչևէ, այսօր շենքը` որպես ճարտարապետական կառույց, խայտառակ, բարձիթողի վիճակում է, ինչն առնվազն բարոյական տեսանկյունից ճիշտ չէ: Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ այդ շենքը ճարտարապետության հազվագյուտ նմուշ է և պետք է պահպանվի սեփականատիրոջ, այս դեպքում՝ Հունաստանի կառավարության կողմից:
Ինչո՞ւ է շենքը նման անփառունակ վիճակում, ինչո՞ւ չի շահագործվում, և արդյոք կա՞ն հետագա շահագործման նպատակներ. այս հարցերը փորձեցինք պարզել Հայաստանում Հունաստանի դեսպանատան միջոցով: Դեսպանատնից գրավոր պատասխանեցին, որ շենքը գնվել է Հունաստանի կառավարության այն ժամանակվա կարիքներին ծառայեցնելու նպատակով` առանց մանրամասնելու, սակայն, թե որոնք էին այդ կարիքները: Ինչ վերաբերում է շենքի ներկա վիճակին և հետագա շահագործման հնարավորություններին, ապա դեսպանատան պատասխան նամակում նշված է, որ շենքը բավականին հին է, ունի վերանորոգման կարիք ունի, և ներկայումս շենքի ապագային վերաբերող հարցերը քննարկման փուլում են:
Փաստորեն, Հունաստանի դեսպանատան պատասխանից ակնհայտ է դառնում, որ շենքի ճակատագիրը գոնե մոտ ապագայում չի փոփոխվելու: Այն, որ շենքը հին է և վերանորոգման կարիք ունի, տեսանելի է անգամ անզեն աչքով: Սակայն ի՞նչն է խանգարում դեսպանատանը գոնե ժամանակ առ ժամանակ այնտեղ արտաքին մաքրման աշխատանքներ իրականացնել, որպեսզի կողքից դիտելիս գոնե նման տխուր տեսարան չլինի: Հետաքրքիր է` արդյոք Հունաստանի կառավարությունը թո՞ւյլ կտար, որպեսզի իր երկրի ներսում որևէ ճարտարապետական կառույց նման իրավիճակում հայտնվեր: Համոզված եմ` ոչ: Սակայն այս յուրօրինակ կառույցի նկատմամբ նման բարձիթողի վերաբերմունքը նախևառաջ մեր իշխանությունների սխալի հետևանքն է: Հարց է առաջանում. ինչո՞ւ այս շենքը ժամանակին չի ներառվել Հայաստանի պահպանվող հուշարձանների ցանկում, ինչո՞ւ դրա հեղինակի, նախագծման, կառուցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, և ընդհանրապես ինչ՞ու այն չի ուսումնասիրվել մեր ճարտարապետների կողմից: Այս ամենն իսկապես մտորելու տեղիք է տալիս: Բազմաթիվ անպատասխան հարցերը վկայում են մի բանի մասին. այս շենքն ինչ-որ բան թաքցնում է…