15 տարվա երազանք, որն իրականացավ ամեն ինչ Սիրիայում կորցնելուց հետո

41303_large

2012 թվականն էր: Սիրիայում իրավիճակն արդեն լարված էր: Ռմբակոծիչ օդանավերը սլանում էին Հալեպի կապույտ երկնքում, և Լիանան, տան բացօթյա պատշգամբում նստած, տեսնում էր, թե ինչպես են ռումբերը թափվում մոտակա թաղամասերի վրա: Հայաստանում ծնված, Սիրիա հարս գնացած Լիանան, որ հազիվ էր հարմարվել Հալեպի կյանքին, անգամ մասնագիտությամբ աշխատանք գտել (նա մարզիչ կինեզիոլոգ է), անհանգստությամբ էր հետևում իրադարձություններին: Մի օր էլ ռմբակոծիչն ուղիղ գլխավերևով է սլանում, ու մինչ նա ուշքի է գալիս, դիմացի շենքն այլևս չկար: Դա արդեն հստակ ազդանշան էր. Հալեպում կյանքը վտանգված է: Բայց չնայած օրեցօր վատացող իրավիճակին՝ հալեպցիներն ամեն անգամ հույս էին փայփայում, որ վերջին փամփուշտն է կրակվում: Չէին պատկերացնում, որ երբեմնի հզոր ու ծաղկուն քաղաքը շուտով ավերակների է վերածվելու: Դա էր պատճառը, որ 2012-ի ամռանը Լիանան ու ամուսինը որոշում են երկու շաբաթով գալ Հայաստան, մինչև մի քիչ վիճակը կկարգավորվի: Անգամ իրենց հետ շատ հագուստ չեն վերցնում, քանի որ Լիանան հղի էր, չէր ուզում ծանրաբեռնել ճամփորդությունը: Գալիս են, և երկշաբաթյա ուղևորությունը շարունակվում է մինչ օրս: Այն արդեն ճամփորդություն-հայրենադարձություն է:

«Ոչինչ չունեինք, անգամ ձմեռվա հագուստ: Կարելի է ասել՝ սկսեցինք զրոյից, ավելի ճիշտ՝ մինուսից,- ասում է Լիանան՝ թվարկելով, թե ինչեր ունեին Սիրիայում ու ինչեր կորցրին,- տուն, ամառանոց, կահույքի գործարան… Հիմա ամեն ինչ թալանված է, ոչինչ չկա, չորս պատերն են մնացել»: Լիանան ասում է, որ չեն էլ ուզում հիշել ու ապրել անցյալով, որովհետև միլիոններ կորցնելուց հետո այլևս կարևոր չէ, թե ինչ վիճակում են չորս պատերը: Փոխարենը չկոտրվեցին, Հայաստանում ամեն ինչ սկսեցին նորից. «Օրեր կային, որ անգամ հացի գումար չունեինք, բայց ոչ մի օր չենք հուսահատվել, ոչ մի նեղված օր չենք ունեցել, որովհետև վստահ էինք, որ ոտքի կկանգնենք»:

Լիանայի ամուսինը՝ Ավիգ Բաղդիկյանը, կահույքագործ է: Հայաստանում սկսում է կահույքագործությամբ զբաղվել: Սիրիայում ունեցած համբավի շնորհիվ նախ տեղի սիրիահայերի համար է կահույք պատարստում, հետո արդեն, իբրև իր գործի վարպետ և ազնիվ մարդ, բազմաթիվ պատվերներ է ստանում տեղացիներից: Գործն օրեցօր բարելավվում է:

Լիանան որդու՝ Նարեկի ծնունդից հետո մինչ իր մասնագիտությամբ գործ գտնելը ձեռքի աշխատանքներ էր պատրաստում, մասնակցում սիրիահայերի համար կազմակերպվող տոնավաճառներին: Սակայն նրա գլխավոր երազանքը սեփական մարզասրահ ունենալն էր: 15 տարվա երազանքը, որ չէր հասցրել իրականացնել Սիրիայում, բարեկեցիկ կյանքի պայմաններում, իրականացնում է Հայաստանում՝ կյանքի թերևս ամենադժվարին շրջափուլերից մեկում: Հենց դրա համար էլ սա չափազանց թանկ ձեռքբերում է նրա համար: Չնայած մարզասրահը դեռևս պաշտոնապես բացված չէ, մարզումներ արդեն արվում են: Ֆիթնես միքս ջամփինգը (FitnessMix- Jumping) Լիանայի իրականացած երազանքն է Եզնիկ Կողբացի 75/4 հասցեում: Կիսակառույց շենքը վարձով են վերցրել, վերանորոգման աշխատանքներ կատարել: Մնացել են վերջին շտկումները, բայց մարզադահլիճն արդեն պատրաստ է:

Իբրև 15 տարվա մարզիչ՝ Լիանան լավ գիտի գործի նրբությունները և ամենայն բծախնդրությամբ է մոտենում ամեն մի մանրուքի. չէ՞ որ սա պարզապես ժամանց չէ, այլ առողջությանն է վերաբերում: Նա հատկապես կարևորում է երեխաների հետ տարվող աշխատանքը և կարծում է, որ երեխային փոքրուց պետք է մարզել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն, մինչդեռ մեզ մոտ մատների արանքով են վերաբերվում մանկական մարզումներին, անգամ՝ ֆիզկուլտուրայի դասերին: «Հայաստանում ամեն քայլափոխի մտավոր զարգացման կենտրոններ կտեսնես, ինչը շատ ուրախալի է, բայց ֆիզիոլոգիական զարգացումը, որը նույնքան կարևոր է, շատ թույլ է»,- նշում է նա,- դուրս եկեք փողոց և տեսեք մեր երեխաների կեցվածքը: Մանկապարտեզում երեխային ասում են՝ նստիր, դպրոցում ասում են՝ նստիր, տանը՝ նստիր: Երեխան ամբողջ օրը նստած է, և դա բացասական հետևանքներ է բերում՝ գերակտիվ վիճակ, սթրես, տեսողության խնդիրներ և այլն»:

Լիանան ուզում է մեկ այլ կարծրատիպ էլ կոտրել և տարեցների շրջանում խթանել մարզումները: Իրենց մոտ ամենատարեց մարզվողը 80 տարեկան է: Սակայն այս խմբին պետք է հատուկ մոտեցում ցույց տալ՝ հաշվի առնելով տարիքը, ճնշումը, արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը և այլն: Մի խոսքով, նրա մարզասրահում կարող են մարզվել բոլորը՝ մեծից փոքր, հատուկ ծրագրով:

Ինչ վերաբերուն է Հայաստանին ու հայրենադարձությանը, Լիանան հակիրճ է ձևակերպում՝ սա մերն է: Նրա համար Հայաստանում ամենամեծ խնդիրը մարդկանց թերահավատությունն է. «Չի լինի… չի ստացվի… ի՜նչ ես խոսում… դա անհնար է»: Այս արտահայտությունները Հայաստան գալուց հետո շատ են լսել, բայց չեն ընկրկել: Ավելին, հոռետեսներին ապացուցել են, որ անգամ ամեն ինչ կորցնելով ու մինուսից սկսելով՝ կարելի է անհնարը հնարավոր դարձնել. «Մենք ոտքի ենք կանգնել միմիայն մեր աշխատասիրության շնորհիվ: Աշխատել ենք, փաստել, որ մեր գործը լավ ենք անում,- ասում է Լիանան՝ իր կողմից մի կարևոր սկզբունք փոխանցելով բոլորին,- եթե ինչ որ բան եք անում, լա՛վ արեք: Կիսատ-պռատ, իմիջիայլոց անելով ոչինչ չի ստացվի: Գործ չկա, գործ չկա, միայն դա ենք լսում: Եթե մարդ իր գործը լավ անի, ապա միշտ գործ կունենա: Մարդկանց թվում է, թե ամեն ինչ Սերժ Սարգսյանը պիտի անի: Սա է Հայաստանի խնդիրը»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր