Խանզադյանի 121-ամյա տունը Աբովյան փողոցում և նրա վերջին բնակիչները

Խանզադյանի եկամտաբեր տունը

Երևանի պատմամշակութային շենքերի մասին հոդվածաշարում առանձնահատուկ տեղ ունեն Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող XIX դարավերջին կառուցված եկամտաբեր տները, որոնք հիմնականում երկհարկանի էին. վերևի հատվածում ապրում էին տանտերերը՝ հիմնականում վաճառականներ, իսկ առաջին հարկում գործում էին նրանց խանութները:

Այս անգամ կներկայացնենք Աբովյան 3/1 հասցեում գտնվող Երևանի ամենագեղեցիկ շինություններից մեկի` վաճառական Գևորգ (Եգոր) Խանզադյանի եկամտաբեր տան պատմությունը, որը հատնի է նաև «Սաքսոնական» խանութ անունով:

1896 թ. շենքը նախագծել և սկսել է կառուցել հայտնի ճարտարապետ Վասիլի Միրզոյանը: 1905 թ. մեկ այլ անվանի ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով Պուշկինի փողոցի և մի քանի տարի անց նաև Հին Երևանցու փողոցների կողմից ավելացվել են շինության նոր երկու թևերը:

Հայտնի «Սաքսոնական» խանութը

Գևորգ Խանզադյանի «Սաքսոնական» խանութը Երևանի ամենահայտնի գործվածքի ու գալանտերիայի վաճառատունն էր: Խանզադյանն այդ խանութը հիմնադրել էր շատ ավելի վաղ` 1877 թ.՝ մինչև եկամտաբեր տան կառուցումը: Խանզադյանի հանրահայտ խանութի մասին «Երևանի նահանգի հուշագրքում» տպագրված է մի հայտարարություն, որը պատկերացում է տալիս խանութի գործունեության մասին. «Գ.Ի. Խանզադյանի Սաքսոնական խանութը Երևան քաղաքում (ֆիրման գոյատևում է 1877 թվականից): Ռուսական և արտասահմանյան ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուր: Ուզածդ ժամանակ` սեզոնային նորությունների լիակատար ընտրություն: Շաբաթ օրերին՝ վաճառք առանց մնացորդների: Վաճառք առանց սակարկման: Դրամարկղում՝ հատուկ զեղչեր»:

Խանզադյանի եկամտաբեր տան ճարտարապետական նշանակությունը

Ճարտարապետ Մարիետա Գասպարյանը, որ ուսումնասիրել է XIX դարավերջի և XX դարակսկզբի երևանյան ճարտարապետությունը, իր աշխատության մեջ այս շենքի մասին գրել է. «Աստաֆյան փողոցում գտնվող Խանզադյանի կալվածքը չորս բնակարանոց եկամտաբեր բնակելի տուն է՝ նկուղով և յուրաքանչյուր հարկում՝ երկուական բնակարանով (սենյակների ընդհանուր թիվը, առանց նախամուտքերի և խոհանոցների, 16 է): Ճարտարապետական առանձնահատկությունների տեսակետից շենքը հետաքրքիր է ավանդական տարրերի և նոր ժամանակին բնորոշ ճարտարապետա-գեղարվեստական նորարարության ձևերի օրգանական համադրությամբ: Գլխավոր մուտքը Աբովյան փողոցից միջանցիկ նախասրահով տանում է դեպի ընդարձակ երևանյան բակը՝ պատված բաց պատշգամբներով: Կառույցի հատակագիծն ունի Ս-աձև ուրվագիծ, որի մի թևը բացված է նախկին Այգեստանի փողոցի դիրքի պատճառով (այն անկանոն անկյունով է մոտենում Աստաֆյանին): Այս հանգամանքը հնարավորություն է տվել շենքի բոլոր ճակատներին լուսամուտներ ունենալ, ինչը հազվագյուտ երևույթ է պարագծային կառուցապատման պայմաններում:

Գեղարվեստական նկարագրին բնորոշ ճարտարապետական մանրամասները՝ ճակատների հարդարանքի զսպվածությունը, հարթությունների ճշգրիտ երկրաչափական ձևերը, անկյունային էրկերի լակոնիկ արտահայտչականությունը և ճարտարապետական այլ լուծումներ իրենց ամբողջության մեջ XX դարի սկզբի առաջավոր միտումների արտահայտությունն էին, որոնք կոչված էին ճարտարապետական ձևերն ազատելու ավելորդ պաճուճանքներից, ստեղծելու նորոգ ու լակոնիկ ճարտարապետություն»:

Շենքն ու նրա եզակի բնակիչներն այսօր

Խանզադյանի եկամտաբեր տան առաջին հարկում այսօր տեղայակված են հուշանվերների, հագուստի, հին գորգերի խանութներ ու բացօթյա սրճարան: Երկրորդ հարկը նույնպես բիզնես նպատակների է ծառայում, բացառությամբ երկու բնակարանի, որոնց սեփականատերերը շենքի հնաբնակներից են և մինչ օրս էլ ապրում են հարազատ հասցեում:

Աշոտ Բաբայանն այս տանն է ապրում արդեն 72 տարի: Նրա հայրը եղել է ոստիկանության աշխատակից, քաղխորհրդի պատգամավոր և տունը ստացել է 1930-ականների կեսերին:

Տիկին Աիդան` նրա կինը, հիշում է հին հարևաններից մեկի` Պողոսի պատմածները, որն այս շենքում է ծնվել դեռևս սեփականատիրոջ` Խանզադյանների օրոք: Պողոսի ընտանիքի պատմությունը շաղկապված է Խանզադյանների պատմությանը: Մի օր վաճառական Խանզադյանն ու կինը գնում են եկեղեցի: Հանկարծ եկեղեցու պատի տակ նստած երիտասարդ ամուսինների են նկատում, կինը` հղի: Ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներ էին: Խանզադյանները կարեկցում են երիտասարդ զույգին, բերում իրենց տուն, և գաղթականները աշխատում ու ապրում են նրանց տանը: 1919 թ. ծնվում է գաղթական կնոջ որդին` նրանց հարևան Պողոսը: Հետո, երբ բոլշևիկները գալիս են, տունը Խանզադյաններից վերցնում են, նրանց մի սենյակ տրամադրում, մնացածը հատկացնում բոլշևիկ պաշտոնյաներին: «Շահումյանի զինակիցներն են այստեղ գալիս ապրելու, ռուս չեկիստ Կատյան»,-թվարկում է Աշոտ Բաբայանը:

Պողոսի ընտանիքը նույնպես շարունակում է ապրել այստեղ: Եվ երբ վաճառական Գևորգ Խանզադյանը, չդիմանալով այդ ամենին, մահանում է, իսկ կինը հիվանդանում ու ընկնում անկողին, այդ ընթացքում նրանց խնամում են Պողոսի ծնողները` գաղթական ամուսինները, որոնց ժամանակին Խանզադյանները կարեկցել ու իրենց տուն էին բերել: Շուտով Խանզադյանի կինն էլ է մահանում: Խանզադյանները զավակներ չունեին: Ասում են` վաճառական Խանզադյանը բարի մարդ է եղել, օգնել է աղքատներին. «Երբ եկել է իր կառքով՝ կոպեկներ է շպրտել, որ աղքատները հավաքեն»,- պատմում է տիկին Աիդան, որին էլ այս պատմությունները պատմել է հարևան Պողոսը:

Անկախությունից հետո սեփականատերերից շատերն իրենց բնակարանները վաճառում են կամ վարձով տալիս: Աշոտ Բաբայանն ասում է` ժամանակին 18 ընտանիք էին, որոնք մի տան պես էին, իսկ հիմա իրենք մենակ են մնացել: «Լավ ժամանակներ էին,- ափսոսանքով հիշում է նա,- ոչ մի հարևանի դուռ չի փակվել, ոչ մի գողություն չի եղել այստեղ»:

Աշոտ Բաբայանի բնակարանը վերջին անգամ մոտ 30 տարի առաջ է վերանորոգվել: Պահպանված են անգամ պատի ածուխի վառարանները, որոնք կառուցվել են շենքի հետ միասին: Զրուցակիցս հիշում է, թե ինչպես էին ածուխ ստանում ու վառարանները վառում, որի ջերմությունը մի օր վառելուց հետո 2 օր պահպանվում էր: «Շատ հետաքրքիր տեխնոլոգիայով է կառուցված մեր նկուղը,- ասում է նա,- դրսում -40 էլ լինի՝ նկուղում դրական ջերմաստիճան է: Դրսում + 40 լինի, ներսում +20 է»:

Զրույցի ընթացքում հանկարծ նվագախմբի ձայն է հնչում: Դուրս ենք գալիս Աբովյան փողոցին նայող գեղեցիկ շքապատշգամբ: Մայիսի 9-նն է: Փողոցով անցնում է ՀՀ ԱԻՆ-ի փողային նվագախումբը: Հանկարծ տանտերը հիշում է. «Մեր շենքում են նկարահանվել «Նվագախմբի տղաները» ֆիլմից հատվածներ: Ես այդ ժամանակ 15 տարեկան էի: Երբ ֆիլմը նկարում էին, բակի տղաներով բարձրացել էիք շենքի կտուրին, նայում էինք»:

Հետո Տիկին Աիդայի հետ դուրս ենք գալիս շենքի բակին նայող պատշգամբ, որտեղ ժամանակին հարևաններով աշխույժ օրեր էին անցկացնում: Հիմա լռություն է, իսկ փայտե բազրիքներից այն կողմ տեսարան չկա, բարձրահարկ նորակառույց շենքի հսկայական սպիտակ պատն է: Տանտերերն ասում են, որ շենքը գործարար Սամվել Մայրապետյանինն է: Շինարարությունը նոր է ավարտվել, իսկ մինչ այդ իրենք մի քանի տարի պայքարել են, անգամ դատարան դիմել, որպեսզի շենքն անհրաժեշտ հեռավորության վրա կառուցվի: Անօգուտ: «Ըստ օրենքի՝ նա առնվազն 18 մետր հեռավորության վրա պետք է շենքը կառուցեր, բայց հիմա, տեսեք, ընդամենը 60 սմ հեռավորություն է»,- ասում է Աշոտ Բաբայանը: Տիկին Աիդան էլ հավելում է, որ շինարարության ողջ ընթացքում ահուդողի մեջ էին ապրում. «Թվում էր, թե կռունկն ամեն վայրկյան գլխներիս է ընկնելու»:

Աշոտ Բաբայանը հիշում է իրենց գեղեցիկ, կանաչապատ բակը, որն արդեն բարձրահարկի տակ է անցել. «Մեծ պարտեզ կար, ծաղիկներ, թթի ծառեր»: Զրուցակիցս չի շրջանցում նաև Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունների թեման: «Ես շատ եմ սիրում մեր քաղաքը: Էս անգրագետները, որ եկել են, ի՞նչ են արել մեր քաղաքի համար, որտե՞ղ են սովորել, ի՞նչ կրթություն են ստացել, որ որոշումներ են կայացնում: Ես էսօր կամ, վաղը չկամ: Ուզում եմ, որ գոնե էս տունը մնա իմ տղային»,- ասում է Խանզադյանի եկամտաբեր տան ու հին Երևանի ամենահին բնակիչներից մեկը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր