Հռիփսիմյան գիմնազիա. Ամիրյան փողոցի ամենալուռ պատմամշակութային շենքը

Արական_գիմնազիա_02

Ամիրյան փողոցով բարձրանալիս, աջ թևի վրա, Ամիրյան 28/6 հասցեում դժվար է չնկատել սև տուֆից կառուցված երկհարկ գեղեցիկ մի շենք: Դա Հռիփսիմյան իգական գիմնազիան է՝ հանրապետական նշանակության հուշարձան շենք, որը կառուցվել է 1898 թ., Կովկասի Ս. Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Ուսումնական հաստատության շենքի ճարտարապետներն են Վասիլի Միրզոյանն ու Ի. Վագապովը: 1905 թ. Վ. Միրզոյանի նախագծով այն վերակառուցվել է, և շենքի հետնամասում ավելացել է բակային լրացուցիչ ընդարձակ կառույց:

Գիմնազիայի պատմությունը

Հռիփսիմյան իգական գիմնազիան հիմնվել է 1850 թ, 1884 թ. այն դարձել է օրիորդաց պրոգիմնազիա, իսկ 1898 թ.՝ իգական գիմնազիա: Դպրոցում ուսուցումը եղել է ռուսերեն։ Դասավանդվել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, աշխարհագրություն, ձեռագործ: Հռիփսիմյան գիմնազիան Երևանի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից էր: 1866-ին դպրոցում բացվել է նախապատրաստական դասարան, ավելացել են նոր առարկաներ՝ կենսաբանություն, բուսաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն, գեղագիտություն, նկարչություն, երաժշտություն և այլ առարկաներ։ 1904-ին բացվել է նաև ութերորդ լրացուցիչ դասարան՝ ռուսաց լեզվի և մաթեմատիկայի բաժանմունքներով։ 1917 թ. Հռիփսիմյան իգական գիմնազիայում սովորել է 526 աշակերտ, որոնցից 352-ն էին հայ։ Ասում են՝ 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ շատ որբերի տեղավորել են այդ դպրոցում: 1918 թ. դպրոցն ազգայնացվել է, դարձել հայկական օրիորդաց գիմնազիա, որտեղ դասավանդումը եղել է հայերեն, և կարևորվել են հայագիտական առարկաները։

Շենքը` խորհրդային տարիներին

Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թ., դպրոցը վերակազմավորվում է՝ դառնալով երկրորդ աստիճանի երկսեռ դպրոց: 1925-ից կրում է Ալ. Մյասնիկյանի անունը։ Ցավոք, այդ տարիների վերաբերյալ տեղեկություններ գրեթե չկան, և հայտնի չէ, թե մինչև երբ է այն որպես կրթական հաստատություն ծառայել: Տեղեկություններ կան, որ այս շենքում է հիմնադրվել նաև Բրյուսովի անվան ինստիտուտը: Ավելի ուշ այս շենքում են տեղակայվել տարբեր պետական հաստատություններ: 1982 թ. շենքը սկսել են վերանորոգել, որպեսզի Երևանի թանգարանը Կապույտ մզկիթից տեղափոխեն այնտեղ: Սակայն, ինչպես Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն է հիշում, շուրջ 10 տարի շենքը վերանորոգվում էր, և անգամ 1994 թ., երբ իրենք տեղափոխվել են այնտեղ, վերանորոգումն ավարտված չէր, ցուցասրահները կառուցված չէին, այդ պատճառով էլ այդ շենքում գտնվելու տարիներին Երևանի պատմության թանգարանը որևէ ցուցադրություն չի կազմակերպել:

Շենքի մասնավորեցումը

1997 թ. Երևանի պատմության թանգարանն այդ շենքից տեղափոխելու որոշում է կայացվում: Պարզվում է՝ շենքը վաճառվել է: Արմինե Սարգսյանը, որն այն ժամանակ թանգարանի գիտաշխատող էր, վերհիշում է, թե ինչպես էին պայքարում թանգարանն այդ շենքում պահելու համար: «Բնականաբար, մեր սիրտը ցավում էր, և այն ժամանակ մենք շատ պայքարեցինք, քանի որ թանգարանն այդ շենքին համահունչ էր, այն պատմամշակութային կառույց էր, ուզում էինք մնալ այնտեղ: Բայց, ցավոք, հաջողության չհասանք: Մեզ Մաշտոցի 33ա հասցե՝ Շահումյանի դպրոցի հետնամաս տեղափոխեցին, որը դպրոցի երեկոյան դասերի մասնաշենքն էր»: Թանգարանն այդ շենքից չտեղափոխելու համար բավական մեծ պայքար է եղել: Օրեր շարունակ բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական-հասարակական գործիչներ բողոքի ցույցեր են արել, պիկետներ, բայց` ապարդյուն: Չնայած Հռիփսիմյան գիմնազիայի շենքում գտնվելու 3 տարիները Երևանի պատմության թանգարանի գործունեության համար այնքան էլ արդյունավետ չէին, Արմինե Սարգսյանը սիրով ու հպարտությամբ է հիշում այդ շենքը և ցավ ապրում, որ իրենց դուրս գալուց հետո մինչ օրս շենքի դռները փակ են: «Մեր ճարտարապետական այդ գեղեցիկ կառույցը պետք է կենդանի, գործող օրգանիզմ լինի և ճարտարապետական համալիրում իր ուրույն տեղն ունենա,- կարծում է նա,-այսօր այդ շենքն իր տեսքը կորցրել է, այն չէ, ինչ 90-ականներին էր, քանի որ կողքի բարձրահարկները նրան ասես ճնշում են»:

Եվ իսկապես, Ամիրյան փողոցի ողջ երկայնքով այն միակ երկհարկանի շենքն է, որը վերջին տարիների անկանոն ու ոչ համահունչ կառուցապատման հետևանքով ասես կտրվել, առանձնացել է ընդհանուր համայնապատկերից՝ ինքն իր մեջ ամփոփվելով: Բայց անգամ այդ իրավիճակում այն շարունակում է պահպանել խրոխտ ու հպարտ կեցվածքը՝ հիացնելով անցորդներին իր ինքնատիպությամբ: Կառույցն Ամիրյան փողոցի կողմից երկհարկանի է, սակայն բակի կողմից ունի նաև եռահարկ մասնաշենք ու ընդարձակ բակ: Շենքի սեփականատերը բրիտանահայ գործարար, Անգլիայում հսկայական անշարժ գույքի սեփականատեր Վաչե Մանուկյանն է: Հիշեցնենք, որ նա 1996 թ. գնել էր նաև «Սևան» հյուրանոցը և թեև պարտավորվել էր 5 տարվա ընթացքում կառուցել, այդպես էլ գործն ավարտին չհասցրեց՝ ի վերջո հրաժարվելով շենքից: Եվ չնայած քաղաքային իշխանությունները երբեմն-երբեմն անդրադառնում են անբարեխիղճ վարձակալների ու սեփականատերերի նկատմամբ խիստ միջոցներ կիրառելու անհրաժեշտությանը` ընդհուպ վարձակալական պայմանագրերի խզում և այլն, բանավոր հայտարարություններն ու նախազգուշացումները որևէ արդյունք չեն տալիս: Նույնն է նաև Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքի դեպքում. 1996-97 թթ., երբ Վաչե Մանուկյանն այն գնեց, մեծ արագությամբ շենքն ազատեց՝ հանելով այնտեղից Երևանի պատմության թանգարանը, սակայն այդպես էլ շենքը չօգտագործեց ու դռները պինդ կողպելով՝ հեռացավ՝ հավանաբար իր լոնդոնյան միլիարդավոր շենքերի կողքին մոռանալով հայրենի այս գողտրիկ, պատմական կառույցը:

Սեփականատերը պարտավորություններ ունի, որոնք մինչ օրս պաշտոնապես վավերացված չեն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը մեզ հետ զրույցում մի ուշագրավ տեղեկություն հայտնեց: Պարզվում է՝ այդ շենքը խորհրդային ժամանակներում պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված չի եղել (ասում է՝ այն ժամանակ շատ քիչ քանակով շենք-շինություններ են ներառվել այդ ցանկում), և Վաչե Մանուկյանն այն գնել է ոչ իբրև հանրապետական նշանակության հուշարձան: Բնականաբար, նաև պահպանման պարտավորագիր չի կնքվել: Սակայն 2004 թ. շենքն ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նոր ցանկում՝ իբրև հանրապետական նշանակության հուշարձան: Հարց է առաջանում՝ փոխվե՞լ է արդյոք սեփականատիրոջ հետ առքուվաճառքի պայմանագիրը: Պարզվում է՝ ոչ: Ըստ Կարո Այվազյանի՝ հանրապետական նշանակության շենքերի դեպքում սեփականատերը պահպանման պարտավորագիր է կնքում ՀՀ մշակույթի նախարարության հետ, որպեսզի օրենքով սահմանված կարգով պահպանի հուշարձան շենքը:

2004 թվականից, երբ Հռիփսիմյան իգական վարժարանի շենքի կարգավիճակը փոխվել է՝ դառնալով հանրապետական նշանակության հուշարձան, անցել է 12 տարի, սակայն շենքի սեփականատիրոջ հետ պահպանման պարտավորագիր այդպես էլ չի կնքվել: Կարո Այվազյանը պարզաբանում է, որ Երևան քաղաքում հանրապետական նշանակության շուրջ 626 հուշարձան կա, որոնց գրեթե կեսը մասնավորեցված է, և շատ դժվար է իրենց ռեսուրսներով բոլորի հետ միանգամից պահպանման պարտավորագրեր կնքել: «10 հոգանոց առանձին խումբ է պետք, որ Երևանով շրջի և պահպանման պարտավորագրեր կնքի: Մեր տարածքային բաժնում ընդամենը 4 աշխատող կա, բայց մենք միայն այդ գործով չենք զբաղվում, բազմաթիվ այլ գործեր էլ ունենք: Բավականին երկար ժամանակ է պետք այդ հարցերը կարգավորելու համար. կամաց-կամաց անում ենք»:

Կարո Այվազյանն ասում է, որ կոնկրետ մեր նշած շենքի ճակատագրով ինքն անձամբ հետաքրքրված է, և տարեկան առնվազն 2 անգամ իրենք գնում, դրսից նայում են, թե ինչ վիճակ է. «Գոնե դրսից շենքի վիճակը վատ չէ, ամենակարևորը՝ տանիքը լավ վիճակում է, հուշարձանին դեռևս որևէ վտանգ չի սպառնում»,- հավաստիացնում է նա:

Այո, դեռ չի սպառնում…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր