​Բաղրամյան պողոտայի ամենանրբագեղ ու ամենաերաժշտական առանձնատունը

Հայկանուշ Դանիելյանի տուն

Բաղրամյան 8 հասցեում մի գողտրիկ առանձնատուն կա: Դա, թերևս, այս գերակտիվ փողոցի միակ միհարկանի կառույցն է, որն իր համեստ նրբագեղությամբ առանձնանում է տարածքում: Առանձնատան նախադռան մոտ հուշատախտակ է փակցված, որի վրա կարդում ենք. «Այս տանը 1947-1958 թթ. ապրել է ՍՍՀՄ ժողովրդական դերասանուհի-երգչուհի Հայկանուշ Դանիելյանը»:

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե տունը դատարկ է, մարդ չի ապրում, չնայած՝ ճաղավանդակից այն կողմ երևում է փոքրիկ խնամված այգին` ծաղիկներով ու ծառերով: Դռան զանգը սեղմում եմ կասկածանքով, բայց հուրախություն ինձ շքամուտքը բացվում է, դուրս է գալիս տանտիկինը: Աննա Խաչատրյանն է` Հայկանուշ Դանիելյանի թոռը, որը ծննդյան օրվանից ապրում է այս տանը:

Հայկանուշ Դանիելյան. անզուգական հայ երգչուհին

Մինչ առանձնատան պատմությանն անդրադառնալը, ճիշտ կլինի մի քանի խոսքով ներկայացնել Հայկանուշ Դանիելյանին, որի անունը երիտասարդ սերնդին գուցե այնքան էլ ծանոթ չլինի, սակայն Հայկանուշ Դանիելյանը ժամանակի ամենաազդեցիկ կանանցից մեկն էր ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ-ում: Ծնվել է 1893 թ., Թիֆլիսում: Նա հայ դասական երգարվեստի վարպետ է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և հայ երգիչներից առաջինն է, որ 1939 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 1912-ին գործարար-բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ տաղանդավոր աղջնակը մեկնում է Պետերբուրգ և ընդունվում կոնսերվատորիա` ուսանելով հայտնի պրոֆեսոր Ն. Իրեցկայայի դասարանում: Ուսումնական հաստատության ռեկտոր, հանրաճանաչ կոմպոզիտոր Գլազունովը Հայկանուշ Դանիելյանի մասին ասում է. «Կոնսերվատորիայի 50 տարիների պատմության մեջ նա միակն ուսանողուհին է, որը վերցրեց այն ամենը, ինչ կարող էր տալ կոնսերվատորիան»:

1920 թ. նա ավարտում է կոնսերվատորիան և մինչև 1932 թ. երգում է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում, ապա տեղափոխվում հայրենիք: Շուրջ 10 տարի Հայկանուշ Դանիելյանը Շարա Տալյանի հետ մասնակցում է Լենինականում նրա գլխավորած օպերային-օպերետային խմբի ներկայացումներին: 1933-ին, երբ Երևանում բացվում է օպերային թատրոնը, Հայկանուշ Դանիելյանը, ջանք ու եռանդ չխնայելով, նվիրվում է օպերային թատրոնի կայացմանը: Հենց նա էլ կատարում է առաջին անգամ բեմադրվող ներկայացումների գլխավոր դերերը` Անուշ, Մարգարիտա, Օլիմպիա, Դեզդեմոնա և այլն:

Ի դեպ, Հայկանուշ Դանիելյանը Մարիտիրոս Սարյանի և այլ նշանավոր արվեստագետների հետ եղել է ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ, և ինչպես թոռն է պատմում, շատ հարցեր է կարողացել լուծել: Նա նաև իր հայրենակիցներից շատերի կյանքն է փրկել ստալինյան բռնաճնշումների ժամանակ: Բայց վերջերս երգչուհու ժառանգները պարզել են, որ ստալինյան վերջին սև ցուցակներում նրա անունը նույնպես ընդգրկված է եղել:

Ինչպես են տունը նվիրում երգչուհուն

Երբ Հայկանուշ Դանիելյանը տեղափոխվում է Հայաստան, նրան երկսենյականոց փոքրիկ բնակարան են հատկացնում Աբովյան փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկում: Հայրենական մեծ պատերազմից հետո Երևանում նոր թափ էր առնում քաղաքաշինությունը: Գերմանացի գերիների ուժերով կառուցվում էին շենք- շինություններ: Այդպիսի մի գեղեցիկ առանձնատուն էլ ճարտարապետ Պ. Մսրյանի նախագծով կառուցվում է ներկայիս Բաղրամյան 8 հասցեում, որն այն ժամանակ համարվում էր ծայրամաս, քանի որ քաղաքն այդ հատվածում ավարտվում էր այգիներով: Հայկանուշ Դանիելյանին ուղեկցում են, որպեսզի մի քանի տուն տեսնի և իր հավանածն ընտրի: Առաջինը ցույց են տալիս հենց այս առանձնատունը, և երգչուհին շատ է հավանում: Երբ նրան առաջարկում են ևս մի քանիսը տեսնել, հետո միայն որոշում կայացնել, նա անհարմար է զգում, քանի որ ընդարձակ առանձնատունը երկսենյականոց բնակարանից հետո բավականին հարմարավետ ու շքեղ էր: Չնայած դրան՝ ներկայացումների ավարտից հետո նա Օպերայից վախով էր հասնում տուն, քանի որ շուրջն ամայի էր ու մութ:

Երգչուհու թոռը` Աննան, որ դաշնակահարուհի է, ինձ նախ ուղեկցում է տատի աշխատասենյակ: «Այս տանն ամեն ինչ ապրում ու շնչում է իրենով,- ասում է Աննան` ցույց տալով տատի անձնական իրերը, լուսանկարներն ու գրքերը, անվանի կոմպոզիտորների հուշանվեր-նոտատետրերը` մակագրություններով:- Օրինակ՝ սա Մարիամ Թումանյանին Կոմիտաս վարդապետի նվիրած նոտատետրն է, որը հետագայում իշխանուհին նվիրել է Հայկանուշ Դանիելյանին` ասելով, որ այս արժեքը միայն նրա նման երգչուհու մոտ պետք է լինի»:

Ի դեպ, երբ Կոմիտասին Երևանում հուղարկավորել են, Հայկանուշ Դանիելյանն է երգել` կատարելով նրա ստեղծագործությունները: Աննան ցույց է տալիս կոմպոզիտոր Ալեքսանդր Դոլուխանյանի` տատին նվիրած նոտատետրը, որում կոմպոզիտորի՝ «Ծիծեռնակ» ժողովրդական ստեղծագործության վերամշակումն է: Այդ հրաշալի երգը, որը մինչ օրս մեծ սեր ու ժողովրդականություն է վայելում, առաջին անգամ կատարել է Հայկանուշ Դանիելյանը, ու պատահական չէ, որ նրա տան հուշաքարի վրա ծիծեռնակ է պատկերված: Դա ասես երգչուհու խորհրդանիշն է:

Աշխատասենյակի պատին մի ուշագրավ լուսանկար էլ կա. երիտասարդ Սարյանն է, որն արվեստանոցում Հայկանուշին է նկարում: Դիմանկարն այժմ Սարյանի տուն-թանգարանում է:

Հետո Աննան հերթով ցույց է տալիս Գլիերի, Ռոմանոս Մելիքյանի և այլ անվանի կոմպոզիտորների նոտատետր-նվերները տատին, ու հանկարծ նոտատետրերի մեջ աչքովս է ընկնում Արամ Խաչատրյանի մակագրությունը: Աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի մակագրությամբ նվեր-նոտատետրը, սակայն, պատկանում էր ոչ թե Աննայի տատին, այլ մորը` Մարիաննա Հարությունյանին, որը ոչ պակաս հայտնի դաշնակահարուհի էր և հենց նա էլ մոր` Հայկանուշ Դանիելյանի մահից հետո այս տանը շարունակել է մշակութային եռուզեռը` ստեղծագործական բուռն երեկոներում համախմբելով ժամանակի ամենակարկառուն դեմքերին: Իսկ Մարիաննայի ամուսինը` Աննայի հայրը, հայտնի շեփորահար Միքայել Խաչատրյանն էր:

Մշակութային դեմքերին դեպի իրեն ձգող առանձնատունը

Աննայի մայրը` դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանը, իրեն ու քրոջը շատ է պատմել այս տան պատմամշակութային իրադարձությունների մասին: Ե՛վ տատի, և՛ մոր օրոք այստեղ եկել են ժամանակի խոշոր մտավորականները, կազմակերպվել են աշխատանքային-ստեղծագործական երեկոներ, շատերը հենց այստեղ են առաջին անգամ կատարել իրենց ստեղծագործությունները. Արամ Խաչատրյան, Զարուհի Դոլուխանյան, Լուսինե Զաքարյան, մարշալ Բաղրամյան, Պարույր Սևակ, Առնո Բաբաջանյան, Էդուարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան և այլ կարկառուն դեմքեր: «Շատ հյուրընկալ տուն էր: Հատկապես համերգներից հետո պարտադիր բոլորը հավաքվում էին այստեղ: Բոլորը շատ էին սիրում մեր տունը, այս կաբինետը: Ասում էին` այստեղ աուրան ուրիշ է, տրամադրող է»:

Աննան փոքր է եղել, բայց ավագ քույրը լավ է հիշում, օրինակ, Սևակին, որը մտերիմ էր հոր ու մոր հետ: Հենց այս աշխատասենյակում է առաջին անգամ Սևակը ներկայացրել հատվածներ դեռևս չտպագրված «Անլռելի զանգակատնից»: Կամ Առնո Բաբաջանյանը. դեռևս երկունքի մեջ գտնվող շատ ստեղծագործություններ հենց այս աշխատասենյակում է ներկայացրել Հայկանուշ Դանիելյանի հին, մի քիչ արդեն ձայնը կորցրած ռոյալով: «Բայց որ ինքն էր նվագում՝ դաշնամուրի թերությունները չէին նկատվում»,- ասում է Աննան:

Իսկ երբ գալիս էր ջութակահար Ռուբեն Ահարոնյանը, Աննան մորն օգնելու պատրվակով աշխատասենյակ էր մտնում, որպեսզի տեսնի փորձը. «Էդ փորձի պրոցեսը երբեմն շատ ավելի հետաքրքիր էր, քան բուն համերգը, որովհետև տեսնում էիր, թե ոնց է ծնվում այդ ամենը»: Իսկ ժողովրդական արտիստուհի, թավջութակահար Մեդեա Աբրահամյանին իրենց տանը լսելը Աննայի համար իսկական երանություն էր: Սակայն այս տան ամենատպավորիչ հյուրը Լուսինե Զաքարյանն էր, որը գրեթե ամեն օր այստեղ մոր մոտ փորձի էր գալիս, երբ ուսանող էր: Աննան ասում է, որ Կոմպոզիտորների միության համագումարում Լուսինե Զաքարյանին առաջին անգամ իր մայրն է ներկայացրել որպես երիտասարդ տաղանդավոր ու հեռանկարային երգչուհու: «Նա իրոք սուրբ էր, իր մեջ ասես լույս ուներ և իսկական հավատացյալ էր: Նա մորս հետ շատ կապված էր: Կարծես մաքուր, երկնային արարած լիներ, և մայրս անընդհատ նրան խորհուրդներ, խրատներ էր տալիս, թե իրական կյանքում ինչպես վարվի»:

Աննան ցույց է տալիս աշխատասենյակի գրապահարանի անկյունում դրված մի փոքրիկ սրբապատկեր, պատմում է, որ ամեն անգամ, երբ Լուսինեն մտնում էր այս սենյակ, մոտենում էր սրբապատկերին, խաչակնքվում ու աղոթում, հետո անցնում փորձի: Աննան նաև պատմում է, որ երբ փոքր էր, միշտ զարմանում էր, թե ինչու են իրենց կաթսաներն այդքան մեծ: Հետո է հասկացել, որ իրենք երբեք մենակ չէին ճաշում կամ ընթրում, միշտ հյուրեր ունեին. «Միշտ մի դժբախտ ոչխար էր հայտնվում մեր բակում, որը երեկոյան անհետանում էր: Դե մենք փոքր էինք, մեզ ցույց չէին տալիս, թե ինչպես է ոչխարը դառնում կերակուր,- հումորով հիշում է նա,- շատ անգամ մեր հյուրերը գիշերը չէին գնում, քանի որ մինչև գիշերվա ժամը 4-5-ը մնում էին և հենց բազմոցների վրա էլ քնում: Այդ ամենը նորմալ էր մեզ համար»:

Մի խոսքով, այս տունն իսկական մշակութային թանգարան է` լի լեգենդար մարդկանց շնչով, որոնք այստեղ ոչ միայն ստեղծագործում էին, այլև հաց կիսում, ուրախանում, լավ ժամանակ անցկացնում: Իսկ բակ նայող բաց պատշգամբում մինչ օրս ճոճվում է պապի հոր ճոճաթոռը: Աննան անգամ թրթիռով է հիշում 90-ականների ցուրտ ու մութ տարիները, երբ տանն ընդամենը մեկ սենյակն էր ջեռուցվում, և իրենք հավաքվում էին այնտեղ, վառարանին դնում մեծ թեյնիկն ու մոմի լույսի տակ թեյ խմելով՝ ուրախ ժամանակ անցկացնում:

Հայկանուշ Դանիելյանի թոռն ու Մարիաննա Հարությունյանի դուստրը` Աննան, որը շարունակում է երաժշտական ու մանկավարժական գիծը` որպես դաշնակահարուհի ու կոնսերվատորիայի դասախոս, այս տանն ամեն ինչ պահպանում է այնպես, ինչպես կա: Ընդամենը կոսմետիկ վերանոգորումներ են արվում, անգամ հին պատուհանները չեն փոխում, քանի որ համոզված են, որ եվրոպատուհանները կխաթարեն տան հմայքը: Հատկանշական է, որ դեռևս այն ժամանակ Հայկանուշ Դանիելյանին նվիրել են ոչ միայն առանձնատունը, այլև հողամասը, և հենց դրա շնորհիվ էլ անկախությունից հետո մոլեգնած անկանոն կառուցապատման ժամանակ, ի տարբերություն հարակից շատ կառույցների, այս առանձնատան հողամասը փրկվել է:

Հայկանուշ Դանիելյանի առանձնատունն ընդգրկված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում: Միակ բանը, որ տխրեցնում է Աննային, իրենց այգու «մահն» է: Ասում է` պտղատու մեծ այգի ունեին, երբեք միրգ չէին գնում: Խաղողը մինչև Նոր տարի բավարարում էր, իսկ հայրը 200 լիտր գինի էր պատրաստում: Սակայն հոր մահից հետո այգին ասես թևաթափ է լինում, կամաց-կամաց խամրում է: Անգամ վարձու այգեպանը չի կարողանում այն փրկել, և հոր մահվանից մեկ տարի անց այգին վերանում է:

1990-ականներից սկսած` առանձնատան դռան զանգը բազմիցս է հնչել, տանտերերին առաջարկել են, որ վաճառեն տունը: Սակայն նրանք մերժել են ու կշարունակեն մերժել. «Շատերն են ասում` դուք որ էս տունը վաճառեք, էլ ամբողջ կյանքում պրոբլեմ չեք ունենա: Դե արի ու բացատրիր, որ ամեն ինչ փողի մեջ չէ, որ էս տունը մեզ համար մի ուրիշ նշանակություն ունի: Այն անվանի մարդիկ, որոնք հիմա չկան, նրանց մի մասնիկն այստեղ է: Մենք երբեք այս տունը չենք վաճառի: Սա մեր տունն է»,- հպարտ ասում է Աննան:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր