2000 թ. «Ով ով է» (Who’s Who) հայտնի պարբերականն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին ընդգրկեց աշխարհի ամենահայտնի 100 մարդկանց ցուցակում: Իսկ այդ 100-ից 51-ին անմահացրել է Քարշը: Չերչիլ, Կաստրո, Խրուշչով, Քենեդի, Հեմինգուեյ, Յունգ, Մայր Թերեզա, Էյնշտեյն, Բերնարդ Շոու, Էլիզաբեթ Թեյլոր, Սոմերսեթ Մոեմ, Քրիստիան Դիոր, Դալի, Օդրի Հեպբյորն, Սոֆի Լորեն… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, իսկ նրանց բոլորին միավորում է մի բան` Քարշի ֆոտոխցիկը: Հայազգի հռչակավոր լուսանկարիչն անմահացրել է ժամանակի ամենահայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, դերասաններին, երգիչներին ու գիտնականներին:
Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Մարդինի գավառում: 1922 թ., երբ Յուսուֆը (իսկական անուն-ազգանունը՝ Հովսեփ Քարշյան) 14-ամյա պատանի էր, նրա ընտանիքն էլ շատերի պես ենթարկվում է հալածանքների ու բռնի տեղահանման: Քույրը սովից մահանում է: Նրա երկու հորեղբայրները ձերբակալվում ու սպանվում են: 1922 թ. Քարշի ընտանիքին վերջապես թույլ են տալիս դուրս գալ երկրից, և նրանք, առանց ունեցվածքը վերցնելու, մի կերպ հասնում են Սիրիա` Հալեպ: Ճանապարհորդության ընթացքում Յուսուֆը փորձում էր նկարել սպանված հայերի ոսկորները, այդ պատճառով նրան բռնում են: Հայրը, վերջին գրոշները տալով, մի կերպ կարողանում է որդուն ազատել: Մի խոսքով, նրա ընտանիքը մազապուրծ հասնում է Հալեպ ու կամաց-կամաց ոտքի կանգնում:
Յուսուֆի ծնողները որոշում են նրան ուղարկել Կանադա` քեռի Նաղաշի (լուսանկարիչ Ջորջ Նաքաշյան) մոտ: Ցեղասպանությունը վերապրած ընտանիքը որդու համար փորձում էր քիչ թե շատ անվտանգ ու հեռանկարային կյանք ապահովել` չկռահելով, որ մի օր նա դառնալու է Կանադայի և աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը: Յուսուֆ Քարշն ուսում է ստանում ու աշխատում Նաղաշ քեռու ստուդիայում, իսկ Նաղաշը, նկատելով տղայի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոստոն՝ սովորելու հայ անվանի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ։ Վերջինս իր ժամանակի մեծագույն լուսանկարիչներից էր և համարվում էր լուսանկարչության նորարար, իսկ նրա արվեստը կոչվում էր «գարոգրաֆիա»:
Չորս տարի Ջոն Գարոյի մոտ սովորելուց հետո Յուսուֆ Քարշը վերադառնում է Կանադա և ստեղծում իր անձնական ստուդիան Օտտավայի կենտրոնում: Շուտով նրա աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Սակայն Յուսուֆ Քարշին միջազգային հռչակ է բերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարը՝ 1941 թ. Օտտավա կատարած այցի ժամանակ։ Յուսուֆ Քարշն այդ լուսանկարի պատմության մասին գրել է. «Նա տրամադրված չէր լուսանկարվելու, և այն ամենը, ինչ նա կտրամադրեր ինձ, ընդամենը 2 րոպե էր Համայնքների պալատից նախասրահ անցնելիս: Երկու աղքատիկ րոպեներ՝ լուսանկարելու համար մի մարդու, որն աշխարհը պատել է իր փառքով, իսկ ինձ այս դեպքում` սարսափով: Չերչիլը մռայլ դեմքով շարժվեց դեպի իր սենյակ` իմ խցիկին վերաբերվելով այնպես, ինչպես կվերաբերվեր գերմանացի ոսոխին»: Քարշն ուզում էր ամրագրել Չերչիլի էությունը, որսալ հենց այն պահը, որը հնարավորինս ավելի խորը կբնութագրեր խարիզմատիկ գործչին: Բայց այդ պահին Չերչիլի սիգարը կարծես խանգարում էր, մինչդեռ հայտնի էր, որ սիգարները Չերչիլի կյանքի անբաժան ուղեկիցն են. նա օրական 15-20 սիգար էր ծխում: «Խլե՛ք ինձնից սիգարը, և ես ձեզ պատերազմ կհայտարարեմ»,- Չերչիլի այս հայտնի խոսքն անգամ չի կաշկանդում տաղանդավոր հայ լուսանկարչին: Նա կայծակնային արագությամբ մոտենում և «Ներողություն, պարո՛ն» ասելով` խլում է սիգարը նրա բերանից: Չերչիլի դեմքը միանգամից խոժոռվում է, նա գլուխը զայրացած առաջ է բերում` ձեռքը դնելով ազդրին, և հենց այդ պահին Քարշը նրան լուսանկարում է` ստեղծելով պատմության ամենահայտնի լուսանկարներից մեկը: Այո, սա հենց այն էր, ինչ ուզում էր ստանալ ֆոտոխցիկի անզուգական վարպետը: Իսկ Չերչիլը ոչ միայն իր սիգարը խլած հայ լուսանկարչին պատերազմ չի հայտարարում, այլև ասում է. «Դու կարող ես անգամ մռնչացող առյուծին ստիպել անշարժ կանգնել»: Քարշը լուսանկարը վերնագրում է «Մռնչացող առյուծը»: Ի դեպ, վերջերս Անգլիայի բանկը թողարկել է նոր հինգֆունտանոց պլաստիկ թղթադրամ, որի վրա պատկերված է Չերչիլի «Մռնչացող առյուծը» լուսանկարը:
Տարիներ անց Յուսուֆ Քարշը Չերչիլին կրկին լուսանկարում է, բայց արդեն ոչ թե խոժոռ դեմքով, այլ գեղեցիկ ժպիտով: Այս լուսանկարը ևս մեծ հաջողություն է ունենում: Ամերիկացի լրագրող Ջորջ Պերրին բրիտանական «Սանդեյ թայմզ» շաբաթաթերթում Յուսուֆ Քարշի մասին գրում է. «Երբ հռչակավոր մարդիկ որոշում են անմահանալ, դիմում են օտտավացի Քարշին»: Այո, նա իր կյանքի ընթացքում շուրջ 15 հազար անկրկնելի լուսանկար է ստեղծել` անմահացնելով դարի խոշորագույն դեմքերին: «Կա մի ակնթարթ, երբ մարդու ամբողջ միտքն ու հոգին արտացոլվում են նրա հայացքում, ձեռքերում, շարժումներում։ Հենց այդ ակնթարթն է, որ պիտի որսաս»,- ասել է Քարշը, որ իսկապես կարողանում էր որսալ պահը:
1967 թ. հրատարակած իր «Քարշ պորտֆոլիո» հուշագրության մեջ նա գրում է. «Ամեն տղամարդու և կնոջ մեջ մի գաղտնիք է թաքնված: Իմ՝ որպես լուսանկարչի պարտականությունն է հնարավորինս բացահայտել այդ գաղտնիքը»: XX դարի լեգենդներով շրջապատված լուսանկարիչը, սակայն, նշում է, որ ամենամեծ երջանկությունը «մեծ սրտի, մտքի և հոգու տեր մարդկանց լուսանկարելն էր, լինեին նրանք հռչակավոր թե համեստ անձնավորություն»:
1992-ին 83 տարեկան Քարշը հրատարակում է «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց և կանանց տանը» գիրքը, որը կազմվել է նրա նյույորքյան շրջագայությունից հետո: Իսկ Ֆրանսիա կատարած շրջագայության ժամանակ լուսանկարել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Ժորջ Պոմպիդուն, Ալբեր Քամյուն, Շառլ դը Գոլը և ուրիշներ:
«Լուսանկարչության ասպարեզի Ռեմբրանդտը», ինչպես նրան կոչում էին ժամանակակիցները, մահացել է 2002 թ., Բոստոնում, 93 տարեկան հասակում: Նա համարվում է XX դարի ամենահռչակավոր դիմալուսանկարիչներից մեկը։ Ինչպես նշել է Պետեր Պոլակն իր «Լուսանկարչական պատկերի պատմություն» գրքում՝ «Յուսուֆ Քարշն իր հզոր դիմանկարների միջոցով մարդու դեմքը դարձնում է լեգենդ»: Հենց այդ լեգենդի շնորհիվ էլ նա ինքը դարձել է լուսանկարչության լեգենդներից մեկը աշխարհում` համալրելով աշխարհահռչակ հայերի շարքը:
Ֆիդել Կաստրո
Ջոն Քենեդի
Օդրի Հեփբըրն
Էլիզաբեթ 2-րդ
Մայր Թերեզա
Դալի
Ժերար Դեպարտիե
Ալբերտ Էյնշտեյն