Թե ինչպես հայուհին «նվաճեց» ֆրանսիական նշանավոր գեղեցկության սրահը, հետո վերադարձավ Հայաստան

34352_large

Մարիամ Մանուկյանը 12 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Առաջին ամիսների տպավորությունները հետաքրքիր էին, անգամ ոգևորիչ` նոր միջավայր, նոր մարդիկ, նոր զգացողություններ: Մարիամն ընտանիքի ավագ երեխան է (իրենից փոքր քույր ու եղբայր էլ ունի), և երբ առաջին տպավորություններն անցնում են, երեխաները բախվում են օտար երկրում ընտելանալու խոչընդոտներին. սկսվում են դժվարություններն ու դեպրեսիաները: «Մենք ապրում էինք Լիոնում, որտեղ հայկական բարձր դասարաններով դպրոց չկար: Ստիպված մեզ տեղավորեցին ֆրանսիական դպրոցում, մեր տարիքից մի դասարան ցածր: Մենք ոչ մի բառ ֆրանսերեն չգիտեինք: Շատ դժվար էր ֆրանսիական դպրոցին հարմարվելը, որովհետև այնտեղ ամեն ինչ տարբեր էր: Մեզ դպրոցում լրացուցիչ ֆրանսերեն էին սովորեցնում, որ հասցնենք տեղացիների հետ»:

Մոտ 6 ամիս անց Մարիամն արդեն ֆրանսերեն հասկանում ու քիչ թե շատ խոսում էր, իսկ 1 տարի անց արդեն ազատ տիրապետում էր լեզվին: Խոստովանում է, որ լեզուն այդքան արագ սովորելու փաստը դասընկերների նախանձը շարժում էր, քանի որ ֆրանսիացիները շատ դժվար են օտար լեզու սովորում: Շուտով Մարիամը վերականգնում է նաև կորցրած մեկ տարին ու միանգամից իր տարիքին համապատասխան դասարան տեղափոխվում: Ինչ վերաբերում է մյուս առարկաներին, ապա նշում է, որ ընդհանրապես ֆրանսիական դպրոցում սովորելը իրենց համար շատ ավելի հեշտ էր, քանի որ այն ծրագրերը, որ իրենք անցել էին Հայաստանում, ասենք, երրորդ, չորրորդ դասարանում, Ֆրանսիայում ավելի բարձր դասարաններում էին անցնում, հատկապես՝ մաթեմատիկան, ֆիզիկան ու քիմիան: Մի քանի տարի անց ֆրանսերենն այնքան էր մտել նրանց մեջ, որ անգամ հայ ընկերներով գերադասում էին ֆրանսերեն խոսել: Հայերենը միայն տանն էր հնչում:

Դպրոցն ավարտելուց հետո Մարիամն ընդունվում է համալսարանի իրավաբանության ֆակուլտետի քրեագիտության բաժին: Առաջին կուրսում նրան ուղարկում են դատարան պրակտիկայի: Այդ օրը դատարանում քննվում էր մի անչափահասի բռնաբարության գործ, իսկ մեղադրյալին պաշտպանում էր հայ փաստաբան: Դա Մարիամի վրա այնքան ծանր տպավորություն է թողնում, որ մեկընդմիշտ հիասթափվում է ընտրած մասնագիտությունից ու հաջորդ օրվանից այլևս դասի չի գնում:

Մարիամ ՄանուկյանՈրոշում է վարսահարդար դառնալ, քանի որ դա իր հոբբին էր: Սակայն Ֆրանսիայում վարսահարդարման պետական դպրոց ընդունվելը շատ ավելի դժվար է, քան Հայաստանում, օրինակ, բժշկական համալսարան ընդունվելը: Միգուցե զավեշտալի թվա, բայց այդ դպրոց ընդունվելու համար Մարիամը 14 քննություն է հանձնում` 8 տեսական, 6 գործնական ու մեծ դժվարությամբ ընդունվում: Տեսական քննությունների մեջ մտնում էին, օրինակ, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, պատմություն, անգլերեն և այլ առարկաներ: Դպրոցը 4 տարով էր` 2 մասով: Երկու տարի սովորելուց հետո ուսանողը ստանում է վարսահարդարի պետական դիպլոմ և իրավունք ունենում որպես վարսահարդար աշխատելու ցանկացած սրահում, բայց եթե ուզում է սեփական գեղեցկության սրահը բացել, ապա պետք է ևս 2 տարի սովորի` ավարտելով ամբողջական 4-ամյա կուրսը: Մարիամը սովորում է 4 տարի:

Երբ 2 տարի սովորել էր և արդեն իբրև վարսահարդար աշխատելու իրավունք ուներ, որոշում է աշխատանքի ընդունվել ֆրանսիական նշանավոր «Ֆրեդերիկ Մորենո» գեղեցկության սրահների ցանցում, որի հիմնադիրը իտալացի հեղինակավոր վարսահարդար Ֆրեդերիկ Մորենոն է: Ընկերության գլխամասը գտնվում է հենց Լիոնում, և Մարիամն իր առջև նպատակ է դնում անձամբ հանդիպել Մորենոյին ու առաջարկել, որ իրեն աշխատանքի վերցնի: Մորենոն մերժում է` ասելով, որ իրենք երբևէ նորավարտ մասնագետի աշխատանքի չեն ընդունում, քանի որ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը պարտադիր է: Սակայն Մարիամը շուտ հանձնվողներից չէր: Նա սկսում է համոզել. «Ասացի` ինձ մեկ ամիս փորձաշրջանով վերցրեք աշխատանքի` առանց որևէ վճարի, և ես կապացուցեմ, որ արժանի եմ: Հաստատ չեք փոշմանի»: Իտալացին չէր համաձայնում, բայց ի վերջո, երբ տեսնում է, որ հայ աղջկանից «պրծում չկա», համաձայնում է մեկ ամսով նրան առանց վճարի աշխատելու հնարավորություն տալ` համոզված լինելով, որ միևնույն է, չի պահելու: Սակայն, ի զարմանս Մորենոյի, Մարիամն իսկապես կարողանում է ապացուցել, որ արժանի է: Նրան մշտական աշխատանքի են վերցնում: Ավելին, 2 տարի աշխատելուց հետո նա դառնում է «Ֆրեդերիկ Մորենո» սրահներից մեկի մենեջերը: Մարիամի օրինակից ոգեշնչված` Մորենոն փոխում է աշխատանքի ընդունման իր նախկին չափորոշիչները և սկսում իր սրահներում աշխատելու հնարավորություն տալ նաև անփորձ կամ քիչ փորձառություն ունեցող երիտասարդ մասնագետներին:

Մարիամը սիրած ոլորտում շարունակում էր հաջողություններ գրանցել, մեկնել վերապատրաստումների, նորանոր գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերել: Ամեն ինչ հիանալի էր, և նա 2015 թ. ամռանը որոշում է արձակուրդն անցկացնել Հայաստանում: Սակայն դա նրա համար դառնում է ճակատագրական: Ֆրանսիա վերադառնալուց առաջ հանդիպում է իր հայաստանյան դասընկերոջը, որն էլ արձակուրդը Հայաստանում անցկացնելու համար Ռուսաստանից էր եկել: Դասընկերը` Գևորգը, 2 օրից մեկնում է Ռուսաստան, իսկ Մարիամը՝ 4 օրից Ֆրանսիա, սակայն նրանք Հայաստանում թողնում են մի բան, որը նրանց ստիպում է շատ կարճ ժամանակ անց վերադառնալ: Դա սերն էր…

Չնայած կարիերայում հաջողություններին ու ապագայի մեծ հույսերին` Մարիամը որոշում է սիրած տղայի համար ամեն ինչ թողնել: Ֆրանսիավերադառնալուց մեկ շաբաթ անց նա աշխատանքից ազատվում է, իսկ մեկ ամիս անց արդեն Հայաստանում էր, որտեղ նրան սպասում էր Գևորգը: Նրանք Հայաստանում նշանվում են ու գնում Ռուսաստան, ուր տեղի է ունենում հարսանիքը: Սակայն Մարիամի համար Ռուսաստանում ապրել նշանակում էր երկրորդ անգամ անցնել այն բոլոր դժվարություններով, որոնք արդեն մեկ անգամ «ճաշակել» էր Ֆրանսիայում: Երիտասարդ զույգը որոշում է, որ լավագույն վայրը, որտեղ իրենք երջանիկ ընտանիք կկառուցեն, Հայաստանն է: Մարիամն ու Գևորգն արդեն մեկ տարի է՝ հայրենիքում են, որտեղ ծնվել է նրանց առաջնեկը` Լիլիթը: Նրանք սիրում են Հայաստանը ու հավատում, որ չնայած այստեղ շատ ավելի դժվար է բարեկեցիկ կյանք ապահովելը, չկան այն հնարավորությունները, ինչ Ֆրանսիայում ու Ռուսաստանում, միևնույն է, կկարողանան հաստատվել, որովհետև սա մի երկիր է, որտեղ իրենք շրջապատված են անփոխարինելի ջերմությամբ, անկեղծությամբ ու սիրով, ինչի պակասն այնքան զգացել են օտարության մեջ:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր