​«Երևանն ամենալավ տեղն է աշխարհում». Կանադայից հայրենադարձվածի խոստովանությունը

հայրենադարձ

Զրույցը սկսելուն պես Եկատերինա Հայրապետյանն ասում է. «Հայաստանից հեռանալն ու արտերկրում բնակվելն իմ որոշումը չի եղել, ծնողներս տարբեր երկրներում են աշխատել՝ Ռուսաստան, Տանզանիա, Շվեյցարիա… Կարելի է ասել՝ մանկությունս ինքնաթիռներում է անցել»:

Երբ 14 տարեկան էր, նրա ընտանիքը հաստատվում է Կանադայի Տորոնտո քաղաքում: Հիշում է, որ շարունակում էր կապված մնալ Հաայաստանի հետ, կարոտում էր Երևանը ու ամեն հնարավորության դեպքում գալիս էր այցի: Պատմում է, որ երբ նոր էին գնացել Կանադա և փորձում էին ընտելանալ տեղի հայ համայնքի կյանքին, կիրակի օրերին երբեմն այցելում էին տեղի հայկական եկեղեցիներ, որոնք Տորոնտոյում հինգն էին և պատկանում էին հայկական տարբեր կառույցների՝ դաշնակներին, ռամկավարներին, հնչակներին, կաթոլիկներին և այլն: Մի օր էլ, երբ հերթական անգամ եկեղեցի գնացին, նրանց առաջարկեցին կողմնորոշվել, թե որն է իրենց հիմնական եկեղեցին ու միշտ այնտեղ հաճախել. «Մայրս զարմացած պատասխանեց, որ մենք պարզապես հայ ենք ու այցելում ենք հայկական եկեղեցի,- հիշում է Եկատերինան,- այո, հայկական սփյուռքը շատ ուժեղ է, շատ լավն է, բայց միևնույն է, ներսում բաժանումներ կան»:

Զրուցակիցս նաև նշում է, որ վերջին տարիներին հայաստանցիների հոսքը Տորոնտո այնքան է մեծացել, որ կազմավորվել է հայաստանցի հայերի համայնք: Նրանք էլ իրենց եկեղեցին են կառուցել: Խոսելով Կանադայի առավելությունների մասին՝ Եկատերինան նշում է նաև թերությունները: Հիշում է, որ երբ համալսարանն ավարտել էր, ստացել քաղաքագետ-տնտեսագետի որակավորում ու պիտի աշխատանքի անցներ, որպեսզի կարողանար ինքնուրույն կյանքով ապրել, գնել բնակարան, ավտոմեքենա և այլն, հանկարծ հասկանում է, որ այդ ամենը ձեռք բերելու համար կա մեկ ճանապարհ՝ վարկեր: «Դու մտնում ես այդ թակարդի մեջ ու ամբողջ կյանքդ աշխատում, որ հարկեր ու վարկեր փակես: Ճիշտ է՝ Կանադան երկիր է մարդու համար, սակայն նաև թակարդ է՝ իր կրեդիտային համակարգով: Ցավոք, այսօր Հայաստանն էլ է գնում այդ ճանապարհով»:

Միաժամանակ, Եկատերինան նշում է, որ Կանադայում ձեռք բերած կրթությունը երբևէ չէր կարող ստանալ Հայաստանում: Գլխավոր պատճառը վարկային սարդոստայնի մեջ հայտնվելու վտանգը չէր, սակայն դա էլ նպաստեց, որ Եկատերինան վերջնական որոշում կայացներ Հայաստան վերադառնալու: Բացի այդ, ամեն ամառ գալով Հայաստան, նա երկրում նորանոր փոփոխություններ էր նկատում, որոնք ուրախացնում ու ոգևորում էին. «2008-2009 թվականներն էին: Ես աշխատում էի: Արձակուրդ վերցրի ու գնացի Մոսկվա, որտեղ եղբորս ընտանիքն է ապրում: Մեկ տարի շարունակ ես անընդմեջ Հայաստան-Տորոնտո, Մոսկվա-Տորոնտո ճանապարհներին էի ու չէի կարողանում կողմնորոշվել, թե ինչ եմ ուզում»:

Երբ վերջնականապես հասկանում է, որ ուզում է վերադառնալ Հայաստան, ընկերներին խնդրում է հետաքրքրվել աշխատանք գտնելու համար ու մի բարի օր աշխատանքային առաջարկ է ստանում Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակից. «Հենց նույն օրն ինքնաթիռի տոմս գնեցի ու եկա Հայաստան»:

Աշխատելով Հայաստանում՝ նա սկսում է ուրիշ աչքերով նայել երկրին, տեսնել նաև խնդիրներն ու թերությունները. «Այո, հիասթափություններ եղան, բայց դրանք այնքան չէին, որ ստիպեին կրկին հեռանալ»:

3 տարի անց Եկատերինան աշխատանքի է անցնում Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամում, որի հիմնադիրներն են գործարար Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Մեծ ոգևորությամբ է միանում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին. «Տաթևի վերածնունդ» նախագիծն իր «ՏաԹևեր» ճոպանուղով, Տաթևի վանական համալիրի վերականգնմամբ, «Դիլիջան» միջազգային դպրոցի ստեղծումը և այլն:

Որո՞նք են Հայաստանում ապրելու առավելությունները ոչ միայն հայի, այլև ընդհանրապես, մարդու համար: Եկատերինան հարցին միանգամից պատասխանում է. «Նախ` Երևանն ապրելու համար շատ հարմարավետ քաղաք է, ամեն ինչ մոտ է, կարող ես բոլոր գործերդ հասցնել: Դա կարող են գնահատել միայն այն մարդիկ, որոնք ապրել են մեծ քաղաքներում, որտեղ օրվա կեսն անցնում է մի տեղից մյուսը հասնելու վրա, ու դու ոչինչ չես հասցնում: Այստեղ ժամանակ ունես շփվելու ընկերներիդ, հարազատներիդ հետ: Առավելություններից է նաև մեր եղանակը, որը չտեսնված է. մենք ունենք 4 սեզոն: Բարձր եմ գնահատում մարդկանց հետ շփումը, ջերմությունը: Միշտ ասում են` վայ, հայերը նախանձ են, բայց ոչ, մենք շատ հասնող ու շատ ջերմ ազգ ենք: Դա ևս հասկանում ես՝ դրսում ապրելով: Իսկ Երևանն ինձ համար դեռ մանկուց ամենալավ տեղն է աշխարհում»:

Եկատերինան նաև չի մեղադրում այն մարդկանց, որոնք Հայաստանից հեռանում են՝ սոցիալական խնդիրների մեջ չտեսնելով այդ առավելությունները: Նաև ցավով նշում է, որ պետությունն առայժմ գործուն քայլեր չի ձեռնարկում լավագույն մասնագետներին Հայաստանում պահելու համար. «Հայաստանում կյանքը լավ է, երբ դու լավ աշխատանք ունես: Կյանքը մեկ անգամ է տրվում, և չպետք է մեղադրել մարդկանց, որ ձգտում են ավելի լավ կյանքի»:

Միաժամանակ համոզված է, որ ոչ մի հայ, Հայաստանից հեռանալով, չի կտրում իր կապերը հայրենիքի հետ, քանի որ այդ կապերը չափազանց ամուր են ու կառչած են հողին: Վերջին 5 տարիներին ապրելով Հայաստանում՝ Եկատերինա Հայրապետյանն իրեն լիովին հայրենադարձված հայ է զգում: Երբեմն նրան թվում է, որ ծնված օրվանից երբևէ չի լքել Հայաստանը: Մեկ-մեկ, երբ հիշում է Կանադան, անգամ մտածում է՝ մի՞թե դա իր կյանքն էր ու հասկանում է, որ Հայաստանում իրեն երբեք այսպես լավ չէր զգա, եթե 16 տարի ապրած չլիներ օտարության մեջ:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր