Քարոլին Բաղումյանը ծնվել է Իրանում, ապա փոքր հասակում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003 թ. նա առաջին անգամ ամուսնու ու դստեր հետ գալիս է Հայաստան: Առաջին այցը, ինչպես Քարոլինն է ասում, վարակիչ էր. «Հայաստանի հիվանդությունը բռնանք, ամեն տարի չորս անգամ գալիս-գնում էինք, հետո որոշեցինք հողամաս գնել, որ տուն սարքենք,- ժպիտով պատմում է Քարոլինը ու մի պահ կանգ առնում, հետո շարունակում,- բայց խաբեբայությունը մի քիչ շատ է Հայաստանում: Նորք-Մարաշում հողամաս գնեցինք, 2005 թվականին սկսեցինք շինարարությունը, մինչև հիմա կիսակառույց վիճակում է: 2009-ին նամակ ստացանք, որ շինարարը դատարան է դիմել, թե տունն իրենն է: Հետո հրաժարվեց այդ հայցից, ասաց, թե իրեն ամսական 700 դոլար պետք է տանք, որ տունը վերջացնի, բայց մինչ այդ մենք իրեն փոխանցել էինք 539 հազար դոլար: Արդեն 8 տարի այստեղ ենք, դեռ չենք կարողացել ինչ-որ ռեալ բան ստեղծել, դատական քաշքշուկների մեջ ենք: Օրական մի նամակ է գալիս, պիտի վազես դատարան, մի խոսքով, երբ 80 տարեկան դառնամ, պիտի գիրք գրեմ Հայաստան տեղափոխվելու մեր պատմության մասին»:
Զարմանալին այն է, որ այս ամբողջ պատմությունը պատմելիս Քարոլինի դեմքից ժպիտը չի իջնում, նա լի է դրական էներգիայով, մեծ եռանդով, նորանոր մտահղացումներով ու հույսով: Այո, Քարոլինը հավատում է, որ իրենք այս դատական գործում ի վերջո հաղթելու են, և դա նախադեպ է դառնալու, քանի որ երկու ուրիշ սփյուռքահայեր, որոնք նույն խնդրին են բախվել, իրենց նախադեպն օգտագործելով՝ դատը շահել են: «Տեսնենք, լավ կլինի,- ասում է Քարոլինը,- մենք պիտի պայքարենք, որովհետև նման խաբեբաներ պիտի չլինեն մեր երկրում, իսկ եթե լինեն, ապա միայն բանտում: Չի կարելի, մարդիկ վստահում են, գալիս են, ուզում են մի բան ստեղծել իրենց հայրենիքում: Այ դա է մեր պրոբլեմը, փոքր ազգ ենք, բայց իրար խաբում ենք ու չենք կարողանում առաջ գնալ»:
Քարոլինն ու ամուսինը Հայաստանում հիմնել են Real Yummy Bagels ընկերությունը և էկոլոգիապես մաքուր հայկական մթերք են արտադրում: Go Green Armenia-ի կայքում ներկայացված է նրանց ողջ արտադրանքը: Բույսերով զբաղվելը Քարոլինի համար եղել է հաճելի հոբբի: Երբ մտածում էին Հայաստան տեղափոխվելու մասին, նա հատուկ ցուցակ էր կազմել, որտեղ նշում էր, թե ինչ հնարավոր գործերով պետք է այստեղ զբաղվի: Դրանցից մեկն էլ բույսերն էին ու բուսական արտադրանքը:
2012 թ. սեպտեմբերին նրանք սկսում են պատրաստել ու վաճառել իրենց հատուկ հացատեսակը` բեգըլները, որոնք հատուկ եղանակով թխվող կլոր փոքրիկ հացեր են` մեջտեղում անցքով: Հետո սկսում են իտալական քաղցր ռեհան աճեցնել, որը Հայաստանում չկար, ապա՝ մրգի տերևներից թեյ, որն արդեն 25 տեսակ ունի, համեմունքներ, բանանի կեղևի, դդմի կորիզի, սև ընկույզի կեղևի փոշի, որոնք շատ առողջարար են, նշի, կտավատի ալյուր, շոկոլադ և այլն:
Ի վերջո, հերթը հասնում է համացանցում մեծ աղմուկ հանած բասմատի տեսակի բրնձին: Քարոլինը Արցախի Խերխան գյուղում փորձնական բրինձ էր աճեցրել: 2016 թվականին հավաքել էին առաջին բերքը` մոտ 28 կգ, վրան էլ գրված` «Արտադրված է Ղարաբաղում»: Բրինձը վաճառքի էր հանվել Երևանի «Քարֆուր» և «Նոր Զովք» խանութներում: Արցախցի ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ նկարել էր բրինձը և տեղադրել իր էջում` կասկած հայտնելով, թե Արցախում բրինձ է աճում: Արցախի գյուղնախարարությունից արձագանքել էին` ասելով, թե Արցախում բրնձի արտադրություն, ցանքատարածություններ չկան, և բրնձի մշակությամբ չեն զբաղվում: Սակայն ավելի ուշ Քարոլինը պարզաբանել էր իր գործունեությունը և ապացուցել, որ իսկապես Խերխան գյուղում բրնձի փոքրիկ տնտեսություն են հիմնել ու բերք ստացել: Իմանալով Քարոլինի նախաձեռնության մասին` Արցախի և Հայաստանի պետական տարբեր մարմիններից նրանց աջակցություն էին հայտնել և համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: «Առաջին բերքը մի քիչ բարակ է ստացվել, բայց շատ համով է, ամենակարևորը` լրիվ բնական է»,- ասում է Քարոլինը:
Արցախում աճեցված բասմատի բրձնով հետաքրքրված են Շվեյցարիայից: Քարոլինը պատրաստվում է նաև սև բակլա, սև լոբի և մի քանի այլ քիչ տարածված ընդեղեն աճեցնել: Նրա նպատակն է Հայաստանի և Արցախի գյուղերում գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել, ստեղծել փոքրիկ տնտեսություններ, որպեսզի ոչ միայն աշխատատեղեր ստեղծվեն, տնտեսությունն աշխուժանա, այլև ագրոտուրիզմը զարգանա: «Քանի՞ անգամ օտարերկրացին կարող է վանք ու եկեղեցի տեսնել. մեկ անգամ, երկու անգամ, բայց հետո ի՞նչ պիտի տեսնի: Դրա համար շատ կարևոր է ագրոտուրիզմը»,- ասում է Քարոլինը:
Այս գործի շրջանակներում նրանք արդեն 4 բնակավայրում գործունեություն են ծավալում` համագործակցելով շուրջ 90 գյուղացու հետ: Խոսելով Հայաստանի մասին` զրուցակիցս նշում է, որ ամենամեծ թերությունն այստեղ վստահության պակասն է. «Իշխանությունների նկատմամբ վստահություն չկա, իրար նկատմամբ վստահություն չկա, անգամ փողոցի շների նկատմամբ վստահություն չկա: Առաջին հերթին պետք է այդ վստահությունը, հավատը վերականգնվի»:
Մյուս խնդիրը, որ Քարոլինի համար դարձյալ առաջնային է, աղբն է. «Մեր հողն աղտոտվում է, ամեն տեղ աղբ է, պետք է մաքրել»: Երրորդ խնդիրը, որ նրան անհանգստացնում է, ծխելն է, ինչի հետևանքով Հայաստանում չարորակ ուռուցքների թիվը շատ մեծ է: Խնդիրներից մեկն էլ բիզնեսին է վերաբերում, որին առնչվում են նաև իրենք. շատ դժվար է նոր ապրանքը շուկա մտցնելը, մանավանդ եթե այն տեղական է: Հայկական արտադրանքի նկատմամբ վաճառողները կարծես թերահավատ են: «Դրսից մալազիական կոկոսի յուղ են բերում, հանգիստ, առանց խնդիրների վաճառում են: Ես 2 տարի տառապել եմ, գնացել-եկել եմ բոլոր սուպերմարկետները, հազիվ մի քանի ապրանք են վերցրել: Եթե այդ մեծ սուպերմարկետները չվերցնեն, մենք ուղղակի չենք կարող աշխատել»: Բայց Քարոլինը հույսը կտրողներից ու սկսած գործից հետ կանգնողներից չէ: Չնայած բոլոր փորձություններին ու դժվարություններին՝ նրա ընտանիքն արդեն հաստատվել ու գործունեություն է ծավալում Հայաստանում, իսկ Go Green Armenia բրենդը թեկուզև փոքր, բայց հաստատուն քայլերով ամրապնդվում է հայկական շուկայում. «Ուզում ենք` Հայաստանում շատ լինի պայքարող տեսակը»,- ասում է Քարոլինը և մյուսներին էլ հորդորում հույսը չկտրել ու պայքարել: