​«Կոկո Գալաջյան». սիրիահայ վարսահարդարի հայտնի սրահը՝ վերածնված Երևանում

33981_medium

«Կոկո Գալաջյան» բրենդը Հայաստանի վարսահարդարման ոլորտում արդեն հայտնի անուն է: Սիրիահայ վարսահարդարի ձեռքը երևանյան գեղեցիկ սեռի քմահաճ հաճախորդներն ընդունել ու սիրել են: Ինքը՝ Կոկոն (Գրիգոր), իրեն համարում է իր գործի վարպետ ու հպարտ ասում, որ վարսահարդարման գաղտնիքները սկսել է սովորել Սիրիայում, երբ ընդամենը 17 տարեկան էր, իսկ 23 տարեկանում Հալեպի ամենահայաշատ թաղամասում՝ Վիլլաներում, արդեն սեփական գեղեցկության սրահն ուներ՝ «Կոկո Գալաջյան» անունով:

Հաջողությունն անսպառ էր, սակայն ամեն ինչ փոխվեց 2012 թվականին, երբ Սիրիայում սկսվեց պատերազմը: Նույն տարվա նոյեմբերին Կոկոն ընտանիքի հետ առաջին անգամ եկավ Հայաստան, որն ընդամենը ժամանակավոր, ճանաչողական այց պիտի լիներ, մինչև Սիրիայում վիճակը կայունանար: Սակայն այդ այցը դարձավ ճակատագրական ու վերջնական:

Երբ արդեն պարզ էր, որ Սիրիա վերադառնալն անիմաստ է ու վտանգավոր, Կոկոն իբրև վարսահարդար աշխատանքի տեղավորվեց իր հայրենակցի՝ նախկին վարպետի մոտ, որը Երևանում իր սրահն էր բացել: Այդ ընթացքում նրան իր վարպետությունը ցուցադրելու ու այդ ծառայության ոլորտում իր տեղը գրավելու լիարժեք հնարավորություններ տրվեցին: Հայաստան տեղափոխվելուց 8-9 ամիս անց Կոկոն Սոչիից իր մասնագիտությամբ աշխատելու հրավեր է ստանում: Տեղափոխվում է: Սակայն մի քանի ամիս անց վերադառնում է Հայաստան: «Լավ փորձառություն էր, հատկապես՝ ռուսերեն սովորելու համար, բայց ես գնալուց առաջ արդեն գիտեի, որ վերադառնալու եմ»:

Կոկոն 8-9 ամիս ապրել էր Հայաստանում, նույնքան էլ ապրեց Ռուսաստանում, և իր համար, փաստորեն, երկու երկրներն էլ նոր էին: Սակայն կար մի մեծ տարբերություն, որը ոչ մի բանի հետ չէր փոխի. Հայաստանում նա իրեն ոչ մի րոպե օտար չի զգացել:

2014 թ. ապրիլին Հալեպում հրթիռակոծության հետևանքով Կոկո Գալաջյանի գեղեցկության սրահը հողին է հավասարվում: Ճիշտ է, սրահը 2012-ից ի վեր չէր գործում, բայց դա հոգեբանական մեծ հարված էր նրա համար: Սակայն դա նաև պայքարելու և արդեն հայրենիքում նորը ստեղծելու ազդակ էր: 2015 թ. մարտին Պուշկինի 49 հասցեում նա բացում է սեփական գեղեցկության սրահը՝ «Կոկո Գալաջյան» անունով՝ այդպիսով հակահարված տալով նախկին կորստին: Հալեպի երբեմնի հաջողակ գործունեությունը Հայաստանում նոր թափով, նոր եռանդով ու նոր որակով վերսկսվում է:

«Ինչպիսի՞ երկիր է Հայաստանը ապրելու համար» հարցին Կոկոն շատերի համար թերևս անսպասելի պատասխան է տալիս՝ իդեալական: «Առաջինը, որ սա մեր հայրենիքն է: Երկրորդ, որ Հայաստանը հանգիստ է, ապահով, սիրուն, փողոցով քայլում ես՝ հաճույք ես ստանում, ինչի հնարավորությունը մենք Հալեպում չունեինք: Կանայք, աղջիկներն այնտեղ հագնվելու, ցանկացած ժամի դուրս գալու առումով այն ազատությունը չունեին, ինչ այստեղ: Բացի այդ, երբ ամռանը մեր հայրենակիցները աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Հայաստան, նաև այդ մթնոլորտը: Մի խոսքով, ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Դա, անշուշտ, գալիս է նաև տեղացիներից, որ ոչ մի ձևով չթողեցին, որ մեզ օտար զգանք. այդ լավատեսությունը, այդ վերաբերմունքը սիրիահայերի հանդեպ, աջակցությունը, ամեն ինչը մեզ օգնեց, որ էստեղ լավ զգանք»:

Ինչ վերաբերում է սիրիահայերին, որոնք Հայաստանից հեռանում են, Կոկոն խորհուրդ է տալիս մնալ, փորձել այստեղ ինչ-որ բան ստեղծել, քանի որ հայը պիտի ապրի Հայաստանում: Իսկ նրանք, ովքեր չեն հարմարվում, չեն կարողանում իրենց տեղը գտնել, բարեկեցիկ կյանք ապահովել ու տեղափոխվում են Եվրոպա կամ այլ երկրներ, սիրիահայ վարսահարդարը համոզված է, որ գնում են չուզելով. «Գոնե իմ ճանաչած սիրիահայերից, որոնք գնացել են, բոլորն ասում են` Հայաստանն ուրիշ էր, Հայաստանում շատ ավելի լավ էր: Ուղղակի էնտեղ պետությունը որոշակի գումար է տալիս, ապրում են: Ես համոզված եմ, որ եթե սիրիահայերն էստեղ հնարավորություն ունենան գոյատևելու՝ ոչ ոք չի հեռանա»:

Կոկոն Հայաստանում նաև նոր ընտանիք է կազմել և նրա ցանկությունն է, որ իր երեխաներն ապրենՀայաստանում: «Մենք արդեն բավականին տանջվել ենք հայապահպանման թեմայով, ու հիմա այլևս այդ խնդիրը չկա»:

Այո, ափսոսում է, որ մայր գաղութը` սփյուռքի ամենակազմակերպված գաղթօջախներից մեկը, այլևս առաջվա ուժը չունի, ինչը մեծ հարված է սփյուռքին, բայց նաև հավատում է, որ եթե բոլորը մի քիչ ջանք թափեն ու փորձեն հարմարվել Հայաստանին, ապա այստեղ շատ լավ կյանք կարող են գտնել: Կոկո Գալաջյանն այլևս հաստատված հայաստանցի է: Բիզնեսի կայացման գործում սիրիահայ լինելը որևէ դեր չի ունեցել, քանի որ Կոկոն այդ ամենը հիմնել է իբրև տեղացի: 2013-ին նա Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել, ինչի համար ուրախ է ու հպարտ: Ընդհակառակը, համոզված է, որ իր գործի մեջ դա իրեն շատ ավելի մեծ առավելություններ է տալիս, քան եթե Սիրիայի քաղաքացու անձնագրով լիներ: «Օրինակ՝ հաճախ գնում եմ արտասահման՝ վերապատրաստումների, սեմինարների, իսկ Սիրիայի անձնագրով չէի կարող գնալ: Որոշ ժամանակ առաջ պիտի Ֆրանսիա մեկնեի՝ չթողեցին, իսկ մեկ ամիս առաջ Լիսաբոն գնացի առանց խնդրի, շատ լավ վերապատրաստվեցի, վերադարձա: Այսինքն՝ ես այդ ամենը անելու հնարավորություն ունեմ, որովհետև Հայաստանի քաղաքացի եմ»:

Կոկո ԳալաջյանԿոկոն նաև «Լորեալ» հայտնի ապրանքանիշի թրեյներ-տեխնոլոգներից է: Նա «Լորեալով» աշխատել է դեռ Սիրիայում, բայց Հայաստանում ընկերության հետ համագործակցությունն այնքան է սերտացել, որ «ԿոկոԳալաջյան» գեղեցկության սրահն այսօր համարվում է Հայաստանում «Լորեալի» բացառիկ ներկայացուցիչը: Այս սրահը միակն է, որտեղ ամեն ինչ արվում է միմիայն «Լորեալ» ապրանքանիշի տեսականիով: «Կոկո Գալաջյան» գեղեցկության սրահն իր սպասարկման ոճով, որակով ու ծառայություններով փորձում է տարբերվել մյուսներից և նոր խոսք ասել սպասարկման այս կարևոր ոլորտում: «Կնոջ ցանկություններն անսպառ են, երբեմն կինն ուզում է նայել հայելուն ու այնտեղ այլ կին տեսնել: Մեր խնդիրը դա ապահովելն է»,- ասում է սիրիահայ վարսահարդարը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր