​«Չուզողների աչքը հանելով` պիտի մնամ էս երկրում». սիրիահայ արծաթագործ

31627_medium

Երբ Հայաստանում Քիմ Քարդաշյանին են նվիրում «Պռեգոմեշի» վզնոցը, որի վրա կախված էր սիրիահայ արծաթագործ Գևորգ (Ջորջ) Դոշողլանյանի պատրաստած յուրօրինակ կախազարդը՝ հայերեն «Քե» տառի փորագրությամբ, աշխարհահռչակ աստղը չի կարողանում զսպել հիացմունքն ու բացականչում է. «Աստվա՜ծ իմ, ինչ գեղեցիկ է»: Արծաթագործը հպարտ է, որ իր աշխատանքը կրում է աշխարհի ամենահայտնի հայուհին: Իսկ System of a down խմբի տղաների համար պատրաստած ապարանջանները, որոնց վրա փորագրված էր «1915», նրա համար ոչ միայն հպարտություն է, այլև երախտիքի խոսք խմբի տղաներին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կատարած անգնահատելի աշխատանքի համար:

2012 թ. սիրիական ճգնաժամի հետևանքով տեղափոխվելով Հայաստան` հալեպցի հայտնի արծաթագործ Ջորջը մի բան է ուզում` հայրենիքում էլ ամրապնդել ու տարածել իր՝ որպես արծաթի յուրօրինակ վարպետի համբավը: Սիրիայում նա առաջինն էր, որ ստեղծեց ավտոմեքենաների ֆիրմային նշանների արծաթյա հավաքածու, որը վարորդները փակցնում էին ավտոմեքենաների բանալիներին: Այդ աշխատանքները Սիրիայում մեծ պահանջարկ ու սեր էին վայելում: Մի ծրագիր էլ ուներ` ստեղծել ավտոմեքենաների արծաթյա մինի մոդելների հավաքածու: Ցավոք, չհասցրեց. նախ մեծ գումար պիտի ներդներ, հետո էլ սկսվեց սիրիական պատերազմը` փոշիացնելով բոլոր երազանքներն ու ծրագրերը: Սակայն Ջորջը հույս ունի, որ այդ հավաքածուն մի օր ստեղծելու է Հայաստանում: «Ես իմ մատնահետքերը Սիրիայում թողել եմ և մինչ օրս էլ դրանով հպարտ եմ: Ինձ համար մեծ հպարտություն է, երբ մարդիկ ասում են` Ջորջի աշխատանքներն ուրիշ են: Ինձ դա է երջանկություն պարգևում, իսկ մնացածը երկրորդական է»,- ասում է Ջորջը:

Սիրիայում արծաթագործությամբ մեծ գումարներ վաստակող և այդ գումարները շռայլորեն ծախսող երիտասարդ արծաթագործը չէր էլ կարողԳևորգ (Ջորջ) Դոշողլանյան պատկերացնել, որ մի օր սկսելու է հաշվել աշխատած գումարն ու ապրել խնայողություններով: Այո, սա արդեն Հայաստանն է, որտեղ դրամ աշխատելն այնքան էլ հեշտ գործ չէ, մանավանդ երբ սկսում ես զրոյից: Եթե իմանար, որ կյանքը 180 աստիճանով փոխվելու է, գոնե ժամանակին գումար կխնայեր, որպեսզի այսօր ավելի հեշտ լիներ ամեն ինչ նորից սկսելը: Բայց Ջորջը նեղսրտում է ոչ թե դրանից, այլ շուրջը տիրող անարդարություններից, որոնց առնչվում է գրեթե ամեն օր:

Հիշում է՝ երբ 2006 թ. առաջին անգամ ոտք դրեց Հայաստան, պարզապես սիրահարվեց այս երկրին: Ասում է, որ սփյուռքում ապրողների համար հայրենիքն ու Մասիս սարը երազանք են, և դա տեսնելն ու զգալը` անբացատրելի զգացողություն, հրաշք: Սակայն այդ ժամանակ նա Հայաստանը լրիվ այլ աչքերով էր տեսնում: Հիմա, երբ արդեն ապրում ու աշխատում է այստեղ, սեփական մաշկի վրա է զգում նաև երկրի խնդիրները: Ցավ է ապրում, երբ տեսնում է, որ իշխանավորները մի բան են հայտարարում, բայց լրիվ այլ բան անում: Օրինակ, հենց իրենց` սիրիահայերի օգնության ծրագրերը: Ասում է` ամեն տեղ իր անունը գրված է, բայց դեռ ոչ մի անգամ օժանդակություն չի ստացել: Բիզնեսի զարգացման ծրագրեր կան, բավականին լավ պայմաններով վարկեր են տալիս, որպեսզի սիրիահայ ձեռներեցները կարողանան գործ սկսել, բայց հանկարծ պարզում է, որ այդ գումարները տրամադրվել են մարդկանց, որոնք ամենևին էլ այդ վարկի կարիքը չունեն, իսկ փոխարենը ինքը մնացել է ձեռնունայն: Ջորջն ուզում է բարձրաձայնել այս խնդիրների մասին, որպեսզի գոնե մյուսների դեպքում դրանք չկրկնվեն: «Չգիտեմ, երևի մարդկային նախանձ է, ինձ ոչ ոք չի ուզեցել օգնել, իսկ ես Սիրիայից դատարկաձեռն գալով` ինչով որ կարողացել եմ, բոլորին օգնել եմ: Բայց ես մուրացկան չեմ, ես արվեստագետ մարդ եմ, հպարտ մարդ եմ ու իմ եղունգներովս իմ արյունը քամելով, բոլորի աչքը հանելով` պիտի մնամ էս երկրում ու փոխեմ: Ես փոխող մարդ եմ»:

Ոսկու շուկայի ձեղնահարկում գտնվող փոքրիկ, ոչ բարենպաստ պայմաններով արհեստանոցում սիրիահայ արծաթագործը ստեղծում է ուրույն զարդեր. մի մասը` մասնավոր պատվերներով, մյուս մասը` վերնիսաժում վաճառվելու համար: Դրանցից յուրաքանչյուրի վրա նա մեծ ջանք է թափում, որպեսզի թողնի, ինչպես ինքն է ասում, Ջորջի մատնահետքը: Այո, անարդարություն շատ կա, բայց ինչպես տեսնում ենք, Ջորջը հանձնվողներից չէ, նա շարունակելու է անքուն գիշերներ անցկացնել, որ ոտքի կանգնի ու իր արժանի տեղը զբաղեցնի այս երկրում: Չնայած դժվարություններին, մտածելակերպի տարբերություններին ու ամեն քայլի հանդիպող անարդարություններին` սիրիահայ արծաթագործը սիրում է իր հայրենիքն ու ամեն առավոտ լուսանկարում իր պատշգամբից երևացող Արարատը: «Ինձ շատ բան է ասում իմ հողը: Ես Հայաստան գալուց հետո շատ եմ փոխվել: Կյանքին լրիվ նորովի եմ սկսել նայել: Էս հողն ինձ շատ բան է ասել, ու հիմա ես արար աշխարհին կարող եմ հայտարարել, որ Հայաստանի հողն արվեստի հող է: Փշաքաղվելով ես դա զգում եմ: Իսկ դժվարություններից ուժեղ մարդն ավելի է ուժեղանում, ոչ թե փախչում է երկրից»:

saa

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր