Ռուսական «Պատկերազարդ աշխարհագրական հանրագիտարանի» հրատարակիչների պատասխանը «Անկախ»-ին

123

Հոկտեմբերի 20-ին «Անկախ»-ը նամակ էր հղել բրիտանական ու ռուսական հայտնի հրատարակչություններին («The kingfisher Publications» և «Махаон»)` պահանջելով հերքել «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ հրապարակված կեղծ տեղեկությունները:

Երեկ` դեկտեմբերի 6-ին, «Անկախը» պատասխան է ստացել ռուսական հրատարակչության գլխավոր տնօրեն Արկադի Վիտրուկից:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Հարգելի պարոնայք,

մենք ուշադիր ծանոթացանք և վերլուծեցինք ձեր դիտողությունները` կապված մեր հրատարակչության կողմից լույս ընծայած «Պատկերազարդ աշխարհագրական հանրագիտարանի» հրապարկման հետ:

Տվյալ հրատարակությունը պատրաստվել է տպագրության` ըստ բրիտանական Kingfisher ընկերության ներկայացրած տվյալների:

Օտարերկրյա հրատարակչության հետ համագործակցելով` մենք ստանում ենք նաև նյութերի տնօրինման իրավասուների հաստատումները` տրամադրված փաստերի, տվյալների ու պատկերների արժանահավատության վերաբերյալ:

Կազմող հեղինակները և ռուսական խմբագիրներն օգտվել են հանրամատչելի և վստահություն ներշնչող բառարաններից ու տեղեկատուներից, ինչպես նաև ինտերնետային լուրջ հրատարակչություններից: Այդ աղբյուրների, այդ թվում և ՄԱԿ-ի Մարդկային զարգացման զեկույցների (1997թ) համաձայն` այդ ժամանակահատվածում Հայաստանում կատարված մարդահամարի տվյալներով` էթնիկ հայերին բաժին էր ընկնում 93,3%, փոքրամասնության զգալի մաս էին կազմում ադրբեջանցիները (2,6%), քրդերը (1,7%), ռուսները` (1,6%):

Ոչ պակաս վստահություն է ներշնչում Հանրագիտարանային մեծ բառարանը` հրատարակված Ռուսական մեծ հանրագիտարանի հրատարակչության կողմից:

Ահա մի մեջբերում այդ հանրագիտարանից. «1923 թ. կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանը Ադրբեջանի կազմում» (հոդված` «Լեռնային Ղարաբաղ»):

Հաշվի առնելով անցած տասնամյակում տեղի ունեցած իրադարձությունները` հետագա հրատարակություններում փոփոխություններ են կատարվել, և դրանք լույս են տեսել ուղղումներով (2006, 2007 թթ.), ինչը փաստում են կցված ֆայլերը:

Ցավոք, վերջին հրատարակությունը տեխնիկական անսարքության պատճառով հրատարակվել է այնպես, ինչպես նախորդ տարբերակի էջը: Այս անցանկալի բացթողումը նկատվել է, և հանրագիտարանի նոր խմբագրված տարբերակ է պատրաստվել:

Այդուհանդերձ, մենք չենք կարող համաձայնել, որ հանրագիտարանում զետեղված լուսանկարը Հայաստանի ու հայերի վերաբերյալ անցանկալի պատկերացում է տալիս:

Հանրագիտարանը կազմողներն ընտրել են այնպիսի պատկերներ, որոնք արտացոլում են հասարակ մարդու կյանքը (համեմատեք ` Ռուսաստան 232-233, Իսպանիա` 196, Պորտուգալիա` 201): Հրատարակչության իլյուստրացիաները պահպանվում են «Հեղինակային իրավունքի մասին»” օրենքով և ենթակա չեն փոփոխման:

Անկեղծորեն շնորհակալ ենք մեր գրքերի նկատմամբ ուշադրության համար: Մենք այսուհետ էլ կներդնենք առավելագույն ջանքեր, որպեսզի մեր հրատարակությունները լինեն հետաքրքիր և ներկայացնեն բոլոր թեմաների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:

Խորին հարգանքով`

գլխավոր տնօրեն

Արկադի Վիտրուկ

6 դեկտեմբերի, 2010 թ.»

Դեկտեմբերի 1-ին «Անկախին» պատասխանել էր նաև բրիտանական հրատարակչության գլխավոր խմբագիրը. վերջինս նամակում անհեթեթ ու անհասկանալի պատճառաբանություններ էր բերել այդ տեղեկությունների հրապարակման վերաբերյալ` միաժամանակ որևէ պատրաստակամություն չհայտնելով ուղղել կեղծ տեղեկությունները:

Հիշեցնենք, որ բրիտանական  «The kingfisher geography encyclopedia»-ից ռուսերեն թարգմանված «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում նշվում է, թե Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենը և ադրբեջաներենը, հիմնական կրոնները` ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը` շիաներ:

Հանրագիտարանում կեղծ տեղեկություններով է ներկայացվում նաև ղարաբաղա-ադրբեջանական հարցը. նշվում է, թե իբր 1988-89 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով,  ընդ որում, Արցախը ներկայացվում է որպես «պատմական տարածք Ադրբեջանում`  մեծ մասամբ հայերով բնակեցված»:

Հանրագիտարանում Հայաստանը ներկայացված է դաշտում կարտոֆիլ հավաքող երկու տարեց գյուղացիների լուսանկարով:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր