Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս՝ չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2009-ին ՀՀ քաղաքացիություն ստացած, իսկ 2013-ին վերջնականապես Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը:
Մարիանան ավարտել է Դամասկոսի պետական համալասարանը որպես ֆրանսերենի և ֆրանսիական գրականության մասնագետ: Վերջին աշխատավայրը Սիրիայում ՀՀ դեսպանատունն էր: Նա նաև 6 տարեկանից մինչ օրս «Հայ մարմնակրթական ընդհանուր միություն» սկաուտական կազմակերպության անդամ է, և 2002 թ. առաջին անգամ Հայաստան է եկել հենց այդ կազմակերպության կազմում:
Առաջին այցի տպավորություններն ու զգացողությունները խառն ու հակասական էին: Հիշում է՝ օպերայի շրջակայքում միայն «Մեղեդի» սրճարանն էր, որտեղ հերթ էին կանգնում ներս մտնելու համար: Երկրորդ այցը 2007-ին էր, և 5 տարում զգալի փոփոխություններ էին տեղի ունեցել. «Փողոցները, խանութները, ժամանցի վայրերը, մարդիկ, նույնիսկ մարդկանց արտաքինը, հագուկապը ավելի թարմ ու ժամանակակից էր: Հայաստանյան ամենացավոտ խնդիրներից մեկը՝ հաճախորդների սպասարկումը, նույնպես աստիճանաբար բարեփոխվում էր»:
Երբ 2013 թվականին Մարիանան վերջնականապես տեղափոխվում է Հայաստան, առաջին իսկ օրվանից սկսում է աշխատանք փնտրել, այնպիսի աշխատանք, որտեղ ռուսերենի իմացություն չեն պահանջի (ֆրանսերենից բացի, նաև արաբերեն ու իտալերեն գիտի): Աշխատանքի համար դիմում է Հայաստանում գործող արտասահմանյան կամ միջազգային կազմակերպություններ: «Չգիտեմ, բոլորն ասում են, թե էստեղ գործ չկա, բայց 10 օր անց մի քանի տեղից ինձ հարցազրույցի կանչեցին»: Աշխատանքի է ընդունվում ամերիկյան National instruments ընկերությունում որպես արաբական և ֆրանսախոս երկրների հետ վաճառքի համակարգող: Շուրջ 3 տարի այդ կազմակերպությունում աշխատելուց հետո աշխատանքի է տեղափոխվում «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամ, որը լուրջ աշխատանք է կատարում հայրենադարձության խթանման և հայրենադարձներին հայաստանյան միջավայրին ինտեգրելու գործում:
Այս կազմակերպությունում աշխատելը Մարիանայի համար կարևոր էր նաև նրանով, որ կարող էր սեփական փորձառությամբ օգնել նորեկներին: Ասում է՝ առաջին խնդիրը, որ ունենում են հայրենադարձներն այստեղ, աշխատանք գտնելն է: «Ամեն մեկը ինչ երկրից որ գալիս է, կարծում է, թե նույն ձևով կարող է նաև այստեղ աշխատել: Բայց այդպես չի լինում. պիտի նախ հասկանաս երկրի շուկան, պայմանները, ծանոթանաս ընկերություններին: Մենք այդ ամենն իրենց հետ քննարկում ենք: Վերջին քննարկումը, օրինակ, մաքսազերծման հետ էր կապված, շատերը խնդիրներ են ունենում՝ չիմանալով ներքին օրենքները: Ասում են՝ էստեղ բոլորը փող են վերցնում, բայց էդպիսի բան չկա: Եթե օրենքներից հասկանում ես, հայերեն ես խոսում, բոլոր հարցերն էլ կկարողանաս լուծել: Ես ինքս մեր ապրանքը առանց որևէ իրավաբանի, առանց միջնորդի և առանց կաշառքի կարողացել եմ շատ հեշտությամբ բերել»:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը գործում է 2012 թվականից: Հիմնադրամի տվյալների շտեմարանում շուրջ 5 հազար հայրենադարձի անուն կա: Նրանցից շատ փոքր մասն է, որ եկել է, բայց չի հարմարվել ու հետ է գնացել: Հիմնական մասը մնացել է և չի պատրաստվում հեռանալ Հայաստանից: Հայրենադարձների մեծ մասը, իհարկե, սիրիահայեր են, սակայն նրանց մի մասին կարելի է համարել փախստական, ոչ թե հայրենադարձ: Ամենից շատ, ըստ Մարիանայի, ինքնակամ Հայաստան են տեղափոխվում Միացյալ Նահանգներից (և՛ դասական սփյուռքի ներկայացուցիչներ, և՛ 90-ականներին գնացածների զավակներ, որոնք ծնվել են այնտեղ կամ շատ փոքր են եղել, երբ ծնողները գնացել են), Ռուսաստանից (հիմնականում՝ 90-ականներին գնացածներ) և Իրանից ( բացառապես դասական սփյուռքի ներկայացուցիչներ):
Ի՞նչ է պետք անել հայրենադարձությունը խթանելու համար: Զրուցակցիս կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ սփյուռքահայերն ավելի մոտիկից ճանաչեն Հայաստանը. «Խոսքը հատկապես դասական սփյուռքի մասին է,- շեշտում է նա,- նրանք Հայաստանի մասին մի տեսակ երազային մոտեցում ունեն, կարծում են, թե այստեղ ամեն ինչ իրենց համար շատ հեշտ պետք է լինի, ավելի լավ պայմաններ պետք է ունենան, քան իրենց երկրներում է: Տեղյակ չեն ներքին կյանքի մանրամասներին: Եթե պատրաստ լինեն՝ չեն հիասթափվի: Վերջիվերջո 70 տարի եղել է սովետ, հետո երկրաշարժ, պատերազմ, փակ սահմաններ, կողքիդ երկու թշնամի, այսինքն՝ այստեղ դժվար է, հեշտ չէ»:
Մարիանայի համար տեղափոխությունը մեծ սթրես և դժվարություններ չի առաջացրել, քանի որ նա աստիճանաբար է հայրենադարձվել, շուրջ 10 տարի եկել-գնացել է, ինտեգրվել հայաստանյան միջավայրին, հասկացել լավ ու վատ կողմերը: «Դժվարությունները կապված են պարզ, առօրյա բաների հետ, ենթադրենք՝ խոսելու ձևը, շփման ձևը, աշխատաոճը: Ես Միջին Արևելքից եմ, այնտեղ ամեն ինչի նկատմամբ ավելի զգացական մոտեցում կա, ավելի շատ քաղաքավարություն կա: Օրինակ՝ 2007-ին ես Երևանում առաջին անգամ «մարշրուտկա» նստեցի և ապշեցի, երբ մեկը ասաց՝ կանգառում կանգնի՛: Ո՞նց կարելի է հրամայողական տոնով ասել՝ կանգնի և ոչ թե՝ խնդրում եմ, կանգնեք: Կամ տրանսպորտի մեջ տարիքով մեծերը վեր են կենում, տեղը զիջում երեխաներին: Դա ինձ ուղղակի «սպանում» է, չի կարելի, դա փչացնում է սերնդին»:
Չհաշված վարքագծի և սովորույթների հետ կապված որոշ տարբերություններ՝ ընդհանուր առմամբ Մարիանայի համար Հայաստանն այն երկիրն է, որտեղ իրեն զգում է հարազատ միջավայրում, ապահով ու ջերմ: Ի տարբերություն շատերի՝ նրա ընտանիքը չի մտածում Սիրիա վերադառնալու մասին նույնիսկ պատերազմի ավարտից հետո: Սիրիայի հետ նրանց արդեն ոչինչ չի կապում, անգամ ունեցվածքն են վաճառել և նորը ստեղծել Հայաստանում: «Հայաստանը նոր երկիր է, նոր ձևավորվող, դու կարող ես շատ գործեր ձեռնարկել: Բոլորը երազում են գնալ Ամերիկա, Եվրոպա, բայց այնտեղ ամեն ինչ կա, կայացած է, դու ոչինչ չես կարող անել: Իսկ այստեղ դու առաջին կարգի մարդ ես: Հայաստանը դեռ երեխա է, պետք է խնամես, որ արդյունքը տեսնես»: