«Պապարացցի». սիրիահայ DJ Շանթը կոտրում է գիշերային ժամանցի կարծրատիպերը

37079_large

DJ Շանթ և «Պապարացցի» անուններն արդեն բրենդ են երևանյան ժամանցային կյանքում: Մինչդեռ ինքը՝ Շանթ Քոչյանը, մի քանի տարի առաջ դժվար թե պատկերացներ իրեն Հայաստանում, այն էլ՝ այս բիզնեսով զբաղվելիս:

Շանթը Սիրիայի Լաթակիա քաղաքից է: Կյանքն այս ծովափնյա գեղեցիկ քաղաքում, որը Սիրիայի գլխավոր նավահանգիստն է, առավել հանգիստ ու մեղմ էր, քան մարդաշատ ու գերակտիվ Հալեպում, և մարդիկ այստեղ ապրում էին ապահով ու երջանիկ՝ երբևէ չմտածելով, որ խաղաղ երկինքն ու կապույտ ծովը մի օր կալեկոծվեն:

Շանթն ավարտել էր համալսարանի «Բիզնես կառավարում» բաժինը և մի քանի տարի մասնագիտությամբ աշխատելուց հետո որոշել էր սեփական բիզնեսը հիմնել մի ոլորտում, որով տարված էր դեռ ուսանողական տարիներին՝ տեսա-ձայնային էֆեկտներ, մեծ միջոցառումների կազմակերպում, շոու-ծրագրեր: Այո, մի քաղաքում, որտեղ մարդիկ ուրախ ու անհոգ էին, խնջույքների, հարսանիքների ու միջոցառումների պակաս չկար, և Շանթի բիզնեսը ծաղկում էր:

Բայց 2011 թվականին ամեն ինչ փոխվում է, երբ պատերազմի շունչը հասնում է Լաթակիա: Գործը կանգ է առնում: Կայացած բիզնեսը չփլուզելու համար Շանթը տեղափոխվում է Հալեպ, որտեղ դեռ խաղաղ էր և գործի պահանջարկ կար: Հալեպում բիզնեսը կրկին ծաղկում է, բայց շուտով պատերազմի ճիրանները հասնում են նաև այստեղ, և առաջին հարվածն իր գործի վրա զգում է հենց Շանթը՝ հրթիռների տակ էլ ի՞նչ խնջույք ու հարսանիք…

Նա որոշում է տեղափոխվել Եվրոպա և 2013 թվականին գալիս է Հայաստան, որպեսզի այստեղ պատրաստի Գերմանիա մեկնելու փաստաթղթերը: Այդ ընթացքում պարապ չի նստում, աշխատում է փաբերում ու ակումբներում իբրև DJ, ու կարճ ժամանակ անց DJ Շանթի համբավը տարածվում է քաղաքում:

2014-ին, երբ այնուամենայնիվ դիմում է Գերմանիա մեկնելու համար, կնոջն ու դստերը վիզա տրամադրում են, իրեն` ոչ: Այդ մերժումը հոգու խորքում ուրախացնում է Շանթին, քանի որ ներքուստ զգում էր, որ չի ուզում Հայաստանից հեռանալ: «Այդ էջը փակեցի ու սկսեցի այստեղ գործս մեծացնել: Պահանջարկը մեծ էր, գործերս շատ լավ էին»,-ասում է Շանթը:

Նա զբաղվում էր և՛ DJ-ի աշխատանքով, և՛ տարբեր միջոցառումներին լուսաձայնային ծառայությունների մատուցմամբ: Այդ ընթացքում Շանթը 10 օրով մեկնում է Գերմանիա ցուցահանդեսի մասնակցելու նպատակով: Հիշում է, թե ինչպես էր անհամբեր սպասում Հայաստան վերադառնալուն: Այդ ժամանակ նա մտածում է Հայաստանում մի հիմնավոր բիզնես սկսել, բայց կողքից քաջալերողները քիչ էին: Հատկապես տեղացիները խորհուրդ էին տալիս ռիսկի չդիմել, թե Հայաստանում բիզնես դնելն իսկական գլխացավանք է:

Մի օր Շանթը նորից Գերմանիայում էր փառատոնի մասնակցելու նպատակով: Ու մի կիրակի, երբ քայլում էր Բեռլինի փողոցներով, նկատում է, որ բոլոր ժամանցի վայրերը փակ են: Հանկարծ մի բաց բար է տեսնում, անունը` «Պապարացցի»: Հենց այդ պահին որոշումը կայացնում է` Հայաստանում պիտի բար-ակումբ բացի: Վերադառնում է ու անցնում գործի: Եվ քանի որ որոշման գործում վերջնական դերակատարում էր ունեցել բեռլինյան սրճարանը, ի հիշատակ դրա, որոշում է իր ակումբը կոչել «Պապարացցի»:

Աբովյան 3 հասցեում այսօր գործում է արդեն շատերի համար ժամանցի նախընտրելի վայր դարձած «Պապարացցին»: Image may contain: people sitting, table and indoorՇենքի առաջին հարկում ակումբն է` Paparazzi Club-ը, 6-րդ հարկում` «Պապարացցի սրճարանը»` երևանյան հիասքանչ տեսարանով:

Շանթը մեծ գումար է ներդրել «Պապարացցիի» ստեղծման և կայացման համար, վաճառել է Լաթակիայում գտնվող իր առանձնատունը, որտեղ ապրելու էր տեղափոխվել ամուսնությունից հետո, բայց շատ կարճ էր վայելել: «Ես տունս վաճառեցի ու պարզապես ռիսկ արեցի: Երբեք կազինո չեմ մտել, բայց սա իմ ռիսկն էր, կարող էր և չստացվել: Էն ժամանակ կբողոքեի, թե Հայաստանում գործ դրեցի, չստացվեց: Բայց փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց, և հիմա «Պապարացցին» իմ տունն է, իմ երեխան է, որին խնամքով մեծացնում եմ»:

Շանթը մեծ ջանքեր է դնում նաև, որպեսզի կոտրի տեղացիների կարծրատիպերը գիշերային ժամանցիվերաբերյալ: «Էստեղ կարծես մարդիկ վախենում են գիշերային կյանքից: Ժամանակ է պետք հասարակությանը ընդունելու, որ ենթադրենք՝ տղամարդը կարող է գնալ ակումբ, խմել, պարզապես լավ ժամանակ անցկացնել ու հեռանալ, ոչ թե անպայման հարբել ու աղջիկ «կպցնել»: Կամ պետք է կոտրել կարծրատիպը, որ եթե աղջիկը ակումբ է գնում, ուրեմն վատ աղջիկ է, և այլն»: Շանթը կատակում է, թե իրենց մոտ չկան թաքուն սենյակներ, մութ անկյուններ, ինչպես հաճախ զանգում, հարցնում են: «Ասում ենք` ոչ, մենք սենյակներ չունենք, մեզ մոտ միայն սեղաններ են, այն էլ՝ բաց ու լուսավոր, և ամեն ինչ երևում է: Այնպես որ, եթե ուզում եք գալ և ձեր ընկերոջ, կնոջ, սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնել՝ համեցեք»:

Image may contain: 5 people, people on stageDJ Շանթն այլևս իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում: Հաճախ է շրջագայում և ամեն անգամ կարոտով վերադառնում: «Չտես մարդն է բողոքում,- կարծում է նա,-շատերը թողնում գնում են, բայց այստեղ դեռ պահպանված են ազգային, ընտանեկան արժեքները, այստեղ ավելի անվտանգ ու ապահով է»:

Հիշում է, որ Սիրիայում, որտեղ գրեթե բոլոր երիտասարդները որևէ կուսակցության կամ ազգային կառույցի մեջ են ներգրավված, իրենց հայրենիքի գաղափարներով են մեծացել: Իբրև դաշնակցության ներկայացուցիչ՝ ինքն էլ փոքրուց այդ գաղափարներով է դաստիարակվել, «Դեպի երկիր» գաղափարախոսությունը մշտապես լսել: «Բայց դա լոկ գաղափար էր, և ոչ ոքի մտքով չէր անցնում, որ պետք է վեր կենալ ու գնալ երկիր,- խոստովանում է նա,- այո, եթե սիրիական պատերազմը չլիներ, միգուցե իմ մտքով չէր էլ անցնի, որ կարելի է գալ և Հայաստանում ապրել: Էնպես որ՝ ամեն չարիքի մեջ բարիք կա»: Մի քանի տարի բացակայությունից հետո այս գարնանը Շանթը Սիրիա է մեկնելու` մասնակցելու եղբոր երեխայի կնունքին: «Կարոտում եմ Լաթակիան, ծովը, Դամասկոսի հին թաղերը, Հալեպը, Քեսաբը, մեր փողոցները, բայց գիտե՞ս ինչն է հետաքրքիր, ինձ այդ ամենը այլևս չի քաշում: Այո, հիշատակները կան, բայց դրանք արդեն անցյալում են»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր