Նախորդ տարի ամռանը հրապարակված «Կոմիտասի կենսագրությունը կեղծվում է ամենաբարձր մակարդակով» հոդվածում գրել էի, որ մեծ երաժշտագետի կենսագրության մի կարևոր հատված, առանց լուրջ փաստագրական հիմքերի, կապում են քրդական երաժշտության հետ:
Խնդիրը բարձրացրել էր կինովավերագրող Գագիկ Հարությունյանը, որը Կոմիտասի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ այնքան էր խորացել նրա գործունեության մեջ, որ բացահայտել էր ուշագրավ փաստեր:
Բանն այն է, որ գիտական աշխարհում տարածված թյուր տեսակետ կա, թե իբր Կոմիտասը, 1896–1899 թթ. ուսանելով Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր երաժշտանոցում և զուգահեռաբար սովորելով ու ավարտելով Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Հումբոլդտի անվան) համալսարանի փիլիսոփայության բաժինը, իր ավարտաճառը գրել է քրդական երաժշտության թեմայով: Սակայն պարզվում է, որ նման ավարտաճառի վերաբերյալ միակ տեղեկությունը նրա առաջին կենսագիր Թորոս Ազատյանի գրած տեղեկությունն է, այն էլ հայտնի չէ, թե ինչի հիման վրա: Այդ թեզի գոյության մասին հաստատող որևէ փաստ չկա թե՛ Կոմիտասի գրած ինքնակենսագրականներում, թե՛ Հումբոլդտի համալսարանում, թե՛ որևէ այլ տեղ: Առհասարակ հասկանալի չէ, թե ինչու պիտի Կոմիտասը, որի նպատակը հայկական երաժշտության խորքերն ու ծալքերը աշխարհին ներկայացնելն էր, իր ավարտական թեզը գրեր քրդական երաժշտության թեմայով:
Ինչևէ, այս ամենն այնքան տարօրինակ ու վրդովեցուցիչ է դառնում կինոռեժիսորի համար, որ նա իր վրա է վերցնում կոմիտասագետների առաքելությունը և փորձում է գնալ մինչև վերջ ու բացահայտել այդ առեղծվածը: Այդ ընթացքում նա ոչ պակաս տարակուսելի մեկ այլ երևույթ էլ է հայտնաբերում. պարզվում է` 2012 թ. Հայաստանում հայ հեղինակի կողմից տպագրվել է մի գիրք, որը կոչվում է «Ուսուբ բեկ, ուրվագիծ եզդի ժողովրդի, ազգապետերի մի տոհմի, հայ-եզդիական կապերի պատմության»: Գրքում բազմաթիվ չհիմնավորված տեղեկություններով ու փաստերի աղավաղումներով ներկայացվում է նաև Կոմիտասի գործունեությունը և իբր նրա սերտ կապը Ուսուբ բեկի հետ:
Գրքում գրված է, թե Գերմանիայից վերադառնալուց հետո Կոմիտասը հանդիպում է Ուսուբ բեկի հետ, ու վերջինս նրան ասում է. «Վերջապես կատարվեց քո մանկության երազանքը, դու քրդական երաժշտության մասին գիտական աշխատություն գրեցիր»: Գրքում նաև զետեղված է մի լուսանկար, որտեղ Կոմիտասն ու Ուսուբ բեկն են: Իհարկե, լուսանկարը իրականության հետ որևէ կապ չունի, պարզապես ֆոտոշոփի հնարք է:
Գագիկ Հարությունյանն այս ամենը լուրջ փաստերով հերքելու համար մոտ 40-րոպեանոց ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Անցյալը սահմանում է ապագան»:
Ֆիլմում երաժշտագետ, Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող Մարինե Մուշեղյանը, պատմաբան, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցը (վերջիններս նաև այս թեմայով գիտական աշխատություններ են գրել), պոլսահայ երաժիշտ, լրագրող Տիրան Լոքմագյոզյանը, երաժշտագետ Աննա Արևշատյանը և իհարկե ինքը` Գագիկ Հարությունյանը հետաքրքիր փաստերով ու բացահայտումներով ներկայացնում են Կոմիտասի գործունեության բոլոր առեղծվածային կետերը` հերքելով այն առասպելները, որոնցով նրա կենսագրութունը փորձում են շաղկապել քրդական իրողությանը:
«Թորոս Ազատյանը, դառնալով Կոմիտասի առաջին կենսագիրը, իր գրքում նշել է նաև քուրդ երաժշտության թեզի մասին, և նրան հետևել են բոլորը, որովհետև, չգիտես ինչու, վստահ էին, որ Թորոս Ազատյանը սխալվել չի կարող,- ասում է Մարինե Մուշեղյանը,- այսպես, երաժշտագետների մի ամբողջ շարք մինչև մեր օրերը վստահ էին, որ դա ճիշտ է: Ասում եմ` էին, քանի որ կարծում եմ, որ հիմա գոնե այլևս վստահ չեն, երբ ի հայտ եկան արխիվում պահվող փաստաթղթերը»:
Մարինե Մուշեղյանը Կոմիտասի ամբողջ արխիվային նյութն ուսումնասիրելիս չի հանդիպել որևէ ակնարկ, որևէ փաստաթուղթ, որը կվկայեր նշված թեզի գոյության մասին: Անկասկած Կոմիտասն իր գոծունեության ընթացքում անդրադարձել է քրդական երաժշտությանը, օրինակ, երբ Լազարյան ճեմարանը հրատարակում էր հայտնի «Էմինյան ազգագրական ժողովածուն», խմբագիրը դիմում է Կոմիտասին և խնդրում, որ մի քանի քրդական եղանակների նոտաներ տա իրենց, որպեսզի հինգերորդ հատորը, որը նվիրված էր քրդական ազգագրությանը, ավելի ներկայանալի լինի: 1903 թ. լույս է տեսնում հինգերորդ հատորը, որտեղ քրդական 13 երգ էր ընդգրկված և իբրև հավելված ներկայացվում էր հասարակությանը: Հաջորդ տարի առանձին գրքույկով հրատարակվում են քրդական եղանակները, որտեղ գրված է. «Ձայնագրեց Կոմիտաս վարդապետը»:
Այստեղ քրդական եղանակներն են` հայատառ և լատինատառ քրդերեն տեքստով: Գագիկ Հարությունյանը համոզված է, որ շատերը սկսել են դա շփոթել դիպլոմային աշխատանքի հետ: Ինչ վերաբերում է Ուսուբ բեկի մասին գրքին, ապա այնտեղ Կոմիտասի վերաբերյալ ամենաբացահայտ աղավաղումներից ու խեղաթյուրումներից մեկն էլ հետևյալն է: Երբ գրքում նշվում է Կոմիտասի քրդական երաժշտության մասին թեզ գրելու փաստը, դրանից անմիջապես հետո մեջբերվում է մի հատված Կոմիտասի ուսուցիչներից մեկի` Ֆլեյշերի նամակից, որտեղ վերջինս մեծ գովասանքով խոսում է Կոմիտասի` հայ երաժշտության վերաբերյալ դասախոսության ու ելույթի մասին: Սակայն երբ կարդում ես այդ գիրքը, տպավորություն է ստեղծվում, թե Ֆլեյշերը հիացած էր Կոմիտասի` քրդական երաժշտության մասին թեզով, քանի որ նամակը կիսատ է մեջբերված: Կամ օրինակ՝ Կոմիտասը քրդական երաժշտության մասին գրել է. «Քրդերը` իբրև լեռնական, ունեն մի երաժշտություն, որ զորեղապես կրում է բնության կնիքը, իսկ իբրև թափառաշրջիկ և խաշնարած` նա՝ այդ երաժշտությունը, անկայուն է և պտտվում է ոչխարների և այծերի շուրջը»:
Գրքում Կոմիտասի այս խոսքերի միայն առաջին հատվածն է մեջբերված, երկրորդ հատվածը հանված է` աղճատելով նրա միտքը քրդական երաժշտության մասին: Գրքում նաև գրված է, թե իբրև 1899 թ. օգոստոսի 20-ին է Կոմիտասը պաշտպանել «Քրդական երաժշտությունը» թեմայով դիպլոմային աշխատանք:
Մարինե Մուշեղյանը չի կարողանում հասկանալ, թե այդ ամսաթիվը որտեղից է վերցվել: Այս ամենի մեջ թերևս ամենազավեշտալին այն է, որ գրքի հեղինակը հայ է, իսկ գիտական խմբագիրը՝ Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը: Գրքի շնորհանդեսին մասնակցել են ոչ միայն Կարեն Խաչատրյանը, այլև ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և այլ գիտնականներ: Այս գիրքը գտնվում է Հայաստանի ազգային գրադարանում, Ազգային ակադեմիայի գրադարանում և այդպես անկաշկանդ տարածվում է:
Այս տարի «Նոր տապան» ստեղծագործական խումբը (որի հիմնադիրն է կինովավերագրող Գագիկ Հարությունյանը) դիմել է Ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին` ներկայացնելով խնդիրը և առաջարկելով օրենքի փոփոխություններ կատարել, որպեսզի նման երևույթները բացառվեն, և նման կեղծիքները մեր իսկ ձեռքով չտարածվեն: Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և դրված է շրջանառության մեջ, սակայն այն դեռևս պետք է մտնի ԱԺ մեծ օրակարգ ու հաստատվի:
Կոմիտասի` քրդական երաժշտության մասին դիպլոմային աշխատանքի գոյությունը փաստերով հերքելու գործում ստեղծագործական խմբին օգնել է նաև մի հայ ուսանողուհի` Անի Գասպարյանը, որը սովորում է Հումբոլդի համալսարանի մագիստրատուրայի փիլիսոփայության բաժում: Նա պաշտոնապես նամակ է գրել համալսարանի ղեկավարությանը և ստացել պատասխան, որ Կոմիտասը նման աշխատություն չունի, և եթե լիներ, ապա իրենց մոտ անպայման ինչ-որ ձևով պետք է նշված լիներ: Ի դեպ, Անին նաև պատմել է, որ մի անգամ Բեռլինում գերմանացիները Կոմիտասին նվիրված երեկո են կազմակերպել, որին մասնակցել է նաև ինքը: Այդ երեկոյից Անին դուրս է եկել զայրացած ու սրտնեղած, քանի որ Կոմիտասին ներկայացրել են իբրև Թուրքիայի քաղաքացի, իբրև թուրքական, քրդական երաժշտության մասնագետ` ոչ մի բառ չասելով հայերի ու հայկական երաժշտության մասին: Ուսանողուհին զայրացած մինչև անգամ նամակ է գրել Գերմանիայում մեր դեսպանատանը` հետաքրքրվելով, թե ի վերջո ով պետք է տեր կանգնի մեր արժեքներին:
Պոլսահայ երաժիշտ, լրագրող Տիրան Լոքմագյոզյանը ֆիլմում պատմում է, որ 2000 թ. կողմերը Հրանտ Դինքը զանգել է իրեն ու խնդրել, որ Կոմիտասի այդ թեզը (քրդական երաժշտության վերաբերյալ) փորձի գտնել, որպեսզի թուրք մտավորականությունը կարողանա հրատարակել: «Քանի որ ես 1990 թվականից աշխատում էի Կոմիտասի ձեռագիրների վրա, իրեն ասեցի, որ այդպիսի բան գոյություն չունի»: Սակայն Դինքը պնդել է` ասելով, որ իր մոտ են եկել մարդիկ, որոնք վստահ են դրա գոյության մեջ և ասում են, որ մի հրեա երաժշտագետ դրա մասին անգամ գրել է ու ասել, թե Հայաստանում Աննա Արևշատյան անունով մի երաժշտագետի մոտ այդ թեզը կա:
Երաժշտագետ Աննա Արևշատյանը հենց ֆիլմում հերքում է այդ տեղեկությունը: «Ամենայն հավանականությամբ դա անհասկացողության հետևանք է: Երբ Տիգրան Լոքմագյոզյանն ինձ զանգեց, ես զարմանքով ասացի, որ առաջին անգամ իրենից եմ լսում նման բան: Հրեա երաժշտագետ Աննին Շիլոայի հետ մենք մեր հանդիպումների ընթացքում շատ բաների մասին ենք խոսել, բայց ես չեմ հիշում, որ հատուկ Կոմիտասի մասին զրույց ունեցած լինենք»:
Աննա Արևշատյանը նույնպես ստույգ աղբյուրից ճշտել է, որ Հումբոլդի համալսարանի արխիվում նման աշխատություն չկա, կա Կոմիտասի դիպլոմը, ուրիշ փաստաթղթեր, նամակներ, բայց ավարտաճառ` նվիրված քրդական երաժշտությանը, գոյություն չունի:
Քրդական երաժշտության թեզի վերաբերյալ այս վերջին աղմուկից հետո երաժշտագիտական հանրությունը կարծես թե արդեն զգուշանում է վստահորեն խոսել դրա գոյության մասին: Ավելին, շատերը սկսել են հայտարարել, թե հենց իրենք են Հումբոլդի համալսարանից ճշտել, որ նման բան գոյություն չունի: Ինչ վերաբերում է Ուսուբ բեկի մասին գրքին, ապա դա, ըստ Գագիկ Հարությունյանի, այն «ծաղիկն» է, որի սերմերը ցանել է Կոմիտասի առաջին կենսագիրը` դառնալով տասնամյակներ շարունակ տարածվող կեղծիքի աղբյուր:
Տիգրան Պետրոսյանցը քուրդ և եզդի ժողովրդի դեմ ոչինչ չունի, բայց միաժամանակ գտնում է, որ մեր պատմությունը հանուն նրանց չպիտի աղճատվի: «Ընդհակառակը, եղբայրությունը, ինտերնացիոնալիզմը, հանդուրժողականությունը ենթադրում են, որ հնարավորինս յուրաքանչյուրի մշակույթը պետք է ներկայացվի այդ դաշտի մեջ միայն և ոչ թե այլ ժողովրդի մշակույթի և պատմության հաշվին»:
Գագիկ Հարությունյանն էլ հավելում է. «Անցյալն է որոշում, թե ոնց պետք է կառուցես ապագան, և երբ դու անցյալը սխալ ես մարսում ու անցյալի սխալները չես փորձում հասկանալ և ուղղել՝ դու ոչ մի բան չես կարող կառուցել»: