​«Վան գործողություն». ի՞նչ խնդիր էր լուծում 35 տարի առաջ հայ գաղտնի բանակը

Վազգեն Սիսլյան

Վազգեն Սիսլյանն այս պատմությունը պատմել է բազմաթիվ անգամ: Սակայն պատրաստ է ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ վերհիշել այն: Դրա մասին գրվել են հարյուրավոր հոդվածներ, իսկ վերջին տարիներին` նաև պիես, որը բեմադրվել է Դրամատիկական թատրոնում և ներկայացվում է լեփ-լեցուն դահլիճում: Դա Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի և ընդհանրապես հայ ժողովրդի նորագույն ժամանակների ազատագրական պայքարի պատմության առանցքային էջերից է:

1981 թ. սեպտեմբերի 24, Փարիզ, Հոսման պողոտա թիվ 170… Չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանն ու Գևորգ Կյուզելյանը, զինված ատրճանակներով, պայթուցիկներով ու ինքնաձիգներով, ներս են մտնում այդ հասցեում գտնվող Թուրքիայի Հանրապետության հյուպատոսարան ու հայտարարում, որ գրավել են այն: Սկզբում երիտասարդներին լուրջ չեն ընդունում, սակայն շուտով հասկանում են, որ հայտարարությունը ոչ թե չար կատակ է, այլ հստակ պլանավորված գործողություն, որը պատմության մեջ ամրագրվեց որպես «Վան» գործողություն:

15 րոպե անց հյուպատոսարանը 60 պատանդով տղաների ձեռքում էր: Մինչ այդ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել էր թուրք ոստիկաններից մեկը, վիրավորվել էր փոխհյուպատոսը: Տղաներից երկուսը նույնպես վիրավոր էին: Խմբի ղեկավարի` Վազգեն Սիսլյանի վիճակը ծանր էր, սակայն նա 7 ժամ շարունակ, վերջում արդեն արնաքամ ու շնչահեղձ, շարունակում էր ղեկավարել գործողությունը, որի գլխավոր նպատակն էր քաղաքական հստակ պահանջներ ներկայացնել Թուրքիայի ղեկավարությանը: Պահանջները հետևյալն էին. անմիջապես ազատ արձակել քաղաքական նկատառումներով Թուրքիայի բանտերում հայտնված հայ բանտարկյալներին, պաշտոնական երաշխիքներ տալ, որ պետք է ապահովվեն հայկական բռնագրավված հողերում և Թուրքիայի մեծ քաղաքներում ապրող հայության՝ ազգային, մշակութային և կրոնական ավանդույթներն առանց որևէ կաշկանդման արտահայտելու և զարգացնելու իրավունքները, պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային մշակութային կազմակերպությունները հնարավորություն կունենան մշտական հսկողության և քննության տակ առնելու բռնագրավված հայկական հողատարածքներում գտնվող հայկական մշակութային հուշարձանները, ազատ արձակել նաև քաղաքական նկատառումներով ձերբակալված և թուրքական բանտերում ազատազրկված 5 թուրք և 5 քուրդ հեղափոխական մարտիկներին։

Սակայն «Վան» գործողությունն իրականում շատ ավելի խորքային խնդիրներ էր լուծում: Դրանով ևս մեկ անգամ բարձրաձայնվում էր Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի կորուսյալ տարածքների հարցը, իսկ միջազգային մամուլը գրում էր այդ մասին` հիշեցնելով աշխարհին հայերի ջարդերն ու հայկական պահանջները: «Վան» գործողությունը նաև Սփյուռքին ուղղված սթափվելու կոչ էր, քանի որ այդ տարիներին դրսի հայությունը կարծես թմբիրի մեջ էր, ուծացման վտանգի առջև, իսկ այդ գործողությունը ազգային ինքնության զարթոնքի մի նոր պոռթկում է առաջ բերում: Պատահական չէ, որ գործողության մասին տեղեկատվության տարածումից րոպեներ անց թուրքական հյուպատոսարանի մոտ մոտ 200 ֆրանսահայ էր հավաքվել, մեծ մասամբ՝ երիտասարդներ, որոնք իրենց զորակցությունն էին հայտնում տղաներին: Իսկ նրանց դիմաց հազարավոր գազազած թուրքեր էին: Իրավիճակը ծայրահեղ լարված էր, և ֆրանսիական ոստիկանությունը հազիվ էր կարողանում զսպել կողմերի բախումն ու խուսափել արյունահեղությունից:

Գործողությունից 7 ժամ անց Վազգեն Սիսլյանի վիճակը ծայրահեղ վատանում է, և նախնական համաձայնության գալով ֆրանսիացի ոստիկանների հետ, որպեսզի իրեն քաղաքական ապաստանյալի իրավունք տան, նա դուրս է գալիս հյուպատոսարանի շենքից: Մինչ ոստիկանները փորձում էին Վազգեն Սիսլյանին շտապօգնության մեքենան նստեցնել, նա վերջին ճիգերն է գործադրում, կանգնում մայթին և աջ ձեռքով հաղթանակի V նշանը պարզում: Ցանկանում է նաև բացականչել, սակայն ուժերը չեն հերիքում: Նրան տեղափոխում են հիվանդանոց: Տղաներից Հակոբ Ջուլֆայանը, որը նույնպես վիրավոր էր, որոշ ժամանակ անց նույն կարգավիճակը ստանալու երաշխիքով դուրս է գալիս և տեղափոխվում հիվանդանոց: Մյուս երկու տղաները շարունակում են ֆրանսիական կառավարության միջոցով բանակցությունների մեջ մտնել թուրքական կառավարության հետ և ներկայացնել իրենց բոլոր պահանջները:

Գործողությունից մոտ 16 ժամ անց համարելով, որ կատարել են իրենց առաքելությունը, տղաներն ազատ են արձակում պատանդներին և հանձնվում ոստիկանությանը: Միգուցե առաջին հայացքից շատերն այս իրադարձությունը համեմատեն ահաբեկչական գործողության հետ, սակայն սա որևէ աղերս չունի ահաբեկչության հետ: Ինչպես նշում է Վազգեն Սիսլյանը, իրենց նպատակն եղել է արդարացի պահանջներ ներկայացնելը` առանց որևէ մեկին վնաս հասցնելու: Դա է վկայում նաև պատանդների նկատմամբ տղաների առանձնակի վերաբերմունքն ու հոգատարությունը: Նրանք ոչ մի վայրկյան չեն անտեսում պատանդների մարդկային արժանապատվությունը, նրանց ապահովում են սննդով, անհրաժեշտության դեպքում` դեղորայքով: Հետագայում այդ ամենը դատարանում խոստովանում են հենց իրենք` վկայություն տվող պատանդները, այդ թվում նաև թուրք պատանդներից ոմանք, ինչը մեծ զայրույթ է առաջացնում թուրքական պաշտոնական շրջանակներում:

Դատավարություն, որը պատռեց թուրքական իշխանությունների դիմակը

«Վան» գործողության մարտիկների դատավարությունը չափազանց տպավորիչ էր, անգամ հուզիչ: Դա առաջին քաղաքական դատավարությունն էր 1921 թ. Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից ի վեր: Այն վերածվում է Թուրքիայի դատապարտության ամբիոնի: Դատական ատյանի նախագահը դատավարութան բոլոր մասնակիցներին արգելում է տղաների նկատմամբ օգտագործել «ահաբեկիչ» բառը` պահանջելով «կոմբատան» (մարտիկ) դիմելաձևը: Նրանց դատը գերազանց պաշտպանում են Ֆրանսիայում շատ հայտնի ֆրանսիացի և հայ փաստաբաններ: Սակայն այլ հայ փաստաբաններ նույնպես կամավոր միանում են տղաների պաշտպանության գործին: Ընդհանուր առմամբ նրանց պաշտպանում է 16 փաստաբան: Դատավարությանը մասնակցում էր նաև Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի այրին` տիկին Մելինեն, որը Թուրքիան դատապարտող ելույթներ է ունենում և անգամ թույլտվություն խնդրում համբուրելու տղաների ճակատը: Նրա խնդրանքն ընդունվում է: Դատավարության ընթացքում ընթերցվում են Շառլ Ազնավուրի և Աշոտ Մալաքյանի (Անրի Վեռնոյ) նամակները, որոնցում դատապարտվում են թուրքական իրարահաջորդ պետությունների և իշխանությունների հակահայկական, ցեղասպան ծրագրերը: Դատարանում լսվում են նաև Ցեղասպանություն ապրածների սահմռկեցուցիչ վկայություններ: Մի խոսքով, ողջ դատավարության ընթացքում տղաների նկատմամբ ստեղծվում է դրական վերաբերմունք թե՛ դատական համակարգի, թե՛ ֆրանսիական լրատվամիջոցների կողմից:Վազգեն Սիսլյան

Վազգեն Սիսլյանն ասում է, որ վերջում դատավորի հետ անգամ ընկերացել էին, և նա լրիվ հասկացել էր իրենց քայլի դրդապատճառներն ու իրենց պահանջների արդարացիությունը: Տղաները սպասում էին արդարացման դատավճռի կամ ցմահ ազատազրկման: Տեղի է ունենում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: 2 տարի, 4 ամիս տևած դատավարության արդյունքում նրանք դատապարտվում են 7 տարվա ազատազրկման և 5 տարի անց ազատ են արձակվում: Ցավոք, տղաներից մեկը` Արամ Պասմաճյանը, բանտում ինքնասպան է լինում: «Նրան հասցրին ինքնասպանության»,- առանց փակագծերը բացելու նկատում է Վազգեն Սիսլյանը: Ինչ վերաբերում է դատավճռին, ապա Սիսլյանը կարծում է, որ մի կողմից՝ դա հաղթանակ էր, մյուս կողմից` պարտություն. «Մեզ համար սկզբունքորեն մեկ օր դատվելն էլ նշանակում էր դատվել, մենք կարծում էինք, որ պետք է արդարացվենք: Բայց մյուս կողմից, եթե քրեական հիմքերով ամեն մի կետի համար 1 տարի էլ տային, ապա 40 տարին կանցներ: Ֆրանսիական օրենսգրքով ֆրանսիացի ոստիկանի վրա կրակելն արդեն 15 տարի է: Մեզ համար հաղթանակ էր, որ ողջ հայությունը համախմբվեց, դատավարությունն անցավ հակաթուրքական մթնոլորտում, բոլոր թերթերը գրեցին մեր ու մեր բարձրացրած հարցերի մասին»:

Դատավարության ողջ ընթացքում տղաներին աջակցելու էին գալիս մեծ թվով հայեր: Ի պաշտպանություն տղաների` «Մեղադրյալներ, ոտքի՛» հրահանգից հետո ոտքի են կանգնում դատարանում գտնվող բոլոր հայերը: Զարմանալի է, բայց տղաները ֆրանսիական բանտում գտնվելու տարիներին ավարտում են Սորբոնի համալսարանը: Ամեն ինչ սկսվում է այն բանից, որ նրանք որոշում են ֆրանսերեն սովորել, որպեսզի դատավարության ընթացքում կարողանան առանց թարգմանչի հասկանալ ու խոսել: Հետո, երբ դատավարությունն ավարտվում է, ֆրանսերենի դասատուն առաջարկում է շարունակել պարապմունքները, վերջում էլ խորհուրդ է տալիս քննություններ հանձնել, ատենախոսություն գրել և պաշտպանել` օրինական ձևով ավարտելով Սորբոնի համալսարանը: Դա նաև 6 ամսով կրճատում էր պատժի կրումը: Եվ այսպես, ԱՍԱԼԱ-ի տղաները վերադառնում են ազատություն Սորբոնի համալսարանի դիպլոմներով: Սակայն պետք է նշել, որ նրանք «Վան» գործողության մեջ էին մտել որպես անձնազոհ մարտիկներ` առանց հույսի նշույլի, որ այդ ամենից հետո ողջ կմնան: Ի դեպ, Թուրքիայի կառավարության կողմից Վազգեն Սիսլյանը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։

Ազատությունից՝ հայրենադարձություն

1986 թ. օգոստոսին ազատ արձակվելով՝ նրանք վերադառնում են Լիբանան: Վազգեն Սիսլյանը բազմիցս դիմում է Խորհրդային Հայաստանի համապատասխան կառույցներին, որպեսզի թույլ տան՝ գա Հայաստանը տեսնելու: Անընդհատ մերժում են: Թե՛ նա, թե՛ ընկերները երբևէ հայրենիքում չէին եղել: Վազգեն Սիսլյանը որոշում է տեղափոխվել Կանադա, քանի որ Լիբանանում կյանքն այնքան էլ հեշտ չէր: Կանադայի գործերը ստացվում են, և երբ պատրաստվում է մեկնել, հանկարծ Հայաստանից իր դիմումին դրական պատասխան է գալիս: Դա արդեն 1990 թվականն էր: Նա որոշում է գալ Հայաստան, մոտ երկու շաբաթ մնալ, ապա վերադառնալ Լիբանան ու մեկնել Կանադա: Սակայն նրա առաջին իսկ այցը ճակատագրական է լինում: Վազգեն Սիսլյանը ոտք է դնում Հայաստան ու այստեղ մնում ոչ թե 15 օր, ինչպես նախատեսել էր, այլ` մեկընդմիշտ` հրաժարվելով Կանադա մեկնելու ծրագրից: «Եկա Հայաստան, որոշ ժամանակ անց արդեն պատերազմ, ջոկատներ, տղերք… Ճակատագիրը որոշեց, որ մնամ, բայց ոչ մի վայրկյան անգամ մտքումս չեմ զղջացել, որ մնացել են Հայաստանում ու չեմ գնացել Կանադա»:

Վազգեն Սիսլյանը, որ 17-18 տարեկանում մասնակցել էր նաև Բեյրութի պատերազմին, միանգամից ներգրավվում է Արցախյան ազատամարտի ջոկատներում: Ի դեպ, խմբի տղաներից Գևորգ Կյուզելյանը նույնպես մասնակցում է Արցախյան ազատամարտին` ստանձնելով «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատարությունը:

Այսօր, վերլուծելով Հայաստանում մնալու իր որոշումը, նա փաստում է, որ այդ հարցում որոշիչ է եղել հայաստանցիների ջերմ ընդունելությունը: Առաջին իսկ օրերից նա հանդիպումներ էր ունենում երիտասարդների հետ, պատմում «Վան» գործողության մասին, զրուցում հայկական խնդիրներից: Մինչ օրս էլ սիրում է երկար-երկար զբոսնել, զրուցել մարդկանց հետ: Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին` ԱՍԱԼԱ-ի մարտիկը տպավորված ասում է. «Մենք լավ բանակ ունենք, լավ երիտասարդներ ունենք, լավ զինվորներ ունենք: Ինչ-ինչ թերություններ կան, կիսում եմ մարդկանց մտահոգությունները, բայց հուսով եմ, որ ղեկավարությունն այդ խնդիրները հասկացել է ու կշտկի»:

Ապրիլի 2-ից անմիջապես հետո Վազգեն Սիսլյանը, որ նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության անդամ է, իր կուսակից ընկերների հետ առաջնագծում էր: Նա նաև հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով հայ ժողովրդին մոռանալ տարաձայնությունները, այս օրհասական պահին լինել միասնական, համախմբվել ու աջակցել Արցախին ու հայությանը: Քառօրյա պատերազմից հետո Վազգեն Սիսլյանը պարբերաբար մեկնում է առաջնագիծ, և եթե նույնիսկ զենք չի վերցնում, իր պարտքն է համարում լինել զինվորների կողքին և հոգեպես աջակցել նրանց: Իսկ նրա պես մարդկանց ներկայությունը մեր զինվորներին միայն կարող է ոգևորել ու գոտեպնդել: Պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները Վազգեն Սիսլյանի Արցախ կատարած այցից հետո սարսափած վայնասուն բարձրացրին, թե իբր գաղտնի բանակի ղեկավարն արդեն 10 000-անոց ջոկատով Արցախում է կամ 400 քուրդ զինյալներ է տարել Արցախ: «Երբ ինձ ասացին, որ մեկնաբանեմ այդ լուրերը, ասացի, այո, իհարկե, հիմա էլ վերադառնում եմ Երևան, քանի որ Սոմալիից, Զիմբաբվեից, «Բոկո Հարամից» էլ եմ զինյալներ հավաքելու, որ բերեմ Արցախ»,- ծիծաղում է նա:

Իսկ ավելի լուրջ` նա կարծում է, որ այսօր մեր բանակն ունի մեր ազգի բարոյահոգեբանական աջակցության կարիքը, և զինվորի կողքին լինելը չպետք է ժամանակավոր լինի. «Զինվորին միայն պատերազմի ժամանակ չպետք է հիշեն, մեր զինվորը Արցախյան պատերազմի զինադադարից հետո 22 տարի է՝ դեռ պատերազմի մեջ է: Մեր զինվորը եվրոպական երկրների զինվորների պես, մի աշտարակի վրա կանգնած, 10 կմ հեռավորությունը չի հսկում, այլ խրամատի մեջ է, թշնամու փամփուշտների դեմ դիմաց: Մեր զինվորը միշտ պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում»:

Ինչ վերաբերում է ԱՍԱԼԱ-ին ու նրա գործունեությանը, ապա Վազգեն Սիսլյանը հիշեցնում է, որ հայ գաղտնի բանակը ստեղծվել էր մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը չուներ անկախություն, առանձին հզոր բանակ, և ստիպված էր իր խնդիրները լուծելու համար այդ ճանապարհն ընտրել. այսօր ռազմաճակատում այդ խնդիրը լուծում է մեր բանակը, մյուս ճակատներում էլ մեր խնդիրները պետք է լուծի Անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր