​«Մեր տանը նույնիսկ Արարատի նկարը չկար». հայրենադարձություն Իռլանդիայից

հայրենադարձ

Աննա Աղաջանյանի ընտանիքը Իռլանդիա է տեղափոխվել 90-ականներին: Հայրը կենսաֆիզիկոս է, մայրը՝ կենսաքիմիկոս: 1990 թ. Աննայի հայրն Անգլիայում մասնակցում է մի գիտաժողովի, որի ժամանակ նույն թեման ուսումնասիրող մի անգլիացի պրոֆեսորից առաջարկ է ստանում մեկ տարով տեղափոխվել Անգլիա և համատեղ ուսումնասիրություններ անցկացնել: 90-ականների ցուրտ ու մութ տարիները հորը ստիպում են ժամանակավորապես ընտանիքն էլ տեղափոխել այնտեղ: Այդ ժամանակ Աննան դեռ նոր էր դպրոց գնում, եղբայրն ավելի փոքր էր: Հայրն աշխատում էր բրիտանական ամենահայտնի համալսարաններից մեկում՝ Շեֆիլդի համալսարանում: Կես տարի անց այն բաժինը, որտեղ հայրն էր աշխատում, տեղափոխվում է Դուբլինի համալսարան: Այդպես նրանք հայտնվում են Իռլանդիայի մայրաքաղաքում:

Աննան ընդունվում է հին, ավանդական դպրոցներից մեկը, որտեղ ամենաորակյալ կրթություն էր երաշխավորվում: Սակայն հենց առաջին օրը զարմացած պարզում է, որ դպրոցը միայն աղջիկների համար է: Այսօր Աննան իր ստացած որակյալ կրթության համար երախտապարտ է այդ դպրոցին: Այնուհետև ընդունվում է Դուբլինի տեխնոլոգիական համալսարան, 2 տարի անց տեղափոխվում Դուբլինի պետական համալսարան` միջազգային բիզնեսի ֆակուլտետ: Ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Դուբլինի Նյու Յորքի բանկում: Այդ ընթացքում Աննան իր իռլանդացի ընկերների հետ շրջագայում է ասիական մի շարք երկրներում ու վերադառնալով Դուբլին՝ հասկանում է, որ չի կարող գրասենյակային չոր աշխատանքով զբաղվել:

2006-ին գալիս է Հայաստան, զբաղվում հասարակական գործունեությամբ, ապա վերադառնում Իռլանդիա: Սակայն նրան Հայաստանն արդեն ձգում էր: Աննան խոստովանում է, որ ծնողների կողմից հատուկ հայրենասիրական դաստիարակություն չի տարվել հայկական արժեքներն ու ավանդույթները պահպանելու ուղղությամբ, միայն հայրն իրենց հետ հայերեն է խոսել, մայրը՝ ռուսերեն: «Մեր տանը նույնիսկ Արարատի նկարը չկար»,- ծիծաղում է:

Աննան հիշում է, որ առաջին անգամ սկսում է հետաքրքրվել հայոց պատմությամբ, մասնավորապես` Հայոց ցեղասպանությամբ, երբ 10-րդ դասարանում պատմության դասաժամին հանձնարարում են ազատ թեմայով էսսե գրել: «Գնացի Դուբլինի գրադարան, պարզվեց, որ ամբողջ գրադարանում հայոց պատմության մասին ընդամենը 2 գիրք կա, որոնցում ցեղասպանության մասին չնչին տեղեկություններ էին: Այդ ժամանակ ինտերնետ չկար: Մի խոսքով, գնացի տուն և ասացի, որ պատմեն ինձ ցեղասպանության մասին»: Աննան դասարանում ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը: Դասընկերների համար ոչ միայն Հայոց ցեղասպանությունն է բացահայտում, այլև ընդհանրապես Հայաստանն ու նրա պատմությունը:

Դուբլինում հայերն այդ ժամանակ հատուկենտ էին, դպրոցում ընդհանրապես հայ չկար, և Հայաստանի մասին տեղեկություններ նույնպես չկային: Աննան պայուսակի մեջ մի փոքրիկ քարտեզ էր պահում, որ հերթական անգամ, երբ հարցնեն, թե Հայաստանը որտեղ է` միանգամից ցույց տա: Ամեն անգամ նեղսրտում էր, երբ իր ազգանունը` Աղաջանյանը, չէին կարողանում ճիշտ արտասանել: Այդ ժամանակ նրա ձեռքն է ընկնում ամերիկահայ գրող Փիթեր Բալլաքյանի «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը, որը Հայոց ցեղասպանության վկայություն է: Գիրքն այնքան է հետաքրքրում աղջկան, որ ընթերցում է մի քանի անգամ: Այն դառնում է հայոց պատմության և Հայոց ցեղասպանության մասին Աննայի հետաքրքրասիրության ամենակարևոր գործոնը:

Տարիներ անց, երբ նա արդեն Հայաստանում էր և աշխատում էր Հայ բարեգործական ընդհանուր միությունում, հանդիպում է գրքի հեղինակին, որը Հայաստան էր եկել ինչ-որ առիթով: «Իմ ղեկավարը նրան ասաց` Փիթեր ջան, եթե դու չլինեիր, Աննան էստեղ չէր լինի»:

Խոսելով Իռլանդիայում բնակվող հայերի մասին` Աննան հետաքրքիր փաստեր է ներկայացնում: Ասում է, որ իրենց գնալու ժամանակ հայերը հատուկենտ էին, համայնք գոյություն չուներ, իսկ այսօր բավականին կազմակերպված համայնք կա, որն այս տարի ապրիլի 24-ին նաև մեծ միջոցառումներ է անցկացրել: Իսկ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Դուբլինում հայերին թույլ են տվել իրենց մայր տաճարում խաչքար տեղադրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Սա աննախադեպ երևույթ է պահպանողական Իռլանդիայում:

Անկախությունից հետո հայերի ներգաղթն Իռլանդիա մեծ թափով սկսվել է 2000-ականներին: Մեծ մասն այնտեղ են հասել փախստականի կարգավիճակով` հանձնվելով տեղի իշխանություններին: Այդ ժամանակ Աննան սովորում էր համալսարանում, և քանի որ հայերենի մասնագետներ չկային, իրեն էին կանչում միգրացիոն ծառայություն` հայերի գործերը թարգմանելու համար: Աննան տհաճությամբ է հիշում, թե ինչպես է խայտառակվել երկու գող և խաբեբա հայերի պատճառով: «Մի իռլանդացի ընկեր ունեի, որը ոստիկանական ակադեմիայում էր սովորում: Ես միշտ նրա և բոլորի մոտ հայերի մասին մեծ ակնածանքով էի խոսում: Էնպես էի ներկայացնում, որ բոլորը հայերի մասին պատկերացում էին կազմում որպես արիստոկրատ, հին պատմություն ունեցող ազգի: Մի օր էլ ինձ հրավիրեցին ոստիկանական բաժանմունք, որպեսզի թարգմանեմ մի հայ կնոջ համար, որը ձերբակալվել էր խանութից գողություն անելու համար: Ծանր էր, բայց գնացի: Սակայն ամենասարսափելին այն էր, որ այնտեղ հանդիպեցի այն իռլանդացի տղային, որի մոտ այդքան հպարտանում էի հայերով: Տեսնելով ինձ` նա մոտեցավ, բարևեց, բայց ձայնի մեջ արդեն մի այնպիսի տոն կար, որ կարծես ասում էր՝ էս չե՞ն ձեր հայերը»:

Հերթական անգամ Աննան տեղացիների մոտ ամաչում է, երբ միգրացիոն ծառայությունում հանձնված հայի պատմությունը թարգմանում է իռլանդացի պաշտոնյայի համար: Փախստական հայն աղեկտուր ձայնով պատմում է, որ փախել է Ղարաբաղից, որտեղ պատերազմի ժամանակ ադրբեջանցիները բռնաբարել ու վառել են իր կնոջն ու աղջկան, և ինքն ու տղան մի կերպ փրկվել են: Աննան թարգմանում է և հոնգուր-հոնգուր լաց լինում: Հարցազրույցը վերցնող իռլանդացին տեսնելով, որ Աննան վատ վիճակում է, առաջարկում է ընդհատել հարցազրույցը, մինչև մի փոքր հանգստանա: «Այդ ժամանակ այդ հայն էլ դուրս եկավ սենյակից, իբր զուգարան է գնում: Դուռը կիսաբաց էր մնացել, ու մեկ էլ լսում եմ, թե ինչպես է հեռախոսով իր կնոջն ուրախ-ուրախ ասում. «Կյանքս, ամեն ինչ լավ ա, հավատացին, էս թարգմանիչ աղջիկն էլ լացում ա, էդ վաբշե լավ ա»: Ես շոկի մեջ էի, ինձ ապուշ վիճակում էի զգում: Հետո մտա սենյակ և սառը քարի պես շարունակեցի թարգմանությունը: Հարցազրույց վերցնողը հետո ինձ ասաց, որ ուզեցել է ինձ զգուշացնել` այդքան հեշտ չհավատամ, քանի որ իրենք լավ գիտեն, որ այդ պատմությունների մեծ մասը հորինած է»:

Աննան նաև ասում է, որ վերջին տարիներին միջազգային լուրջ համբավ ունեցող ընկերությունների հետ աշխատանքային պայմանագրերով Հայաստանից Իռլանդիա են տեղափոխվել նաև բարձրակարգ մասնագետներ, և համայնքը որակապես փոխվել է: Նրանց փոխարեն 5 տարի առաջ Իռլանդիայից Հայաստան է տեղափոխվել Աննան, որը մինչ վերջերս աշխատում էր Հայ բարեգործական ընդհանուր միությունում: Հենց ՀԲԸՄ-ի միջոցով էլ նա ծանոթանում է մեկ այլ հայրենադարձի` Ջորջ Տաբակյանի հետ ու նրա հետ միասին հիմնում «Սահման» ՀԿ-ն՝ զբաղվելով սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով: Աննան սիրում է Հայաստանը և ուզում է այստեղ էլ կառուցել իր ընտանեկան երջանկությունը, որպեսզի իր երեխաները մեծանան հայրենիքում՝ անկախ հայաստանյան ներկա իրավիճակից ու բազմաթիվ թերություններից: Աննայի Հայաստան տեղափոխվելուց հետո ծնողները նույնպես որոշել են մի քանի տարի անց, երբ անցնեն թոշակի, վերադառնալ Երևան:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր