Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը

Կապույտ մզկիթ

Հավանաբար ձեզանից շատերն են Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթի կողքով անցնելիս ներքին հետաքրքրասիրությամբ մտածել` տեսնես ինչպիսին է մզկիթի տարածքը, ինչ է այնտեղ կատարվում: Սակայն քչերն են համարձակվել ներս մտնել ու դիտել այն սեփական աչքով: Մինչդեռ այնտեղ օրական մի քանի տասնյակ զբոսարջիկ է այցելում` հիանալու մահմեդական այդ հոգևոր կառույցի հնամենի գեղեցկությամբ:

Ըստ պատմական փաստերի` Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը XVIII դարում: Այն պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին: Մզկիթ մտնելուն պես ասես մի նոր աշխարհ է բացվում: Ընդարձակ բակի կենտրոնում փոքրիկ ջրավազանն է, որի շուրջ ծառեր են, գեղեցիկ խնամված այգի: Դիմացը աղյուսակերտ քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեթով և լայնանիստ գմբեթով, պատերի մի մասը պատած է երկնագույն հախճասալիկներով։ Մզկիթն ունի 3 մուտք, 2 փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է 3 կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է գմբեթը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը: Մինարեթը հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և տեսանելի էր շատ հեռվից։ Այստեղից մոլլան մահմեդականներին աղոթքի էր հրավիրում:

imageԱրդեն 16-17 տարի է` իրանահայ Լենա Հակոբյանն աշխատում է Կապույտ մզկիթում: Նա համակարգում է մզկիթի մշակութային աշխատանքները. մզկիթի գիդն է, գրադարանավարը, նաև դասավանդում է ուսումնական կենտրոնում: Հարցին, թե մզկիթը որևէ նշանակություն ունի՞ տեղի իրանահայերի համար, ասում է` այո, շատ մեծ. «Գոյություն ունի կարոտախտ, որը շատ բնական զգացմունք է: Հենց այդ զգացմունքն էլ իրանահայերին բերում է այստեղ. անկախ կրոնից: Սա մի տեսակ ձգողական ուժ ունի, որ իր շուրջն է համախմբում նրանց»:

Ինչ վերաբերում է տեղի իրանցիներին, ապա նրանց համար Կապույտ մզկիթը համախմբման գլխավոր կենտրոնն է: «Այստեղ օրական 2 անգամ իրենց աղոթքն է, գալիս են, աղոթում, երեկոյան ժամերին հավաքվում են, խմբերով զբոսնում: Բացի այդ, դիմում են ցանկացած հարցով, անգամ կենցաղային, անձնական: Սա այն կետն է, որին հոգեպես կապված են նրանք»:

Գյոյ-Ջամին ունի շուրջ 7000 քմ ընդհանուր տարածք` 28 սենյակ բակի աջ և ձախ կողմերում, գրադարան, դահլիճ, հայ-իրանական բարեկամության սենյակ և այլն: Այստեղ է գործում նաև հայ-իրանական բարեկամության միությունը: Մզկիթի ներքին խորանն ունեցել է 70 X 50 մմ տարածք, իսկ հարավ-արևմտյան հատվածում գտնվող մինարեթի բարձրությունը կազմում է շուրջ 24 մ: Մզկիթի գմբեթի կապույտ գույնից էլ գալիս է նրա անվանումը` «Կապույտ մզկիթ»:

Այս պահին մզկիթում գործում է երկու մշտական ցուցահանդես: Դրանցից մեկում ներկայացված են Իրանի մշակութային քաղաքի` Սպահանի ձեռքի աշխատանքները, որոնց վրա արտացոլված են իրանցի գրողների և արվեստագետների մուսան հանդիսացող բլբուլն ու վարդը: Մյուս ցուցահանդեսում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, ներկայացված են տարբեր երկրներում գտնվող հայկական եկեղեցիների լուսանկարները: Այո, Կապույտ մզկիթը զուտ աղոթատուն չէ, այլ շատ ավելի մեծ ու կարևոր նշանակություն ունեցող հոգևոր, մշակութային կենտրոն, որտեղ իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, գիտաժողովներ, կազմակերպվում են դասընթացներ:

Մահմեդական հոգևոր այս կառույցը միակն է, որ պահպանվել է խորհրդային աստվածամերժության տարիներին և պահպանվել է շնորհիվ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի: Նա ամեն ինչ արել է, որ մզկիթը դառնա Երևանի պատմության և բնության թանգարանի շենքը` դրանով իսկ փրկվելով անխուսափելի կործանումից: Տեր Մեսրոպ քահանա Երիցյանն ասում է, որ Կապույտ մզկիթը խորհրդային տարիներին եղել է խորհրդահայ գրողների հանգստատեղին, նրանց մշտական հավաքավայրը. «Դրա շնորհիվ մնացել է կանգնուն` ի տարբերություն Երևանի 7 մզկիթների, որոնք խորհրդային իշխանության կողմից բազում հոյակերտ հայոց եկեղեցիների հետ կործանվեցին»:

Երևան քաղաքի ընդհանուր զարգացման շրջանակներում, երբ կառուցվում են նոր պողոտաներ, իրականացվում շինարարական նոր նախագծեր, շատ է տուժում նաև Գյոյ-Ջամին: «Մզկիթի գլխավոր մուտքը և որոշ այլ հատվածներ քանդվել են և հիմնահատակ ավերվել,- ասում է քահանան,- այս ամենի հետևանքով, նաև երբ աստիճանաբար մզկիթի հարակից փողոցները բարձրացվեցին մոտ 2 մետրով, Կապույտ մզկիթը հայտնվեց մի խոր փոսորակի մեջ: Դա պատճառ դարձավ, որ այս գեղեցիկ աղոթատունը հայտնվի սաստիկ խոնավության պայմաններում: Հարակից հողերի ուժգին խոնավության, ինչպես նաև անձրևների պատճառով մզկիթի արևելյան ու արևմտյան հատվածների ներսի պատերը, կամարներն ու սենյակները մասամբ քայքայվեցին: Նաև մզկիթի պատերին ու գմբեթներին մեծ ու փոքր ծառեր և խոտեր էին բուսնել»:

Բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Արմենը Կապույտ մզկիթի մասին գրել է. «Քանդվել է հին, դարավոր Երևանը, և օդի մեջ կանգնել է դարերի փոշին։ Ամեն ինչ երևում է այդ փոշու միջով։ Ինչպես ոսկե փոշի, մառախուղել է մթնոլորտը։ Այդ փոշու միջով հեռվում հազիվ երևում է Կապույտ մզկիթի պլպլան գմբեթն իր խայտաբղետությամբ։ Կանգնել է հին Երևանի այդ խորհրդանշանն իր ողջ մեծությամբ և ականատես է լինում հին աշխարհի կործանմանը։ Լռել է մինարեն։ Էլ ոչ մի մոլլա նրա բարձրից ազանի չի կանչում Իսլամական Արևելքին։ Հայաթում ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այսօր էլ նիրհում է քառակուսի ավազանը, բայց նրա ափերին էլ չեն պսպղում նամազող հավատացյալները։ Արձանի անշարժությամբ կանգնած են սաղարթախիտ թթենիները նրա հայաթում»։

Սակայն անկախացումից հետո Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների շնորհիվ 1995 թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանը Գյոյ-Ջամին նվիրաբերում է մեր երկրում գործող Իրանի դեսպանատանը: 1996 թ. հուլիսից այն լիովին վերանորոգվում է և կրկին դառնում ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի ամենամեծ ու պերճաշուք հոգևոր կենտրոնը: Այս տարի լրանում է Կապույտ մզկիթի հիմնադրման 250-ամյակը: Հայաստանը ոչ միայն ամենաբարձր մակարդակով պահպանում ու հոգ է տանում այս կառույցի մասին, այլև աշխատանքներ է իրականացնում Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու ուղղությամբ: Այս հիասքանչ կոթողը, որն իսկապես տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, փաստորեն, իր վերածնունդն է ապրում նորանկախ Հայաստանում:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Կապույտ մզկիթ. քրիստոնյա Երևանի մահմեդական գոհարը” վերաբերյալ

  1. Գյոյ-ջամին կառուցել է Իրևանի կիսանկախ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ սարդար Հուսեյն-Ալի խանը գողմից 1766 թ: