«Փարիզը լավն է, բայց Երևանը քո տունն է». վերադարձ

հայրենադարձ

Արփենիկը 4 տարեկան էր, երբ 1991 թ. մոր` արվեստաբան Նազենի Ղարիբյանի հետ մեկնում է Փարիզ: Մայրը Հայաստանում «Սիրարփի Տեր-Ներսիսյան» հիմնադրամից կրթաթոշակ ստացած առաջին թեկնածուն էր, որ հնարավորություն էր ստացել ուսումը շարունակելու արտերկրում: «Էնպես որ, մենք չէինք արտագաղթել, մենք մեկնել էինք ուսման նպատակով»,- ընդգծում է նա:

Արփենիկն ընդունվում է ֆրանսիական մանկապարտեզ, իսկ 1994-ին նրանք վերադառնում են Հայաստան: Սակայն 6-րդ դասարանում էր, երբ նորից մոր ուսման նպատակով մեկնում են Ֆրանսիա, իսկ Արփենիկը մեկ տարի անց տեղափոխվում է Կիպրոս՝ ուսանելու Մելքոնյան վարժարանում: Հետո կրկին վերադառնում է Փարիզ, ուսումը շարունակում ավագ դպրոցում, ընդունվում LISAA կիրառական արվեստի ինստիտուտ` դիզայնի բաժին և ավարտում այն որպես նորաձևության դիզայներ:

2010 թվականին 7 տարվա անընդմեջ բացակայությունից հետո նա արձակուրդին գալիս է Երևան և… մշակութային շոկ ապրում: Փարիզյան միջավայրը, որտեղ անցել էր աղջկա պատանեկության ու երիտասարդության կարևոր ժամանակահատվածը, խոր հետք էր թողել նրա մտածողության վրա, ինչն էապես տարբերվում էր հայաստանյան մտածողությունից: Արփենիկը մի կերպ է երկուսուկես ամիս դիմանում` անհամբեր սպասելով, թե երբ է վերադառնալու Ֆրանսիա: Իսկ հաջորդ տարի, երբ կրկին արձակուրդին գալիս է Երևան, մի տեսակ նորովի է Հայաստանը զգում և ինչքան էլ տարօրինակ լինի, այս անգամ արդեն դժվարությամբ է հեռանում Հայաստանից: «Ասես մի մասս մնաց Երևանում»,- խոստովանում է նա:

Վերադառնալով Փարիզ` նա սկսում է նկարել: Իսկ նկարչական տաղանդը ժառանգել է հորից` նկարիչ Տարոն Մուրադյանից: 2010 թվականին Արփենիկն առաջին անհատական ցուցահանդեսն է բացում Յուրմալայում` ներկայացնելով ոչ միայն իր նկարները, այլև մոդելավորած հագուստն ու զարդերը: Երկրորդ անհատական ցուցահանդեսն ունենում է Ռիգայում: Լինելով մասնագիտությամբ հագուստի դիզայներ` Արփենիկը չէր կարողանում անմասն մնալ դրանից ու իր նկարների մեջ չարտացոլել նաև գործվածքը, թելը` այդպիսով ստեղծելով յուրօրինակ ոճ` կարը նկարչության մեջ կամ «կար և նկար»:

Սակայն ստեղծագործական առաջընթացին զուգահեռ` նա զգում էր, որ Ֆրանսիան արդեն իրեն կաշկանդում է, միտքն ու հոգին Երևանում են: Այլևս չէր կարողանում մտնել փարիզյան ռիթմի մեջ: Չնայած Ֆրանսիայում այդ տարիների ընթացքում ձեռք բերած հաջողություններին (այդ թվում Grey Fashion Awards նորաձևության 2010 թ. միջազգային մրցանակաբաշխության երրորդ պատվավոր տեղը), ընկերական կապերին ու մշակութային կարիերայի խոստումնալից հեռանկարին՝ Արփենիկը որոշում է վերադառնալ Հայաստան:

Այդ որոշմանը մեծապես նպաստում է նաև տարիներ առաջ մոր Հայաստան վերադարձը և հատկապես այն հանգամանքը, որ իր մտերիմ ընկերուհին, որի հետ սովորել էր Կիպրոսում, նույնպես մեկընդմիշտ վերադարձել էր հայրենիք: Եվ 2011 թվականի դեկտեմբերի 21-ը Արփենիկի համար նշանավորվում է իբրև նոր կյանքի սկզբնավորման տարեթիվ: Այդ օրը նա վերջնականապես տեղափոխվում է Հայաստան: Երբ հաջորդ տարի ու ևս 3 տարի անց ընկերներին տեսնելու համար մեկնում է Փարիզ, համոզվում է, որ Հայաստան վերադառնալը կյանքի ամենաճիշտ որոշումն էր: Հանդիպում է ընկերներին ու հասկանում, որ նրանց կյանքը նույնն է, ոչինչ չի փոխվել, նույն ռոբոտային տեմպը, քանի որ Ֆրանսիայում այլ կերպ հնարավոր չէ. «Իսկ այն աճը, որ ես այս 4 տարիների ընթացքում ունեցել եմ այստեղ թե՛ մասնագիտական առումով, թե՛ որպես մարդ, որ կայացել եմ, այնքան մեծ է եղել, որ անգամ Փարիզի նման մշակութային քաղաքում չեմ ունեցել»: Արփենիկը նշում է, որ այնտեղ կյանքը սթրեսային է, ժամանակն այնքան արագ է անցնում, որ չես հասցնում ապրել: «Եթե ուզում ես ապրել` պիտի աշխատես, իսկ եթե աշխատում ես` չես կարողանում ապրել»:

ԱրփենիկԱրփենիկն այստեղ ապրում է բառիս ամենալայն իմաստով: Նա ակտիվ գործունեություն է ծավալում` ստեղծելով «ԱՐՓԵՄ» բրենդը, որի ներքո ստեղծվում են ոչ միայն նրա նկարները, այլև հագուստը, յուրօրինակ նոթատետրերը, պայուսակները, զարդերը, ձեռագործ այլ աշխատանքներ, որոնք արդեն Վրաստան են արտահանվում: Սակայն այդ ամենից բացի, Արփենիկն ընկերուհու հետ զբաղվում է մեկ այլ հետաքրքիր բիզնեսով` հարսանեկան միջոցառումների կազմակերպմամբ` փորձելով կոտրել հարսանեկան խնջույքների հայկական կարծրատիպերը: Թե ինչն է Եվրոպայում ապրած և ուսում ստացած երիտասարդ աղջկան այդքան ամուր կապում Հայաստանի հետ, ինքն էլ չի կարող ասել. «Չեմ ասում, թե դա նրանից է, որ ես շատ հայրենասեր եմ և այլն: Այո, Փարիզն իմ երկրորդ մայրաքաղաքն է, բայց ես ինձ Երևանում եմ լավ զգում: Սա իմ տունն է, իսկ դրսում դու միշտ քեզ օտար ես զգալու»:

Հայաստանում նա ամենից շատ գնահատում է մարդկային հարաբերությունները. ընկերների, հարազատների, բարեկամների հետ շփումն ավելի ջերմ է, մարդիկ կարողանում են ժամանակ տրամադրել միմյանց համար, ապրել իրարով: Իսկ Փարիզում ժամանակն այնպիսի խնդիր էր, որ ընկերուհու հետ հանդիպելու համար մեկ-երկու ամիս առաջ էր պայմանավորվում: «Ես շփվող մարդ եմ, սիրում եմ մարդկային շփումները, և դա ինձ Ֆրանսիայում շատ էր պակասում»:

Միակ բացը, որ դեռևս Հայաստանում չի կարողանում լրացնել, մշակութային կյանքի պասիվությունն է` ի տարբերություն արվեստի բուռն մայրաքաղաք Փարիզի, որտեղ գրեթե ամեն շաբաթ մի նոր բան կար տեսնելու ու քննարկելու: «Բայց հիմա Հայաստանում էլ շատ հետաքրքիր ու նոր բաներ են կազմակերպում հատկապես երիտասարդ արվեստագետները»:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա Արփենիկը համոզված է, որ նախ մտածելակերպը պետք է փոխվի, որպեսզի երկիրն ավելի լավը դառնա. «Հիմա ամեն մեկն իր փոքր ներդրումով կարող է ինչ-որ բան փոխել: Եթե բոլորս գնանք, ո՞վ է տեր կանգնելու մեր երկրին: Իսկ բոլոր դուրս գնացած ու եկածներն իրենց հետ նոր շունչ են բերում: Բայց անկախ դրանից` մեզ մոտ հիմա շատ լավ երիտասարդություն կա»:

Արփենիկը վերադառնալուն պես ակտիվորեն ներգրավվել է նաև հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում, քանի որ հավատում է, որ երիտասարդ սերունդը պարտավոր է ոչ միայն ակտիվ լինել, այլև ակտիվացնել հասարակության անտարբեր հատվածին: Նրանց, ովքեր ինքնամոռաց ուզում են երկիրը լքել, Արփենիկն իր փորձից, գոնե Եվրոպայի մասով, խորհուրդ է տալիս չտրվել երազանքներին, քանի որ Եվրոպան այսօր այն չէ, ինչ առաջ: «Սխալ քարոզ կա, թե Հայաստանում շատ վատ է, գնանք Եվրոպա: Բայց Եվրոպայում ավելի վատ է: Երբ գնում ես ու ինչ-որ հանրակացարանում ես ապրում, կողքիդ էլ՝ 400 հոտավետ ու տարօրինակ մարդիկ, ամսական ստանում ես մի քանի հարյուր եվրո, բայց պիտի երեկոյան ինչ-որ ժամի անպայման տուն վերադառնաս, թե չէ քեզ կհանեն այնտեղից, իսկ ընդհանրապես չգիտես` քեզ կպահեն այնտեղ, թե ոչ, իմ կարծիքով` ավելի լավ է մնալ ու փորձել էստեղ մի բան անել: Այո, հեշտ չի, հեշտ է ասելը` լավ չի ու վերջ, թե ես չեմ խառնվում, դա ինձ չի վերաբերում: Իմ կարծիքով` ամենաահավոր բանը Հայաստանում անտարբերությունն է ու այն համոզմունքը, թե մեկ է, ոչինչ չի փոխվի. պետք է անտարբերների մեջ ինչ-որ բան արթնացնել, պետք է մարդիկ հասկանան, որ փոխվելն ու չփոխվելը առաջին հերթին իրենցից է կախված»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր