​Երջանկությունը Դեբետ գյուղում էր. վերադարձ Ֆրանկֆուրտից Լոռի

56692_large

15 տարի Գերմանիայում գերակտիվ կյանքից, մասնագիտական վերելքներից և աշխարհի շուրջ 2 տասնյակ երկրներում, ավելի քան 75 հազար կմ ճանապարհորդելուց հետո մի գեղեցիկ, արևոտ օր, հայտնվելով Լոռու մարզի Դեբետ գյուղում, Տաթևը հանկարծ հասկանում է, որ այն, ինչ փնտրում էր, հենց այստեղ է, այս փոքրիկ ու մոռացված գյուղում: Պատմությունը գուցե ֆանտաստիկ է կամ գեղարվեստական ֆիլմի սցենար է հիշեցնում, բայց այն իրական է և ահա թե ինչպես է սկսվել:

-Սովորում էի ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ավարտելուց հետո, սակայն, հասկացա, որ դա իմ ոլորտը չէ: Ինձ հետաքրքրում էր դիզայնը: Եվ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ պատուհան բացվեց գնալ Գերմանիայում սովորելու, օգտվեցի այդ հնարավորությունից ու մեկնեցի: 2003 թվականն էր: Տաթևը նախ գերմաներեն է սովորում, ապա ընդունվում է Մայնցի դիզայներական դպրոց: 5 տարի սովորելուց հետո աշխատանքի է անցնում Ֆրանկֆուրտի հեղինակավոր դիզայներական ընկերություններից մեկում՝ «ՍԻՍԻՋԻ»-ում: -Ամեն ինչ շատ լավ էր, իմ կարիերան վերելքի մեջ էր: Դարձել էի գեղարվեստական ղեկավար: Բայց հանկարծ մոտս ճգնաժամ առաջացավ: Միգուցե գերհոգնածության խնդիր էր, չեմ կարող ասել, համենայնդեպս, ես ինձ հարց էի տալիս՝ ինչի՞ս է պետք այս ամենը, ինչ է ավելանում իմ կյանքում, ես դրանից երջանի՞կ եմ: Անգամ Գերմանիայի քաղաքացիություն էի ստացել, այսինքն, տրամաբանական առումով ամեն ինչ կարծես թե ճիշտ էր գնում, բայց էմոցիոնալ կողմն ասում էր՝ ոչ, ինչ-որ բան այն չէ:

2014 թվականին հոգեբանական ճգնաժամը հասնում է գագաթնակետին: Տաթևը որոշում է կես տարով վերականգնողական արձակուրդ վերցնել և մեկնել երկարատև շրջագայության:

-2015 թվականի դեկտեմբերին սկսեցի շուրջերկրյա ճանապարհորդություն: 14 երկիր՝ Մեքսիկա, Պերու, Բոլիվիա, Արգենտինա, Չիլի, Ավստրալիա, Կամբոջա, Ճապոնիա, Հնդկաստան, Նեպալ և այլն: Վերջին կետը պետք է լինի Հայաստանը, որտեղ պետք է տեսնեի ընտանիքիս, ի մի բերեի շրջագայության ընթացքում առաջ եկած մտքերս, ինձ հավաքեի ու վերադառնայի աշխատանքի:

Գերմանիայում ապրած տարիներին Տաթևը տարեկան 2 անգամ գալիս էր Հայաստան, բայց խոստովանում է, որ Հայաստանն իր համար միայն Երևանն էր, ծնողները և մի քանի ընկերներ:

-Հայաստանը չէի ուսումնասիրել, առանձնապես սրտի կանչ էլ չէի զգացել նախորդ 15 տարիների ընթացքում: Եվ անկեղծ ասած, դա իմ մեջ խղճի խայթ էր առաջացնում:

6-ամսյա շրջագայությունից հետո, երբ գալիս է Հայաստան, մի օր մայրիկի հետ որոշում են այցելել Լոռիում ապրող բարեկամուհիներից մեկին: Երբ հասնում են Լոռի, Տաթևի ներաշխարհը սկսվում է տակնուվրա լինել: Նա կարծես նոր աշխարհ էր հայտնաբերում, մի նոր Հայաստան:

Ինքս ինձ ասացի՝ փաստորեն քեզ մի ամբողջ շուրջերկրյա ճանապարհորդությո՞ւն էր պետք, որ սկսեիր հաճույք ստանալ Հայաստանից: Եվ իսկապես, Հայաստանը սկսեցի նայել տուրիստի աչքերով: Ինձ համար դա իսկական բացահայտում էր: Իսկ երբ եկանք Դեբետ գյուղ, ուղղակի սիրահարվեցի: Չէի կարծում, որ ամռանը Հայաստանում կարող եմ այդպիսի կանաչ անկյուն գտնել: Այնպիսի գեղեցիկ միջավայր էր, այնպիսի հանգստություն, գետի ափին, որ մտածում էի՝ ինչքան կարևոր է, որ միջավայրը քեզանից ոչ թե վատնում է էներգիադ, այլ տալիս: Ու այդ պահին գլխումս միտք ծագեց՝ ինչո՞ւ այստեղ մի փոքրիկ տուն չունենալ և ամառներն անցկացնել այստեղ:

Վայրկենական առաջացած միտքը նույն պահին էլ վերածում է գործողությունների: Հետաքրքրվում է ու պարզում, որ գյուղում մի տուն է վաճառվում: Մինչ Գերմանիա վերադառնալը տունը գնում է:

Երկարատև շրջագայությունից ու Լոռու Դեբետ գյուղի հրաշքը բացահայտելուց հետո Ֆրանկֆուրտն այլևս ո՛չ մտքում էր տեղավորվում, ո՛չ սրտում: Քաղաքի կենտրոնում գերժամանակակից, գեղեցիկ աշխատավայրը կարծես օտար էր, ոչ մի կերպ չէր ձգում:

Առաջին օրը գնացել եմ աշխատանքի, ինձ թվում է, թե ես ուրիշի կյանքով եմ ապրում: Խորթի պես նստել եմ, գործընկերներս խոսում են, աշխատանքային ռիթմ է, բայց այդ ամենը կարծես իմ կողքով անցնում-գնում է: Ու ես ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ գործ ունեմ ես այստեղ: Հասկանում եմ, որ եթե շարունակեմ մնալ, ապա նոր դեպրեսիայի մեջ եմ ընկնելու:

Մեկուկես շաբաթ անց աշխատանքից ազատման դիմում է գրում: Ստեղծում է սեփական դիզայներական ընկերությունը և սկսում աշխատել իբրև ֆրիլանսեր: Նա այլևս կախված չէր գործատուից, ուրբան միջավայրից, աշխատաժամերից և այլ սահմանափակումներից: Քանի որ աշխատանքը թվային տեխնոլոգիաների ոլորտում էր, կարող էր աշխատել աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը համակարգիչ ու ինտերնետ: Տաթևը նոր շրջագայության է մեկնում՝ համատեղելով աշխատանքն ու հանգիստը: Մի քանի երկրներում լինելուց հետո ի վերջո ինքն իրեն հարց է տալիս. «Եթե կարող եմ աշխարհի ցանկացած կետից աշխատել, ապա ինչո՞ւ ոչ Լոռիիից»:

-Եվ իսկապես, լինելով աշխարհի ամենատարբեր երկրներում, ես հասկացել էի՝ ինչ է ինձ պակասում: Ինձ պետք էր բարձր որակի կյանք, բնական միջավայր, բնական սնունդ, բավականաչափ տարածք, խաղաղություն:

Այդպես ծնվում է «Դեբեդ լայֆ» նախագիծը: 2018 թվականի սկզբին Տաթևը վերջնականապես վերադառնում է հայրենիք, բայց ոչ Երևան, այլ Լոռի, գյուղ Դեբետ: Հայաստանում վերագրանցում է իր դիզայներական ընկերությունը, սկսում գյուղի տան հիմնանորոգումը, տուն, որը ոչ միայն անձնական կեցավայր է լինելու, այլև հետաքրքիր բիզնես նախագիծ:

Գյուղում չեն հիշում, թե երբ էին վերջին անգամ իրենց մոտ տուն գնել: Իսկ գաղափարը, որն ուզում է իրականացնել Տաթևը, գյուղի համար պարզապես աննախադեպ է:

«Դեբեդ լայֆը» փոքրիկ, եռահարկ տուն է, մոտ 300 քմ տարածքով, գեղեցիկ բացօթյա խոհանոցով, այգիով, որտեղ միաձուլվելու են աշխատանքն ու հանգիստը: Մինչև 8 հոգանոց խմբերը կարող են գալ, մնալ, աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել, բնության ներդաշնակ միջավայրում, քաղաքի աղմուկից հեռու համատեղել հաճելին և օգտակարը:

-Անհամբեր սպասում եմ շինարարության ավարտին: Հոկտեմբերին բացումը կանեմ, ուզում եմ 2020 թվականը իմ տանը դիմավորել: Իսկ հյուրերն արդեն կարող են հաջորդ գարնանից գալ: Կլինեն ննջարաններ՝ առանձին աշխատանքային տարածքներով, ընդհանուր աշխատանքային լայն տարածք մանսարդում, ընդհանուր տարածք առաջին հարկում, որը կծառայի իբրև հյուրասենյակ, գրադարան:

Այս մեկ տարվա ընթացքում, ինչ սկսել է տան հիմնանորոգումը, գյուղն իր համար ավելի հարազատ է դարձել: Շինարարական աշխատանքները հիմնականում պատվիրում է գյուղի երիտասարդներին: Իսկ երիտասարդները, որ այս տարիներին գյուղը դատարկվելուց բացի որևէ էական փոփոխություն իրենց մոտ չեն տեսել, մեծ ոգևորությամբ են հետևում Տաթևի նախագծին:

-Սա գյուղի հետ կապված միակ նախագիծը չէ: Շատ գաղափարներ կան, որ պետք է իրագործեմ: Ինձ համար շատ կարևոր է ապացուցել, որ սա հաջողության պատմություն է, որ մարդիկ տեսնեն՝ գյուղեր գնալն իմաստ ունի, գյուղեր գնալը պարզապես անհրաժեշտություն է, գյուղում մեր կարիքը զգում են, մենք էլ գյուղի կարիքն ենք զգում, բայց դա չգիտենք ու չենք գնահատում: Գյուղում իսկապես մեծ պոտենցիալ կա, որը պետք է բացահայտել: Ես ուզում եմ իմ պատմությամբ դրական օրինակ դառնալ:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր