«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի». նոր նախաձեռնություն` երիտասարդական ներուժով

ընդդեմ-հանրագիտարանայինբ-կեղծիքի

Սեպտեմբերի 24-ից ի վեր «Անկախը» հետամուտ է «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները հանրության ուշադրության կենտրոնում պահելուն և հանրագիտարանը հրատարակած բրիտանական և վերահրատարակած` ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու հարցին:

Խորհրդակցելով մի շարք փաստաբանների և իրավաբանների հետ` թե՛ անկախ, թե՛ պետական կառույցներից, հասկացանք, որ դատական գործընթաց սկսելուց առաջ նախ և առաջ պետք է խնդրին հասարակական լայն հնչեղություն տալ:

«Անկախի» նախաձեռնությամբ օրեր առաջ տեղի ունեցավ հանդիպում մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք  նույնպես մտահոգված են խնդրով: Քննարկվեց ռուսալեզու հրատարակչության դեմ բողոքի ալիք բարձրացնելու, հերքման պահանջ ներկայացնելու և  ապա նաև դատական պատասխանատվության ենթարկելու հարցը: Որոշվեց նախ ստեղծել նախաձեռնող խումբ, որը կանվանվի «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» և կհամակարգի ու կիրականացնի այդ աշխատանքները: Ծրագրվեց առաջին քայլը սկսել ինտերնետային արշավից. facebook սոցիալական ցանցում կստեղծվի խումբ, որի միջոցով ցանկացողները  նույնպես կարող են միանալ նախաձեռնությանը: Հաջորդ քայլը կլինի պաշտոնական նամակի հղումը՝ արդեն նախաձեռնող խմբի անունից: Մյուս քայլը կլինի բողոքի երթը, որի ընթացքում նաև նամակներ կհանձնվեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին` հորդորելով, որ վերջիններս միջամտեն հերքման պահանջը հրատարակչություններին հասցնելու և բավարարելու հարցում:

Այս պահին նախաձեռնող խմբի կազմում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Գնանք միասին» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, «Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան», «Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունը, «Սարդարապատ» կազմակերպությունը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Անկախ» շաբաթաթերթը:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր