Եզրակացություններ անելու ժամանակը

The 13th day of the protest action in support of initiators of occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district took place on Freedom Square in Yerevan, Armenia

Ասել, թե հեղափոխական կայծը լիովին մարել է, ճիշտ չէ: Բայց ասել, որ այն կարող է կրակ վառել, նույնպես իրատեսական չէ: Հուլիսի 17-ից սկիզբ առած «էպոսն» ավարտվել է՝ մեկնարկելով մի նոր սկիզբ, որտեղ, սակայն, իրադարձություններն ու հերոսներն արագորեն փոփոխվում են՝ վերաշարադրելով նոր սցենար՝ նոր դերաբաշխումներով:

Եվ այսօր ամենահաճախ տրվող հարցն է՝ ինչպե՞ս է ծավալվելու հետագա պայքարը: Բայց մինչ դրան անդրադառնալը նախ վերլուծենք 15-օրյա ապստամբության դասերը, որոնք որքան որ կարևոր են իշխանությունների համար, նույնքան և ավելի կարևոր՝ հասարակության:

Նախ արձանագրենք, որ գոնե վերջին տարիների քաղաքական պայքարի պատմության մեջ Հայաստանի համար աննախադեպ էր զենքի, զավթման և պատանդառության միջոցով փոփոխությունների հասնելու մեթոդը: Աննախադեպ էր, բայց ոչ անսպասելի: Մեզանից յուրաքանչյուրը գոնե մի քանի անգամ իր շրջապատում լսել է այսօրինակ արտահայտություններ. «Բա մեկը չլինի, որ սրանց հախից գա»: Հուլիսի 17-ին մենք ականատես եղանք տարիներ ի վեր հասարակական մթնոլորտում տիրող մտայնությունների գործնական պատկերին: Բայց ժողովուրդը, որ տեսականորեն երազում էր այդ մասին, գործնականում վարանեց դա իրագործել, ինչը, իհարկե, ողջախոհության նշան է: Սա նշանակում է, որ մեր հասարակությունը, այնուամենայնիվ, ժողովրդավարական արժեքների կրող է:

Բայց անկախ ամեն ինչից, ժողովրդի զգալի մասն ընդունեց ծռերին, հավատաց ու սիրեց: Սա էլ մեր երկրում ազնվության դեֆիցիտի հետևանք է: Մարդիկ գռփող ու թալանող օլիգարխների, կոռումպացված իշխանավորների ու բութ անտարբերությամբ գոյատևող հոծ բազմության կողքին հանկարծ տեսան ինքնազոհողության գնացող մարտիկների, ինքնազոհողություն՝ հանուն ավելի լավ Հայաստանի:

Հասարակական պայքարը մարելու մյուս պատճառն էլ այն էր, որ փողոց դուրս ելած մարդիկ ցանկանում էին ապաքաղաքական պայքար: Նրանք այն աստիճանի չէին վստահում քաղաքական գործիչներին ու այնքան բացասական վերաբերմունք ունենին նրանց նկատմամբ, որ նույնիսկ ընդդիմադիր շատ գործիչներ ուղղակի «արտաքսվեցին» ցույցի հրապարակներից: Բայց արդյոք այդպես հնարավո՞ր է հասնել հաջողության: Համենայն դեպս, մենք ականատես եղանք ապաքաղաքական այս պայքարի բացարձակ խառնաշփոթին, որտեղ կար հասարակական ընդվզում, բայց չկային լուրջ լիդերներ, հստակ պահանջներ ու ճանապարհային քարտեզ: Եվ եթե ինչ-որ հրաշքով Բաղրամյան 26-ից ցանկանային լսել ցուցարարներին, ապա պարզ չէր, թե ով է ներկայացնելու ժողովրդին, առավել ևս՝ ինչ է ասելու ու ինչպես:

Այսպիսով, ակնհայտ դարձավ, որ ապաքաղաքական պայքարը, որն ունի քաղաքական նպատակ, նոնսենս է ու դատապարտված է ձախողման:

Մյուս կողմից՝ այս 15 օրերը վերահաստատեցին, որ մեր քաղաքական դաշտում լիակատար կոլապս է: Կան հատուկենտ գործիչներ, բայց ոչ քաղաքական ուժեր: Տպավորություն էր, թե քաղաքական դաշտը խորը քնի մեջ է և հայտարարությունների տեսքով պարզապես երբեմն-երբեմն հիշեցնում է իր գոյության մասին: Իսկ փոփոխության հասնելու համար պետք է քաղաքական ուժ, մեծ ուժ, հնարավորինս լայն կոնսոլիդացիա: Եվ պայքարը գնալով կազմալուծվեց, մի կողմից, իշխանությունների հետևողական ձերբակալությունների հետևանքով, մյուս կողմից՝ շարժման անկազմակերպ ու հախուռն վիճակի, որտեղ կամաց-կամաց առաջնորդի դերը ստանձնեցին խզմալյանականները՝ վերջնականապես տապալելով ազնիվ ընդվզումը:

Փոխարենը նոր ուժ հավաքեց իշխանությունը: Այո, երբ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթի ամփոփիչ խոսքում ասաց, որ մենք՝ որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած, սա առավելապես վերաբերում էր իշխանությանը, քանի որ ժողովուրդն այս փորձությունից էլ ավելի ջլատվեց ու էլ ավելի խոր ճգնաժամի մեջ մտավ: Իսկ նախագահի այն հայտարարությունը, թե «եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը», և «ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը», մեղմ ասած, ժողովրդին որևէ հույս չեն ներշնչում, քանի որ նախկինում էլ եզրակացություններ անելու բազում առիթներ են եղել, սակայն արմատական փոփոխություններ այդպես էլ տեղի չեն ունեցել։ Համենայն դեպս միայն այն, որ նախագահն իր ելույթում գեթ մի խոսք չարտաբերեց հուլիսի 29-ի գիշերը ցույցի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած վայրագությունների մասին, դառնորեն հուշում է, որ արմատական բարեփոխումների մասին թեզն իրատեսական չէ:

«Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ մոռանալով, սակայն, որ հանրությունը քննարկում է ոչ թե իշխանությունների կատարյալ լինել-չլինելու հարցը, այլ անկատար և ծայրահեղ անկատար լինելու խնդիրը:

Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրի ու հասարակության առջև ծառացած խնդիրների հարցում մեղադրել միայն գործող իշխանությանն ու Սերժ Սարգսյանին, պարզապես կույր ատելության և թուլության հետևանք է: Հասարակությունն ու քաղաքական դաշտը պետք է բավականաչափ կամք ունենան օբյեկտիվորեն վերլուծելու իրավիճակը և ճիշտ գնահատեն իրենց քայլերը, հակառակ դեպքում կստացվի, որ ունենք ոչ ադեկվատ իշխանություն, միաժամանակ՝ ոչ ադեկվատ հասարակական-քաղաքական դաշտ, իսկ արանքում՝ ավելի ու ավելի հետընթաց ապրող պետություն:

Այն, որ իշխանությունները համապատասխան դասեր կքաղեն վերջին իրադարձություններից, քչերն են հավատում, ուստի հիմա առավել, քան երբևէ ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում պետք է սկսվեն լուրջ վերադասավորումներ նոր պայքարի համար: Տարիներ ի վեր իշխանափոխության մասին երազող դաշտը պետք է հստակ հասկանա՝ պատրա՞ստ է արդյոք իշխանափոխության, թե ոչ: Համենայն դեպս, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ:

Այնպես որ իսկապես եկել է եզրակացություններ անելու ժամանակը…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր