​Կանադայից հայրենադարձված երիտասարդն ու խորհրդավոր բանալին

26021_large

Հովիկ Թաշճյանը ծնվել ու մեծացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Երիտասարդ նկարիչ, գրաֆիկ-դիզայներն արդեն 8 ամիս է` ապրում է Հայաստանում որպես սովորական հայ քաղաքացի: «Մարդիկ կան, որ մեծ ծրագրերով են գալիս, մեծ գումարներ են բերում, որ ինչ-որ գործ դնեն: Ես ուղղակի եկել եմ` մտածելով, որ այն, ինչ Կանադա կընեմ, կարող եմ և հոս ընել: Այո, միգուցե Հայաստանի զորացմանը չեմ օգներ, ներդրումներ չեմ ըներ, բայց կարող եմ գալ ու հոս ապրել: Այս միտքը պետք է դրսի հայերը հասկնան: Պետք է նաև տեղյակ լինեն, որ Հայաստան չեն գա միայն երկիրն ազատագրելու կամ չգիտեմ ինչեր ընելու համար»:

Հայաստանն իր ներսում ունենալու, հայկական մշակույթն ու լեզուն կրելու և այսօր էլ նման որոշում կայացնելու հարցում Հովիկը երախտապարտ է նախ իր ընտանիքին, ապա Մոնրեալի հայ համայնքին, որտեղ իսկապես մեծ ուշադրություն են դարձնում հայկական արժեքներին ու փոխանցում դրանք երիտասարդ սերնդին: Ահա թե ինչու, չնայած այն հանգամանքին, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ծնողները Հայաստանում չեն ծնվել, նա Հայաստանն իր հոգևոր հայրն է համարում: Հովիկի մայրը սիրիահայ է, հայրը` լիբանանահայ: Նրանք Կանադա են տեղափոխվել 70-ական թթ.: Հետաքրքիրն այն է, որ հայրը մինչ օրս Հայաստանում չի եղել, սակայն ողջունում է որդու որոշումը: «Իրենց համար ներկայիս Հայաստանն իրենց պապերի հայրենիքը չէ, իրենց հայրենիքը Արևմտյան Հայաստանն է: Մորս կողմը Զեյթունից է, հորս կողմը` Ուրֆայից: Ես կհասկնամ իրենց, կհասկնամ այն հայերուն, որոնք կուզեն երթալ իրենց պատմական հայրենիքը: Բայց այսօր Հայաստանը սա է, այս մի կտոր հողը, ու հիմա առիթ է, որ գան, այս Հայաստանը առաջ տանեն»:

Հովիկն առաջին անգամ Հայաստան է եկել 2008 թ., երբ 15 տարեկան էր: Ամենակարևոր ձեռքբերումն իր համար այն էր, որ վերջապես Հայաստանը տեսավ սեփական աչքերով, ոչ թե երևակայությամբ, գրքերով ու պատմություններով: Տեսավ ու սկսեց իրական գնահատական տալ: Ճիշտ է` չի կարող չխոստովանել, որ իր պատկերացումներն իրականությունից տարբեր էին: Համենայն դեպս, չէր էլ կարող մտածել, որ Հայաստանն այդքան առաջադեմ պետություն է: «Զարմացած էի,- ասում է նա,- բայց մի բան հաստատ էր` հենց այդ ժամանակ առաջին անգամ զգացի մի հանգստություն, որն այն ժամանակ բառերով չէի կարող նկարագրել»:

Հովիկ ԹաշճյանԱյժմ, երբ Հայաստանում է, նույն հանգստության զգացողությունն ունի, բայց արդեն հասկացել է, թե որն է դրա հիմնական պատճառը: Հայաստանում, որտեղ էլ լինի, ականջը հայերեն է լսում, որն իրեն հանգստության զգացողություն է պարգևում: «Չգիտեմ` ինչպես բացատրեմ: Ահա այսպես»,- խորը շունչ է քաշում և ժպտում, այնպես, ինչպես մարդը երկար փորձություններից հետո ի վերջո հայտնվում է ապահով վայրում: 2014-ին Հովիկը 4 ամսով գալիս է Հայաստան՝ կամավորություն անելու Գյումրիում: Դա արդեն վճռորոշ է լինում Հայաստան վերադառնալու որոշման համար: Ի դեպ, նա Գյումրին համարում է Հայաստանում իր ամենասիրելի վայրը: Որո՞նք են Հայաստանում ապրելու առավելությունները: Որպես նկարիչ` նա անփոխարինելի է համարում Հայաստանի բնակլիմայական պայմանները. փոքր երկիր, բայց միանգամայն տարբեր, հետաքրքիր լանդշաֆտ ու կլիմա: Հայաստանի մյուս առավելությունն էլ համարում է բոլոր հայերի համախմբման կենտրոն լինելը: Հովիկն իրեն չափազանց լավ է զգում, երբ տարբեր երկրներից եկած հայերով հավաքվում են, ամեն մեկն իր պատմությունն է ներկայացնում. «Ամեն մարդ իր համն ունի, մշակույթը նույնն է, բայց փազլի տարբեր-տարբեր մասնիկներով: Շատ հետաքրքիր է այդ խառնուրդը: Անգլերեն մի արտահայտություն կա` milkshake (կաթնային կոկտեյլ), որը շատ համեղ բան է: Հայերի այդ խառնուրդն էլ շատ հետաքրքիր համ ունի»:

8 ամիսը քիչ ժամանակ չէ Հայաստանը զգալու համար, բայց դեռ բավական էլ չէ տեղացիների հետ մերվելու համար, մանավանդ որ մտածելակերպի լուրջ տարբերություններ կան: «Տեղացի հայերը տարբեր մոտեցում կունենան, տարբեր կնայեն, տարբեր կխոսեն, և նորմալ է, որովհետև մենք որքան որ հայ ենք, իրենց համար ձևով մը օտար ենք: Ժամանակի հարց է, վարժության հարց է: Պետք է երկու կողմեն կամուրջները բանանք և այլևս ասենք, որ վերջ, տեղացի չեք, սփյուռքահայ չենք, հայ ենք»:

Հետաքրքիրն այն է, որ հենց մեր զրույցի օրը Հովիկն ընդունվել էր աշխատանքի Հայաստանի առաջատար ընկերություններից մեկում` PicsArt-ում: Նրա ոգևորությունը չափազանց մեծ էր: Սակայն հարցին, թե կմնա՞ ընդմիշտ Հայաստանում, անկեղծորեն պատասխանում է, որ այս պահին չի ուզում մտածել ապագայի մասին, այլ վայելում է ներկան. «Որպեսզի հետո, եթե Աստված չանի, որոշեմ հետ գնալ Կանադա, գոնե կիմանամ, որ Հայաստանի համն ու հոտը լրիվ առել եմ»:

Ինչ էլ որ լինի, Հովիկն արդեն իր սրտում կրում է մի բան, որն իր համար ամենակարևորն է` Հայաստանը: Իսկ պարանոցին մի գեղեցիկ բանալիով վզնոց է կրում, որի մասին խոսելիս հուզվում է, ինչպես այն օրը, երբ դա նվեր ստացավ: Պատմում է, որ մի օր սփյուռքահայերի խմբով գնացել էին Արցախ: Շուշիում էին, որտեղից պիտի արշավ սկսեին դեպի Հունոտի կիրճ, այնտեղից էլ` «Մամռոտ քար» կոչվող ջրվեժը (Զոնտիկ): Անտառում` ամայի մի վայրում, վարորդը ճանապարհը կորցնում է: Հանկարծ քիչ հեռվում մի տնակ են նկատում: Մոտենում են, տեսնում` մարդ կա: Խնդրում են օգնել: Պարզվում է` այդ մարդը Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր էր, տնակն էլ նրա ամառանոցն է: Պրոֆեսորը ոչ միայն ճանապարհն է ցույց է տալիս, այլև միանում է արշավախմբին: Ողջ ճանապարհին պրոֆեսորն ու Հովիկը զրուցում են, խոսում ամեն ինչի` Հայաստանի, Արցախի մասին, իր Հայաստան վերադառնալու և շատ այլ հարցերի մասին: Վերադարձին, երբ պրոֆեսորին պետք է թողնեին իր ամառանոցում ու շարունակեին ճանապարհը, նա խնդրում է մի րոպե սպասել: Շտապ մտնում է տուն ու վերադառնում մի բան ձեռքին: «Մոտեցավ ու էս բանալին ինձ տվավ,- պատմում է Հովիկը:- Պրոֆեսորին հարցրի` սա ի՞նչ բանալի է, ասաց. «Դու գիտե՛ս, դու քո ճամփուդ վրա ես: Երբ օրը գա, երբ էդ ոսկե դուռը պիտի անցնես, դուն բանալին ունես, գիտես` ինչպես պիտի բացես»: Այդ օրվանից դա իմ թալիսմանն է: Փաստորեն, այդ մարդը ինձի տվավ Հայաստանի դռան բանալին»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր