Ես հասկանում եմ «Սասնա ծռերին», բայց…

30612_large

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը Հայաստանում նոր իրողության սահմանագիծ է դառնում, իրողություն, երբ կարծիքներն ու մտածողությունը, արժեքներն ու սկզբունքներն ասես գլխիվայր շուռ են գալիս՝ ստեղծելով հայելային իրականություն: Բանը հասել է նրան, որ հասարակության մի ստվար զանգված ոչ միայն նորմալ է վերաբերվում ահաբեկչական գործողությանը, այլև հերոսացնում է այն իրականացնողներին՝ կանգնելով նրանց կողքին:

Մոսկվաբնակ հայերից մեկը, խոսելով այս իրադարձությունների մասին, պատմեց, որ ռուսներն ապշած են հայ հասարակության պահվածքից՝ ասելով, որ աշխարհում դեռ նման բան չեն տեսել, որ պետական կառույցը գրաված ու պատանդներ վերցրած անձանց հասարակությունը սատարի ու հերոսացնի: Սակայն, ինչպես ասում են, ռուսներն իրենց գործով թող զբաղվեն ու շատ չզարմանան, քանի որ մենք լավ գիտենք մեր խնդիրները:

Այս օրերին շատերը, քննադատելով իրողությունը, փորձեցին անդրադառնալ այս ամենի խորքային պատճառներին՝ փաստելով, որ, այո, մարդիկ ընդվզում են անզորությունից, ժողովրդավարական ճանապարհով հարցերը լուծելու անկարողությունից, իրական կյանքին ու իրավիճակին իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունքից, սոցիալական անարդարությունից, քաղաքական դաշտի կատարյալ անգործությունից ու սնանկությունից և, ի վերջո, համբերության բաժակի վերջին կաթիլը դարձած ապրիլյան քառօրյա պատերազմից ու դրա շուրջ ծավալվող անորոշ քննարկումներից ու շահարկումներից:

Ինչո՞ւ իշխանությունները չէին կանխատեսում, որ Հայաստանում կան ծայրահեղ մտածողությամբ մարդիկ, որոնք պատրաստ են ինքնազոհողությամբ ու զենքի ուժով փորձել հասնել երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը. սա էլ առանձին քննարկման թեմա է: Եթե իշխանություններն իսկապես ադեկվատ լինեին, գիտակցեին և ընդունեին իրավիճակի լրջությունը, եթե գործեին հասարակական տրամադրությունների ուսումնասիրման, վերլուծման և հնարավոր հետևանքների կանխման պետական մեխանիզմները (էլ չենք խոսում արդեն ծրագրված գործողությունները ազգային անվտանգության մարմինների կողմից կանխելու գործնական քայլերի բացակայության մասին), ապա հնարավոր է, որ մեր հասարակությունն այսօր կանգնած չլիներ այս վտանգավոր իրավիճակի առջև:

Իշխանությունները, ինչ-որ իմաստով կտրված լինելով հասարակական տրամադրություններից, փոխանակ համապատասխան հետևություններ անեին ու համակարգային բարեփոխոմներ իրականացնեին, համոզված էին, որ վերահսկում են իրադրությունը, և հասարակության զգալի մասը իրենց կողքին է:

Իրավիճակի մյուս գլխավոր խնդիրը հասարակական նոր կերպարների ու նոր հերոսների կերտման գործընթացն է: Հասարակությունը հերոսացնում է ահաբեկչական ճանապարհով հարցերը լուծել պահանջող անձանց (ահաբեկչություն բառից վիրավորվողներին ընդամենը կարող ենք խորհուրդ տալ հաշվի նստել այդ երևույթի միջազգայնորեն սահմանված ձևակերպման հետ): Մյուս կողմից, այո, եթե իշխանությունների կողմից կերտված հերոսները լիսկաներն են, հայտնի գեներալներն ու տարիներ շարունակ մարդկանց արյունը ծծած ու դղյակներ կառուցած պաշտոնյաները, ապա բնավ զարմանալի չէ, որ հասարակությունը հերոս է կերտում Պավլիկից, մի մարդուց, որ այսպես թե այնպես հերոս է՝ Արցախյան ազատամարտի հերոս: Այլ հարց է՝ արդյոք նա իր այս արարքով կդառնա՞ր մեր օրերի հերոսը, եթե նրա կողքին չլինեին լիսկաները…

Եվ հիմա իշխանությունները, ուզեն թե չուզեն, պարտավոր են հաշվի նստել նաև այն իրողության հետ, որ Պավլիկն ու մյուս տղաները, որքան էլ նրանց գործողությունները հակաօրինական են ու բնութագրվում են իբրև ահաբեկչություն, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայության մի հսկա զանգվածի համար հերոսներ են ու պայքարի խորհրդանիշ: Իշխանությունները պարտավոր են իրենց հետագա գործողություններում հաշվի առնել այս հանգամանքը, և եթե նրանց տարիներ շարունակ հաջողվել է «փչացնել» ընդդիմության լիդերներին (կամ էլ նրանք ի սկզբանե «փչացած» են եղել), ապա այս դեպքում դա դժվար թե հաջողվի: Այո, իրադարձությունները գոնե արտաքուստ ծավալվում են ոչ թե քաղաքական ուժի շուրջ, այլ «Սասնա ծռերի», որոնք գործում են բացառապես ազգային վեհ նպատակներով:

Սակայն այս պատմության մեջ մի հետաքրքիր կողմ էլ կա. օրեր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, որն այս պահին ընդհատակում է, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում մի ուշագրավ հայտարարություն արեց. «Կարծում եմ՝ անցած 9 օրը բավարար էր, որ միմյանցից տարբերեիք «Սասնա ծռեր» և «Նոր Հայաստան» կազմակերպությունները և մեկի գործողությունների պլանավորումը չվերագրեիք մյուսին»: Այնուհետև Չուգասզյանը մանրամասնեց. «Իշխանությունը զավթած Մսրա Մելիքի համակարգը դեռ չի գիտակցում, որ «Սասնա ծռերից» ստացված հարվածից երկու կես է եղել, և նրա որևէ, կրկնում եմ, որևէ շարժում բացահայտելու է իրողությունը… Հիմա խնդիրն այլ է. դա «Չորրորդ հանրապետության» ծնունդն է, որի պատասխանատվությունն ընկնում է իր այն քաղաքացիների վրա, որոնք, բացի այն երազելուց, նաև պատրաստ են հենց այսօր իրենց միացյալ ջանքերով ծնել իրապես արժանապատիվ ապագա ունեցող, մեծ ու փոքր հարևանների և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հարգված, ինքնիշխան, բարձրաճաշակ և բարձրտեխնոլոգիական Հայաստան: Նրանցից է կախված՝ մենք կշարունակե՞նք ականատեսը լինել մեր բազմադարյա պատմության վերջին և անփառունակ էջին, թե՞ կկտրենք քաղաքական արատավոր շրջանը… «Սասնա ծռերի» ապստամբների վրա այս առումով ընդամենը ընկած է այդ ծննդյան տատմոր դերը, ոչ ավելին»:

Կարծում եմ՝ հասարակությունը խորությամբ պետք է ընկալի այս խոսքերը և հետո նոր որոշի միանալ այս պայքարին: Փաստորեն, եթե «Սասնա ծռերն» ընդամենը տատմոր դերակատարումն ունեն և զոհում են իրենց կյանքը հանուն այդ գործի, ապա ո՞րն է այն մյուս ուժը, որը պետք է խնամի, մեծացնի, դաստիարակի և ճիշտ ուղու վրա դնի նորածին «չորրորդ հանրապետությանը»: Լավ, ենթադրենք՝ ես էլ՝ որպես ժողովրդի մի մասնիկ, դժգոհ եմ այս իշխանություններից և իրապես երազում եմ նոր որակի Հայաստան կերտելու մասին: Ո՞րն է այն ուժը, որի կողքին կանգնեմ, ո՞ւր է այն ծրագիրը, որը ես կարդամ ու ոգևորվեմ, ո՞ւր է այն գաղափարը, որով ես տարվեմ, ո՞ւր է այն առաջնորդը, որին ես հավատամ ու նվիրվեմ: Քանի դեռ չունեմ այս հարցերի պատասխանները, այս պայքարն ինձ համար չափից դուրս երևակայական է և լի ցավալի հետևանքներով, դրա համար էլ ես կվարանեմ միանալ այս պայքարին: Ու այստեղ ես կբախվեմ այս պատմության ամենավտանգավոր միտումներից մեկին. ինձ կսևացնեն, կնսեմացնեն, կվարկաբեկեն, ամեն գնով կնվաստացնեն, քանի որ այս իշխանություններից ազատվելու և որակապես նոր երկիր կառուցելու մեծագույն ցանկությամբ հանդերձ՝ ես չեմ վստահում այս պայքարի արդյունավետությանն ու դրա հետևում կանգնած ուժերին: Իսկ սա արդեն հոգեբանական ահաբեկչություն է:

Ինչևէ, իրադրությունն իսկապես քաոսային է, սակայն մի բան հստակ է՝ «Սասնա ծռերին» հաջողվեց բացահայտել մեր քաղաքական դաշտի, մեր հասարակության, մեր պետականության օրգանիզմի բոլոր խոցերը, որոնք այսուհետ անընդհատ արնահոսելու են, քանի դեռ յուրաքանչյուրս մեր տեղում, իսկ առաջին հերթին՝ իշխանությունները, լուրջ հետևություններ ու գործնական քայլեր չենք անի:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր