​«Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տուն և հիվանդանոց». հին երևանյան գողտրիկ կառույց` արժևորված նորովի

34466_large

Աբովյան փողոցի սկզբնամասում անհնար է չնկատել երկհարկանի այս տուֆակերտ կառույցը` գեղեցիկ պատշգամբներով ու շքամուտքով: Ֆիլհարմոնիայի շենքի ուղիղ դեմ դիմաց` Աբովյան 1/1 հասցեում (նախկինում՝ Աստաֆյան 17) գտնվում է հին Երևանի գեղեցիկ առանձնատներից մեկը, որը պատկանել է անվանի բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանին: Հենց նրա անունով էլ պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը կոչվում է «Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տուն և հիվանդանոց»:

Շենքի շինարարության ավարտը նշվում է 1914 թվականով, սակայն շենքում տեղակայված հիվանդանոցն ավելի վաղ է սկսել գործել: Համենայն դեպս, դրա մասին վկայում է 1911 թ. մամուլում հրապարակված այն հայտարարությունը, որ այդ հասցեում գործում է մշտական մահճակալներով հիվանդանոց:

Բժիշկ Տեր-Ավետիքյանը և նրա հիվանդանոցը

Ճարտարապետ Մարիետա Գասպարյանը շենքի վերաբերյալ իր ուսումնասիրություններում գրում է. «Տեր-Ավետիքյանների ամբողջ գերդաստանը հին Երևանում հայտնի անձնավորություններ են եղել: Բժշկի հայրը` Նազար Տեր-Ավետիքյանը, ռուս-պարսկական պատերազմում ռուսական զորքերին օգնություն ցուցաբերելու համար ցարական հրամանագրով որպես պարգևատրում ստացել էր ազնվականի տիտղոս, որը ժառանգաբար անցել էր նրա տղաներին: Արամ Տեր-Ավետիքյան. Խարկովի բժշկական համալսարանի շրջանավարտ, կոլեգիական խորհրդատու, քաղաքային խորհրդի պատգամավոր և հասարակական գործիչ»:

Բնակելի տան համալիրը բաղկացած է եղել բուժարանից, խանութներից և բնակարաններից։ Այն երկհարկանի էր, ներքին բակով, սենյակների երկշարք և միաշարք դասավորությամբ։ «Երեք հարմարավետ բնակարանները` ընդհանուր հաշվով տասներկու սենյակ, չհաշված օժանդակ տարածքները (նախասենյակ, խոհանոց), գտնվում էին գլխավոր առանձնաշենքում, իսկ երկու յոթսենյականոց փոքր բնակարանները` թևաշենքերում: Գլխավոր առանձնաշենքի առաջին հարկում տեղակայված էին խանութները, որոնք հանձնվում էին վարձակալությամբ: Դրանց թիվը համապատասխանում էր փողոց դուրս եկող ցուցափեղկերի լայն խորշերի քանակին, որոնք տարակենտրոնացված էին կենտրոնական գլխավոր մուտքի երկու կողմում. այսօր այդտեղ գտնվում են առևտրային հաստատություններ և բանկ»,-գրում է ճարտարապետը` ենթադրելով, որ տան շինարարության կապալառուն և նախագծի հեղինակը եղել է բժշկի եղբայրը` ինժեներ և «Տեր-Ավետիքյան եղբայրների» մեխանիկական, չուգունի ձուլման գործարանի համասեփականատեր Երվանդ Տեր-Ավետիքյանը:

Տեր-Ավետիքյանի հիվանդանոցը քաղաքի ամենահայտնի մասնավոր հաստատություններից էր: Այնտեղ բժշկական ծառայություններ են մատուցել բարձրակարգ բժիշկներ: Արամ Տեր-Ավետիքյանը զբաղվել է ներքին և նյարդային էլեկտրաթերապիայով, Խ. Ավետիսյանը` մանկական հիվանդություններով, քիթ, կոկորդ, ականջ, Ա. Տեր-Գրիգորյանցը` կանացի խնդիրներով, մանկաբարձություն և խորհուրդներ երեխաների կերակրման հարցերով, Կ. Տեր-Մարուքյանը` մանկական և ներքին հիվանդություններով, Ա. Մելիքյանը` վեներական և միզասեռական հիվանդությունների գծով, Ի. Տեր-Միքայելյանցը` վիրաբուժության, Ա. Զարեմբան` ակնաբուժության, Մ. Մարգարյանը` ատամների և բերանի խոռոչի հիվանդությունների: Ի դեպ, Էրիվանի նահանգի հուշագրքում տպագրված գովազդում ներկայացված է հիվանդանոցի Այնուհետև թվարկվում են կաբինետները, որտեղ ուշագրավ ծառայություններ կան, օրինակ` բուժիչ մարմնամարզության դահլիճ, թրթիռային մերսում, տաք օդային ցնցուղ, սեռական անկարությունը բուժող պրոֆեսոր Զաբլուդովսկու սարքը և այլն:

Շենքի ճարտարապետական առանձնահատկությունները

Տան ճարտարապետությանը բնորոշ է մոդեռն գեղարվեստականությունը։ «Աբովյան փողոցի կողմից շենքը ներկայանում է մեկ գլխավոր ճակատով, այդ իսկ պատճառով, մտնելով տնակազմի բակ, կարելի է ամբողջովին հասկանալ դրա կառուցվածքը,- բացատրում է ճարտարապետ Մարիետա Գասպարյանը,- ներքին բակերը երևանյան կառույցների պարտադիր տարրեր են, բայց այս մեկը տարբերվում էր մնացածից իսկապես դասական ոճով, ատրիումի պարագծով փակված ձևով: Բայց այդ տան գլխավոր առանձնահատկությունը միայն բակի յուրահատկությունը չէ. առավել եզակի է դրա ճարտարապետական մեկնաբանումը` լուծված մոդեռն ոճով: Ոճի անխախտելի ոգին զգացվում է առանձին տարրերի յուրատեսակ ձևից` շքամուտքի, դռների, կենտրոնական պատշգամբի, էրկերների ծածկերի ձիգ, շեղագիծ ուրվապատկերներից: Դարաշրջանի գեղարվեստական միտումների նոր շունչն արտահայտված է անտիկ իոնիական սյունակարգի ոճայնացված մոտիվներում, գեղարվեստականի կանխամտածված ներմուծմամբ, սակայն կոմպոզիցիայի կառուցվածքի ընդհանուր համաչափությունում` յուրահատուկ դեկորատիվ կահավորման դրվագների գործառնապես հիմնավորված աններդաշնակությամբ»:

Ի դեպ, Առաջին աշխարհամարտի տարիներին այստեղ աշխատել է Կարմիր խաչ ընկերությունը, որին բարեգործական նպատակներով հատկացվել է շինությունների մի մասը: Աստաֆյան փողոցը ժամանակին աչքի էր ընկնում ոչ միայն իր շքեղ առանձնատներով, այլև ժամանակի համար եզակի համարվող եվրոպական տիպի խանութներով: Նման բարձրակարգ խանութներ, ինչպես արդեն նշեցինք, վարձակալական հիմունքներով գործում էին նաև Արամ Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տանը:

Թումանյանի շունչը այս հասցեում

Շենքի տարեգրության մեջ մի կարևոր պատմական իրադարձություն կա: Դրա մասին է վկայում նաև շենքի ճակատային հատվածում տեղադրված հուշատախտակը: Իրադարձությունը կապված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անվան հետ: Նա 1921 թ. գարնանը մեկ ամսով ապրել է այստեղ, երբ պատերազմական տարիներին Թիֆլիսի հայ մտավորականների ժողովի որոշմամբ և Օրջոնիկիձեի արտոնությամբ եկել էր Երևան: Շենքի երկրորդ հարկում` մուտքից դեպի ձախ է գտնվել բանաստեղծի դստեր` Աշխենի բնակարանը, ու հենց այնտեղ էլ ապրել է Թումանյանը: Չնայած մեծ բանաստեղծն այստեղ ապրել է ընդամենը 1 ամիս, միևնույն է, նրա շունչն ու ոգին լրացուցիչ արժեք են հաղորդում պատմամշակութային այս կառույցին:

Շենքի ճակատագիրը Հայաստանի խորհրդայնացումից հետո և այսօր

Երբ բոլշևիկներն իշխանության են գալիս, պետականացնում են բոլոր հարուստների առանձնատներն ու գույքը: Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը նույնպես դառնում է պետական սեփականություն` տրամադրվելով ժողովրդին: Մինչ օրս էլ այստեղ դեռևս շարունակում են ապրել հնաբնակ ընտանիքների ժառանգներ, որոնք ոչ մի դեպքում չեն ցանկանում լքել սիրելի վայրն անգամ ամենագայթակղիչ պայմանների դեպքում:

Տիկին Նունեն ծնվել է 1963 թվականին և մինչ օրս ապրում է այստեղ: Ասում է, որ 1950-ականների սկզբին այս շենքից բնակարան է ստացել իր պապը` Հարություն Վարոսյանը, որը եղել է առևտրի փոխնախարար: «Մեր կողքին ապրում էին դասախոս Միհրանը, երաժիշտ Պահլավունին, վայենկոմ Մեժլումյանը, կենտկոմի, քաղբյուրոյի աշխատողներ. մոտ 27 ընտանիք»,- պատմում է նա:

Ժամանակին տիկին Նունեի պապին բաժին է հասել շենքի ամենագեղեցիկ հատվածներից մեկը` շքապատշգամբներով: Սակայն 2000-ականներին նրանք մոտ 300 քմ տարածք իրենց ժառանգությունից վաճառել են Հովնանյաններին. Այժմ շենքի երկրորդ հարկի ճակատային հատվածը` նույն շքապատշգամբով, պատկանում է Նինա Հովնանյանին: Այստեղ ժամանակին գործում էր նրա հիմնադրած «Հայաստանի գանձերը» խանութ-սրահը, որտեղ ներկայացված էին hայկական հուշանվերներ, հագուստ, ձեռագործ իրեր, ինտերիերի ձևավորման պարագաներ` պատրաստված «Նինա Հովնանյան կուտյուրե» ընկերության կողմից: Ցավոք, ընդարձակ ու յուրօրինակ ձևավորմամբ ցուցասրահում այլևս Նինա Հովնանյանի հեղինակային պարագաները ներկայացված չեն, փոխարենը վաճառվում են հայկական ձեռագործ գորգեր ու հուշանվերների որոշ տեսականի:

Շենքի առաջին հարկում` շքամուտքից դեպի աջ, «Պիցցա դի ռոման է»: Շենքի այդ հատվածն էլ պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին: Տիկին Նունեն պատմում է, որ շենքում 1987 թվականին խոշոր հրդեհ է բռնկվել, որից հետո պետությունն այն չորրորդ կարգի վթարային է ճանաչել, ու շենքը մինչ օրս նույն կարգավիճակում է: Դա է պատճառը, որ շենքում գազաֆիկացում չի թույլատրվում: «Քաղաքի կենտրոնում մենք բնական գազ չունենք»,- նեղսրտում է զրուցակիցս:

Տիկին Նունեի բնակարանում դեռևս պահպանվում է շենքի ամենաարժեքավոր դետալներից մեկը` ցարական ժամանակաշրջանի պատի չուգունե վառարանը: «Այս վառարաններից գրեթե բոլոր բնակարաններում կային»,- ասում է նա` ափսոսանքով հավելելով, որ բնակարանների մի մասից վառարանները հանել են, հավանաբար, նոր վերանորոգմանը «խանգարելու» պատճառով: Տիկին Նունեն նաև հիշում է, որ ժամանակին շենքի շքամուտքում պատի վրա մեծ ցուցատախտակ էր փակցված, որի վրա գրված էին բոլոր բնակիչների անուն-ազգանունները և բնակարանների համարները: 2000-ականների սկզբին այն նույնպես հանել են վերանորոգելու և հետ բերելու նպատակով, սակայն մինչ օրս այդպես էլ չեն վերադարձրել:

Ի դեպ, պարզվում է` պետության ու շենքի սեփականատերերի միջև մինչ օրս կնքված չէ պահպանման պարտավորագիր, ինչը օրենքով պարտադիր է հուշարձան-շենքերի դեպքում: ՀՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը ինձ հետ զրույցում հայտնեց, որ այդ շենքի ճակատագրին իրենք անդրադառնալու են, երբ «Հին Երևան» ծրագիրը սկսվի: «Ճիշտ է` այդ շենքը ներառված չէ «Հին Երևան» ծրագրում, սակայն ծրագրում ներառված շենքերին հարակից է, և երբ ծրագրի շինարարությունը սկսվի՝ հարակից շենքերի սեփականատերերին պետք է պարտավորեցնենք, որպեսզի սեփականատերերն էլ վերականգնման, ամրացման աշխատանքներ կատարեն, քանի որ այդ ընթացքում ռիսկային վիճակ է ստեղծվելու»:

Հին Երևանի կենցաղն ու մշակույթը ներկայացնող այս կառույցը Արցախյան քառօրյա պատերազմից հետո վերարժևորվեց: 2016 թվականին շենքի պատմությունը մի կարևոր դրվագով էլ հարստացավ, ու մի հուշատախտակ ավելացավ, որի վրա կարդում ենք. «Այս տանն է ապրել Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանը…1996-2016»: Այո, հենց այս բակում է ծնվել ու մեծացել մեր նորօրյա հերոսներից մեկը` Ադամը, որը նույնպես այս պատմական շենքի ժառանգորդ-բնակիչներից էր: Իսկ շենքի շքամուտքի դիմաց մի ցայտաղբյուր կառուցվեց, որպեսզի անցորդները ծարավը հագեցնեն` խոնարհվելով 20-ամյա հերոս-զինվորի հիշատակի առջև:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր