​ԱՕԿՍ-ի շենք. Երևանի ամենագեղեցիկ ու ամենասկանդալային կառույցներից մեկը

32751_large

ԱՕԿՍ-ի շենք. Աբովյան (նախկինում՝ Աստաֆյան) 3 հասցեում գտնվող այս եզակի ճարտարապետական կառույցը հին Երևանի ամենաուշագրավ շինություններից է: Շենքը նախագծվել է 1914 թ., կառուցվել` 1915-ին: Ճարտարապետը Բորիս Մեհրաբյանն է, իսկ պատվիրատուն` բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը: ԱՕԿՍ-ի շենքը կառուցված է երևանյան սրբատաշ սև տուֆից: Պատշգամբները քարից են, բակի կողմինները` փայտից: Այն Երևանի XX դարասկզբի ճարտարապետության ամենաարժեքավոր հուշարձանններից է, իր ժամանակի ամենայուրօրինակ կառույցներից, որն իր հմայքը պահպանել է մինչ օրս՝ ընդգրկվելով հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: Իսկ թե ինչու այն անվանվեց ԱՕԿՍ-ի շենք ու մինչ օրս պահպանեց այդ անունը, կպատմենք ստորև:

Անվանի հայ բժշկի կառուցած լավագույն հիվանդանոցը

Картинки по запросу ԱՕԿՍ-ի շենքԱհա թե ինչ հետաքրքիր փաստեր է ներկայացնում Հովհաննես Հովհաննիսյանի մասին բժիշկ-հոգեբույժ, հավաքորդ Հարություն Մինասյանը: «Հովհաննես Հովհաննիսյանը ժամանակի ամենաանվանի բժիշկներից է եղել: Կրթություն է ստացել Խարկովի և Մոսկվայի համալսարաններում, այնուհետև վերապատրաստվել Վիեննայում, Բեռլինում, Փարիզում, Մոսկվայում: 1891-ից որպես բժիշկ աշխատել է Մոսկվայի նահանգում: 1895 թ. Երևանի քաղաքային վարչության հրավերով վերադարձել է հայրենիք և մինչև 1907 թ. աշխատել որպես քաղաքային հիվանդանոցի տնօրեն: Եղել է նաև Հայկական բարեգործական հիվանդանոցի տնօրենը, Քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժնի վարիչը, Երևանի սբ. Հռիփսիմե իգական գիմնազիայի բժիշկը, Երևանի բժշկական միության նախագահության անդամ, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր, Կովկասի հայկական բարեգործական միության Երևանի բաժանմունքի նախագահը: Հեղինակել է գիտական աշխատություններ և զեկուցումներ, եղել ակտիվ հասարակական գործիչ: 1911 թ. պետական աշխատանքը թողնելուց հետո Երևանի կենտրոնում վարձակալել է մի սեփական տուն և բացել քաղաքի առաջին՝ 10 մահճակալ ունեցող մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը՝ կից ամբուլատորիայով: 1914 թ. նրա շքեղ սեփական տունը (ԱՕԿՍ-ի շենքը) նախագծել և մեկ տարվա ընթացքում կառուցել է ճարտարապետ Բ. Մեհրաբյանը: 1915 թ. բժիշկն իր մասնավոր հիվանդանոցը տեղափոխել է իր նորակառույց երկհարկանի շենքի առաջին հարկ, իսկ երկրորդում բնակվել է ինքը՝ ամուրի բժիշկը»:

Հարություն Մինասյանը նաև ասում է, որ 1915-23 թթ. այդ հիվանդանոցը եղել է Երևանի՝ այդ տարիների համար ամենաշքեղ կահավորված,Картинки по запросу ԱՕԿՍ-ի շենք հրաշալի հագեցված առաջին մասնավոր հիվանդանոցը, ունեցել է վիրաբուժական և ակնաբուժական բաժանմունքներ և իր կահավորանքով ու հարդարանքով, բժշկական սարքավորումներով, հիվանդներին ցույց տրվող բուժումով, խնամքով ու սնունդով համարվել է Հայաստանի թիվ մեկ բուժհաստատությունը, որը որակյալ բժշկական ծառայություններ է մատուցել ոչ միայն մեր համաքաղաքացիներին, այլև հարևան շրջանների բնակիչներին:

Ցավոք, շենքը 1923 թ. բռնագրավվել է Հայաստանի բոլշևիկյան կառավարության կողմից: Բժիշկ Հ. Հովհաննիսյանը մահացել է 1935 թ. Երևանում, իսկ նրա կառուցած շենքում 1923-44 թթ. տեղակայվել է Հայաստանում առաջին Տրոպիկական ինստիտուտը կամ ինչպես ժողովուրդն էր անվանում՝ Մալարիայի հիվանդանոցը, որտեղ շուրջ 20 տարի աշխատել են հայ բժշկության բազմաթիվ երախտավորներ, և որը մեծ դեր է կատարել հանրապետությունում մալարիայի և այլ տրոպիկական հիվանդությունների վերացման գործում:

Շենքն՝ իբրև ԱՕԿՍ-ի կենտրոնական գրասենյակ

1944 թ. շենքը հանձնվել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերությանը (Армянское общество культурных связей с зарубежными странами (АОКС): Կազմակերպության նպատակն էր զարգացնել ու ամրապնդել ՀՍՍՀ աշխատավորության և արտասահմանյան երկրների ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխըմբռնումը: Շենքում գործել է նաև ՀՍՍՀ արտաքին գործերի մինիստրությունը: ԱՕԿՍ-ը գործում էր պետական-հասարակական հիմունքներով: Այն, կարելի է ասել, հասարակական կազմակերպություն էր՝ պետության հովանու ներքո: Խորհրդային տարիներին արտասահման մեկնելը, արտասահմանից հյուրեր ընդունելը կամ արտասահմանյան կազմակերպությունների հետ կապեր հաստատելը լուրջ խնդիր էր, և ԱՕԿՍ-ն այն եզակի հնարավորություններից էր, որի միջոցով անվանի հայերը մեկնում էին արտերկիր, կամ մեր պետությունը կարողանում էր ընդունել անվանի մարդկանց: ԱՕԿՍ-ում ժամանակին գործել են 28 երկրների հետ բարեկամության ընկերություններ, և այդ ընկերություններում հասարակական հիմունքներով աշխատել է շուրջ 2650 մարդ: Ամբողջ աշխարհից ԱՕԿՍ-ի միջոցով Հայաստան էին ժամանում տարբեր կոլեկտիվներ, նկարիչներ, գրողներ, քաղաքական գործիչներ:

1990 թվականին ԱՕԿՍ-ի շենքը վերանորոգվում էր, որի ժամանակ գողանում են Հովհաննես Այվազովսկու«Буря у скалистого берега» նկարը, որը 1957 թ. ԱՕԿՍ-ին էր նվիրել Ֆրանսիայի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունը: Երկար տարիներ նկարի որոնումները շարունակվում են, և ահա 2011 թ. հայտնի է դառնում, որ այն վաճառքի պետք է հանվի Մոսկվայի «Գելիոս» աճուրդային տանը: Նկարի սեփականատերը ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Հովհաննես Օհանյանն էր, որը, տեղեկանալով նկարի ճակատագրի մասին, անմիջապես որոշում է այն հանել աճուրդից և վերադարձնել Հայաստանին: Նույն տարվա ամռանը Օհանյանը կտավը բերում է Երևան ու հանձնում Հայաստանի ազգային պատկերասրահին:

Ահազանգ. ԱՕԿՍ-ի շենքը քանդում են

2012 թ. մայիսի սկզբին ահազանգ հնչեց, թե փորձ է արվում քանդել ԱՕԿՍ-ի շենքը: Մի խումբ ցուցարարներ, հավաքվելով շենքի մոտ, պահանջում էին դադարեցնել շենքի քանդման աշխատանքները: Ավելի ուշ ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարությունը հերքեց շենքը քանդելու մասին լուրերը: Պարզվեց՝ շենքը ոչ թե քանդում են, այլ վերականգնում Լալայանց փողոցի կորցրած հատվածը:

Սենսացիոն բացահայտում շենքի սեփականաշնորհման և սեփականատերերի մասին

2015 թ. «Հետք» պարբերականը սկանդալային բացահայտում արեց՝ գրելով, որ ԱՕԿՍ-ի շենքը դեռևս 2001 թ. սեփականաշնորհվել է և պատկանում է ԱՕԿՍ-ի նախագահ Արմեն Սմբատյանին և Մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին: Պարզվել է, որ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքը պետական սեփականություն չէ, և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից պահպանություն չի իրականացվում: Երբ պարբերականը հարցում է արել պատկան մարմիններին՝ պարզելու շենքի կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ, տեղեկացել է, որ շենքի 255.01 քմ մակերեսով նկուղային տարածքը («Թիֆլիս» սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996 թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը: Վերջինիս սեփականության իրավունքը 18.04.2003 թ. ստացել է իրավունքի պետական գրանցում: Ներկայումս այն սեփականության իրավունքով գրանցված է «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ: Արմեն Սմբատյանը և Հասմիկ Պողոսյանը ԱՕԿՍ-ի՝ նախկին Լալայանց փողոցին հարող տարածքից 529.29 քմ մակերեսով հատվածը օտարել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Այս ընկերության սեփականատերը էլիտար շինարարությամբ զբաղվող Սամվել Մայրապետյանն է: Այդ գործարքից նրանք հսկայական գումարներ են աշխատել:

2005 թ. հիմնվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ն, հիմնադիրները Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանն են։ Այդ ժամանակ Սմբատյանը եղել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, 1997-ից եղել է նաև ԱՕԿՍ-ի նախագահը, իսկ Հասմիկ Պողոսյանը եղել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության (ԱՕԿՍ) խորհրդի նախագահը։ 2011թ. նույն ՀԿ-ն հիմնադրել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն՝ 50 հազար դրամ կապիտալով։ «Թիֆլիս» ՍՊԸ-ն նույնպես գտնվում է Աբովյան 3 հասցեում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ. ապրիլի 30-ին։ Ընկերության գրանցումից 8 օր հետո (08.05.1996 թ.) Երևան քաղաքի Աբովյան փող. №3 հասցեում գտնվող շենքի 255.01 քմ մակերեսով նկուղային տարածքը («Թիֆլիս» սրճարան) ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից 08.05.1996 թ. կնքված սեփականաշնորհման պայմանագրով օտարվել է «Թիֆլիս» ՍՊ ընկերությանը:

ԱՕԿՍ-ն՝ այսօր

ԱՕԿՍ-ը գործում է նաև այսօր, սակայն արդեն մեկուկես տարի է՝ ԱՕԿՍ-ի աշխատակիցները տեղափոխվել են այլ հասցե: Շենքի առաջին Картинки по запросу ԱՕԿՍ-ի շենքհարկում և տանիքում, ինչպես նաև շենքի դիմաց գործում է «Բլեք Բերրի» սրճարանը, իսկ երկրորդ հարկում, որտեղ տեղակայված է ԱՕԿՍ-ի գրասենյակը, վերանորոգման աշխատանքներ են ընթանումւ: ԱՕԿՍ-ի պատասխանատու քարտուղար Աննա Էգիբյանի խոսքով՝ այսօր էլ իրենք բավականին ակտիվ են և զանազան մշակութային, գիտական միջոցառումներ են կազմակերպում, բայց այն հանգամանքը, որ այլ հասցեում են, որտեղ չկա դահլիճ, ընդարձակ սրահ և այն պայմանները, ինչ ԱԿՕՍ-ի շենքում, ազդում է միջոցառումների վրա: Հարցին, թե որքան կտևի վերանորոգումը և երբ իրենք կկարողանան վերադառնալ, Աննա Էգիբյանը հստակ ժամկետ չկարողացավ նշել, միայն հույս հայտնեց, որ 2017 թվականը հնարավորություն կունենան նշելու իրենց սիրելի շենքում՝ ինչպես ավանդաբար: Աննա Էգիբյանը չցանկացավ մեկնաբանել շենքի սեփականաշնորհման մասին մամուլի բացահայտումները՝ նշելով, որ եթե անգամ այն սեփականաշնորհվել է, ապա ավելի լավ է՝ սեփականատերը լինի ԱՕԿՍ-ի նախագահ Արմեն Սմբատյանը, քան մեկ ուրիշը, քանի որ Սմբատյանը գոնե տարածքը բիզնես կենտրոնի չի վերածի, այլ կպահպանի որպես ԱՕԿՍ-ի շենք:

Картинки по запросу ԱՕԿՍ-ի շենքԲժիշկ-հոգեբույժ Հովհաննես Մինասյանն էլ կարծում է, որ այդ շենքը պետք է դառնա բժշկության թանգարան, քանի որ այն ի սկզբանե կառուցվել է բժշկական նպատակներով, պատկանել է բժշկի, այն խլել են բոլշևիկները: «Հիմա, երբ մենք ունենք սփյուռքի նախարարություն, արտգործնախարարություն, ԱՕԿՍ-ի դերն ինքնըստինքյան վերանում է, մանավանդ որ մենք այսօր չունենք հայ բժշկության թանգարան, ինչն ամբողջ աշխարհն ունի: Այնպես որ այդ շենքը կարող են տրամադրել բժշկության թանգարանին, ավելին, այդ շենքը պարտավոր են վերադարձնել բժշկությանը, որովհետև խլել են բժշկից»,- ասում է Հարություն Մինասյանը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր