​«Փակուղի չկա». Վազգեն Մանուկյանի կոչը 1990-ին և այսօր

Շարժում 88

1988 թ. սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Նպատակը Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին: Ձևավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, շարժումը մեծ թափ առավ:

Շարժման առանցքային կերպարներից մեկը, որի անունն ասես խորհրդանշական է Հայաստանի անկախության կերտման պատմության մեջ, Վազգեն Մանուկյանն է, գործիչ, որ անկախ Հայաստանի գաղափարն առաջ է տարել դեռևս 60-ական թվականներին` համոզված լինելով, որ ուշ թե շուտ այն իրականություն է դառնալու: Բայց երազելը քիչ էր, պետք էր որոշակի գործունեություն, որը խորհրդային տարիներին ընդհատակյա բնույթ էր կրում: Իսկ երբ պահը հասունանում է, արդեն պատրաստ էր ոչ միայն գաղափարական հենքը, այլև քայլերի հստակ հաջորդականությունը, և Վազգեն Մանուկյանը համակարգում է «Ղարաբաղ» կոմիտեն:

Սակայն Ղարաբաղի ու Հայաստանի վերամիավորման գաղափարն աստիճանաբար ավելի ու ավելի լայն բնույթ էր ստանում: «Մի քանի ամիս անց առաջացավ մի նոր մտահղացում, որ եթե ուզում ենք Ղարաբաղյան շարժումը հասցնել իր նպատակներին՝ պետք է նաև այլ խնդիրներ ձևակերպել»,- ասում է Վազգեն Մանուկյանը:

Այդպես ձևավորվում է Հայոց համազգային շարժումը, գրվում են գաղափարական սկզբունքները, սահմանվում արդեն ավելի հեռահար նպատակներ` կառուցել ժամանակակից լիբերալ պետություն և լուծել մի շարք ազգային խնդիրներ: 1990 թ.՝ Գերագույն խորհրդի ընտրություններից առաջ, երբ Հայոց Համազգային շարժումը գալիս էր իշխանության, Վազգեն Մանուկյանը գրում է իր հայտնի «Գնացքից թռչելու ժամանակը» ծրագրային հոդվածը: «Մեր ազգն այժմ ապրում է իր համար մի բախտորոշ ժամանակաշրջանում, երբ կամաց-կամաց բոլորիս մեջ հասունանում է այն համոզվածությունը, որ դեպքերի զարգացումը կարող է հնարավոր դարձնել մեր ազգի դարավոր երազանքի իրականացումը` անկախ պետականության վերականգնումը, առանց որի անլուծելի կմնան մնացած համարյա բոլոր ազգային խնդիրները։ Շատերին վախեցնում են ինքնուրույն գործելու այն հնարավորությունները, որոնք բացվել են մեր առջև։ Աշխարհում ամենածանր բեռն ինքնուրույն որոշումներ ընդունելու պատասխանատվությունն է, ստրկությունը քաղցր է նրանով, որ վերացնում է մարդու վրայից այդ ծանր բեռը` ազատելով նրան պատասխանատվության զգացումից։ Ստրկությանը սովոր մարդը վախենում է ազատությունից, պատասխանատվությունից։ Պատահական չէ, որ այժմ, երբ մեր առջև բացվել են ազգի ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրագործելու հնարավորություններ, կան մարդիկ, որոնք հուսահատված խոսում են ինչ-որ փակուղու մասին։ Ո՛չ, փակուղի չկա, կա մի դժվարին ճանապարհ, որով անցել են շատ ազգեր, և որը տանում է դեպի երջանկություն։ Պետք է միայն համագործակցություն, միասնություն, խելացի հաշվարկ և վճռականություն»,- գրում է Մանուկյանը։

Այդ հոդվածում նա մանրամասն քննարկում էր նաև անկախ Հայաստանի հետագա ընթացքն աշխարհում և հարաբերություններն աշխարհի հետ: Ամեն ինչ հաշվարկված էր: Եվ ահա աննախադեպ իրադարձություն Խորհրդային Միության պատմության մեջ. Հայաստանում ժողովուրդը ձևավորում է խորհրդարան, որն էլ ընտրում է նախագահ ու վարչապետ: Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է հիմնում. օրենսդիր իշխանությունը գտնվում էր Գերագույն խորհրդի ձեռքում, իսկ գործադիր իշխանությունը` կառավարության, որը ղեկավարում էր Վազգեն Մանուկյանը: «Քանի որ խնդիր էր դրված գնալ անկախության, մի քանի հրատապ հարցեր կային, որոնք պետք է անհապաղ լուծվեին,- պատմում է Մանուկյանը,- առաջինը էներգետիկայի հարցն էր. մեր հիմնական ճանապարհներն անցնում էին Ադրբեջանով, գազի խողովակաշարը Ադրբեջանի տարածքով էր գալիս, և նրանք սկսեցին պարբերաբար այն փակել: Արդեն հասկանալի էր, որ նրանք մեզ զրկելու են գազից: Խորհրդային Միության տարիներին զուգահեռ սկսվել էր մեկ այլ խողովակաշարի կառուցում, որը պետք է անցներ Վրաստանի տարածքով, բայց այնտեղ էլ էր հեղափոխություն ու քաոս, և վրացիները թույլ չէին տալիս, որ դա անցնի իրենց տարածքով: Այն ժամանակ մենք Ղարաբաղ կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանին, որը բավականին լավ հարաբերություններ ուներ Գամսախուրդիայի հետ, գործուղեցինք Վրաստան: Փաստորեն, մեկ տարվա ընթացքում հնարավոր դարձավ զուգահեռ գազամուղ կառուցել, և երբ Ադրբեջանը լրիվ փակեց իր գազամուղը, Հայաստանը չխեղդվեց»:

Հաջորդ հարցը, որ դրված էր նոր կառավարության առջև, կապի միջոցներն էին: Շատերը չգիտեն, բայց Խորհրդային Միության քաղաքացին այն ժամանակ չէր կարող միանգամից զանգել, ենթադրենք, Ֆրանսիա: Նա զանգում էր նախ Մոսկվա, որտեղից էլ միացնում էին երրորդ երկիր: Նոր կառավարությունը պայմանագիր է կնքում ամերիկյան կապի խոշորագույն կազմակերպության հետ, և մեկ տարվա ընթացքում Հայաստանը, առաջինը լինելով Խորհրդային Միությունում, հնարավորություն է ստանում, Մոսկվան շրջանցելով, կապ հաստատելու աշխարհի հետ: Վազգեն Մանուկյանը հիշում է. «Արդեն որոշել էի, որ վարչապետությունից հրաժարական եմ տալու: Բայց դեռ ձգում էի ժամանակը, մինչև այդ կապի խնդիրը վերջնականապես լուծվեր: Հրաժարականիս օրը հեռախոսը բերեցին, զանգեցի Նյու Յորք Լուիզ Սիմոնին ու ասացի` ժամանակն է, պետք է դուրս գամ: Արդեն հանգիստ էի, քանի որ այդ հարցն էլ լուծվեց»:

Երրորդ կարևորագույն խնդիրը, որ դրված էր նոր կառավարության առջև, բանակի կառուցումն էր: Որքան էլ Հայաստանն իրեն անկախ զգար, դեռևս գտնվում էր Խորհրդային Միության կազմի մեջ և չէր կարող հայտարարել բանակի, պաշտպանության նախարարության ստեղծման մասին: Առաջին քայլն այն էր, որ կառավարության հրամանով ՆԳՆ-ին կից զորքերը (ՄՀՈՋ) մտնում են մեկ ընդհանուր կառույցի մեջ, որպեսզի առանձին-առանձին պարտիզանությամբ չզբաղվեին: Հետագայում` 1991 թ., կառավարության որոշմամբ ստեղծվում է պաշտպանության կոմիտեն, որի շուրջ համախմբվում են և՛ ֆիդայիները, և՛ խորհրդային բանակի զինվորականները՝ դառնալով նորանկախ Հայաստանի բանակի կորիզը:

Պետություն կառուցելուն զուգահեռ մի լրջագույն խնդիր էլ կար՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքները, որոնք շրջափակման, պատերազմական իրավիճակում էլ ավելի սարսափելի ու ողբերգական էին: Մանուկյանը հիշում է, որ երբ Խորհրդային Միության փլուզումը սկսվեց, բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք աշխատում էին աղետի գոտում, ուզում էին թողնել-հեռանալ. «Քաոսային վիճակ էր, թալան, բայց զարմանալին այն է, որ այդ մեկ տարվա ընթացքում մենք ավելի շատ բնակելի տարածք հանձնեցինք աղետի գոտում, քան նախորդ 2 տարվա ընթացքում»:

Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներին ակտիվորեն քննարկվում էր նաև սեփականաշնորհման հարցը: Ինքը` Մանուկյանը, կողմ էր հողի սեփականաշնորհմանը, որովհետև Հայաստանում հողը չէր պատկանում ժողովրդին, պետական սեփականության վրա սովխոզներ էին գործում դոտացիայի միջոցով: «Հողի մասնավորեցումը կբերեր նաև մի նոր հոգեբանություն. մարդիկ պետք է գիտակցեին, որ հողն իրենցն է, այսինքն՝ անկախության ձգտումը մարդկանց մոտ ավելի կմեծանար: Միտքն այն էր, որ մենք հողը տալիս ենք գյուղացուն, իսկ հետագայում պետք է կոոպերացիաներ ստեղծվեին` հիմնված մասնավոր սեփականության վրա: Ես ուզում էի, որ մենք գնանք Եվրոպայի ճանապարհով, որտեղ կոոպերացիաների շնորհիվ պահպանվել էին նաև գյուղերը, իսկ դա մեզ համար շատ կարևոր էր: Ցավոք սրտի, մինչ այսօր կոոպերացիաների հարցը լուծված չէ, իսկ փոքր հողակտորների մշակումը դժվար է և անարդյունավետ»:

Եվ այդպես, լինելով դեռևս Խորհրդային Միության կազմում, Հայաստանի նոր կառավարությունը` ի դեմս Վազգեն Մանուկյանի, քայլ առ քայլ կառուցում է անկախ Հայաստանի հիմքերը` մեկ տարվա ընթացքում իրականացնելով հսկայական ծրագրեր: 1991 թ., երբ Հայաստանը հռչակվում է անկախ պետություն և բանակաշինության հետագա գործընթացը շարունակվում է անկախ Հայաստանում, Վազգեն Մանուկյանն արդեն ընդդիմադիր գործիչ էր: Իսկ պատերազմը շարունակվում էր` մի շարք հաղթանակներից հետո բերելով պարտություններ: Մանուկյանին առաջարկում են ղեկավարել պաշտպանության նախարարությունը:

Այդ ժամանակ, ըստ Մանուկյանի, ինչ-որ իմաստով կազմավորվում է երեք բանակ, որոնք միասնականորեն կռվում էին: «Մեկը պրոֆեսիոնալ բանակն էր, որտեղ կռվում էին արդեն փորձ ունեցող ֆիդայիներ, երիտասարդներ: Նրանք նաև աշխատավարձ էին ստանում (իհարկե, իրենց կյանքը զոհաբերում էին ոչ աշխատավարձի համար): Այսինքն՝ մի կողմում պրոֆեսիոնալ բանակն էր, որը ռազմական գործողությունների ողջ ծանրությունը վերցրել էր իր վրա, իսկ թիկունքում կառուցվում էր ապագա բանակը, երբ առաջին անգամ հայտարարվեց զորակոչ, և այդ 18 տարեկան տղաների միջոցով ամեն տարի մեկ երրորդով լրացվում էին գումարտակները: Բայց ես՝ որպես պաշտպանության նախարար, աշխատում էի միայն ծայրահեղ դեպքերում այդ տղաներին ակտիվ ռազմական գործողությունների մեջ ներառել: Այդ ժամանակ նաև Խորհրդային Միության բանակի հայազգի շատ սպաներ եկան Հայաստան: Եթե չեմ սխալվում՝ մոտ 4400 հայազգի սպա կար սովետական բանակում, և ես դիմեցի Խորհրդային Միության բանակին, ու նրանց մի մասը կամավոր եկավ ծառայելու Հայաստանին: Երրորդն արդեն Ղարաբաղի բանակն էր, որը մոբիլիզացիոն սկզբունքով էր գործում: Փաստորեն, այդ երեք բանակը միասին, ամեն մեկն իր դերակատարությամբ, կարողացան հաղթել և վերադարձնել մինչ այդ կորցրած շատ ու շատ տարածքներ»:

Վազգեն Մանուկյանը Արցախյան պատերազմի հաղթանակը պայմանավորում է մի կողմից խելամիտ ու հաշվարկված գործողություններով, մյուս կողմից` ժողովրդի մեջ առաջացած այն ներքին ոգևորությամբ ու համոզմամբ, որ մեր հնարավորությունները շատ ավելին են, քան մեզ տրվել էր խորհրդային տարիներին: Նա համոզված է, որ հենց այդ ոգևորությունն ու իդեալիզմն էլ ժողովրդին մղեց հաղթանակի:

Ինչ վերաբերում է Հայաստանի անկախությանը, ապա այն ոչ միայն պատմական դարձավ հայ ժողովրդի համար, այլև ուղենշային՝ Միության շատ այլ ժողովուրդների համար: Հայաստանը դարձավ դեմոկրատական շարժումների հիմնադիրը Խորհրդային Միությունում: Երբ գորբաչովյան վերակառուցման տարիներին Մերձբալթյան երկրներում սկսվեցին Միությունից դուրս գալու ցույցեր, դրանք մասսայական բնույթ չէին կրում. փոքր ակցիաներ էին, որովհետև Խորհրդային Միությունում լուրջ ցույցերը ֆանտաստիկ կարող էին թվալ: Եվ երբ Ղարաբաղյան շարժման ժամանակ Հայաստանում տասնյակ, հարյուր հազարների հասնող ցույցեր են սկսվում՝ Մոսկվայում անգամ չեն ուզում հավատալ այդ լուրերին: «Այդ ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեն մեր տանն էր հավաքվում,- հիշում է Մանուկյանը:- Մի օր էլ, երեկոյան՝ հերթական խորհրդակցությունից հետո դուրս գալով փողոց, տեսանք, որ սովետական բանակը մտել է Երևան: Հաջորդ օրը հանրահավաք էր նախատեսված. մտածեցինք` մարդիկ կվախենան, չեն գա: Բայց մյուս օրը 2 անգամ ավելի շատ մարդ հավաքվեց, քան մինչ այդ:

Գրողների միության մոտ երիտասարդները գրքերը շարել էին ու պառկել տանկերի դիմաց: Եթե զուհագեռներ անցկացնենք, ապա նույնը կատարվում էր նաև Չինաստանում, բայց այնտեղ իշխանությունը զորքը մտցրեց, անցավ ժողովրդի վրայով. բազմաթիվ մարդիկ զոհվեցին: Գորբաչովը, որ վերջիվերջո կարող էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին բռնել, գնդակահարել և կանգնեցնել էդ ամենը, չհամարձակվեց դա անել կամ ընդհակառակը` համարձակվեց չանել, և այդ լուրը միանգամից տարածվեց ողջ Խորհրդային Միությունով` դառնալով նախադեպային»:

Փաստորեն, Հայաստանն այդ առումով նույնպես առաջամարտիկ էր: Նույնն էլ, ըստ Մանուկյանի, պատերազմի ժամանակ. ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանը կհաղթի մի պատերազմում, որտեղ զենքով էապես զիջում էր Ադրբեջանին, գտնվում էր շրջափակման, տնտեսական ճգնաժամի մեջ, փորձում էր հաղթահարել սարսափելի երկրաշարժի հետևանքները և այլն: «Մարդկանց ոգևորության և գործի ճիշտ կազմակերպման շնորհիվ մեզ հաջողվեց հաղթել»,- ասում է Վազգեն Մանուկյանը:

Ինչ վերաբերում է անկախության ձեռքբերումներին, ապա նա խոստովանում է, որ դեռևս 60-ականներին, երբ ինքն ու ընկերները խորհում էին անկախության գաղափարի շուրջ, շատ լավ հասկանում էին, որ դա նաև լրջագույն մարտահրավեր է, որը պետք է կարողանալ մինչև վերջ հաղթահարել: «Այո, շատ սխալներ կատարվեցին այս տարիների ընթացքում Հայաստանում, բայց սխալների մի մասը ոչ թե չիմացության հետևանք էր, այլ հանցավոր սխալներ էին, երբ իշխանավորի անձնական շահը հակասում է պետության շահին, ու նա գերադասում է անձնականը: Ամենակործանարար սխալը, իհարկե, 95-96 թվականներին էր, որովհետև դեմոկրատական պետություններում, եթե ժողովուրդը հնարավորություն չունի ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու, ապա իշխանությունն անխուսափելիորեն փտում է: Եվ այդ սեպը խրվեց 95-96 թվականներին»: Սակայն Վազգեն Մանուկյանը հավատում է նոր սերնդի ձեռքբերումներին, մի սերունդ, որը չի նայում հետ, կարոտախտով չի հիշում սովետը, քանի որ դրա մեջ չի ապրել, այլ նայում է առաջ` աշխարհին, որն արագ տեմպերով առաջ է գնում. «Վերջիվերջո իշխանությունը կամաց-կամաց անցնելու է երիտասարդ սերնդին: Տեսնենք, թե ինչ պետություն կփորձեն կառուցել նրանք»,- ասում է անկախության առաջամարտիկը` համոզված լինելով, որ այսօր էլ Հայաստանի համար փակուղի չկա, այլ կա դժվարին ճանապարհ, որն անցնելու համար պետք է համագործակցություն, միասնություն, խելացի հաշվարկ և վճռականություն:

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին շնորհեց «Տիգրան Մեծ» շքանշան՝ Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր