Ադրինե Զենյանը Լիբանանից է: Ծնվել է Բեյրութում, սովորել Մեսրոպյան վարժարանում, ապա բարձրագույն կրթություն ստացել Հայկազյան համալսարանում:
2012 թվականին ավարտելով համալսարանի բիզնես կառավարում բաժինը՝ Ադրինեն իբրև հաշվապահ աշխատանքի է անցնում Բեյրութում գտնվող միջազգային հայտնի ընկերություններից մեկում: Զուգահեռ նաև անգլերեն է դասավանդում Մեսրոպյան վարժարանում: Ամեն ինչ արտաքուստ իդեալական էր, բայց 27-ամյա աղջիկն իր կյանքում արմատական փոփոխության կարիք էր զգում: Գուցե պատճառներից մեկն էլ լիբանանյան ռիթմն էր՝ ամենօրյա լարված աշխատանքային ռեժիմ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 8-ը, խցանումներ, վազք և այլն:
Աշխատանքի ընթացքում Ադրինեն որոշ գումար էր խնայել: Մտածում է գնալ ճամփորդության, միգուցե լարվածությունն անցի: Բայց հետո հասկանում է, որ դա միայն ժամանակավոր լուծում է: Մի օր էլ ընկերուհու հետ սուրճ խմելիս հանկարծ միտքը պայծառանում է. բացում է լափթոփը, գտնում «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի կայքէջն ու որոշում՝ ամենաճիշտը Հայաստան գնալն է:
Եվ ահա այս տարվա օգոստոսի 8-ին Ադրինեն գալիս է Հայաստան՝ թողնելով լիբանանյան ակտիվ եռուզեռը, բարձր վարձատրվող աշխատանքը, ծնողներին, հարազատներին ու ընկերներին: «Ամեն մարդ ապշած էր, թե այս աղջիկն ինչ է անում, ուր է գնում,- հիմա արդեն ծիծաղելով հիշում է նա,- բայց ես վերջնական որոշում էի կայացրել»:
«Դեպի Հայք» ծրագրով սփյուռքի երիտասարդները Հայաստան են գալիս՝ մի քանի ամիս կամավորություն անելու և սովորաբար կրկին վերադառնում են իրենց երկրները: Պատահում է, որ ընթացքում մտափոխվում են և որոշում ծրագրի ժամկետը երկարացնել, բայց հազվադեպ են որոշում մնալ: Ադրինեի պատմությունը տարբեր է նրանով, որ նա հենց սկզբից արդեն հաստատ որոշել էր, որ ամեն ինչ պետք է անի Հայաստանում հաստատվելու համար: «Ես չէի եկել փորձելու, ես one way ticket էի վերցրել, արդեն որոշած եկել էի, որ պիտի մնամ, ամեն ինչ պիտի անեմ, որ հաջողության հասնեմ և չվերադառնամ, քանի որ դա կլիներ պարտություն»:
Ադրինեն դեռևս կամավորական ծրագրի մեջ է, որը պետք է տևի 6 ամիս: Այդ շրջանակներում արդեն հասցրել է աշխատել ուսումնական կենտրոններից մեկում իբրև անգլերեն դասավանդող: Այժմ ՏՏ ոլորտի սթարթափի հետ է համագործակցում, կրկին կամավորության սկզբունքով: «Ես վստահ եմ, որ իմ ծրագրի ավարտից հետո անպայման աշխատանք կգտնեմ: Ես տեսնում եմ, որ շատ հնարավորություններ կան այստեղ: Մի կողմից՝ մտածում եմ անգլերենի դասավանդման մասին, մյուս կողմից՝ հետաքրքրված եմ մարքեթինգով, բիզնես կառավարմամբ: Բայց կարծես թե բիզնեսն ինձ ավելի է հետաքրքրում, կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ կգնամ»,- ասում է նա:
Մինչ այս այցը Ադրինեն ևս երկու անգամ եղել էր Հայաստանում: Առաջին անգամ եկել էր, երբ 18 տարեկան էր, հասցրել էր նաև Արցախ գնալ: Իսկ 2011 թվականին Հայաստան էր եկել՝ Վիվասել ընկերությունում թրեյնինգների մասնակցելու: «Այդ այցը դրախտային էր, քանի որ ընկերությունը հոգում էր մեր ծախսերը, ժամանցը,- ասում է նա:- Այս անգամ լրիվ տարբեր է: Առհասարակ տարբեր է, երբ մարդ Հայաստան է գալիս իբրև տուրիստ և լրիվ տարբեր, երբ գալիս է ապրելու: Ես եկել եմ ապրելու և տեսնում եմ, որ այստեղ դրախտ չէ, բայց պետք է ուժեղ լինես, որ կարողանաս հաղթահարել դժվարությունները և մարտահրավերները: Չպիտի հանձնվես»:
Չնայած Բեյրութի և Երևանի տարբերություններին՝ Ադրինեն այս երկուսուկես ամսվա ընթացքում արդեն հասցրել է հարմարվել նոր միջավայրին, ճանաչել քաղաքը: Նպաստում է նաև այն, որ 2011 թվականից ՀՀ քաղաքացի է: Դա օգնում է նվազեցնելու թղթաբանությունը տարբեր կառույցների հետ շփվելիս:
Բեյրութի հետ համեմատած՝ ի՞նչ քաղաք է Երևանը: Այս հարցին պատասխանում է՝ խաղաղ, հանդարտ, ուրախ, ռոմանտիկ: «Ուր որ գնաս, այստեղ երգ կա, մարդիկ իրար փարված են, ջերմ, սիրով, — ասում է լիբանանահայ աղջիկը, որի համար լիբանանցիներն ավելի ջղային են ու նյարդային,- մենք այնտեղ արագ lifestyle-ին ենք սովոր, կյանքն ավելի լարված է: Իսկ այստեղ ամեն ինչ այնքան դանդաղ ու հանգիստ է»:
Բայց Հայաստանում կա մի բան, որ նրան նույնպես նյարդայնացնում է. հոռետեսությունը: «Օրինակ, երբ իմանում են, որ եկել ես Հայաստան և որոշել այստեղ մնալ, միանգամից ասում են՝ դո՞ւ ինչու ես եկել, ի՞նչ ունես անելու, մենք անելիք չունենք, ուզում ենք գնալ, փող չկա, աշխատանք չկա և այլն: Բայց մի օր այլևս չհամբերեցի և այդպես ասողին ասացի՝ դու պետք է ապրածդ երկրի արժեքն իմանաս: Գնա ուրիշ երկրում ապրիր՝ նոր տարբերությունը կզգաս: Եվ օրինակ բերեցի Լիբանանը, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան: Հիմա, երբ ինձ մոտ սկսում են բողոքել ու դժգոհել, ասել, թե փող չկա, ես էլ իրենց ասում եմ՝ փող կա, դո՛ւք չեք ուզում աշխատել»:
Ադրինեի մայրը կիսով չափ է հայ, մայրական պապն արաբ է, տատը՝ հայ: Բայց մայրն իրեն միայն հայ է զգում: Երբ օգոստոսին Ադրինեն եկել էր Հայաստան, նրա հետ եկել էր նաև մայրը և մեկ ամիս մնացել այստեղ: Այդ ընթացքում այնքան էր կապվել Հայաստանի հետ ու սիրել, որ հիմա ամեն օր դստեր հետ viber-ով խոսելիս ասում է՝ ջուրը կարոտել եմ, ծորակը բացիր տեսնեմ, բանջարեղենը կարոտել եմ, միրգը կարոտել եմ: «Եթե հիմա ասեմ՝ մա՛մ, վեր կաց արի, մի վայրկյան չի մտածի, տոմս կգնի ու հենց հիմա կգա»,- ծիծաղում է:
Երբ Ադրինեն որոշել էր գալ Հայաստան, ծնողները վախ ունեին: Չի մեղադրում նրանց, ամեն դեպքում նոր երկիր է, նոր միջավայր: Բայց հիմա հայրն ամեն օր դստեր հետ խոսելիս հարցնում է. «Հը՞, ո՞նց է, մե՞նք էլ գանք»: Ադրինեն պատասխանում է. «Այո՛, եկեք, անպայմա՛ն եկեք»: Ու վստահ է՝ վաղ թե ուշ նրանք էլ կմիանան իրեն: