Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը հիանալի օրհներգ կարող է լինել

դչոշ, զինանշան

Այսօր Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է: ՀՀ խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը:

Նախ զինանշանի մասին. վաղուց եմ գրել, որ մեր զինանշանը մի շարք թերություններ ունի` շղթայակապ, կոտրած թուր, «մահամերձ» առյուծ, խեղճացած արծիվ… Սահմանադրության մեջ գրված է, որ գերբի Արարատը պետք է լինի նարնջագույն: Բայց այդպես չէ. Արարատ լեռը սպիտակ է, հետևի ֆոնն է նարնջագույն: Կան նաև տարբերակներ, որտեղ Արարատը սև ֆոնի վրա է պատկերված: Իսկ Արարատի գագաթին ոչ թե Նոյյան տապանն է, այլ ինչ որ մակույկ, քանի որ չկա վերևի կառույցը: Շատերին կարող է մանրուք թվալ, սակայն խորհրդանիշների ամեն մի դետալ, ամեն մի մանրուք էական նշանակություն ունի:

Ինչ վերաբերում է դրոշին… երբ ուսումնասիրում ես Հայոց թագավորական տոհմերի, նախարարական տների և ընդհանրապես հայոց պատմական դրոշները, էնքան գեղեցիկ ու ազդեցիկ դրոշներ կան թե՛ բովանդակային և թե՛ գունային առումով: լավ, վերցրել ենք Առաջին Հանրապետութան դրոշը, բայց մի՞թե ավելի ճիշտ չէր լինի գոնե որոշ դետալներ վերցնել նաև մեր ավելի հզոր ու փառավոր անցյալի էջերից…

Անցնենք օրհներգին: Անկեղծ ասած, ինձ համար լավ օրհներգի չափանիշն այն է, երբ լսելիս մարմնովդ սարսուռ է անցնում: Ամեն անգամ մեր օրհներգը լսելիս մի տեսակ նեղվում եմ, չգիտեմ, չեմ կարող բացատրել, բայց տհաճ զգացողություն եմ ունենում, ինչ որ բան էն չի, իսկ երբ միջազգային մրցույթներում մեր մարզիկները հաղթում են, ու մեկ էլ հնչում է մեր հիմը, էդ հաղթանակը ոնց որ ստվերվի. ո՛չ մի խրոխտ հնչյուն, լացակումած, տխուր ինչպես մեր մենթալիտետը: Բայց դե համաձայնեք, որ նաև խորհրդանիշներն են ստեղծում մենթալիտետ: Եկեք փոխենք, միգուցե մտածելակերպն էլ փոխվի: Էս առումով կոնկրետ առաջարկ ունեմ` Շարլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը: Գաղափարը մտքումս առաջացավ, երբ «Ավրորա» մրցանակաբաշխության ավարտին այն հնչեց: Այնքան ազդեցիկ էր, որ ոչ միայն մարմնովս սարսուռ անցավ, այլև չկարողացա զսպել արցունքներս: Տպավորիչ էր, շատ տպավորիչ: Ասես մեր վերելքի. զարթոնքի, տառապանքն ու փորձությունները հետևում թողնելու և նոր կյանք սկսելու ոգեշնչող երգ լինի, ու հենց էդպես էլ կա: Եվ հենց դա՛ պիտի լինի պետական օրհներգի ասելիքը: Էլ չեմ ասում, որ երբ վերլուծում ես մեր այսօրվա օրհներգի ստեղծման ակունքները, աբսուրդային փաստերի առաջ ես կանգնում. նախ բառերը հայկական ստեղծագործությունից վերցված չեն, Նալբանդյանն այն թարգմանել է իտալական ստեղծագործությունից: Լավ է` չեն օգտագործում 5-րդ տունը, որտեղ գրված է. «Կեցցե Իտալիան, կորչի Ավստրիան»: Իսկ օրհներգի երաժշտությունը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից: Դե լավ, էլի…

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր