​«Հայաստանը սիրել գործնականորեն». Ամերիկայից հայրենադարձված երիտասարդ քաղաքագետի կարգախոսը

Թալիշ

Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր), ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք գյուղերում այսօր ժամանակավոր ապաստան է գտել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն իր հայրենի գյուղից տեղահանված շուրջ 340 թալիշցի` մոտ 90 ընտանիք:

«Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Պոլատովը, որը նաև Հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի անդամ է, թալիշցիների ապագայով մտահոգված, դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ Հանրային խորհուրդ: Պոլատովը նշում է, որ թալիշցիների մեծ մասը հուսահատ է, իսկ հայրենի գյուղ վերադառնալու ժամկետները, անվտանգ ապրելու երաշխիքները` անորոշ: «Նրանք այսօր սեփական միջոցներով ու հարազատների սուղ աջակցությամբ են կարողանում գոյատևել սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում,- ասում է նա:- Այս ընտանիքները կարծես բոլորի կողմից անտեսված են, նրանց ոչ ոք չի այցելում, նրանցով չեն հետաքրքրվում մարզային կամ համայնքային կառույցները»:

Էդուարդ Պոլատովը նամակ է հղել ՀՀ կառավարությանը, որպեսզի տեղահանված թալիշցիներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և կեցության համար անհրաժեշտ պայմանները հոգալու համար միջոցներ գտնեն, չնայած կողմ չէ, որ այդ մարդիկ մնան Հայաստանում: Նա կարծում է, որ թալիշցիները պետք է վերադառնան Արցախ, և եթե անգամ ժամանակավոր կացարաններում ապրեն, գոնե լինեն իրենց բնակավայրին մոտ, իրենց հողում: «Թալիշցին չի ընդունում իր փախստական լինելու կարգավիճակը և պատրաստ է վերադառնալ իր բնօրրան, եթե գլխավերևում գոնե ծածկ ունենա,- ասում է Պոլատովը.- բայց վերադարձի օրը ոչ ոքի հայտնի չէ, իսկ նրանց հարկավոր է սատարել, մինչև ապագայի հարցը կհստակեցվի: Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն արտագաղթել»:

Սլավա Բայունցը նույնպես Թալիշից է: Նա համակարգում է թալիշցիներին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: Չնայած Բայունցը գյուղից դուրս է եկել 1992 թվականին, մինչ օրս ակտիվ պահում է կապը համագյուղացիների հետ, զբաղվում գյուղի խնդիրներով: Գյուղի նախկին գլխավոր ինժեներն արդեն Թալիշի մասին երկրորդ գիրքն է գրում, իսկ 2 տարի առաջ ստեղծել է գյուղի պաշտոնական կայքը, որտեղ ներկայացնում է գյուղի պատմությունը, անցուդարձը, պատմական հուշարձանները, մի խոսքով, ամեն ինչ Թալիշի մասին: Սլավա Բայունցն ասում է, որ վերջին տվյալներով գյուղում ապրում էր 550 բնակիչ, որոնցից մոտ 200-ը քառօրյա պատերազմից հետո մնացել է Արցախում` տեղավորվելով բարեկամների տանը: «Էդ մարդիկ փշերի վրա բարեկամների տանը նստած են: Ինչքա՞ն կարող են բարեկամի, ծանոթի տանը մնալ, երբ այդ ընտանիքներն էլ իրենց հերթին են սոցիալական ծանր պայմաններում ապրում»,- ասում է Բայունցը: Բացի այդ, կան նաև տեխնիկական հարցեր, օրինակ` թոշակների, նպաստների փոխանցման հարցը և այլն: Սլավա Բայունցի խոսքով՝ թալիշցիների հայրենի գյուղ վերադարձը կարող է 1-2 տարի տևել, քանի դեռ անվտանգության հստակ երաշխիքներ չկան: Գրեթե բոլոր թալիշցիների համար սա արդեն երկրորդ տեղահանությունն է 1992-ից հետո: Արդյոք թալիշցիները երրորդ անգամ կգնա՞ն տեղահանվելու վտանգին ընդառաջ:

Գյուղը մի քանի անգամ զավթվել է, բայց կրկին ազատագրվել. պատմական ակնարկ

Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկը` Թալիշը, իր աշխարհագրական դիրքով այսօր հակառակորդի թիրախում է: Այն ընկած է Մարտակերտի շրջանի հյուսիսային սահմանագծում` շրջկենտրոնից 25 կմ հյուսիս, Մռավ լեռան արևելյան հատվածի հարավային լանջին, Թարթառ գետի ձախ կողմում և սահմանակից է Շահումյանի և ադրբեջանական Կասում-Իսմայլովի շրջաններին: Գյուղի արևմտյան սահմանը կազմում են դարավոր հին անտառները, որոնք ընկած են Փոքր Կովկասի լեռնաշխարհի լանջերին: Արևելքից սահմանակից է ադրբեջանական Միրբաշիրի շրջանին, իսկ հարավից՝ Մարտակերտի շրջանի Այգեստան ու Մատաղիս գյուղերին: Թալիշ մտնող միակ ճանապարհը, որով շրջկենտրոնը կապվում է գյուղի հետ, հարավից եկող Քարի հղեն է, որն անցնում է երկու մեծ բլուրների արանքով: Թալիշ գյուղը հայտնի է իր պատմական հնություններով և պատմա-ճարտարապետական կառույցներով: Հոռեկա կամ Գլխո վանքը, որը գոյություն ունի դեռևս V դարից, Ամարաթները` Թալիշի մելիքների՝ Մելիք-Բեգլարյանների պալատները Հոռեկա վանքի մոտ, Կավաք-կյավանքը, Գյուղամիջի Սուրբ Աստվածածին եկեղեցին (այն Թալիշում պահպանվող միակ պատմա-ճարտարապետական հուշարձանն է, որի շինարարությունն ավարտվել է 1894 թվականին), Պապին տակ ուխտավայրը, որին ժողովուրդը «Բեգունց պապ» է կոչում:

Իր պատմության ընթացքում Թալիշը 4 անգամ փոխել է անունը: 461 թ. Ուտիքի շրջանի Նիժ գյուղի Յալոյլաթափա ամրոցի մարզպան Թարիջ իշխանն իր հպատակների հետ գաղթում է այժմյան Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ և հիմնադրում Թարիջ գյուղը: Մինչ այդ հիշյալ տեղում հայ թագավորների ամառանոցներն էին: Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել: Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջցիները կատարել են ամեն տարի: Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր, այդ անունը պահպանվում է առ այսօր: Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թ., բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց V դարից: 1797 թ. գաղթից 12 տարի անց՝ 1809 թ., Մելիք-Բեգլարյանների վերջին ժառանգները Վրաստանից վերադառնում են հայրենիք: Գյուղացիները, տեսնելով իրենց հին գյուղը Հոռեկայի մոտ ամբողջովին ավերված, որոշում են բնակություն հաստատել այժմյան Թալիշի տեղը: Այս նոր տեղում գյուղը կոչում են Թբլեցիք (Թբիլիսի բառից): 1822 թ. Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի Թալիշ բեկի պատվին, որը դառնում է գյուղի կառավարիչ, այն վերանվանվում է Թալիշ:

«V դարում հիմնադրված և տարբեր ժամանակներում օտար զավթիչների բազմաթիվ հարձակումներին դիմակայած գյուղն իր գոյության ընթացքում մի քանի անգամ հիմնահատակ ավերվել է, բայց ամեն անգամ վերականգնվել է նրա նվիրյալ ժողովրդի շնորհիվ,- ասում է Սլավա Բայունցը:- Առաջին անգամ Գյուլիստանի գավառը` այդ թվում և Թալիշ գյուղը, լիովին դատարկվում է 1797 թ., երբ ժողովուրդը Մելիք Ֆրիդոնի և Մելիք Աբովի գլխավորությամբ գաղթում է Վրաստանի Բոլնիս գավառը և մնալով այնտեղ 12 տարի` 1808-1809 թթ. վերադառնում է»:

Թալիշցիների մյուս կարճատև գաղթը տեղի է ունենում XX դարասկզբին` Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ սկսվում են հայ-թուրքական կռիվները: Այդ կռիվների ժամանակ, չկարողանալով դիմակայել թուրքերի գերակշռող ուժերին, թալիշցիները ստիպված թողնում են գյուղը: Թուրքերը, մտնելով գյուղ, քանդում և հրդեհում են տները, թալանում, կոտորում գյուղը չլքած գյուղացիներին: Այս կռիվները տևում են շուրջ երկու ամիս (ապրիլ-մայիս), որից հետո ժողովուրդը վերադառնում է հայրենի գյուղ:

Հյուսիսային Արցախի բնակչության մյուս խոշոր տեղահանությունը կատարվում է արդեն Արցախյան պատերազմի ժամանակ: Թալիշցիները գյուղը լքում են 1992 թ. հունիսի 16-ին: «1988 թվականից, երբ սկսվում է Արցախյան շարժումը, լեռնաշխարհի բոլոր սահմանային գյուղերում ստեղծվում են ինքնապաշտպանական ուժեր: Թալիշի սահմանների պաշտպանության համար գյուղում կազմավորվում են աշխարհազորային խմբեր: Թալիշցի երիտասարդները Արցախում առաջիններից էին, որ համախմբվելով ստեղծեցին ինքնապաշտպանական ջոկատներ: Տղաներին արձագանքեցին նաև հայաստանաբնակ թալիշցիները, որոնք եկան սատար կանգնելու իրենց եղբայրներին ու քույրերին, հայրենի հող ու ջրին,- պատմում է Սլավա Բայունցը:- Թալիշի տղաները 4 տարի շարունակ մաքառեցին, կռվեցին, գոյության պայքար մղեցին թշնամու դեմ, բայց անկարող եղան պաշտպանելու դարավոր գյուղը՝ իրենց պապերից ժառանգած հողն ու ջուրը: Երբ 92-ի հունիսի 16-ի կեսօրին Թալիշն ընկավ, շատերը երդվեցին վրեժ լուծել թշնամուց, երդվեցին պայքարել մինչև վերջ, որպեսզի հետ գրավեն ու թույլ չտան թշնամուն պղծելու այդ սուրբ հողը»:

1994 թ. ապրիլի 13-ին սկսվում է Թալիշի ազատագրման օպերացիան, և ապրիլի 14-ին գյուղն ազատագրվում է: Բայց այն լիովին ավերված էր, չկար ոչ մի կանգուն տուն, կային միայն վառված ու քանդված պատեր: 2 տարվա գերությունից հետո Թալիշը վեջնականապես ազատ շունչ է քաշում: Գյուղը վերաբնակեցվում է, դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերակառուցվում ու շենանում: Ցավոք, 2016 թ. ապրիլի 2-ին թալիշցիները կրկին ստիպված էին լքել գյուղը: Եվ չնայած հակառակորդն այնտեղից դուրս է շպրտվել, բնակիչներն առայժմ գյուղ վերադառնալու լիարժեք հնարավորություն չունեն, քանի դեռ չկան անվտանգության երաշիքներ: Սակայն թալիշցիները վստահ են, որ շատ շուտով կրկին շենացնելու են երբեմնի հզոր ու կանգուն Թալիշը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր