27 տարեկան, 5 երեխա, ինքնասպանության 2 փորձ

կին

27-ամյա Աննան հասցրել է 5 երեխա ունենալ: Նրա աչքերում, սակայն, ոչ թե մայրական բերկրանք ու երջանկություն է, այլ հոգսառատ տխրություն: Չնայած այս տարիքին՝ շատ է տառապել, դրա համար էլ կարծում է, որ տեսնողը չի ասի, թե 27 տարեկան է: «Երևի 40-ի տեսք ունեմ»,- տխրությամբ ասում է նա:

Աննան ծնվել է Երևանում, սակայն ընտանիքը, սոցիալական պայմաններից դրդված՝ տունը վաճառել է ու տեղափոխվել գյուղ: 17 տարեկան էր, երբ հարևան գյուղից մի տղա է նրան տեսնում, հավանում, որոշում ամուսնանալ: Բայց Աննայի հայրը դեմ էր, ասում էր` դեռ փոքր ես, բացի այդ, տղան ու նրա ընտանիքն էլ սրտովը չէին: Տղան փախցնում է Աննային: Սակայն ամուսնական կյանքը նույնպես հարթ չէր: Ամուսնու հետ հաճախ էին վիճում՝ իրար չէին հասկանում: Աննան երբեմն հետ էր գնում հայրական տուն ու որոշ ժամանակ անց նորից հաշտվում, վերադառնում էր ամուսնու մոտ. «Ամուսինս խմելու հետ սեր ուներ,- ասուն է նա,- բացի այդ, 4 տարի ամուսնացած էինք, երեխա չէինք ունենում»:

2008 թվականին լույս աշխարհ է գալիս նրանց առաջնեկ որդին, հետո իրար հետևից` մյուս 3 երեխաները: 2009-ին ծնվում է երկրորդ որդին՝ առողջական խնդիրներով: Այժմ նա երկրորդ կարգի հաշմանդամ է` ներգանգային ճնշում ախտորոշմամբ: 2010-ին լույս աշխարհ է գալիս երրորդ որդին: Նա էլ աչքերի հետ կապված խնդիրներ ունի: Իսկ 2012-ին ծնվում է Աննայի չորրորդ երեխան` դուստրը: Չնայած 4 երեխաների ծնունդին՝ Աննան ու ամուսինը բաժանվում են: Ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան:

Աննայի վիճակը ծայրահեղ վատ էր, սակայն ոչ մի կողմից օգնություն չուներ: Ծնողներն էլ մահացել էին, որ գոնե հայրական տուն գնար: Նա տուն է վարձում Երևանում և 4 երեխաների հետ տեղափոխվում: Երեխաներին պահում է մեծ դժվարությամբ` թոշակների ու նպաստի հաշվին: Ամուսնու մայրը, տեսնելով թոռների ու նախկին հարսի սոցիալական պայմանները, բանավոր համաձայնության հիման վրա երեխաներին տանում է իր մոտ: Աննան նախկին սկեսրոջ հետ որևէ խնդիր չունի, ավելին, շնորհակալ է, որ նա, չնայած իր տարիքին, երեխաների խնամքը վերցրել է իր վրա: Սակայն խնդիրները չեն դադարում նախկին ամուսնու հետ, որն ամեն ինչ անում է՝ երեխաներին իրենից կտրելու համար: Աննայի ու ամուսնու հարաբերություններն ավելի են լարվում, երբ երիտասարդ կինը երկրորդ անգամ է ամուսնանում: Նախկին ամուսինը կտրականապես հրաժարվում է Աննային թույլ տալ տեսնել երեխաներին:

«Արդեն 1 տարի ա` երեխեքիս չեմ տեսել: Կարոտն ինձ խեղդում ա, նկարներով եմ ապրում: Առողջությունս արդեն չի ներում, նևրոզ ունեմ, սրտի խնդիրներ, միգրեն: Ամեն օր կարոտով եմ քնում` իրանց պատկերացնելով: Մի ժամանակ թաքուն գնում էի դպրոց, բայց երեխաներս էլ արդեն իմ նկատմամբ սառն էին: Ինձ մեղադրում են, ասում են` խի՞ չես գալիս երեխեքիդ տեսնես: Ասում են` երեխաներդ ընկնում են փողոցից փողոց, հարցնում են` մեր մաման մեռել ա՞: Էն անգամ երեխես հիվանդանոց ա ընկել, ճնշում ունի, վատանում ա, չեմ կարողացել գնամ տեսնեմ, չեն թողնում»,- հեկեկալով պատմում է կինը: Անզորությունն ու կարոտը նրան այնպիսի անելանելի վիճակի մեջ են դնում, որ որոշում է ինքնասպանություն գործել: Մի անգամ փորձում է Դավիթաշենի կամրջից ցած նետվել, բայց ինչ-որ մեկը թիկունքից հետ է քաշում: Հետագայում ևս ինքնասպանության փորձ է կատարում` կտրելով երակները: Այդ ժամանակ էլ շտապ հասցնում են հիվանդանոց, փրկվում է:

Աննայի ապրելու հույսի վերջին շողը երկրորդ ամուսնուց սպասվող երեխան էր: Երբ որդին ծնվում է, մի փոքր փարատում է մյուս երեխաների կարոտը: Սակայն միևնույն է, մյուս երեխաների կարոտը հանգիստ չի տալիս: Նա հույսով սպասում է, որ մի օր բնակարան կունենա, աշխատանք կգտնի ու բոլոր երեխաներին կվերցնի իր խնամքի տակ: Սկեսուրը խոստացել է, որ կտա երեխաներին, իսկ երկրորդ ամուսինը դեմ չէ: «Տան հարցով շատերին եմ դիմել` նախագահին, վարչապետին, քաղաքապետին: Ասում են` 5-ից ավելի երեխաների դեպքում է տուն հասնում: 4 տղա եմ բերել: Վաղը, որ բանակի վախտը գա, բոլորը մեզ կհիշեն, բայց այսօր չեն ուզում օգնել, որ էդ երեխաներին մեծացնեմ, հասցնեմ բանակի: Ամեն դեպքում շնորհակալ եմ նախագահից, գոնե փաստացի գրանցման հարցերը կարգավորեցին, գրանցում չունեի, օդի մեջ էի: Շնորհակալ եմ Հովիկ Աբրահամյանին, ձմռանը դիմել էի, որոշ գումար փոխանցեց: Շնորհակալ եմ նաև Տարոն Մարգարյանին, որը գոնե նամակիս պատասխանեց, ասեց` բնակարան հիմա չենք կարող տալ, բայց, համենայն դեպս, կհաշվառենք»:

Այժմ Աննան երկրորդ ամուսնու ու երեխայի հետ որոշել է գնալ Ռուսաստան, աշխատել, փող հավաքել, որ գոնե Հայաստանի հեռավոր մի վայրում կարողանան մի անկյուն ստեղծել, ապրել: Սակայն արտագնա աշխատանքի մեկնելու համար էլ որոշակի գումար է պետք, իսկ այդ գումարը չկա: Աննան ասում է, որ անձնագրերի հետ կապված խնդիրներ կան, և մոտ 100 հազար դրամ միայն դրա համար է անհրաժեշտ` չհաշված ավտոբուսի ճանապարհածախսը: «Եթե գոնե այդ 100 հազարը լիներ՝ ճանապարհածախսը մի կերպ կհավաքեինք, բայց այսօր ում ասում եմ` պարտքով տվեք, գնանք, կաշխատենք, կվերադարձնենք, ոչ ոք չի տալիս»: Աննայի ձախ մատնեմատին արծաթագույն ամուսնական մատանի կա: Ասում է` իսկական չի, հասարակ է, 500 դրամով է գնել, քանի որ երազանքն էր ամուսնական մատանի կրել: Սկզբում մատանին ոսկեգույն է եղել, հետո աստիճանաբար գույնը թափվել է, դարձել արծաթագույն: Բայց ամուսինը խոստացել է` հենց որ աշխատանք ունենա՝ անպայման ոսկե մատանի է նվիրելու…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր