​Գրիգոր Ամիրյանի տունը՝ Աբովյան փողոցում. պատմության հին ու նոր էջեր, որոնք բացվում են այս հասցեում

38247_large

Աբովյան 10 և 12 հասցեներում կողք- կողքի կանգնած են նարնջագույն ու վարդագույն երկհարկանի շենքեր, որոնք կառուցվել են XIX դարում: Նարնջագույն անկյունային շենքը կառուցվել է 1870-ականներին, իսկ վարդագույնը` մի փոքր ավելի ուշ, 1880-ականներին, սակայն երկուսն էլ պատկանել են վաճառական Գրիգոր Ամիրյանին: Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում դրանք ներառված են «Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն» անվամբ: Պատմամշակութային շենքերի սեփականատերն այժմ գործարար Սամվել Մայրապետյանն է:

Ո՞վ էր Գրիգոր Ամիրյանը

Գրիգոր Ամիրյանի տունԵրևանի նահանգի քաղաքային հասարակական վարչությունների անձնակազմի մասին տեղեկություններում Գրիգոր Ամիրյանի մասին գրված է. «Երկրորդ գիլդիայի վաճառական, կոչումը` վաճառական, կրթությունը` տնային, 52 տարեկան: Երկու տուն, երկու պարտեզ, 6 խանութ, քարվանսարայի մի մասը: Իրավասու էր 1884 թվականից մինչ օրս: Բնիկ երևանցի, որտեղ բնակվում է մշտապես: Պաշտոն չի զբաղեցնում»:

Ճարտարապետ Մարիետա Գասպարյանը, որ խորությամբ ուսումնասիրել է այս շենքերը, ավելացնում է. «Այն ժամանակվա թերթերում նրա անունը հիշատակվում էր նաև Գ.Ս. Ամիրյանի և Բ. Ե. Եղիազարյանի Ընկերակցության մոդայիկ-գործվածքեղենի խանութի գովազդում, որն առաջարկում էր հետաքրքիր սեզոնային նորությունների բազմազանություն, մետաքսյա, բրդյա կտորեղեն, վարագույրներ, սփռոցներ, պատրաստի բլուզներ մետաքսից ու արտասահմանյան բատիստից և այլ ապրանքներ»:

Աբովյան 10 Աբովյան 10 հասցեի շենքի ճակատին խորհրդային ժամանակներից կա մի հուշատախտակ, ըստ որի՝ այդ տանը 1928 թվականին հյուրընկալվել է ռուս գրող Մաքսիմ Գորկին: Գրողն այնտեղ անցկացրել է մեկ գիշեր` հուլիսի 25-26-ը: Սակայն տան հարուստ կենսագրությունը միայն պատմական այդ իրողությամբ չի սահմանափակվում:

Մարիետա Գասպարյանի խոսքով՝ 1884-1888 և 1898-1907 թվականներին շենքը վարձակալել է Քաղաքային հասարակական վարչությունը. «Այսինքն՝ 15 տարվա ընթացքում մինչև Տաճարի (այժմ` Շահումյան) հրապարակում սեփական շենքի կառուցումը այստեղ գտնվել է Քաղաքային խորհրդարանը (Դումա) և վարչությունը: Հայտնի է նաև, որ 1910-11 թվականներին Ամիրյանի տանը տեղակայվել է աչքի հիվանդանոցը, իսկ 1911-15 թվականներին այստեղ գործել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի հայտնի մասնավոր հիվանդանոցը»:

Աբովյան 10 հասցեում շուրջ 71 տարի (1937-2008 թթ.) գործել է մեծ գիտնական, երկրաբան Հովհաննես Կարապետյանի անունը կրող Երկրաբանության թանգարանը: Նշենք, որ գիտնականը նույնպես ապրել է այդ տանը: Շենքի սեփականաշնորհումից հետո Երկրաբանության թանգարանը տեղափոխվել է Բաղրամյան փողոց:

Աբովյան 12

Գրիգոր Ամիրյանի մյուս շենքը, որը կառուցվել է մի փոքր ավելի ուշ` 1880-ականների վերջերին, իր պատմական նշանակությամբ չի զիջում նախորդին: Ս. Խանզադյանի վկայությամբ՝ այստեղ ապրել է նաև զորավար Անդրանիկը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո տունը գործել է իբրև ԿԳԿ-ի և Հայկական ԽՍՀ ժողկոմխորհի հանրակացարան: 1921-22 թվականներին ժողկոմխորհի նախագահի և ռազմական գործերով ժողովրդական կոմիսարի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում այս տանն է բնակվել Ալեքսանդր Մյասնիկյանը, իսկ 1929-36 թվականներին` Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Ավելի ուշ Աբովյան 12 հասցեում տեղակայվել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, Փաստաբանների կոլեգիայի նախագահությունը, իսկ վերջին նշանավոր կազմակերպությունը ԱԺՄ կուսակցությունն էր, որն այս հասցեից տեղափոխվեց վերջերս` 2014 թվականին:

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այս հասցեի հետ կապված ոչ միայն կուսակցական-քաղաքական հուշեր ունի, այլև մանկության: Պարզվում է` 1950-ականների կեսերին Մանուկյանը հենց այստեղ է հաճախել դաշնամուրի դասերի: Նա սովորում էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, իսկ թե ինչու էին դասերն անցկացվում Աբովյան 12 հասցեում՝ չի կարող ասել: Համենայն դեպս, որևէ պաշտոնական տեղեկություն, որ այդ հասցեում երբևէ գործել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, հայտնի չէ: Ինչևէ, 1992 թվականին ճակատագիրը Վազգեն Մանուկյանին կրկին բերում է Աբովյան 12: Շենքն այդ ժամանակ պետական էր, և պետությունն էր տրամադրել ԱԺՄ կուսակցությանը: Հատկապես 90-ականների կեսերին` կուսակցության բուռն վերելքի տարիներին, երբ կուսակցությունն ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, այս հասցեում մարդկանց հոսքից տեղուդադար չկար: Այստեղ հավաքվում էին ոչ միայն քաղաքական ուժեր, այլև ԱԺՄ համակիրներն ու սովորական քաղաքացիները, բանավիճում, քննարկում էին Հայաստանի ապագայի հեռանկարները:

Հին ԱԺՄ-ական Անահիտ Պետրոսյանը, որ այժմ էլ համակարգում է կուսակցության գրասենյակի աշխատանքները, 1995 թվականից մինչև 2014 թվականն անց է կացրել այս հասցեում և խոստովանում է, որ մեծ ափսոսանքով է տեղափոխվել ԱԺՄ նոր գրասենյակ: «Մինչև հիմա էլ այդ հասցեն ինձ համար հարազատ է, բայց երբ մոտակայքով անցնում եմ, աշխատում եմ այդ կողմ չնայել, որովհետև ցավ է պատճառում, որ այն այժմ այլ նպատակների համար է օգտագործվում: Մեզ համար այդ հասցեն մեր կյանքի, մեր երազանքների կուլմինացիան էր»:

2008 թվականին, երբ Երևանի կենտրոնում գտնվող Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածը Կառավարության որոշմամբ ճանաչվեց հանրային գերակա շահ, տարածքը ձեռք բերեց գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը, որն այդ հատվածում բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացնելու թույլտվություն ստացավ: ՀՀ մշակույթի նախարարությունը գոհ է սեփականատիրոջից` նշելով, որ նա կատարում է իր պարտավորությունները հուշարձան-շենքերի նկատմամբ, հիմնանորոգում, բարեկարգում ու պահպանում է դրանք:

Անզուգական պատի վառարանները, որ ջերմացնում են շուրջ 130 տարի

Գրիգոր Ամիրյանի տուն«Իր ճարտարապետական հորինվածքով կառույցը XIX դարի բնակելի տան տիպիկ օրինակ է,- բացատրում է Մարիետա Գասպարյանը,- մեծ հետաքրքրություն են ներկայացնում սենյակներում պահպանված և պատերին ներկառուցված հախճասալիկ վառարանները, որոնցից յուրաքանչյուրը դեկորատիվ-կիրառական արվեստի յուրատեսակ օրինակ է: Առավել յուրօրինակ է հյուրասենյակի՝ ներդիր նկարով զարդարված վառարանը, որի վրա պատկերված է եվրոպական գեղատեսիլ բնապատկեր»:

Այսօր էլ այդ հրաշագեղ վառարանները պահպանված են, իսկ դրանցից երկուսը գործում են, և Աբովյան 12 հասցեում գործող նույնանուն հայկական ռեստորանում ամենայն բծախնդրությամբ են վերաբերվում հատկապես պատի արժեքավոր վառարաններին` համարելով դրանք հուշարձան-շենքի հարստությունը:

Այս հասցեում է եղել նաև Երևանի ամենահին լուսանկարչատներից մեկը` «Խանոյան ֆոտոն», որը 1927 թվականին հիմնադրել է Վանից գաղթած լուսանկարիչ Գաբրիել Խանոյանը: Շենքի սեփականաշնորհումից հետո լուսանկարչատունը նույնպես տեղափոխվել է այլ հասցե:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր