​Դեղատների գլխավոր վարչության շենք. ավելի քան 130 տարի ծառայելով առողջապահությանը

44670_large

Երևանի ամենահին շենքերից մեկը, որ կառուցվել է XIX դարավերջին այն ժամանակվա Թարխանովսկայա փողոցում (այժմ Պուշկինի 56), վերջերս վերաբացեց իր դռները՝ հիմնանորոգված և, որ ամենակարևորն է, ամբողջությամբ պահպանված: Սակայն ուշագրավն այն է, որ տեղական նշանակության պատմամշակութային այս բացառիկ շենքը 130 տարուց ավելի գործում է իբրև առողջապահական կառույց և այժմ էլ վերաբացվեց նույն առաքելությամբ:

Շենքը կառուցվել է 1880-ական թվականներին, ճարտարապետ Գուրեցկու նախագծով: Այն երկհարկանի, սև տուֆից գեղեցիկ կառույց է՝ դասական խոյակներով ու բազմաշերտ քիվերով, և իր գրեթե մեկուկեսդարյա ներկայությամբ զարդարում է Պուշկին-Փարպեցի խաչմերուկը:

Image may contain: outdoorՇենքը կառուցվել է առողջապահական նկատառումներով: Ըստ որոշ տեղեկությունների՝ XIX դարավերջին Ռուսական կայսրության բոլոր նահանգներում պայքար էր մղվում տարբեր համաճարակների դեմ։ Որոշում է ընդունվում նահանգների վարչական կենտրոններում ստեղծել համաճարակային կայաններ և դեղերի պահեստներ։ Նույն նպատակով էլ կառուցվում է այս շենքը: Արդեն XX դարասկզբին շենքը տրամադրվել է Երևանի քաղաքային գործադիր մարմնի բժշկական հարցերով զբաղվող հանձնաժողովին։ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին շենքում գործել է Հայաստանի կառավարության հանրային խնամատարության նախարարությանը կից բժշկասանիտարական բաժինը։ Շենքում գործել է նաև Երևանի առաջին դեղատներից մեկը։

Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1920 թ. դեկտեմբերի 22-ի հատուկ դեկրետով կազմավորվում է Հայաստանի առողջապահության ժողկոմիսարիատը, որը տեղակայվում է այս շենքում և գործում մինչև 1936 թվականը։ Փաստորեն սա Հայաստանի առաջին առողջապահության նախարարության շենքն է և արժեքավոր է նաև այդ փաստով:

1936 թվականից հետո այս շենքում գործում է առողջապահության նախարարության Հայբուժպետառը (Հայաստանի բուժական պիտույքների պետական առևտրական վարչություն) և դրա պահեստը։ 1942 թ. շենքում տեղակայվում է Երևանի Քիմդեղագործարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործարանի ողջ արտադրանքը՝ դեղերն ու բժշկական պարագաները, ուղարկվում են ռազմաճակատ։

Հետպատերազմյան տարիներին շենքում տեղակայվում է Հայաստանի դեղատների գլխավոր վարչությունը: Տասնամյակներ շարունակ ղեկավարելով դեղագործության ոլորտը՝ դեղատների գլխավոր վարչությունը ստեղծում է դեղատների լուրջ համակարգ, որը ԽՍՀՄ տարածքում բազմիցս ճանաչվում է լավագույնն իր գործունեության արդյունավետության համար: Հայաստանի դեղատների գլխավոր վարչության և Դեղագործների գիտական ընկերության նախաձեռնությամբ հանրապետությունում երկու անգամ անցկացվում են ԽՍՀՄ դեղագործական ընկերության համագումար, որոնց մասնակցում են խորհրդային դեղագործության բնագավառի խոշորագույն ներկայացուցիչներ: Վերջիններս, այցելելով Հայաստան, բարձր են գնահատում դեղագործության ոլորտի զարգացումը մեր երկրում, քանի որ Հայաստանն ուներ գիտահետազոտական կենտրոններ, ուսումնական հաստատություններ, արդյունաբերություն, դեղատնային համակարգ և այլն:

Խորհրդային կարգերի օրոք Դեղատների գլխավոր վարչությունը վերաձևավորվում է՝ դառնալով «Արմֆարմացիա» պետական ընկերություն, որը, շարունակելով իրավանախորդի գործառույթները, իրականացնում է դեղատնային համակարգի զարգացումը, ապրանքային և նյութատեխնիկական ապահովումը, վարչական ու ֆինանսական կառավարումը, նորմատիվային փաստաթղթերի ու ակտերի մշակումը, կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը, կարգերի տրամադրումը, խորհրդատվական օգնությունը բժիշկներին ու դեղագործներին և այլն:

1980-ականներին շենքում է գործել նաև Հայ դեղագործության թանգարանը, որը, սակայն, 4 տարի անց լուծարվել է:

«Արմֆարմացիա» ընկերությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ ապահովելով դեղերի մատակարարման արդյունավետ գործընթացը: 1998 թվականին «Արմֆարմացիա» ընկերությունը մասնավորեցվում է և վերանվանվում «Արմֆարմացիա» ՓԲԸ: Մինչև 2015 թվականը ընկերությունը գործում էր այս շենքում՝ գործունեություն իրականացնելով դեղերի մեծածախ վաճառքի ոլորտում:

2015 թվականը շենքի պատմության մեջ բեկումնային է դառնում: Շենքը գնում է «Ուիգմոր քլինիք» ընկերությունը, որի սեփականատերը, ըստ որոշ տեղեկությունների, լոնդոնաբնակ հայ է: Սեփականատերը հիմնանորոգում է շենքը և պահպանելով կառույցի պատմական տեսքը՝ այն դարձնում օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության ժամանակակից կենտրոն՝ հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխան: Այս ամենը հնարավոր է դառնում իրականացնել Մեծ Բրիտանիայում գործող «Ուիգմոր Մեդիքալ» ընկերության մեթոդական և ֆինանսական ներդրումների շնորհիվ:

Image may contain: sky and outdoorՍեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա էր նաև հանրապետության նախագահը: Կենտրոնի հիմնադրման ծրագրի ընդհանուր արժեքը 4.3 մլն ԱՄՆ դոլար է, որից 3.8 մլն դոլարն արդեն իսկ ներդրվել է: Մինչև 2017 թվականի ավարտը նախատեսվում է ձեռք բերել ևս 500 հազ. դոլարի բժշկական սարքավորում և գույք՝ կենտրոնի երկրորդ վիրահատարանը կահավորելու համար:

Այսպիսով՝ երևանցիների շրջանում Դեղատների գլխավոր վարչության շենք անվանումով հայտնի 130 տարեկան պատմական կառույցը նոր շնչառություն է ստանում՝ դառնալով նաև դրական օրինակ ու նախադեպ պատմամշակութային հուշարձան շենքերի մյուս սեփականատերերի համար, թե ինչպես պետք է վերաբերվել իրենց պատկանող արժեքավոր կառույցներին ու դրանց կյանք հաղորդել՝ չկտրելով պատմական հիշողությունից ու միջավայրից:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր