​Ո՞վ է հայը. «Եթե հայերին առիթ տրվի… նրանք… ամբողջ մոլորակի տերը կդառնան»

32184_large

Մարդը տվյալ ազգության կրողն է, եթե շաղկապված է այդ ազգի կենսագործունեությանը որպես նրա մի մասնիկ, կրում է այդ ազգի լեզվական, մշակութային, բարոյա-հոգեբանական արժեքները, պատասխանատու է իր պետության բնականոն զարգացման համար, իր երեխաներին փոխանցում է ազգային արժեքներն ու ավանդույթները, իր երկիրն ընկալում է իբրև միակ հայրենիք:

Մեր ճղճիմ, քաղաքականացված ու կենցաղային դարձած հանրային օրակարգում թերևս ճիշտ կլինի գոնե երբեմն-երբեմն անդրադառնալ հարցերի, որոնք առնչվում են ազգային ինքնությանը, այս բարդ ու փոփոխվող աշխարհում մեր տեղին ու դերին, մեր առաքելությանը երկիր մոլորակի վրա և, որ ամենակարևորն է` մեր տեսակի պահպանման խնդրին: Բայց այդ հարցերը քննարկելուց առաջ նախ պետք է ձևակերպել, թե ով է հայը:

Վազգեն ՄանուկյանԱմիսներ առաջ Հանրային խորհրդում այս թեմայի շուրջ մի հետաքրքիր քննարկում ծավալվեց, որին մասնակցում էին պատմաբաններ, մշակութաբաններ, հասարակագետներ, անգամ՝ մարդաբաններ: Այդ քննարկման ժամանակ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ նման բանավեճեր, թե ով է հայը, ժամանակին շատ են եղել: Նա հիշեցրեց, որ օրինակ՝ լեզվաբան, գրականագետ Ռաֆայել Իշխանյանը սահմանում էր՝ հայը նա է, ով հայերեն է խոսում ու հայերեն է մտածում: «Դա այն ժամանակ հասկանալի էր, որովհետև պայքար էր գնում ռուսական դպրոցների դեմ, որպեսզի Հայաստանը չռուսականացվի: Ո՞վ կմտածեր, որ անկախ Հայաստան կունենանք: Իսկ եկեղեցուց ոմանք, օրինակ, հայտարարում էին, որ եթե հայ առաքելական եկեղեցուն չես պատկանում, ուրեմն հայ չես: Բայց մենք ունենք հարյուրհազարավոր հայեր, որոնք 1915 թվի ցեղասպանությունից հետո բռնի իսլամացել են: Այսինքն՝ միշտ, երբ հստակ սահմանափակում ես մտցնում, կորցնում ես հայության մի մեծ հատված»,- ասում էր Մանուկյանը:

Նրա խոսքով՝ մինչև 1950-ական թվականները Եվրոպայում տարբեր ժողովուրդների, ռասաների հետաքրքիր հետազոտություններ են կատարվել, սակայն իր տպավորությամբ այդ ամենը հիմա կանգ է առել, որովհետև համարվում է սխալ: «Արգելված չէ կամ ամոթ չէ խոսել միասեռականության մասին, բայց ամոթ է խոսել ազգերի տարբերությունների մասին,-հեգնանքով նշեց Մանուկյանը` հույս հայտնելով, որ ուշ թե շուտ այդ հետազոտությունները նորից արվելու են:- Ես լրիվ համաձայն եմ Կանտի այն մտքին, որ մարդկության զարգացման հիմքում ընկած է նաև այն, որ կան տարբեր ազգեր՝ տարբեր հատկություններով, և հենց այդ բազմազանությունն է առաջ տանում մարդկությանը»:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Գևորգյանցը, որ հայտնի է իրՌուբեն Գևորգյանց ազգային, երբեմն ծայրահեղական (լավ իմաստով) գաղափարներով, դժվարանում է միանշանակ պատասխանել հարցին, թե ով է հայը. «Բայց մի բան հստակ կարող եմ ասել,- կեսկատակ-կեսլուրջ ասում է նա,-հայը թուրքի հակառակ տեսակն է»:

Գևորգյանցը հայ առաքելական եկեղեցին համարում է բոլոր եկեղեցիների գագաթնակետը, սակայն կարծում է, որ հայը միայն հայ առաքելական եկեղեցու հետևորդը չէ, նա կարող է լինել աթեիստ կամ հեթանոս, և հիշեցնում է, օրինակ, Արցախյան ազատամարտի հաղթանակը կերտած շատ հերոսների մասին, որոնք հեթանոս էին:

Այս համատեքստում թերևս հետաքրքիր է քննարկել նաև իսլամացած կամ, ինչպես ասում են՝ ծպտյալ հայերի խնդիրը: Վերջերս ծպտյալ հայերի ինքնության վերադարձի որոշակի միտում նկատվեց: Հետաքրքիր է՝ այսօր մեր հանրային օրակարգում կա՞, արդյոք, ծպտյալ հայերի ինքնության վերադարձի հետ կապված հարցը: Եվ արդյոք մեր պետությունը, մեր հասարակությունը պատրա՞ստ է դրան:

Ռուբեն ՍաֆրաստյանԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ այս հարցը նախևառաջ պետք է ուսումնասիրվի գիտական տեսանկյունից, որովհետև շատ բան այս բնագավառում դեռևս պարզ չէ: «Հանրային հետաքրքրություն այս խնդրի նկատմամբ իհարկե կա, բայց դա հիմնվում է ոչ ստույգ, ուռճացված տվյալների վրա»:

Ներկա պահին տվյալ հարցի շուրջ քննարկումներ ծավալելը, ըստ արևելագետի, նշանակում է գործ ունենալ թուրքական պետության հետ, որն այս խնդիրն ուսումնասիրում է դեռևս 30-ականներից` դիտարկելով իբրև Թուրքիային սպառնացող իրական վտանգ: «Դրա համար ես կարծում եմ, որ շատ զգուշորեն պետք է մոտենալ այս խնդրին, իսկ ներկա փուլում միայն գիտական ուսումնասիրություններ կատարել՝ հող նախապատրաստելով հետագա զարգացումների համար»:

«Ո՞վ է հայը» հարցի վերաբերյալ փոքրիկ հարցախույզը սովորական քաղաքացիների շրջանում նույնպես հետաքրքիր իրողություն է բացահայտում: Պարզվում է` հատկապես երիտասարդ սերունդը բավականին պահպանողական է տրամադրված ազգային ինքնության սահմանման հարցում և բնութագրելիս հիմնականում առաջնորդվում է երեք սկզբունքով` լեզու, կրոն, հայրենիք: Հարցվածների չնչին մասը նշեց, որ իրենց համար լեզվական կամ կրոնական պատկանելությունն ազգության չափորոշիչ չէ:

ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիայի արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ, Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանի համար տհաճ է, օրինակ, երբ մարդիկ ասում են, թե հայը կարող է իսլամ դավանել: Դեմ է ոչ այն պատճառով, որ մոլի հավատացյալ է (ընդհակառակը` հավատք ունի, բայց հավատացյալ չէ), պարզապես անվանի գիտնականի համոզմամբ՝ կրոնը նախևառաջКартинки по запросу Հենրիկ Հովհաննիսյան բարոյական դոկտրինա է. «Ի՞նչ բարոյականության ես դու դավանում. հարցն այս է: Այո, կարող է հայ լինել նաև չմկրտվածը, աթեիստը, եթե նա այդ բարոյական դոկտրինան է դավանում»:

Ինչ վերաբերում է լեզվին, ապա Հենրիկ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ լեզուն սոսկ հաղորդակցության միջոց չէ. «Այդ սահմանումը ժամանակին տվեց ժողովուրդների բեղավոր հայրը: Դա շատ արատավոր, միակողմանի բնութագրում է: Լեզուն աշխարհայացք է, լեզուն աշխարհ է, լեզուն հոգեբանություն է, մտածողություն, դավանանք, հող… Լեզվի մեջ շատ բան կա, դրա համար հեշտ ու հանգիստ ասել՝ ես հայերեն չեմ խոսում, բայց հայ եմ՝ ինձ համար անհասկանալի է»:

Ռուբեն Գևորգյանցը նույնպես կարևորում է լեզուն և «ով է հայը» հարցին պատասխանում է, թե ով հայ չէ. «Երևանում կա 2120 խանութ և ռեստորան, որոնցից միայն 480-ի վրա է գրված հայերեն, մնացածը՝ կա՛մ անգլերեն, կա՛մ ռուսերեն: Այդ մարդիկ ինձ համար հայ չեն, թեկուզ մկրտված լինեն կամ հայերեն խոսեն»:

Մենք՝ հայերս, մեզ սիրում ենք համեմատել հատկապես հրեաների հետ և գալ այն եզրակացության, որ հրեաները շատ ավելի կազմակերպված են, քան մենք: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը, վերլուծելով հայերի ու հրեաների ֆենոմենը, նշում է, որ պատմությունը բազմաթիվ նմանություններ է գտել այս երկու ազգերի միջև: «Մի քանի նկատառում անենք. եթե գիտեք՝ ողնուղեղը զուտ ազգային բնութագիր ունի: Ողնուղեղով հիվանդ մարդու համար փնտրվում է տվյալ ազգությանը պատկանող մարդու ողնուղեղ: Շատ քիչ դեպքեր կան, որ երկու տարբեր ազգեր կարող են օգտագործել այդ «դեղանյութը»: Միայն հայի ու հրեայի դեպքում է, որ մեկը մյուսին կարող է տալ,- ասում է Մանասյանը:- Բացի այդ, միայն հայերն ու հրեաներն են, որ ունեն պետություն, բայց մեծ մասամբ ապրում են դրսում և այլն»:

Картинки по запросу Գագիկ ՄանասյանՍակայն, հրեաներն ունեն մի բան, որը չունեն հայերը՝ հստակ սահմանում այն հարցին, թե ով է հրեան: Ըստ Գագիկ Մանասյանի՝ ցանկացած մարդ կարող է համարվել հրեա, եթե ընդունում է թալմուդի օրենքներն ու թլպատվում է: «Դա նաև մեկը մեկին օգնելու, դուռ ու դրկից լինելու, համագործակցելու գաղափարախոսություն է: Օրինակ, եթե հրեան գնում է առևտուր անելու՝ պետք է փնտրի, գտնի հրեական խանութ և այնտեղից առևտուր անի»: Գագիկ Մանասյանը կարծում է, որ «ով է հայը» հարցին պատասխանը տալուց հետո մենք պետք է մեզ հաջորդ հարցը տանք` «ուստի՞», որը շատ ավելի կարևոր է:

Ռուբեն Գևորգյանցը նույնպես համամիտ է այն կարծիքին, որ հրեաները, ի տարբերություն հայերի, ուժեղ գաղափարախոսություն ունեն, ինչի շնորհիվ էլ շատ ավելի հզոր են:

Բայց արդյոք մենք` հայերս, ինչի՞ շնորհիվ ենք գոյատևել, հազարամյակների խորքից եկել, Ցեղասպանությունը վերապրել ու հասել մեր օրերը` ստեղծելով անկախ պետություն, ինչը շատ հին ազգերի համար երազանք է: Միգուցե հենց ազգային գաղափարախոսությո՞ւնն է մեզ օգնել: «Չեմ կիսում այն տեսակետը, որ մենք չունենք ազգային գաղափարաբանություն,-ասում է Հենրիկ Հովհաննիսյանը,- ունենք, պարզապես այն մարտնչող չէ, ակտիվ չէ: Խորհուրդ եմ տալիս բոլորին, հատկապես պետական ու քաղաքական գործիչներին, անպայման կարդալ Սերգեյ Սարինյանի «Հայ ազգային գաղափարաբանություն» գիրքը, որը մեզ կդարձնի հայ, եթե մենք իսկապես դրա կրողը լինենք»:

Ռուբեն Գևորգյանցն էլ խորհուրդ է տալիս կարդալ Նժդեհ, իսկ դպրոցների ավագ դասարաններում դասավանդել Նժդեհ. «Եվ եթե ամեն հայ նրա թեզերից գոնե հինգը կյանքում օգտագործի, ապա իսկական հայ կլինի»:

Գագիկ Մանասյանը նույնպես կարծում է, որ մեր ազգային գաղափարախոսությունը կենսունակ չէ. կա, բայց «թաքնված» է մեր պատմագրության, բանասիրության մեջ. «Գաղափարախոսությունը հոգևոր սահմանադրություն է, համակարգ է: Մենք այդ համակարգը, ցավոք, այսօր չունենք»:

Ռուբեն Սաֆրաստյանն էլ հիշեցնում է, որ ժամանակակից աշխարհն ինքնությունների պայքար է, և եթե մենք այս բարդ պայմաններում կարողանում ենք մեր ինքնությունը պահպանել, ապա ոչ միայն ունենք ազգային գաղափարաբանություն, այլև մարտնչում ենք դա պահպանելու համար: «Սակայն ազգային գաղափարաբանությունը պետք է դառնա հոգեբանություն ու առօրյա գործունեության հիմք»,- հավելում է նա:

լոուրենս արաբացիԱյո, մենք` հայերս, յուրօրինակ ազգ ենք: Աշխարհի մեծերի գնահատականները նույնպես վկայում են երկիր մոլորակի վրա մեր կարևոր առաքելության մասին:

Բրիտանացի լեգենդար հետախույզ, հնէաբան, զինվորական, գրող Լոուրենս Արաբացին պատահական չի գրել. «Հայերն ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում քաղաքակրթվածության տեսակետից: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր