Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ. ի՞նչ հանճարեղ ստեղծագործություն է «թաքնված» այս պատմական կառույցում

fil-0

Երբ զբոսաշրջիկներն ու հյուրերը Հանրապետության հրապարակից քայլում են դեպի Աբովյան փողոց, աջ թևի վրա հիացմունքով դիտում են սև և կարմիր տուֆերի համադրությամբ և յուրօրինակ ճարտարապետական ոճով կառուցված պատմական այս շենքը, որտեղ տեղակայված է Առնո Բաբաջանյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Շենքը կառուցվել է 1900 թվականի սկզբին և նախատեսված է եղել արական գիմնազիայի համար: 1800-ականների վերջերին Երևանում գործում էին մեծ թվով դպրոցներ ու գիմնազիաներ, որոնք իրենց բարձր մակարդակով ապշեցնում էին անգամ օտարերկրացիներին: Հայտնի ճանապարհորդ-աշխարհագրագետ, քաղաքական գործիչ, բրիտանական պառլամենտի ու Արքայական աշխարհագրական ընկերության անդամ, իռլանդացի հայագետ Հենրի Ֆ. Բ. Լինչն իր «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան» աշխատություններում ներկայացնելով հայ ժողովրդի բազմադարյան պատմությունն ու մշակույթը, ճարտարապետությունը, անդրադարձել է նաև լիովին կազմակերպված դպրոցական համակարգին. «Երիտասարդությանն այստեղ կրթում են ամենաուսյալ ու կիրթ հայրենակիցները, որոնք իրենց հերթին ուսանել են Եվրոպայում, Գերմանիայում և ունեն կրթական ավելի բարձր մակարդակ, քան պահանջվում է»:

Եվ ահա 1890-ականների սկզբին Երևանում մի նոր, ավելի ժամանակակից պայմաններով գիմնազիայի կառուցման անհրաժեշտություն է առաջանում՝ նախատեսված 720 աշակերտի և պանսիոն` 78 մարդու համար: Նախատեսվում էր շենքում տեղակայել մեծ թվով ընդարձակ ուսումնական ու բնակության համար նախատեսված տարածքներ, բաղնիք, լվացքատուն, հիվանդանոց, խոհանոց, ճաշարան, գրադարան, հանդիսասրահ: Շենքի շինարարության ավարտը համընկնում է Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին տարիների հետ: Շքեղ ու բոլոր ժամանակակից պայմաններով հագեցած ուսումնական հաստատությունը պատրաստ էր, սակայն այն այդպես էլ իր նպատակին չի ծառայում: Խորհրդային իշխանությունները ժողովրդին կրթելու այլ ծրագրեր ունեին: Իսկ շքեղ շենքը վերածվում է Կուլտուրայի տան, ապա Հայաստանի պատմության թանգարանի, հետո դառնում Մատենադարան, հատկացվում պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետին և, ի վերջո, այնտեղ է տեղակայվում Հայաստանի փոքր ֆիլհարմոնիան, քանի որ շենքն ուներ հրաշալի ակուստիկ հնարավորություններ, շքեղ ինտերիեր ու ճեմասրահներ:

Ցավոք, այդ տարիներին անհետանում են շենքի հոյակապ ջահերը, լուսամփոփները, հայելիներն ու կահույքը: 1921 թվականին կառավարության որոշմամբ շենքը սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն, հետո՝ հանրային գրադարան, Հայաստանի գրողների տուն: 1932 թ. Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիայի հիմնադրումից հետո որպես ‎ֆիլհարմոնիկ դահլիճ: 1956 թվականից հանդես է գալիս որպես ֆիլհարմոնիկ փոքր դահլիճ: 2005 թվականից դահլիճը կրում է հայ մեծ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, խոսելով այս եզակի կառույցի մասին, պատմում է, որ Էրիվանի Դուման դեռևս 1879 թվականին էր որոշում կայացրել Աստաֆյան և հարակից փողոցների հատման կետում արական գիմնազիա կառուցել` իբրև Էրիվանի նահանգի կարևորագույն ուսումնական հաստատություն: «Այն նախատեսված է եղել 700 աշակերտի համար, որը ոչ միայն նահանգի, այլև կայսրության ամենամեծ գիմնազիաներից մեկը պետք է լիներ, սակայն մի շարք որոշումներից հետո, որոնք առնչվում էին շենքի հողահատկացմանը և ֆինանսավորմանը, շենքի կառուցումը ձգվեց տասնամյակներ: Փոխվեցին նախագծեր և ճարտարապետներ` Վասիլև, Սիմոնսոն, Ֆոն դեռ Նոննե: Վերջինս նախագծել էր շենքի ճակատային հատվածը: Ի վերջո, ժամանակի նշանավոր ճարտարապետ Վասիլի Միրզոյանին հանձնարարվեց շենքի կառուցումը»:

Վասիլի Միրզոյանի նախագծած շինությունը դառնում է Երևանի կենտրոնական՝ Աստաֆյան փողոցի ամենայուրօրինակ ու գեղեցիկ կառույցներից մեկը: Միրզոյանի նախագծերով են կառուցվել նաև Երևանյան մի շարք այլ շինություններ` Արքունական պալատի և նահանգական գանձարանի շենքերը, Նիկոլաևյան ռուսական եկեղեցին և մի շարք շքեղ առանձնատներ: Փաստաթղթերի վկայությամբ՝ արական գիմնազիայի շենքը կառուցվել է պետական միջոցներով, սակայն տեղեկություններ կան, որ այն ֆինանսավորել են ժամանակի խոշոր հայ բարերարները՝ Ալեքսանդր Մանթաշյանը և ուրիշներ: Համենայն դեպս, պատմական արխիվներում դրա մասին տեղեկություններ չկան:

Image result for «Առնո Բաբաջանյան» համերգասրահԸստ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Գասպարյանի, 20-ականների շենքի առաջին վերանորոգմանը մասնակցել է նաև Ալեքսանդր Թամանյանը: Այնուհետ շենքը վերանորոգվել է 1953, 1961, 1977 թվականներին (ճարտարապետներ Գրիգորյան, Սրապյան): Շենքի նախնական տեսքից պահպանվել է դեպի Աբովյան փողոց ուղղորդված ճակատային մասը` սև և կարմիր տուֆերի համադրությամբ, յուրօրինակ զարդանախշերով և քանդակներով: Մեծածավալ շենքի մնացած մասերը երեսապատվել են, վերակառուցվել: Աջ կողմում այժմ գործում է Հայաստանի պետական պատկերասրահը, Պատմության, Արվեստի և գրականության թանգարանները:

Այս շենքում տեղի են ունեցել նաև կարևոր պատմամշակութային իրադարձություններ: Օրինակ՝ 1920 թվականին այստեղ տոնվել է Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ տարեդարձը: 1926-28 թթ. այստեղ հեղինակային համերգներով ելույթ է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանը: 1936-ին այս շենքից են դուրս բերել Կոմիտասի աճյունը և այլն:

Այսօր շենքի առաջին հարկում ճեմասրահն է, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատողների առանձնասենյակները։ Երկրորդ հարկում տեղավորված են երկու մեծ ճեմասրահներ, 300 տեղանոց շքեղ դահլիճ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքերով։ Շենքի ներսում՝ աստիճանավանդակների մոտ է գտնվում նաև կառույցի ամենաարժեքավոր կոթողներից մեկը՝ Մարտիրոս Սարյանի 1965 թվականին հեղինակած «Հայաստան» վիտրաժը: Երբ աստիճաններով բարձրանում ես դեպի երկրորդ հարկ, որտեղ համերգային դահլիճն է, բացվում է մի կախարդական պատկեր՝ Հայաստան աշխարհը՝ Սարյանի անզուգական գույներով: Այդ վիտրաժն իսկապես շենքի ամենագեղեցիկ ու աչք շոյող հատվածներից է, այն անձամբ է մեծ վարպետը պատրաստել, ամենայն բծախնդրությամբ:

2015 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում այդ հրաշալի ստեղծագործությունն արժևորելու, առավել հանրաճանաչ դարձնելու և հանդիսատեսի հետաքրքրասիրությունը բավարարելու նպատակով մեծ շուքով տեղադրվել է տեղեկատվական վահանակ: Կոմպոզիտոր, 1964-66 թթ. ֆիլհարմոնիայի տնօրեն Վլադիլեն Բալյանը, ներկայացնելով վիտրաժի ստեղծման պատմությունը, հիշում է, որ երբ Սարյանին պատվիրել են այդ աշխատանքը, բոլորը կարծել են, թե նա կհրաժարվի, քանի որ խիստ զբաղված է. «Ի զարմանս բոլորի՝ նա մի կողմ դրեց բոլոր գործերը և սկսեց աշխատել,- պատմում է նա,- ես էլ մտածում էի, որ նա ընդամենը էսքիզը կանի, հետո կտա Սիրամյանին, որ շարունակի: Ի˜նչ տեսնեմ. այդ մեծ նկարիչը կռացած աշխատում էր վիտրաժի պատրաստի էսքիզների վրա: Ասաց՝ պիտի գամ փոքր դահլիճ՝ չափսերը տեսնեմ: Վարպետը եկավ, չափսերը տեսավ՝ 4.5 երկարություն, 1.80 երկարություն, 3 այդպիսի պատուհան. ու անցավ աշխատանքի: Վիտրաժը պատրաստվեց, Մարտիրոս Սերգեյիչն այն անվանեց «Հայաստան», և 1966 թվականին եղավ բացումը»:

Վլադիլեն Բալյանը շատ է ուզում, որ այս աշխատանքն ըստ արժանվույն գնահատվի ու տարածվի ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այն իր տեսակի մեջ եզակի է և հանճարեղ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի կոթողն է: Քանդակագործ Տարիել Հակոբյանն էլ հպարտությամբ է հիշում, որ իրեն 49 տարի առաջ բախտ է վիճակվել ներկա գտնվել այդ անկրկնելի ստեղծագործության բացմանը:

Եվ այսպես, կարող ենք փաստել, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքը մեր երկրի պատմամշակութային բարձրարժեք կոթողներից մեկն է, ամենակարևորը՝ այն այսօր էլ մշակութային ռիթմի մեջ է, ապրում է ու շնչում՝ պահպանելով իր հմայքն ու առաքելությունը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր